01.01.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 184-րդ հոդվածի 4-րդ մասում «այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասում «այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի «այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակին «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում` գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 0 դրամ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 25 %-ի չափով:
3. Եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 10 %-ի չափով:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով.
2) 1-ին կետից հանել «, անկախ գովազդային վահանակի պաստառի առկայությունից (գովազդի տարածումը դադարեցնելու հանգամանքից) կամ դրա փոփոխությունից» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը փոխարինվում է այլ տեսակի գովազդով հարկային տարվա ընթացքում, ապա`
ա. ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով` ակտում համապատասխան գրառման կատարման օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,
բ. ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.
5) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը Կառավարության սահմանած կարգի խախտմամբ փոխարինվում է գովազդի այլ տեսակով հարկային տարվա ընթացքում, ապա`
ա. ճանապարհային մարմնի կողմից խախտման հայտնաբերման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,
բ. ճանապարհային մարմնի կողմից խախտման դեպքն արձանագրելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-498-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2020 թվական: