05.10.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին
ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների գրանցման, սերմերի, տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքը տարածվում է արտադրության կամ վերարտադրության համար նախատեսված տեղական ու ներկրված բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի, տնկանյութի վրա:
3. Սույն օրենքը կիրառելի չէ գենային ինժեներիայի եղանակով ստացված և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ համարվող սորտերի և հիբրիդների գրանցման, սերմերի և տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման և օգտագործման դեպքում:
Հոդված 2. |
Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
1. Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:
Հոդված 3. |
Սերմերի և տնկանյութի արտադրության հիմնական խնդիրները |
1. Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության հիմնական խնդիրներն են`
1) մշակաբույսերի սերմերի, տնկանյութի արտադրության և վերարտադրության գործնական կիրառելի համակարգերի հիմնումը և զարգացումը.
2) սորտաթարմացման, սորտափոխարինման և սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի տնտեսական և կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը.
3) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի կամ հիբրիդների և տնկանյութի նոր ձևերի արագացված բազմացումը.
4) Հայաստանի Հանրապետությունում տարածված, տեղածին (աբորիգեն) ու հազվագյուտ սորտերի և տնկանյութի ձևերի գենետիկական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը.
5) գիտական մեթոդների կիրառմամբ սերմնաբուծության և տնկանյութի արտադրության կազմակերպումը.
6) սերմնաբուծության և տնկանյութի արտադրության զարգացմանը նպաստող ժամանակակից տեղեկատվական շտեմարանների ստեղծումը:
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) սերմ` սորտերի պահպանության և վերարտադրության նպատակով օգտագործվող բույսի ժառանգականություն կրող գեներատիվ օրգան.
2) տնկանյութ` բազմամյա (որոշ միամյա) բույսերի վեգետատիվ կամ սերմնային բազմացման մեթոդների կիրառման միջոցով ստացված դուստր բույսեր.
3) տնկարանային արտադրություն` տարբեր մեթոդների և եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ.
4) սերմնաբուծություն` սորտաթարմացման և սորտափոխարինման իրականացման նպատակով բույսերի շրջանացված սորտերի սերմերի զանգվածային բազմացմամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ.
5) նախահիմնային (օրիգինալ) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի արտադրած, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.
6) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր.
7) վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր.
8) հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձևերի տրամախաչման միջոցով ստացված առաջին սերնդի (F1) սերմեր.
9) բազմամյա բույսերի ելակետային (նախահիմնային) տնկանյութ` մայր բույսերի ժառանգականության պահպանման ու հետագա բազմացման նպատակով ընտրասերման (սելեկցիոն) աշխատանքների արդյունքով ստացված սորտերի, նույնակների (կլոնների) մասեր կամ վիրուսազերծ ամբողջական բույսեր.
10) բազմամյա բույսերի հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ` մայրուտների համար նախատեսված և ելակետային տնկանյութի հաջորդիվ բազմացման արդյունքով ստացված վիրուսազերծ ամբողջական բույսեր կամ սորտերի և նույնակների (կլոնների) մասեր.
11) բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութ` արտադրական այգեհիմնման համար նախատեսված և հիմնային տնկանյութի վեգետատիվ բազմացումից ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող առավել վարակածին վիրուսազերծությունն ստուգված ամբողջական բույսեր.
12) բազմամյա բույսերի վերարտադրված տնկանյութ` բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի հաջորդիվ երեք սերունդներն ընդգրկող բուսաճային (վեգետատիվ) բազմացման միջոցով ստացված և վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված ամբողջական բույսեր.
13) բազմամյա բույսերի շարքային (սովորական) տնկանյութ` բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի չորրորդ և հաջորդիվ վերարտադրությունների վեգետատիվ բազմացման միջոցով ստացված, առողջացման և ստուգման չենթարկված ամբողջական բույսեր.
14) տնտեսական արդյունավետության պետական փորձարկում` լիազոր մարմնի կողմից բույսերի սորտերի տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (գոտիներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային և լաբորատոր համալիր փորձարկումներ.
15) օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական արդյունավետության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտ.
16) սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի սերմերի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր.
17) տնկարանային արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի տնկանյութի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր.
18) տնկարանային արտադրության առաջնային օղակ` բազմամյա մշակաբույսերի մայրուտներ և սորտընտրանի (կոլեկցիոն, հավաքածու) այգիներ, որոնք ստեղծված են հիմնական տնկարաններում գրանցված սորտերի ելակետային տնկանյութով մայր բույսերի ժառանգականության պահպանման, ուսումնասիրության ու հետագա բազմացման նպատակով.
19) սերմերի և տնկանյութի հավաստագրում` սերմերի և տնկանյութի սորտային պատկանելության, սերմերի ցանքային և տնկանյութի ապրանքային որակների` տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների, սերմնաբուծության և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով սահմանված միջոցառումների համալիր (դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ).
20) սերմերի հավաստագիր` օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանիությունը և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
21) տնկանյութի հավաստագիր` տնկանյութի սորտային պատկանելությունը, ապրանքային որակները և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
22) բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ այգետարածքների (մայրուտների) և հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի մայր բույսերի սորտային պատկանելության հետագա ստուգումների միջոցով սերմերի և մայր բույսերի որոշակի սորտի պատկանելության և սերմերի ու մայր բույսերի որակական ցուցանիշների որոշման նպատակով լիազոր մարմնի կողմից կատարվող դաշտային փորձարկումների և միջոցառումների համալիր.
23) սերմերի և տնկանյութի սորտային հատկանիշներ` տվյալ սորտի տարբերիչ առանձնահատկությունները, կայունությունը, միատարրությունը բնորոշող հատկությունների և հատկանիշների նույնականացման համալիր.
24) տնկանյութի ապրանքային որակ` տնկանյութի կենսաչափագրական (բիոմետրիկ) չափումների և բուսասանիտարական վիճակի համալիր, որոնց հիման վրա տեսակավորվում է տնկանյութի խմբաքանակը և որոշվում է դրա տնտեսական պիտանելիությունը.
25) դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմնադաշտերի, մայրուտների և տնկարանային հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի տեսակային և սորտային պատկանելության, սորտային մաքրության ու միատարրության նույնականացում, հողակտորների` մոլախոտերով, մշակաբույսերի հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության որոշման միջոցառումներ.
26) դաշտային հետազոտող (ապրոբատոր)` սերմնադաշտերի և տնկարանների դաշտային հետազոտությունների և հսկումների կատարող.
27) մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, պալարապտղավոր, կերային, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, պտղահատապտղային բույսեր, վազեր (ծառեր, թփեր), ուտելի սնկեր.
28) լիազոր մարմին` գյուղատնտեսության բնագավառում քաղաքականություն մշակող:
ԳԼՈՒԽ 2
ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Հոդված 5. |
Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և տնկանյութի ցանկը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերն ու հիբրիդները և տնկանյութի այն ձևերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում և գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում:
2. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկը վարում, հաստատում և տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է լիազոր մարմինը:
3. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
4. Տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 6. |
Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության քայլերի հերթագայությունը (սխեման) |
1. Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը:
2. Սերմերի սորտային և տնկանյութի ձևերի պատկանելության, սերմերի որակի և տնկանյութի ապրանքային ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ և կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձևեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:
3. Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելության, մաքրության և սերմերի որակի ու տնկանյութի ապրանքային ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:
4. Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետևյալ դասերը.
1) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.
2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր.
3) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):
5. Տնկարանային արտադրությամբ սահմանվում են տնկանյութի հետևյալ կարգերը.
1) ելակետային (նախահիմնային) տնկանյութ.
2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ.
3) հավաստագրված տնկանյութ.
4) վերարտադրված տնկանյութ.
5) սովորական տնկանյութ:
Հոդված 7. |
Սերմերի որակի և տնկանյութի ապրանքային որակի որոշումը |
1. Սերմերի որակը և տնկանյութի ապրանքային որակը բնութագրվում են սորտային պատկանելությամբ, սորտային մաքրությամբ, վերարտադրությամբ, դասերով և կարգերով:
2. Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելությունն ու մաքրությունը, դասը և կարգը որոշվում են դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների միջոցով:
3. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի սորտային պատկանելությունը յուրաքանչյուր մշակաբույսի, տնկանյութի կարգի և սերմերի դասի համար առանձին որոշվում է սերմնադաշտերի (ցանքատարածությունների), սորտընտրանի այգիների, մայրուտների (կոլեկցիոն այգիների) և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման և լաբորատոր հետազոտությունների միջոցով:
4. Մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունները կատարվում են սերմ արտադրողի և տնկանյութ արտադրողի հայտի հիման վրա: Հայտի ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը սահմանում է լիազոր մարմինը:
6. Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունների կատարման նպատակով մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից կատարվում է նմուշառում:
7. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը և նմուշառման ակտի ձևը սահմանում է լիազոր մարմինը:
8. Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաները:
Հոդված 8. |
Սերմերի և տնկանյութի հավաստագրումը |
1. Նախահիմնային, հիմնային, վերարտադրված սերմերը և ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված և սովորական տնկանյութերը ենթակա են պարտադիր հավաստագրման:
2. Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը սահմանում է Կառավարությունը:
3. Հավաստագրման գործընթացն իրականացնում և հավաստագիր տրամադրում է լիազոր մարմինը:
4. Հավաստագրման ընթացակարգով նախատեսված պահանջները բավարարող սերմերին, տնկանյութին և դրանց խմբաքանակներին տրվում է դրանց ծագումն ու որակը վավերացնող հավաստագիր, իսկ այդ պահանջները չբավարարող սերմերին ու տնկանյութին` փորձարկումների արդյունքների մասին արձանագրություն:
5. Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի տարբեր դասերի և տնկանյութի տարբեր կարգերի որակական ցուցանիշները գնահատվում են միջազգային իրավասու կազմակերպությունների սահմանած ընթացակարգով:
6. Անձնական օգտագործման համար արտադրվող և օգտագործվող սերմերն ու տնկանյութը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելության և սերմերի որակական ցուցանիշները հավաստող փաստաթղթեր:
7. Լիազոր մարմինը կատարում է հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառում:
8. Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման համար լիազոր մարմինը վարում է գրանցամատյան:
9. Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանում է Կառավարությունը:
10. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 9. |
Հավաստագրված սերմերի և տնկանյութի պիտակավորումը, փաթեթավորումը, տարավորումը, պահպանությունը, փոխադրումը և իրացումը |
1. Սերմերի և տնկանյութի պիտակավորումը, փաթեթավորումը, տարավորումը, պահպանությունը, փոխադրումը և իրացումը կատարվում են հավաստագրի առկայության դեպքում:
2. Փոխադրման և իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի և տնկանյութի յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում, տարավորվում և դրոշմվում է` տարայի (ապրանքային միավորի) կամ փակցված պիտակի վրա նշելով սորտի կամ հիբրիդի անվանումը, բուսաբանական դասակարգումը, սերմերի ու տնկանյութի ծագման և որակի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությունը կատարում է Կառավարության լիազորած վերահսկողություն իրականացնող մարմինը:
4. Պիտակների ձևերը և դրանց միջոցով հաղորդվող տեղեկությունների բովանդակությունը սահմանում է լիազոր մարմինը:
5. Քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերը և տնկանյութը պահպանվում, փոխադրվում և իրացվում են միայն փաթեթավորված վիճակում:
6. Փաթեթը (տարան) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն և ուղեկցվի սերմերի և տնկանյութի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր հետևանքներ ունենալու մասին համառոտ տեղեկատվությամբ:
7. Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրված սերմերի և տնկանյութի որակի և քանակի պահպանությունը, իսկ քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաև մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը:
Հոդված 10. |
Սերմեր ու տնկանյութ արտադրողների և իրացնողների իրավունքները, պարտականությունները և երաշխավորությունները |
1. Սերմեր ու տնկանյութ իրացնողները ինքնուրույն են որոշում իրացվող սերմերի և տնկանյութի տեսականին և քանակը:
2. Սերմեր ու տնկանյութ իրացնողները պարտավոր են`
1) հաշվառվել լիազոր մարմնի կողմից վարվող գրանցամատյանում.
2) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակը հավաստող փաստաթղթերը.
3) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքը պահեստներ և իրացման համար նախատեսված տարածքներ, անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության կատարման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:
3. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի իրացմամբ զբաղվող անձինք պարտավոր են երաշխավորել սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Սերմեր և տնկանյութ արտադրողները`
1) ինքնուրույն են որոշում արտադրվող սերմերի և տնկանյութի տեսականին և քանակը.
2) կարող են սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման և դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում գրանցման հայտ ներկայացնել.
3) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնել:
5. Հավաստագրման ենթակա սերմեր և տնկանյութ արտադրողները պարտավոր են`
1) հաշվառվել լիազոր մարմնի կողմից վարվող գրանցամատյանում.
2) ներկայացնել հայտ(եր)` սերմնադաշտերի և տնկանյութի մայրուտների ու տնկարանի թողարկող դաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.
3) սերմերի արտադրությունն իրականացնել` պահպանելով սերմնաբուծության հերթագայությունը.
4) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել արտադրված, օգտագործված և իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակը հավաստող փաստաթղթերը.
5) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքն արտադրական տարածք (սերմնադաշտեր, տնկարաններ, մայրուտներ, պահեստներ, սերմերի մշակման և փաթեթավորման տարածքներ), անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:
6. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ զբաղվող և հավաստագրման գործընթացը կատարող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են երաշխավորել`
1) սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը արտադրված սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) սերմերի և տնկանյութի որակը բնորոշող ցեղային, տեսակային, տարատեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության մասին փաստաթղթերի պահպանությունը.
3) սերմերի որակական և տնկանյութի ապրանքային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազոր մարմին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը.
4) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
Հոդված 11. |
Սերմերի և տնկանյութի ներմուծումն ու արտահանումը |
1. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե`
1) սերմերը և տնկանյութը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկման նպատակների համար, որը հավաստվում է արտադրող կազմակերպության տրամադրած համապատասխան փաստաթղթով.
2) ներմուծվող սորտը կամ հիբրիդը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում, և ներկայացվում են սերմերի և տնկանյութի խմբաքանակի սորտի պատկանելության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տրամադրած հավաստագրերը:
2. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակը սահմանում է լիազոր մարմինը:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «Մաքսային տարանցում», «Մաքսային պահեստ» և «Ազատ մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակի վրա:
5. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 12. |
Պատասխանատվությունն արտադրանքի անհամապատասխանության համար |
1. Հավաստագրված սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացը կատարող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում հետևյալ յուրաքանչյուր դեպքում, եթե`
1) ապացուցվում է, որ սերմերի և տնկանյութի սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային, հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների փոփոխությունները կատարվել են իրենց մեղքով.
2) լրացուցիչ դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների արդյունքներով անհամապատասխանություն է հայտնաբերվում հավաստագրում ամրագրված ցուցանիշների և սերմերի, տնկանյութի խմբաքանակի համապատասխան փաստացի ցուցանիշների միջև.
3) հավաստագիրը տրվել է հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում տնտեսավարողներին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
ԳԼՈՒԽ 4
ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 13. |
Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության գիտական ապահովումը |
1. Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության գիտական ապահովումը կատարում են լիազոր մարմինը, գիտակրթական, գիտահետազոտական, գիտաարտադրական, փորձարարական հաստատությունները, գիտնական-հետազոտողները, որոնք մշակում են`
1) բույսերի նոր սորտերի ընտրասերման, սերմնաբանության և սերմնաբուծության վերաբերյալ գիտատեխնիկական ծրագրեր.
2) սերմնաբանության, սերմնաբուծության և սորտագիտության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված արդյունավետ համակարգեր.
3) նոր սորտերի կամ հիբրիդների ներդրման և հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում և հողակլիմայական տարբեր պայմաններում դրանց մշակության գիտականորեն հիմնավորված առաջարկություններ.
4) սերմնարտադրության և տնկանյութի արտադրության արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական ժամանակակից համակարգեր.
5) հանրաճանաչ, արժեքավոր սորտերի և տնկանյութի ձևերի պահպանության և արագացված բազմացման ծրագրեր:
2. Մշակաբույսերի գենետիկական պաշարների պահպանության նպատակով լիազոր մարմինը սահմանում է հանրահայտ և տնտեսական մեծ արժեք ունեցող սորտերի պահպանության և վերարտադրության ընթացակարգեր:
ԳԼՈՒԽ 5
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 14. |
Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Լիազոր մարմնի հավաստագրման գործընթացը կատարող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների, հավատարմագրված լաբորատորիաների և դաշտային հետազոտողների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են`
1) համապատասխան որոշումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն տրամադրում է բողոքարկող կողմին.
2) սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի ու տնկարկների դաշտային լրացուցիչ հետազոտությունների և սերմերի, տնկանյութի լաբորատոր լրացուցիչ փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազոր մարմին` պահանջելով այդ աշխատանքների կատարումն ապահովել այլ հավատարմագրված դաշտային հետազոտողների և փորձարկման լաբորատորիաների միջոցով.
3) բողոքի խնդրո առարկա համարվող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել դաշտային լրացուցիչ հետազոտություններ և լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ դաշտային հետազոտողների և հավատարմագրված լաբորատորիաների միջոցով:
3. Լիազոր մարմնի բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Բողոքարկման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է լիազոր մարմինը:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սերմերի մասին» 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքը:
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով, 8-րդ հոդվածի 2-րդ և 9-րդ մասերով, 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` մեկ տարվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-345-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հոկտեմբերի 2022 թվական: