ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2001 թվականի թիվ 25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2001 թվականի օգոստոսի 1-ի թիվ 438 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի ընտրության և պաշտոնապես ընդունման գործընթացի կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի ընտրության վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի (գրանշանի) առաջարկված տարբերակներից հավանություն տալ Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի հեղինակած էսքիզներին:
2. Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի (գրանշանի) պաշտոնապես ընդունման գործընթացի կազմակերպման համար դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը և ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: