041.0904.251201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2001 թվականի N 904
ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի համաձայնագրով նախատեսված դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Երևանի Իսրայելյան N 41 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող շենքը, որի 1-ին և 2-րդ հարկերն օգտագործվում են Երևանի ներքին գործերի վարչության կենտրոնական ներքին գործերի բաժնի, իսկ 3-րդ և 4-րդ հարկերը` Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ թաղային համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից, հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` այն որպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ թաղային համայնքների առաջին ատյանի դատարանի վարչական շենք վերակառուցելու համար:
2. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Գրիգոր Լուսավորչի N 5 հասցեում գտնվող շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինությանը` այն որպես վարչական շենք Երևանի ներքին գործերի վարչության կենտրոնական ներքին գործերի բաժնին տրամադրելու համար:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մինչև 2002 թվականի մարտի 1-ը ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված աշխատանքների` սահմանված կարգով կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը: