27.11.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Оրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով.
«23) հաստատում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, պետական մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:»:
i
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով.
«28) մշակում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, պետական մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:»:
i
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական հաշվառման ենթակա օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում` հողամասերը, միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհի մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմիններին, մարզպետի աշխատակազմին, պետական մարմինների և մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` այն կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև կազմակերպություններին և հիմնադրամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, այդ թվում` տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, իրավաբանական անձանց (այդ թվում` այն իրավաբանական անձանց, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»:
Հոդված 4. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-326-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական: