09.09.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 277.2-րդ հոդվածով.
«Հոդված 277.2. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը
1. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։
2. Նույն արարքը, որը`
1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս,
2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. սեպտեմբերի 9 Երևան ՀՕ-404-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 9 սեպտեմբերի 2020 թվական: