Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՁԱՆՑ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՁԱՆՑ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄՐՑԱ ...

 

17.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2021 թվականի N 161-Ն

 

ԱՆՁԱՆՑ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 2-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

 ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը և ժամկետները` համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացվելու և պաշտոնական կայքում տեղադրվելու դեպքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պայմանը ժամկետի մասով համարվում է պահպանված:


Նախագահի պաշտոնակատար

Հ. Կարապետյան

 

Հավելված 1
Մրցակցության պաշտպանության
հանձնաժողովի 2021 թվականի
ուլիսի 13-ի N 161-Ն որոշման

 

ԱՆՁԱՆՑ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնելու կարգը և ժամկետները:

2. Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները սույն որոշման հավելված 2-ով սահմանված ձևով ներկայացվում են Հանձնաժողով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերակազմակերպումը, գործողությունը կամ գործարքը (այսուհետ` վերակազմակերպում, գործողություն կամ գործարք) կատարելուց առնվազն մեկ ամիս առաջ:

3. Դիմումը ներկայացնում է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակում ներառված տնտեսավարող սուբյեկտներից առնվազն մեկը:

4. Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են լիազորագրով, դրանում պետք է ուղղակիորեն նախատեսվի նաև անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացնելու լիազորությունը:

5. Դիմումին կից Հանձնաժողովին պետք է ներկայացվի անձանց խումբ համարվելու վերաբերյալ ապացույցներ, բացառությամբ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-14-րդ կետերի` այն կոնկրետ փաստի վկայակոչմամբ, որի ապացուցման համար դրանք ներկայացվել են: Դիմումին կից կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և նյութեր:

6. Դիմումը պետք է ներկայացվի հայերենով: Օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս անհրաժեշտ է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը: Ներկայացված փաստաթղթերը պետք է հիմնված լինեն հավաստի տեղեկությունների վրա և չպարունակեն կեղծ տվյալներ:

7. Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի ([email protected]) կամ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով կամ թղթային եղանակով:

8. Հանձնաժողովը դիմումի քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու մասին.

2) Օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չլինելու փաստը ճանաչելու մասին:

9. Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում Հանձնաժողովը դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ դիմողին ծանուցում է անձանց խմբի ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու մասին:

10. Օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չլինելու փաստը ճանաչելու մասին որոշում Հանձնաժողովը ընդունում է, եթե դիմումի քննարկման արդյունքում պարզում է, որ Օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չէ, այդ թվում` պահպանված չէ Հանձնաժողով ներկայացված անձանց խմբի ցուցակում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտներից մեկի մասով:

11.Օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չլինելու փաստը ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հանձնաժողովը այդ մասին դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությամբ ծանուցում է դիմողին:

12. Օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանները կամ ձևը պահպանված չլինելու փաստը ճանաչելու մասին որոշում ընդունելը խոչընդոտ չէ դիմումը կրկին ներկայացնելու համար:

13. Անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներից մեկը իրենց միջև վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում են Հանձնաժողովին:

14. Անձանց խմբում ընդգրկված, վերակազմակերպման, գործողության կամ գործարքի հետ առնչություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների կազմը, վերակազմակերպման, գործողության կամ գործարքի պահին պետք է փոփոխության ենթարկված չլինի այն ցուցակի համեմատ, որը առնվազն մեկ ամիս առաջ սույն հավելվածով և սույն որոշման հավելված 2-ով սահմանված պահանջներին համապատասխան ներկայացվել է Հանձնաժողով:

15. Դիմումը Հանձնաժողով ներկայացվելուց հետո անձանց խմբի ներսում փոփոխություն տեղի ունենալու դեպքում անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտներից առնվազն մեկը վերակազմակերպման, գործողության կամ գործարքի պահից առնվազն մեկ ամիս առաջ փոփոխությունը Հանձնաժողովին է ներկայացնում սույն հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

16. Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի որոշմամբ հանվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքից, եթե`

1) Հանձնաժողով ներկայացված անձանց խմբի ցուցակում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտներից մեկը դիմում է ներկայացնում ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքից հանելու վերաբերյալ: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են լիազորագրով, դրանում պետք է ուղղակիորեն նախատեսվի նաև ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքից հանելու համար դիմելու լիազորությունը:

2) հայտնաբերվում է, որ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով են ներկայացվել Օրենքով կամ սույն որոշմամբ սահմանված պայմանների կամ ձևի պահանջների խախտմամբ:

3) հայտնաբերվում է, որ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները պարունակում են ոչ հավաստի կամ կեղծ տվյալներ:

17. Սույն հավելվածի 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքից հանվելու դեպքում Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետը չի գործում:

18. Սույն հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքով անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը Հանձնաժողովի պաշտոնական կայքից հանվելու դեպքում այն համարվում է չներկայացված:

 

Հավելված 2
Մրցակցության պաշտպանության
հանձնաժողովի 2021 թվականի
հուլիսի 13-ի N 161-Ն որոշման

ՁԵՎ
ԱՆՁԱՆՑ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ/ ՏԻԿԻՆ----------------------------------------------------

 

Ցուցակը և հիմնավորումները ներկայացնող անձ` ------------------------------------------------------
(ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը)

 

Ներկայացուցիչ` -------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, ներկայացուցչության հիմքը)

 

Ծանուցման հասցե և հեռախոսահամար` -----------------------------------------------------------------

 

Ծանուցման էլեկտրոնային փոստի հասցե1`----------------------------------------------------------------

 

_________________________

1 Դաշտը պարտադիր չէ լրացման համար: Լրացվելու դեպքում բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

 

ԴԻՄՈՒՄ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածը` խնդրում ենք կից ներկայացված անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը տեղադրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պաշտոնական կայքում:

______________________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________________________2:

 

_________________________

2 Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակում և հիմնավորումներում օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայության դեպքում դիմումը պետք է պարունակի այդ մասին նշում և համապատասխան իրավական հիմքի վկայակոչում ու հիմնավորում:

 

ՑՈՒՑԱԿ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

 

Կից ներկայացվում են.

1) --------------------------------------------------------------------,

2) --------------------------------------------------------------------,

3) --------------------------------------------------------------------:

 

Հարգանքով`
(ստորագրությունը)        __________________________
         (անուն, ազգանուն)

   _______________________________

        (տարին, ամիսը, ամսաթիվը)

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
13.07.2021
N 161-Ն
Որոշում