09.04.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 152. |
Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը |
1. Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազը կամ դատախազի համաձայնությամբ` քննիչը, իսկ դատարանում քրեական գործը քննելիս դատարանը` մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, կարող են կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, աշխատանքային լիազորություններն իրականացնելով, նա կխոչընդոտի գործի քննությունը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը կամ կկատարի քրեական օրենքով չթույլատրված արարք: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ քննիչի կայացրած` լիազորությունների կասեցման մասին որոշումը եռօրյա ժամկետում ներկայացվում է դատարանի հաստատմանը:
2. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված լիազորությունների կասեցման մասին որոշումն ընդունելու պահից: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վարույթն իրականացնող մարմինն ստորագրությամբ հանձնում է կասկածյալին կամ մեղադրյալին և անհապաղ ուղարկում կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր:
3. Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվում է դատարանի, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում` նաև դատախազի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվելուց հետո վարույթն իրականացնող մարմինն անհապաղ ուղարկում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 280-րդ հոդվածը «կալանքը որպես խափանման միջոց կիրառելը,» բառերից հետո լրացնել «կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափության հաստատումը,» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 283.1-ին հոդվածով.
«Հոդված 283.1. |
Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննարկման կարգի առանձնահատկությունները |
1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննում է դատավորը` միանձնյա:
2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջնորդությունը քննում և դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
3. Դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի, մեղադրյալի կամ նրա պաշտպանի նախաձեռնությամբ միջնորդությունը քննարկվում է դռնփակ դատական նիստում:
4. Դատարանը միջնորդությունը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը:
5. Միջնորդության քննությունն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին կամ միջնորդությունը մերժելու և լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացնելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Որոշումը կայացնելու օրը դատարանն այն հանձնում է միջնորդությունը ներկայացրած պաշտոնատար անձին, մեղադրյալին և նրա պաշտպանին:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում միջնորդության քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են սույն օրենսգրքի 285-րդ հոդվածով նախատեսված կանոնները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 285-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշման մասին վարույթն իրականացնող մարմինն անհապաղ գրավոր իրազեկում է մեղադրյալի աշխատավայր:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «իրավունքի սահմանափակման» բառերից հետո լրացնել «, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման վերաբերյալ որոշման իրավաչափությունը հաստատելու» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 7 Երևան ՀՕ-123-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: