Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Տիեզերական գործունեության մասին օրենքի նպատակը

 

Օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը:

 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 3. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տիեզերական գործունեություն` տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում.

2) տիեզերական օբյեկտ` տիեզերական տարածությունում գտնվող կամ տիեզերական տարածություն արձակվող յուրաքանչյուր սարքավորում և դրա բաղկացուցիչ մասերը.

3) տիեզերական տեխնիկա` տիեզերական օբյեկտները տիեզերական տարածություն արձակող սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերը, տիեզերական տարածությունում տիեզերական օբյեկտների կառավարման համար նախատեսված սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերը.

4) շահագործող` տիեզերական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.

5) տիեզերական ենթակառուցվածք` փոխկապակցված կառույցներ, շինություններ և (կամ) օբյեկտներ, որոնք օգտագործվում են բացառապես տիեզերական գործունեության ապահովման նպատակով.

6) երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալներ` տիեզերական տարածությունում գտնվող տիեզերական օբյեկտից ստացված օդերևութաբանական, հեռակա զննման, քարտեզագրման, գյուղատնտեսական տվյալներ: Երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալները չեն ներառում կապի, հեռահաղորդակցային և ռադիոնավիգացիոն տվյալներ.

7) տիեզերական տարածություն` ծովի մակարդակից 100 կիլոմետրից բարձր տարածություն:

 

Հոդված 5. Տիեզերական գործունեության սկզբունքները

 

1. Տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներն են`

1) տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցումը.

2) տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.

3) տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության համար հավասար և փոխշահավետ համագործակցության ապահովումը.

4) տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պատասխանատվության ապահովումը.

5) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության և հավասարակշռված զարգացման ապահովումը:

 

ԳԼՈՒԽ 2
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 6. Տիեզերական գործունեության բնագավառում կառավարության լիազորությունները

 

1. Տիեզերական գործունեության բնագավառում Կառավարության լիազորություններն են`

1) հաստատում է տիեզերական գործունեության բնագավառի զարգացման և ֆինանսավորման ծրագրերը.

2) հաստատում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը.

3) սահմանում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը.

4) սահմանում է տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները.

5) սահմանում է շահագործումից հանված` պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը.

6) սահմանում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների (ներառյալ` վթարների) և աղետների քննության կարգը.

7) սահմանում է տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման` լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը:

 

Հոդված 7. Տիեզերական գործունեության հարցերով լիազոր մարմինը

 

1. Տիեզերական գործունեության պետական կառավարումն իրականացնում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմինը`

1) տիեզերական գործունեության բնագավառում`

ա. մշակում և իրականացնում է պետական քաղաքականությունը,

բ. իրականացնում է տիեզերական ոլորտի գործունեության լիցենզավորումը,

գ. տիեզերական օբյեկտները և տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման դեպքում տալիս է համաձայնություն,

դ. ապահովում է շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների համագործակցությունը,

ե. ապահովում է գիտական և սոցիալ-տնտեսական նշանակության տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև շահագրգիռ մարմինների հետ համատեղ տիեզերական ծրագրերի, տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող այլ մարմինների կողմից տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները,

զ. ապահովում է միջազգային համագործակցության իրականացումը,

է. ապահովում է շրջակա միջավայրի վրա տիեզերական գործունեության վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացումը.

2) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 8. Տիեզերական գործունեության լիցենզավորումը

 

1. Տիեզերական գործունեությունը իրականացվում է լիցենզիայի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 3
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 9. Տիեզերական գործունեության ֆինանսավորումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

ԳԼՈՒԽ 4
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՆ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

 

Հոդված 10. Տիեզերական օբյեկտները և տեխնիկան

 

1. Տիեզերական օբյեկտները և տեխնիկան ենթակա են պարտադիր գրանցման և պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը հաստատող նշումը:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տիեզերական օբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է վերահսկողություն` երկրի վրա այդ օբյեկտների գտնվելու ընթացքում, դեպի տիեզերք թռիչքի ցանկացած փուլում կամ տիեզերքում գտնվելու ընթացքում, երկնային մարմինների վրա դրանց գտնվելու ընթացքում, ինչպես նաև դեպի երկիր վերադառնալու ընթացքում և դրանից հետո:

 

Հոդված 11. Տիեզերական ենթակառուցվածքները

 

1. Հայաստանի Հանրապետության տիեզերական ենթակառուցվածքներն են`

1) տիեզերանավակայանները.

2) մեկնարկային համալիրները և արձակման կայանները.

3) կառավարման և չափումների համալիրները.

4) տիեզերական օբյեկտների թռիչքների կառավարման կենտրոնները և կետերը.

5) տեղեկատվության ընդունման, պահպանման և մշակման կետերը.

6) տիեզերական տեխնիկայի պահպանման բազաները.

7) տիեզերական օբյեկտների մասնատվող թափոնների անկման վայրերը.

8) տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսված տարածքները (պոլիգոնները) և թռիչքային-վայրէջքային գծերը.

9) տիեզերական տեխնիկայի մշակման համար փորձարարական բազայի օբյեկտները.

10) տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնները և սարքավորումները.

11) տիեզերական գործունեության համար օգտագործվող այլ կառուցվածքներ և տեխնիկա:

 

ԳԼՈՒԽ 5
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 12. Տիեզերական գործունեության անվտանգության ապահովումը

 

1. Տիեզերական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջների պահպանմամբ:

2. Տիեզերական գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության` շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը համապատասխան:

3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների շահագործողները տիեզերական գործունեության իրականացման ընթացքում ի հայտ եկած վտանգների մասին տեղեկատվությունն անհապաղ պետք է ներկայացնեն լիազոր, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների լիազոր մարմիններ:

4. Բնակչությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում լիազոր մարմինը, շահագործողներն անհապաղ տեղեկացնում են այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին:

 

Հոդված 13. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննությունը

 

1. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարները (ներառյալ` վթարները) և աղետները  ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 14. Որոնման և փրկարարական աշխատանքները, պատահարների հետևանքների վերացումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարում է ՀՀ օրենսդրությամբ նման լիազորություն ունեցող շահագրգիռ մարմինների լիազոր մարմինը:

2. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում պատահարների հետևանքների վերացման աշխատանքները ներառում են պատահարներից տուժած արդյունաբերական և այլ օբյեկտների վերականգնումն ու վերակառուցումը, անհրաժեշտ բնապահպանական միջոցառումները, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասի հատուցումը:

3. Օտարերկրյա պետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա:

 

Հոդված 15. Տիեզերական գործունեության ապահովագրությունը

 

1. Շահագործողները, որոնք օգտագործում են (շահագործում են) տիեզերական տեխնիկա, կամ որոնց պատվերով ստեղծվում և օգտագործվում է (շահագործվում է) տիեզերական տեխնիկա, պարտավոր են ապահովագրել տիեզերագնացների, տիեզերական ենթակառուցվածքների, տիեզերական օբյեկտների աշխատակիցների կյանքին, առողջությանը կամ այլ անձանց կյանքին, առողջությանը ու գույքին պատճառած վնասի համար պատասխանատվության ռիսկը:

 

Հոդված 16. Տիեզերական օբյեկտների և տիեզերական տեխնիկայի օտարումը

 

1. Տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի օտարումը շահագործողի կողմից այլ շահագործողի իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ 6
ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 17. Վնասների հատուցումը

 

1. Շահագործողները փոխհատուցում են տիեզերական օբյեկտների կողմից երկրի վրա գտնվող գույքին պատճառած ցանկացած վնաս:

2. Տիեզերական գործունեության արդյունքում հասցված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 7
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 18. Պետական վերահսկողությունը տիեզերական գործունեության բնագավառում

 

1. Տիեզերական գործունեության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 19. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգերը Կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

 

 

Հանրապետության նախագահ

     Ա. Սարգսյան


2020 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-152-Ն

 

 

 

 

pin
ՀՀ 06.03.2020
N ՀՕ-152-Ն օրենք