Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐՃԱՏԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԱՆՈՆ ...

 

 

i

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
1976 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ
ԱՆՁԱՆՑ ԿԱՐՃԱՏԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը  որոշում  է.

Հաստատել հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց կարճատև ձերբակալման կարգի կանոնադրությունը և այն գործողության մեջ դնել 1977 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

1976 Թ. ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 4203 - IX

ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐՃԱՏԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1. Կանոնադրության խնդիրները

 

Սույն կանոնադրությունը կոչված է ապահովելու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և նպաստելու օրինականության ամրապնդմանը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց կարճատև ձերբակալություն կատարելիս:

Կանոնադրության խնդիրն է սահմանել հանցագործությանը ձերբակալված անձի մասնակցությունը պարզելու և ձերբակալվածի նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոց կիրառելու հարցի լուծման նպատակով այն անձանց կարճատև ձերբակալման կարգը, որոնք կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ:

 

Հոդված 2. Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող

անձի ձերբակալման հիմքերը

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քրեական դատավարության հիմունքների 32 հոդվածին համապատասխան հետաքննության մարմինը կամ քննիչը իրավասու են ձերբակալելու այնպիսի հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձին, որի համար որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում, եթե միայն առկա է հետևյալ հիմքերից մեկն ու մեկը.

1) երբ այդ անձը տեղնուտեղը բռնվել է հանցագործություն կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո,

2) երբ ականատեսները, այդ թվում նաև տուժողները, ուղղակի մատնացույց են անում տվյալ անձին որպես հանցագործություն կատարողի,

3) երբ կասկածյալի կամ նրա հագուստի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում հայտնաբերվել են հանցագործության բացահայտ հետքեր:

Այլ տվյալների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս հանցագործություն կատարելու մեջ անձին կասկածելու, նա կարող է ձերբակալվել միայն այն դեպքում, եթե այդ անձը փախուստի դիմելու փորձ է կատարել, կամ երբ նա մշտական բնակության վայր չունի, կամ երբ չի պարզված կասկածյալի անձնավորությունը:

 

Հոդված 3. Ձերբակալման արձանագրությունը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման յուրաքանչյուր դեպքի մասին հետաքննության մարմինը կամ քննիչը պարտավոր է արձանագրություն կազմել, նշելով ձերբակալման հիմքերը, շարժառիթները, օրն ու ժամը, տարին ու ամիսը, տեղը, ձերբակալվածի բացատրությունները և արձանագրություն կազմելու ժամանակը: Ձերբակալման արձանագրությունը ստորագրում են այն կազմած անձը և ձերբակալվածը:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման ժամկետը հաշվվում է այդ անձին հետաքննության մարմին կամ քննիչի մոտ բերելու պահից, իսկ եթե հիշյալ անձի ձերբակալությունը կատարվում է հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած ձերբակալման որոշման հիման վրա, ապա նրա փաստացի ձերբակալման պահից:

 

Հոդված 4. Ձերբակալման մասին դատախազին հաղորդելը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման յուրաքանչյուր դեպքի մասին հետաքննության մարմինը կամ քննիչը պարտավոր է քսանչորս ժամվա ընթացքում գրավոր հաղորդում անել դատախազին: Կատարված ձերբակալության մասին ծանուցում ստանալու պահից քառասունութ ժամվա ընթացքում դատախազը պարտավոր է սանկցիա տալ կալանքի տակ առնելու համար, կամ էլ ազատել ձերբակալվածին:

 

Հոդված 5. Ձերբակալման մասին ընտանիքին ծանուցելը

 

i

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալման մասին հետաքննության մարմինը կամ քննիչը ծանուցում են նրա ընտանիքին, եթե հայտնի է նրա բնակության վայրը: Ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալվելիս ընտանիքը ծանուցվում է, եթե դա չի խոչնդոտի քրեական գործով իսկությունը պարզելուն:

Անչափահասին ձերբակալելու մասին պարտադիր կարգով ծանուցվում են նրա ծնողները կամ նրանց փոխարինող անձինք:

 

Հոդված 6. Ձերբակալված անձանց կալանքի վայրերում պահելու հիմքը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քրեական ու քրեական դատավարության օրենսդրությանը համապատասխան ձերբակալված անձանց կալանքի վայրերում պահելու հիմք է հանդիսանում ձերբակալման արձանագրությունը:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված զինծառայողները և վարժահավաքների զորակոչված զինապարտները հաուպտվախտ են ուղարկվում հետաքննության մարմնի կամ քննիչի որոշմամբ:

 

Հոդված 7. Ձերբակալված անձանց պահելու վայրերը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածների խցերում, իսկ առանձին դեպքերում` նաև այլ շենքերում, որոնք հատկապես կահավորված են այդ նպատակների համար և համապատասխանում են սույն կանոնադրության պահանջներին:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված զինծառայողները և վարժահավաքների զորակոչված զինապարտները պահվում են ձերբակալվածների խցում կամ հաուպտվախտում: Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված զինծառայողներին և վարժահավաքների զորակոչված զինապարտներին հաուպտվախտում պահելու կարգը որոշվում է սույն կանոնադրությամբ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատվող ԽՍՀՄ զինված ուժերի կանոնագրքերով:

 

Հոդված 8. Ձերբակալված անձանց իրավական դրությունը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք ունեն ԽՍՀՄ քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված պարտականություններ և իրավունքներ` սույն կանոնադրությամբ նախատեսված սահմանափակումներով, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրերի ռեժիմից բխող սահմանափակումներով:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրությունը որոշվում է սույն կանոնադրությամբ, ԽՍՀ Միության օրենսդրության մյուս այն ակտերով, որոնք նախատեսում են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները ԽՍՀՄ տերիտորիայում նրանց գտնվելու ժամանակ, ինչպես նաև մյուս պետությունների հետ ԽՍՀ Միության կնքած միջազգային համաձայնագրերով:

 

Հոդված 9. Ձերբակալված անձանց պահելու վայրերի ռեժիմը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության, իսկ անհրաժեշտության դեպքում` մատնադրոշման և լուսանկարման, որի մասին կազմվում է արձանագրություն: Ձերբակալված անձանց մոտ գտնվող իրերը ենթակա են զննության: Ձերբակալվածներին արգելվում է իրենց մոտ ունենալ դրամ, արժեքավոր իրեր, ինչպես նաև այնպիսի առարկաներ և փաստաթղթեր, որոնք չեն թույլատրվում ձերբակալված անձանց պահելու վայրերում: Նրանցից վերցված դրամը, արժեքավոր իրերը, հիշյալ առարկաներն ու փաստաթղթերը հանձնվում են ի պահ, որի մասին կազմվում է արձանագրություն:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք ձերբակալվածների խցերում տեղավորվում են` պահպանելով մեկուսացման հետևյալ պահանջները.

տղամարդիկ պահվում են կանանցից առանձին,

i

անչափահասները` մեծահասակներից առանձին, բացառիկ դեպքերում, դատախազի սանկցիայով, այն խցերում, որտեղ պահվում են անչափահասները, թույլատրվում է պահել մեծահասակներին,

առանձնապես վտանգավոր կրկնահանցագործները` մյուս անձանցից առանձին:

Միևնույն հանցագործությունը կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք, հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի գրավոր ցուցումով, պահվում են առանձին: Ձերբակալված անձինք հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի գրավոր ցուցումով կարող են առանձին պահվել նաև այլ հիմքերով:

 

Հոդված 10. Ձերբակալված անձանց իրավունքներն ու

պարտականությունները

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք իրավունք ունեն.

իմանալու, թե իրենք ինչում են կասկածվում,

պահանջելու, որ դատախազը ստուգի ձերբակալման օրինաչափությունը. հայտնված պահանջի մասին ձերբակալվածին պահելու վայրի ադմինիստրացիան անհապաղ հաղորդում է դատախազին.

գանգատարկելու հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի գործողությունները, տալու բացատրություններ և հարուցելու միջնորդություններ,

գանգատներով ու դիմումներով դիմելու պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և պաշտոնատար անձանց` սույն կանոնադրության 13 հոդվածով սահմանված կարգով,

օգտվելու իր հագուստից ու կոշիկներից, ինչպես նաև անհրաժեշտ այլ առարկաներից ու իրերից, որոնց ցանկը որոշվում է ձերբակալված անձանց պահելու վայրերի ներքին կարգի կանոններով:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք պարտավոր են կատարել սույն կանոնադրության և ձերբակալված անձանց պահելու վայրերի ներքին կարգի կանոնների պահանջները:

Ձերբակալված անձանց պարզաբանում են նրանց իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 11. Ձերբակալված անձանց նյութակենցաղային

ապահովությունը և բուժսպասարկումը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք պահվում են ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից որոշվող սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխանող պայմաններում:

Ձերբակալված անձանց սահմանված նորմաներով ձրի տրամադրվում են սնունդ, քնելու տեղ և նյութակենցաղային ապահովության այլ տեսակներ, իսկ անհրաժեշտ դեպքերում` հագուստ ու կոշիկ` ըստ սեզոնի:

Ձերբակալված անձանց բուժսպասարկումը, բուժպրոֆիլակտիկ և հակահամաճարակային աշխատանքը ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմակերպվում և անց են կացվում ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների առողջապահության օրենսդրությանը համապատասխան:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձանց բժշկական օգնություն ցույց տալու, այդ նպատակով առողջապահության մարմինների բուժհիմնարկների օգտագործման և դրանց բժշկական անձնակազմի ներգրավման կարգը որոշում են ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը և ԽՍՀՄ առողջապահության նախարարությունը:

 

Հոդված 12. Ձերբակալված անձանց տեսակցություններ թույլ տալը

 

Ձերբակալված անձանց պահելու վայրի ադմինիստրացիան հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալվածներին ազգականների և այլ անձանց հետ տեսակցություններ է թույլ տալիս միայն քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գրավոր թույլտվությամբ, որի վարույթի ներքո են գտնվում ձերբակալության նյութերը: Տեսակցության տևողությունը սահմանվում է մինչև մեկ ժամ:

 

Հոդված 13. Ձերբակալված անձանց գանգատները և դիմումներն

ուղարկելու կարգը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձանց այն գանգատներն ու դիմումները, որոնք հասցեագրված են դատախազին, քննիչին կամ հետաքննություն կատարող անձին, նրանց են հանձնվում անհապաղ:

Այլ անձանց և մարմինների հասցեագրված գանգատներն ու դիմումները նույնպես անհապաղ հանձնվում են քննիչին կամ հետաքննություն կատարող անձին, որոնք դրանք ստուգում են և ուղարկում ըստ պատկանելույն: Այնպիսի տեղեկություններ բովանդակող գանգատներն ու դիմումները, որոնց հաղորդումը կարող է խանգարել քրեական գործով ճշմարտությունը պարզելուն, ըստ պատկանելույն չեն ուղարկվում, որի մասին հայտնվում է գանգատ կամ դիմում տված անձին, ինչպես նաև ծանուցվում է դատախազը:

 

Հոդված 14. Ձերբակալված անձանց նյութական

պատասխանատվությունը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում եղած ժամանակ պետությանը իրենց պատճառած վնասի համար նյութական պատասխանատվություն են կրում ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով:

 

Հոդված 15. Կարգի ապահովումը ձերբակալված անձանց պահելու

վայրերում: Անվտանգության միջոցները

 

Ձերբակալված անձանց պահելու վայրերում կարգի ապահովումը դրվում է ձերբակալվածներին պահելու վայրերի ադմինիստրացիայի վրա, որն իր գործունեությունն իրականացնում է սույն կանոնադրության և ԽՍՀ Միության ու միութենական հանրապետությունների օրենսդրության մյուս ակտերին համապատասխան:

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ, եթե նրանք ցուցաբերում են մոլեգնություն, ֆիզիկական դիմադրություն են ցույց տալիս ձերբակալված անձանց պահելու վայրերի աշխատողներին կամ կատարում են այլ բռնի գործողություններ, նրանց կողմից շրջապատողներին և իրենց վնասը պատճառելը կանխելու նպատակով թույլ է տրվում ձեռնաշղթաների կիրառում, որի մասին կազմվում է ակտ: Անհրաժեշտության դեպքում այդպիսի անձինք կարող են մյուս ձերբակալվածներից առանձին պահվել ձերբակալված անձանց պահելու վայրերի ներքին կարգի կանոններով որոշվող կարգով: Այն դեպքում, երբ հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձը կատարում է հարձակում կամ այլ կանխամտածված գործողություն, որն անմիջականորեն սպառնում է ձերբակալված անձանց պահելու վայրերի աշխատողների կամ այլ անձանց կյանքին, եթե այլ միջոցներով հնարավոր չէ կանխել այդ գործողությունները, և այլ բացառիկ դեպքերում, որպես ծայրահեղ միջոց, թույլ է տրվում զենք գործադրել գործող օրենսդրությանը համապատասխան: Զենք գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին ձերբակալված անձանց պահելու վայրերի ադմինիստրացիան պարտավոր է կազմել արձանագրություն և անհապաղ հայտնել դատախազին:

 

Հոդված 16. Ձերբակալված անձանց ազատելու հիմքերը

և կարգը

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձինք ազատվում են, եթե.

1) չի հաստատվել հանցագործություն կատարելու կասկածը,

2) բացակայում է ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու անհրաժեշտությունը.

3) լրացել է ձերբակալման` օրենքով սահմանված ժամկետը:

Ձերբակալված անձանց ազատում է ձերբակալված անձանց պահելու վայրի պետը` հետաքննություն կատարած անձի, քննիչի կամ դատախազի որոշմամբ: Ազատելու վերաբերյալ որոշումը անհապաղ ի կատար է ածվում ձերբակալված անձանց պահելու վայրում այն ստանալուն պես:

Պարզելով, որ հիմքեր չկան հետագա ձերբակալման համար, հետաքննություն կատարող անձը կամ քննիչը պարտավոր է անհապաղ ազատել ձերբակալված անձին:

Պարզելով ձերբակալության անօրինականությունը, դատախազը պարտավոր է անհապաղ ազատել ձերբակալված անձին:

Եթե ձերբակալման` օրենքով սահմանված ժամկետում ձերբակալված անձանց պահելու վայրում չի ստացվել դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի որոշումը ձերբակալված անձին ազատելու կամ նրա նկատմամբ կալանքի տակ պահելու ձևով խափանման միջոց կիրառելու մասին, ապա ձերբակալված անձանց պահելու վայրի պետը ազատում է այդ անձին և նրան ազատելու մասին ծանուցում ուղարկում դատախազին, քննիչին կամ հետաքննություն կատարող անձին, որի մասին կազմում է արձանագրություն:

Անհրաժեշտության դեպքում ձերբակալված անձանց պահելու վայրի ադմինիստրացիան ազատված անձանց ապահովում է բնակության վայր մեկնելու ձրի տոմսով. նրանց խնդրանքով տեղեկանքներ է տալիս ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվելու ժամանակի մասին:

 

Հոդված 17. Կալանավորված անձանց ձերբակալվածներին

պահելու վայրերում պահելը

 

Նախնական կալանքի կանոնադրության 4 հոդվածին համապատասխան այն անձինք, որոնց նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրվել է կալանքը, կարող են պահվել ձերբակալված անձանց պահելու վայրերում:

Այն անձանց, որոնց նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրված է կալանքը, ձերբակալված անձանց պահելու վայրերում տեղավորելու համար հիմք է հանդիսանում քննիչի կամ հետաքննություն կատարող անձի` դատախազի հաստատած որոշումը, դատախազի որոշումը կամ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ դատարանի դատավճիռը և որոշումը:

Այն դեպքում, երբ անձինք, որոնց նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրված է կալանքը, մինչև երեք օր պահվում են ձերբակալված անձանց պահելու վայրերում, նրանց վրա տարածվում են սույն կանոնադրությամբ սահմանված կանոնները: Այդ անձինք սույն կանոնադրության այլ հոդվածներով նախատեսված իրավունքների հետ մեկտեղ նաև իրավունք ունեն.

իրենց մոտ ունենալու քրեական գործին վերաբերող փաստաթղթեր և գրառումներ,

գործին պաշտպանի մասնակցությունը թույլ տալու պահից, որը պետք է հաստատված լինի այն անձի կամ մարմնի գրավոր հաղորդմամբ, որի վարույթում գտնվում է գործը, տեսակցություններ ունենալու պաշտպանի հետ առանձին` առանց դրանց թիվն ու տևողությունը սահմանափակելու,

գրագրություն կատարելու և գանգատներով ու դիմումներով դիմելու նախնական կալանքի կանոնադրության 13 հոդվածին համապատասխան:

Այն անձանց պահելու կարգը, որոնց նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրված է կալանքը, ձերբակալված անձանց պահելու վայրերում երեք օր անցնելուց հետո որոշվում է նախնական կալանքի կանոնադրությամբ:

Այն անձինք, որոնց նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրված է կալանքը, որպես կանոն, պահվում են հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձանցից առանձին:

Այն անձինք, որոնց նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրված է կալանքը, կալանքից ազատվում են նախնական կալանքի կանոնադրության 18 հոդվածով սահմանված հիմքերով:

 

Հոդված 18. Դատախազական հսկողությունը ձերբակալված

անձանց պահելու վայրերում օրինականության

պահպանման նկատմամբ

 

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով ձերբակալված անձանց պահելու վայրերում օրինականության պահպանման հսկողությունը իրագործում են ԽՍՀՄ գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները` ԽՍՀՄ-ում դատախազական հսկողության օրենսդրությանը համապատասխան:

 

 

pin
ԽՍՀՄ ԳԽ նախագահություն
13.07.1976
Հրամանագիր