29.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի առաջին պարբերության 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) առողջության պահպանման, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապևտիկ աջակցություն, ինչպես նաև զննվելու իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.»:
i
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին պարբերության 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) չկատարել այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ.»:
i
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաև իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք, որպես տույժի միջոց, պատժախուց չեն տեղափոխվում:»:
i
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության 2-րդ կետի «, իսկ անչափահասներին` մինչև հինգ օր» բառերը հանել.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված` պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված` պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա, եթե կալանավորված անձի առողջական վիճակը թույլ չի տալիս իրեն տեաղափոխել պատժախուց:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-288-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2022 թվական: