Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻ ...

 

17.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի օգոստոսի 17-ին 

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.6-րդ հոդվածով.

«Հոդված 2.6. Հաստատել 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն 7-րդ հավելվածի:»:

 

i

Հոդված 2. Օրենքով հաստատված` Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.8-րդ կետով.

«6.8. 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3-ը: 2021 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Լրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման` այդ գումարների հավաքման և դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված նպատակային ներդրումների իրականացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 26-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ)` մինչև 2022 թվականի հաշվետու ֆինանսական տարվա ավարտը: Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

 

i

Հոդված 3. Օրենքը լրացնել «2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ Ժամանակավոր ծրագիրը» 7-րդ հավելվածով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես, և գործում է մինչև Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը:

2. Սույն Օրենքից բխող` Կառավարության որոշումներն ընդունվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. օգոստոսի 17
Երևան
ՀՕ-322-Ն

 

«Հավելված 7

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ
2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը մշակված է համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:

Ժամանակավոր ծրագիրը նպատակաուղղված է 2021 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

 

2. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենքով ամրագրված է Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ` 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում` սահմանված կարգին համապատասխան:

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 5 ջրօգտագործողների ընկերությունների պայմանագրերով հաստատված 31.4 հազ. հա հողատարածքների ոռոգումն իրականացվում է Մարմարիկի, Ապարանի, Ազատի ջրամբարների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների, Հրազդան գետի ու Սևանա լճի ջրբացթողումների միջոցով:

2021 թվականին Հայաստանի Հանրապետության համեմատաբար 12 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը կազմել է 526.7 մլն մ3` 2020 թվականի առավելագույն 667.5 մլն մ3 լցվածության համեմատ թերլցվածությունը կազմել է 140.8 մլն մ3:

2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ջրամբարների լցվածությունը եղել է 226.2 մլն մ3, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում` 351.9 մլն մ3, դեֆիցիտը կազմել է 125.7 մլն մ3:

Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից չնախատեսված ջրալրում իրականացնելու պատճառով 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ3 ջրի դեֆիցիտ:

Հրազդան գետի ջրատվությունը 2021 թվականի ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 մլն մ3 (վերջին 4 տարիների միջին ջրատվությունը կազմում է 190.8 մլն մ3): Ինչպես փաստացի իրավիճակը, այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները փաստում են, որ նմանատիպ տարում Հրազդան գետից հնարավոր կլինի վերցնել ընդամենը 116 մլն մ3 ջուր, որը նախատեսվածից պակաս կլինի շուրջ 54 մլն մ3-ով:

Մխչյանի և Ռանչպարի պոմպակայաններով 2021 թվականի ոռոգման ողջ շրջանում պլանավորվել էր արտադրել շուրջ 14.8 մլն մ3 ջուր (պոմպակայանների շահագործումը կախված է էլեկտրաէներգիայի լարումից, մղման խողովակաշարերի տեխնիկական հնարավորություններից):

Սույն թվականի օգոստոսի 1-ի դրությամբ փաստացի արտադրվել է 13.8 մլն մ3 ջուր, կամ պլանավորվածի նկատմամբ մնացել է արտադրել մեկ մլն մ3 ջուր: Պոմպակայաններով նախատեսվել է լրացուցիչ արտադրել ևս 22.1 մլն մ3 ջուր, որի դեպքում կծախսվի նախատեսվածից շուրջ 11 մլն կՎտ/ժ ավել էլեկտրաէներգիա, որն իր հերթին կառաջացնի շուրջ 450 մլն դրամի ծախս:

Սևանա լճից 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, ոռոգման նպատակով ջրբացթողումներն սկսվել են 10 օր շուտ, և այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 19 մլն մ3 ջրառ: Տարածաշրջանի գետերում ջրի կտրուկ նվազման հետևանքով առաջացել է ջրապահանջարկի նկատմամբ դեֆիցիտ, և Սևանա լճից 2021 թվականին իրականացված ավել ջրառին զուգահեռ այն լրացվել է Սևանա լճի բացթողումների և մեխանիկական ջրարտադրության միջոցների հաշվին:

Սևանա լճից 2019 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ բաց է թողնվել 99.825 մլն մ3, 2020 թվականին` 115.858 մլն մ3, 2021 թվականին` 168.244 մլն մ3 ջուր: Արփա-Սևան թունելով 2019 թվականին Սևանա լիճ է տեղափոխվել 148.246 մլն մ3, 2020 թվականին` 165.385 մլն մ3, 2021 թվականին` 133.833 մլն մ3 ջուր:

 

3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ժամանակավոր ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված` ոռոգման նպատակով Սևանա լճից տարեկան բացթողնման 170 մլն մ3 չափաքանակի ավելացումն է` այն դարձնելով մինչև 245 մլն մ3:

Սևանա լճից մինչև լրացուցիչ 75 մլն մ3 ծավալով ջրբացթողնման ավելացումը 2021 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարները կուղղվեն ոռոգման համակարգերի արդիականացմանը:

Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:

4. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ժամանակավոր ծրագրի իրականացումից ակնկալվում է հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում:

 

5. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավելի բաց թողնված ջրաքանակի օգտագործմամբ արտադրված էլեկտրաէներգիայի քանակության և դրա հետ կապված կատարված վճարումների վերաբերյալ:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն Ժամանակավոր ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 17.08.2021
N ՀՕ-322-Ն օրենք