Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

13 դեկտեմբերի 2001 թվականի N 51

 

16. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման հիմնադրույթներին (կցվում է):

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հիմնադրույթներով սահմանվում են`

ա) Հայաստանի Հանրապետությունում հնարավոր միջուկային և ճառագայթային վթարների, ինչպես նաև հնարավոր անդրսահմանային ճառագայթային ազդեցությունների դեպքում հակազդման գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը ներկայացվող պահանջները.

բ) միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման հնարավոր ազդեցությունից անձնակազմի և բնակչության պաշտպանությանն ուղղված գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը ներկայացվող պահանջները.

գ) միջուկային և ճառագայթային վթարների դեպքում հասարակական և միջազգային տեղեկատվության կազմակերպմանն ու իրականացմանը ներկայացվող պահանջները.

դ) միջուկային և ճառագայթային վթարների դեպքում ճառագայթային իրավիճակի, ինչպես նաև բնակչության ու վթարային անձնակազմի ճառագայթահարման հսկողության կազմակերպմանն ու անցկացմանը ներկայացվող պահանջները.

ե) միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման ու իրականացման ֆինանսավորմանը ներկայացվող պահանջները.

զ) միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության հսկողությանն ու գնահատմանը ներկայացվող պահանջները:

1.2. Սույն հիմնադրույթներում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

Ճառագայթային վթար` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հետ կապված միջադեպ, որը բերել է կամ կարող է բերել անձնակազմի և (կամ) բնակչության համար անվտանգության նորմերով սահմանված մակարդակների գերազանցմամբ ճառագայթահարման և (կամ) շրջակա բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.

Վթարային քարտ` միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր արտակարգ իրավիճակներում փոխադրումն իրականացնող անձնակազմի գործողությունները սահմանող հրահանգ:

Վթարային պլանավորում` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման գործողությունները, դրանց իրականացման համար պատասխանատվությունները և անհրաժեշտ միջոցները սահմանող փաստաթղթերի (իրավական ակտերի, պլանների, հրահանգների) մշակում:

Վթարային պատրաստվածություն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման գործողությունների իրականացման համար անհրաժեշտ միջոցների, վթարային անձնակազմի և նրանց գործողությունները սահմանող հրահանգների առկայություն:

Վթարային պլանավորման գոտի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շուրջ սահմանված տարածք, որի համար նախապես պլանավորվում են օբյեկտի հնարավոր միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում այդ տարածքում ընդգրկված բնակավայրերի բնակչության արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումներն ու միջոցները:

Վթարային հակազդման գործողությունների համակարգում` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում վթարային հակազդման գործառույթներ ունեցող մարմինների, մասնագիտացված ստորաբաժանումների և ուժերի գործողությունների կենտրոնացված կառավարում.

Վթարային հակազդման ազգային համակարգող - վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների գործողությունները համակարգող պետական կառավարման մարմին:

Վթարային հակազդում` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում վթարի կանխմանը, տեղայնացմանը և իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից անձնակազմի ու բնակչության պաշտպանությանն ուղղված գործողություններ:

Վթարային հակազդման կենտրոն` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում հակազդման գործողությունների կառավարում կամ իրավիճակի գնահատում ու դրա հնարավոր փոփոխության կանխատեսում իրականացնող անձնակազմի աշխատանքի համար հատուկ սարքավորված աշխատատեղ:

Վթարային անձնակազմ` վթարային օբյեկտի և վթարային հակազդման ազգային համակարգի մարմինների ու կազմակերպությունների վթարային հակազդման գործողություններում ներգրավված անձնակազմ:

Վթարային իրավիճակի դասակարգում` ըստ բնութագրիչ հայտանիշների վթարային իրավիճակների տարաբաժանումը դասերի, որը թույլ է տալիս վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպություններին նախապես պլանավորել յուրաքանչյուր դասի իրավիճակի դեպքում իրականացվող գործողությունները:

Անհապաղ պաշտպանական միջոցառում` վթարային իրավիճակներում իոնացնող ճառագայթումից մարդկանց պաշտպանության նպատակով իրականացվող արագ գործողություններ, այն է` վահանաձև գեղձի արգելափակում, պատսպարում և տարահանում:

Վահանաձև գեղձի արգելափակում` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում վահանաձև գեղձում յոդի ռադիոակտիվ իզոտոպների կուտակման կանխման նպատակով մարդկանց կողմից յոդի կայուն իզոտոպներ պարունակող հաբերի ընդունում:

Պատսպարում` վթարի հետևանքով արտաքին ճառագայթահարումից մարդկանց պաշտպանելու կամ ներքին ճառագայթահարման կանխման նպատակով բնակելի, նկուղային, արտադրական և այլ տեսակի շինությունների օգտագործում:

Վթարային միջամտման մակարդակ` վթարային ճառագայթահարման կամ վթարի հետևանքով խրոնիկ ճառագայթահարման իրավիճակի առաջացման դեպքում ճառագայթահարման կանխարգելված դոզայի մակարդակ, որն անհրաժեշտ է պաշտպանական միջոցառումներ իրականացնելու կամ ետվթարային վերականգնողական միջոցառումներ ձեռնարկելու համար:

 

II. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2.1. Միջուկային և ճառագայթային վթարներ հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման ժամանակ պետք է ապահովվի`

ա) անձնակազմի և բնակչության կյանքի ու առողջության պաշտպանության, շրջակա բնական միջավայրի պահպանության հարցերի գերակայությունը ցանկացած այլ հարցերի նկատմամբ.

բ) անվտանգության պետական կարգավորման և վթարների հակազդման պատրաստվածության ու իրականացման կառավարման գործառույթների հստակ տարանջատումը.

գ) վթարային հակազդման պատրաստվածության կառավարումը պետական նպատակային ծրագրի համաձայն.

դ) վթարային հակազդման պատրաստվածության նկատմամբ պետական վերահսկողությունը.

ե) հասարակության և զանգվածային լրատվության միջոցների համար ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հնարավոր վթարների հակազդմանն այդ օբյեկտների և վթարային հակազդման ազգային համակարգի պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.

զ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման և միջուկային ու ճառագայթային վտանգ ներկայացնող աշխատանքների իրականացման արգելումը, եթե ապահովված չէ համապատասխան պատրաստվածությունն այդ օբյեկտներում կամ այդ աշխատանքների ժամանակ հնարավոր միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդմանը.

է) վթարային հակազդման գործողությունների նախահարձակ լինելը, այսինքն դրանց սկսումը մինչև ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներից ռադիոակտիվ նյութերի արտանետումը կամ արտանետման սկզբնական փուլում.

ը) վթարային հակազդման գործողությունների արդարացվածությունը, այսինքն, հակազդման գործողությունների հետևանքով ստացված օգուտի գերակշռումը դրանց հետևանքով հասցված վնասի նկատմամբ.

թ) վթարային անձնակազմի և բնակչության վթարային ճառագայթահարման դոզաների պահպանումը գործնականորեն հասանելի նվազագույն մակարդակի վրա.

ժ) վթարային հակազդման գործողությունների համակարգումն ինչպես պետական, այնպես էլ տեղական (տարածքային) և օբյեկտային մակարդակներով.

ժա) վթարային հակազդման գործողությունների իրականացումը նախապես մշակված վթարային հակազդման պլաններին համապատասխան:

2.2. Ելնելով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում հնարավոր վթարների զարգացման ընթացքի և կանխատեսելի հետևանքների տարաբնույթ լինելուց` վթարային հակազդման պատրաստվածությունը լինում է տարբերակված: Վթարային հակազդման պատրաստվածության տարբերակման կարգը սահմանվում է անվտանգության նորմերով և կանոններով:

2.3. Վթարային հակազդման գործողությունների արագ և համակարգված իրականացման նպատակով ուղղորդվելով վթարի վայրում (ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում կամ նրան հարող տարածքներում) եղած բնորոշող հայտանիշների հիման վրա իրավիճակի գնահատման արդյունքներով, պետք է իրականացվի վթարային իրավիճակի դասակարգում:

2.3.1. Վթարային իրավիճակների դասերը և վթարային իրավիճակների դասակարգման կարգերը սահմանվում են անվտանգության նորմերով ու կանոններով:

2.3.2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում վթարային իրավիճակի դասակարգման սխեման (դասակարգման համակարգը և աշխատանքային հրահանգները) մշակվում է այդ օբյեկտի շահագործող կազմակերպության կողմից` համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ:

2.3.3. Վթարված օբյեկտին հարող տարածքներում վթարային իրավիճակի դասակարգման սխեման (դասակարգման համակարգի և աշխատանքային հրահանգները) մշակվում է վթարային հակազդման ազգային համակարգողի կողմից` համաձայնեցնելով համակարգող մարմնի հետ:

2.4. Ելնելով վթարային պլանավորման նպատակներից, անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներին հարող տարածքները բաժանվում են վթարային պլանավորման գոտիների, որոնց մեջ մտնող բնակավայրերի և տարածքների համար, կախված օբյեկտի տիպից, օբյեկտից դրանց հեռավորությունից, իրականացվում է պաշտպանական միջոցառումների տարբերակված պլանավորում:

2.4.1. Վթարային պլանավորման գոտիները լինում են.

ա) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի, ուր պլանավորվում են օբյեկտից անմիջականորեն ստացված ահազանգման հիման վրա (ըստ օբյեկտում վթարային իրավիճակի համապատասխան դասի), մինչև ռադիոակտիվ արտանետումը կամ արտանետման սկզբնական փուլում անհապաղ իրականացվելիք գործողություններ.

բ) շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի, ուր պլանավորվում են միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորող մարմնի (այսուհետև` կարգավորող մարմին) առաջարկությունների հիման վրա վթարային հակազդման ազգային համակարգողի կողմից տրված հրահանգներով իրականացվելիք գործողություններ.

գ) երկարաժամկետ պաշտպանական գործողությունների պլանավորման գոտի, ուր պլանավորվում են տեղական արտադրության սննդամթերքի և խմելու ջրի օգտագործման սահմանափակումից ելնող, ինչպես նաև բնակչության խրոնիկական ճառագայթահարումը բացառող միջոցառումներ, որոնք կիրականացվեն վթարային հակազդման ազգային համակարգողի հրահանգների համաձայն` կարգավորող մարմնի առաջարկությունների հիման վրա:

2.4.2. Վթարային պլանավորման գոտիների չափերը, ելնելով ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի բնութագրերից, սահմանվում են կարգավորող մարմնի կողմից` օբյեկտի անվտանգության հաշվետվության վերլուծության հիման վրա:

2.4.3. եթե վթարային պլանավորման գոտու շրջագիծը հատում է որևէ բնակավայր, ապա այդ բնակավայրն ամբողջությամբ ընդգրկվում է այդ գոտու մեջ: Վթարային պլանավորման գոտիների սահմանները որոշելիս պետք է աշխատել, որպեսզի դրանք համընկնեն տեղական լանդշաֆտի գծերի հետ (ճանապարհներ, գետեր և այլ):

2.4.4. Վթարային պլանավորման գոտիների չափերը կարող են փոփոխվել վթարային միջամտման մակարդակների կամ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի բնութագրերի փոփոխման դեպքում:

2.5. Միջուկային և ճառագայթային վթարների կամ դրանց իրական սպառնալիքի դեպքում վթարային հակազդման համակարգի արագ ակտիվացման և բնակչության նախազգուշացման նպատակով պետք է իրականացվի վթարային ահազանգում:

2.5.1. Վթարային ահազանգման համար պատասխանատու են`

ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտիվ սկզբնական ահազանգման համար օբյեկտի վթարային հակազդման պլանով ահազանգման համար պատասխանատու անձը.

բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ տեղի ունեցած ճանապարհային վթարի դեպքում սկզբնական ահազանգման համար` փոխադրման վթարային քարտի համաձայն ահազանգման համար պատասխանատու անձը.

գ) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ նրա առանձին հատվածներում գամմա ճառագայթման հզորությունը սահմանված վթարային միջամտման մակարդակից գերազանցման դեպքում ահազանգման համար` վթարային հակազդման ազգային համակարգողի ահազանգման համար պատասխանատու անձը.

դ) բնակչության ահազանգման համար` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վթարային ահազանգման իրավասությամբ օժտված անձը: Վթարային հակազդման ազգային պլաններով սահմանված առանձին դեպքերում բնակչության ահազանգումը կարող է իրականացվել վթարային հակազդման ազգային համակարգողի ահազանգման համար պատասխանատու անձը.

ե) միջազգային օպերատիվ ահազանգման համար` կարգավորող մարմնի ահազանգման համար պատասխանատու անձը.

զ) Հայաստանի Հանրապետությունում գտնվող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև այլ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ահազանգման համար` Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի ահազանգման համար պատասխանատու անձը:

2.5.2. Վթարային ահազանգման համար անհրաժեշտ միջոցների առկայության և դրանց աշխատունակության ապահովման համար պատասխանատու են`

ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում` այդ օբյեկտների շահագործող կազմակերպությունը.

բ) միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրելիս` փոխադրումն իրականացնող լիցենզավորված անձը.

գ) բնակչության ահազանգման դեպքում` համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև վթարային հակազդման ազգային համակարգողը.

դ) վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող մարմինների և և կազմակերպությունների ահազանգման դեպքում` վթարային հակազդման ազգային համակարգողը.

ե) միջազգային օպերատիվ ահազանգման դեպքում` կարգավորող մարմինը.

զ) Հայաստանի Հանրապետությունում գտնվող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև այլ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ահազանգման դեպքում` Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը:

2.6. Միջուկային և ճառագայթային վթարների դեպքում զանգվածային լրատվության միջոցներին և ազդակիր տարածքների բնակչության իրավիճակը բնութագրող տեղեկությունների հաղորդման նպատակով պետք է գործեն հատուկ վթարային տեղեկատվական կենտրոններ:

2.6.1. Որպես վթարային տեղեկատվական ազգային կենտրոններ են դիտվում կարգավորող մարմնի և վթարային հակազդման ազգային համակարգողի վթարային տեղեկատվական կենտրոնները:

2.6.2. Վթարային տեղեկատվական կենտրոնները պետք է ապահովված լինեն բազմատեսակ (հեռախոսային, ֆաքսիմիլային, համակարգչային և ռադիո) հուսալի և անխափան կապի միջոցներով, որպեսզի ապահովված լինի կապն ինչպես միմյանց միջև, այնպես էլ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարային կապի կետերի հետ:

2.6.3. Արգելվում է վթարային տեղեկատվական ազգային կենտրոնների կապի միջոցների օգտագործումն այլ նպատակներով, ինչպես նաև տնտեսական կամ այլ պատճառներով դրանց անջատումը:

2.7. Միջուկային ու ճառագայթային վթարների դեպքում հակազդման գործողությունների ճշտման և վթարային անձնակազմի ու բնակչության պաշտպանությանն ուղղված որոշումների ընդունման նպատակով վթարված օբյեկտում և ազդակիր տարածքներում պետք է անցկացվի վթարային անձնակազմի, վթարված օբյեկտի և շրջակա բնական միջավայրի ճառագայթային հսկողություն:

2.7.1. Հսկողության ենթակա են`

ա) վթարային անձնակազմի ճառագայթահարման դոզաները.

բ) վթարային պլանավորման գոտիներում ընդգրկված բնակավայրերի բնակչության ճառագայթահարման դոզաները.

գ) վթարային պլանավորման գոտիների տարածքներում ամբիենտային դոզայի հզորությունը և մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությունը.

դ) շրջակա բնական միջավայրի օբյեկտներում (հողի մեջ, բույսերում, օդում, ջրային ավազաններում), մթնոլորտային տեղումներում, ինչպես նաև տեղական արտադրության և (կամ) ներմուծվող գյուղատնտեսական մթերքներում ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունը:

2.7.2. Միջուկային ու ճառագայթային վթարների դեպքում ճառագայթային հսկողության կազմակերպման ու անցկացման համար պատասխանատու են`

ա) վթարված օբյեկտում և նրա տեղադրման հարթակում` այդ օբյեկտի շահագործող կազմակերպությունը.

բ) ազդակիր տարածքներում` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

2.7.3. Միջուկային ու ճառագայթային վթարների դեպքում ճառագայթային հսկողության կազմակերպման ու անցկացման կարգը սահմանվում է վթարային հակազդման պլաններով:

2.7.4. Միջուկային ու ճառագայթային վթարների դեպքում ճառագայթային հսկողության գործողությունները համակարգվում են կարգավորող մարմնի կողմից:

2.8. Միջուկային և ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության ու վթարված օբյեկտի անձնակազմի պաշտպանության նպատակով իրականացվում են հետևյալ պաշտպանական միջոցառումները`

ա) պատսպարում,

բ) տարահանում,

գ) վահանաձև գեղձի արգելափակում,

դ) սննդամթերքի և խմելու ջրի օգտագործման սահմանափակում,

ե) ռադիոակտիվ նյութերով աղտոտված տարածքներում հատուկ իրավական ռեժիմի սահմանում,

զ) գյուղատնտեսական պաշտպանական միջոցառումների կիրառում,

է) ժամանակավոր վերաբնակեցում,

ը) մշտական վերաբնակեցում:

2.8.1. Անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների կիրառման մասին որոշում են ընդունում`

ա) վթարված օբյեկտի անձնակազմի համար այդ օբյեկտի վթարային հակազդման պլանով սահմանված պատասխանատու անձը` վթարային իրավիճակի գնահատման արդյունքների հիման վրա.

բ) նախահարձակ պաշտպանական միջոցառումների գոտում ընդգրկված բնակավայրերի բնակիչների համար այդ բնակավայրերի համայնքների ղեկավարները` վթարված օբյեկտից անմիջականորեն ստացված ահազանգման և վթարային իրավիճակի դասի հիման վրա.

գ) շտապ պաշտպանական միջոցառումների գոտում ընդգրկված բնակավայրերի բնակիչների համար այդ բնակավայրերի համայնքների ղեկավարները` վթարային հակազդման ազգային համակարգողի հրահանգների համաձայն.

դ) ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ ճանապարհային վթարի դեպքում վթարի վայրին հարող տարածքների բնակավայրերի բնակիչների համար այդ բնակավայրերի համայնքների ղեկավարները` վթարային հակազդման ազգային համակարգողի հրահանգների համաձայն.

ե) անհայտ պատճառով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ նրա առանձին հատվածներում գամմա ճառագայթման հզորությունը վթարային միջամտման մակարդակից գերազանցման կամ դրա անմիջական սպառնալիք դեպքում ազդակիր բնակավայրերի բնակիչների համար` այդ բնակավայրերի համայնքների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

2.8.2. Անհրաժեշտ պաշտպանական միջոցառման կիրառման մասին որոշումների ընդունման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարգավորող մարմնի ներկայացմամբ:

 

III. Վթարային պլանավորման և վթարային հակազդման կառավարումը

 

3.1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հնարավոր միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում հակազդման գործողությունների պլանավորումն ապահովվում է վթարային պլանավորման ազգային համակարգի միջոցով, որի մեջ ընդգրկվում են`

ա) վթարային հակազդման ազգային համակարգողը,

բ) կարգավորող մարմինը,

գ) վթարային հակազդման պլաններով գործառույթներ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները:

3.2. Վթարային հակազդման ազգային համակարգողն իրավասու է`

ա) մշակել և կարգավորող մարմնի հետ համաձայնեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման հայեցակարգը.

բ) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման պետական նպատակային ծրագրի նախագիծը և համակարգել դրա իրականացումը.

գ) պարբերաբար` Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության վիճակի վերաբերյալ տեղեկանք.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջուկային և ճառագայթային վթարների հակազդման` Հայաստանի Հանրապետության ազգային համակարգի մեջ ընդգրկված կազմակերպությունների ցանկը.

ե) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանները.

զ) համակարգել վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պլանների մշակման աշխատանքները.

է) միջուկային և ճառագայթային վթարների դեպքում համակարգել վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործողությունները.

ը) կարգավորող մարմնի հետ համատեղ վերահսկել միջուկային և ճառագայթային վթարների հակազդմանն ու դրանց հետևանքների վերացմանը վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող պետական մարմինների ու կազմակերպությունների պատրաստվածությունը.

թ) միջուկային և ճառագայթային վթարների հակազդման ու դրանց հետևանքների վերացմանը, վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող պետական մարմինների ու կազմակերպությունների պատրաստվածության ստուգման նպատակով կազմակերպել և անցկացնել ստուգողական վարժանքներ.

ժ) կազմակերպել և իրականացնել բնակչության ուսուցումը միջուկային և ճառագայթային վթարների դեպքում վարվեցողության կանոններին.

ժա) լրատվական միջոցներին տրամադրել միջուկային կամ ճառագայթային վթարների և դրանց հնարավոր հետևանքների մասին ամփոփ տեղեկություններ.

ժբ) միջուկային և ճառագայթային վթարների հակազդման համար անհրաժեշտ օգնության հայցով դիմել ԱԷՄԳ կամ այլ պետություններին:

3.3. Վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և դրանց կանոնադրություններով:

 

IV. ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

4.1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդմանն այդ օբյեկտների շահագործող կազմակերպությունների, ինչպես նաև վթարային հակազդման ազգային համակարգի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածությունն ապահովվում` է միջուկային ու ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորմամբ օբյեկտային (ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործող կազմակերպությունների պլաններ), տեղական (տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պլաններ) և պետական (ազգային պլաններ և պետական կառավարման մարմինների պլաններ) մակարդակներով: Անհրաժեշտ մակարդակով պլանավորման անհրաժեշտությունը որոշվում է կարգավորող մարմնի կողմից` ելնելով օբյեկտի հնարավոր վթարների բնութագրերից:

4.2. Միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պլանների կառուցվածքային ներկայացվող պահանջները սահմանվում են վթարային հակազդման ազգային համակարգողի կողմից` համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ:

4.3. Օբյեկտային, տեղական և պետական մակարդակներով պլանավորում պահանջող օբյեկտ է ատոմային էլեկտրակայանը (այսուհետև` ԱԷԿ), որի համար մշակվում են`

ա) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (ԱԷԿ-ի արտաքին վթարային պլան).

բ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության պլան (ԱԷԿ-ի ներքին վթարային պլան).

գ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման նախարարությունների ու գերատեսչությունների պլաններ, ինչպես նաև վթարային պլանավորման գոտիներում ընդգրկված բնակավայրերի բնակչության պաշտպանության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պլաններ:

4.3.1. ԱԷԿ-ի արտաքին վթարային պլանը մշակվում է վթարային հակազդման ազգային համակարգողի կողմից և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության պլանավորման և իրականացման իրավական հիմքը.

բ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության պլանավորման համակարգի կառուցվածքային սխեման և նրա առանձին կառուցվածքային միավորների գործառույթները.

գ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման սխեման և այդ սխեմայում ընդգրկված վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպությունների (ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության, կարգավորող մարմնի, վթարային հակազդման ազգային համակարգողի, նախարարությունների, գերատեսչությունների, մարզային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնագիտական կազմակերպությունների) գործառույթները.

դ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության պլանի կապը ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման պլանի հետ.

ե) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման որոշումների ընդունման իրավասություն ունեցող և դրանց փոխարինող պաշտոնատար անձանց անվանացանկը.

զ) միջուկային և ճառագայթային վթարների դեպքում պաշտպանական միջոցառումների իրականացման որոշումների ընդունման չափանիշները.

է) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում վթարային ազդարարման և վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպությունների ակտիվացման սխեմաները (ըստ վթարային իրավիճակի դասերի).

ը) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում ԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտիներում ճառագայթային հսկողության կազմակերպման ընդհանուր սխեման.

թ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում ԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտիներում հատուկ իրավական ռեժիմի սահմանման և իրականացման կարգը.

ժ) ԱԷԿ-ի և նրա շրջակա քարտեզները, որոնց վրա պետք է նշված լինեն`

. ԱԷԿ-ի տեղադրման հարթակը,

. ԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտիները,

. վթարային պլանավորման գոտիներում ընդգրկված տարածքային միավորների

(համայնքների) սահմանները և բոլոր բնակավայրերը,

. բոլոր ճանապարհները` համապատասխան համարակալումներով,

. բոլոր գետերի, լճերը և այլ ջրային օբյեկտները,

. վթարային պլանավորման տեսակետից կարևոր բոլոր այլ օբյեկտները:

ժա) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության նպատակով արտաքին (այլ պետություններից և միջազգային իրավասու կազմակերպություններից) օգնության հայցման և ստացման կարգը.

ժբ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության գործառույթներ ունեցող վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպությունների անձնակազմի ուսուցման կազմակերպման և գիտելիքների ստուգման նպատակով ուսումնական վարժանքների կազմակերպման ու անցկացման կարգը.

ժգ) ԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտիներում բնակվող բնակչության ուսուցման կազմակերպման կարգը.

ժդ) պլանի վերանայման և դրանում փոփոխությունների կատարման կարգը:

4.3.2. ԱԷԿ-ի արտաքին վթարային պլանում ներկայացվող հակազդման միջոցների և ուժերի մասին կոնկրետ տեղեկությունները, ինչպես նաև վթարային պլանավորման գոտիներում ընդգրկված ռազմական և այլ հատուկ նշանակության օբյեկտների մասին տեղեկությունները պետք է ներկայացվեն հավելվածի ձևով: Նշված տեղեկությունների գաղտնիության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4.3.3. Կարգավորող մարմնի ու վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպությունների հետ ԱԷԿ-ի արտաքին վթարային պլանի համաձայնեցման համար պատասխանատու է վթարային հակազդման ազգային համակարգողը:

4.4.1. ԱԷԿ-ի ներքին վթարային պլանը մշակվում է ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության կողմից և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) պլանի մշակման իրավական հիմքը (ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման հարցերով ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության իրավասությունները)

բ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման կայանային համակարգի ընդհանուր սխեման, նրա առանձին միավորների գործառույթները և վթարային անձնակազմի միջև իրավասությունների հստակ բաշխումն ու հնարավոր փոխանցումը.

գ) ԱԷԿ-ում, ըստ բնորոշ հայտանիշների, իրավիճակի գնահատման սխեման.

դ) միջուկային և ճառագայթային վթարների դեպքում ԱԷԿ-ի անձնակազմի պաշտպանության որոշումների ընդունման չափանիշները.

ե) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում վթարային հակազդման գործողությունների իրականացման որոշումների ընդունման իրավասություն ունեցող և դրանց փոխարինող պաշտոնատար անձանց անվանացանկը.

զ) ԱԷԿ-ի տեղադրման հարթակի մանրամասն պլանը, որի վրա նշված կլինեն`

. ԱԷԿ-ի հարթակում տեղադրված շինությունները,

. բոլոր պաշտպանական կառույցները,

. անձնակազմի հավաքատեղիները,

. բոլոր անցուղիներն ու ճանապարհները,

. վթարային պլանավորման տեսակետից կարևոր բոլոր այլ օբյեկտները,

է) ԱԷԿ-ի նախագծային և արտանախագծային վթարների ցանկը.

ը) ԱԷԿ-ի վթարային կառավարման կետի (վթարային կենտրոնի) կառուցվածքային սխեման և հիմնական սարքավորումների տեղաբաշխման սխեման.

թ) ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում ներկայանային և արտաքին ահազանգման սխեմաները (ըստ վթարային իրավիճակի դասի).

ժ) ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների հակազդման կայանային համակարգի ակտիվացման սխեման (ըստ վթարային իրավիճակի դասի).

ժա) ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում անձնակազմի պաշտպանության կազմակերպման սխեման.

ժբ) ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում ԱԷԿ-ում և ԱԷԿ-ի տեղադրման հարթակում ճառագայթային հսկողության կազմակերպման սխեման.

ժգ) ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում ԱԷԿ-ում և ԱԷԿ-ի տեղադրման հարթակում հակահրդեհային գործողությունների կազմակերպման սխեման.

ժդ) ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում ԱԷԿ-ում և ԱԷԿ-ի տեղադրման հարթակում հատուկ իրավական ռեժիմի սահմանման և իրականացման կարգը.

ժե) ԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում ԱԷԿ-ում և ԱԷԿ-ի տեղադրման հարթակում բժշկական օգնության կազմակերպման սխեման.

ժզ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում իրականացվող հակազդման գործողությունների բոլոր հրահանգները.

ժէ) ԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում արտաքին օգնության հայցման և ստացման կարգը:

4.4.2. ԱԷԿ-ի ներքին վթարային պլանում ներկայացվող ֆիզիկական պաշտպանության կազմակերպման միջոցառումների ու միջոցների մասին տեղեկությունները պետք է ներկայացվեն հավելվածի ձևով: Նշված տեղեկությունների գաղտնիության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

4.4.3. Կարգավորող մարմնի ու վթարային հակազդման ազգային համակարգողի հետ ԱԷԿ-ի ներքին վթարային պլանի համաձայնեցման համար պատասխանատու է ԱԷԿ-ի շահագործող կազմակերպությունը:

4.5. Ատոմային էներգիայի օգտագործման այլ օբյեկտների ներքին վթարային պլանները մշակվում են այդ օբյեկտների շահագործող կազմակերպությունների կողմից և պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

ա) պլանի մշակման իրավական հիմքը (տվյալ օբյեկտի ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման հարցերով այդ օբյեկտի շահագործող կազմակերպության իրավասությունները),

բ) պլանի մշակման ներօբյեկտային համակարգի սխեման և նրա առանձին միավորների գործառույթներն ու պատասխանատվությունը.

գ) օբյեկտի ճառագայթային վթարների հակազդման համակարգի ընդհանուր սխեման, նրա առանձին միավորների գործառույթները և իրավասությունների հստակ բաշխումը.

դ) օբյեկտում, ըստ բնորոշող հայտանիշների, իրավիճակի գնահատման սխեման.

ե) միջուկային և ճառագայթային վթարների դեպքում օբյեկտի անձնակազմի պաշտպանության որոշումների ընդունման չափանիշները.

զ) օբյեկտի ճառագայթային վթարների դեպքում վթարային հակազդման գործողությունների իրականացման որոշումների ընդունման իրավասություն ունեցող և նրանց փոխարինող պաշտոնատար անձանց անվանացուցակը:

է) օբյեկտի տեղադրման հարթակի մանրամասն պլանը, որի վրա նշված կլինեն`

. օբյեկտի հարթակում տեղադրված շինությունները,

. բոլոր պաշտպանական կառույցները,

. անձնակազմի հավաքատեղիները,

. բոլոր անցուղիներն ու ճանապարհները,

. վթարային պլանավորման տեսակետից կարևոր բոլոր այլ օբյեկտները:

Եթե օբյեկտը տեղադրված է ընդհանուր նշանակության շինությունում (հիվանդանոցային մասնաշենք, գործարանային արտադրամաս և այլն), պետք է լինի այդ շինության և դրան հարակից տարածքների մանրամասն պլանը, որի վրա նշված կլինեն`

. շինության բոլոր հիմնական տարածքները,

. շինության մուտքերը (գլխավոր և վթարային), միջանցքները, սանդուղքները,

վերելակները, շինությանը հարող ճանապարհներն ու անցուղիները,

. վթարային տարահանման ուղիները և շինության մեջ կամ նրա հարակից

տարածքում տեղադրված պաշտպանական կառույցները,

. վթարային պլանավորման տեսակետից կարևոր այլ տվյալներ,

ը) օբյեկտի հնարավոր վթարների ցանկը,

թ) ճառագայթային վթարների դեպքում ներօբյեկտային և արտաքին ահազանգման սխեմաները (ըստ վթարային իրավիճակի դասի),

ժ) ճառագայթային վթարների հակազդման օբյեկտային համակարգի ակտիվացման սխեման (ըստ վթարային իրավիճակի դասի),

ժա) ճառագայթային վթարների դեպքում օբյեկտի անձնակազմի, իսկ ընդհանուր նշանակության շինությունում տեղադրված օբյեկտի համար` նաև այդ շինությունում գտնվող այլ անձանց պաշտպանության կազմակերպման սխեման,

ժբ) ճառագայթային վթարների դեպքում օբյեկտում և դրա տեղադրման հարթակում կամ շինությունում ճառագայթային հսկողության կազմակերպման սխեման,

ժգ) ճառագայթային վթարների դեպքում օբյեկտում և դրա տեղադրման հարթակում կամ շինությունում հատուկ իրավական ռեժիմի սահմանման և իրականացման կարգը,

ժդ) ճառագայթային վթարների դեպքում օբյեկտում և դրա տեղադրման հարթակում կամ շինությունում բժշկական օգնության կազմակերպման սխեման,

ժե) ճառագայթային վթարների դեպքում օբյեկտում իրականացվող հակազդման գործողությունների բոլոր հրահանգները,

ժզ) ճառագայթային վթարների դեպքում արտաքին օգնության հայցման և ստացման կարգը:

4.5.1. Ատոմային էներգիայի օգտագործման այլ օբյեկտների ներքին վթարային պլանները կարգավորող մարմնի ու վթարային հակազդման ազգային համակարգողի հետ համաձայնեցման համար պատասխանատու են այդ օբյեկտների շահագործող կազմակերպությունները:

4.6. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր արտակարգ իրավիճակներում փոխադրումն իրականացնող անձնակազմի գործողությունները սահմանվում են վթարային քարտով, որը մշակվում և հաստատվում է բեռն առաքողի կողմից` համաձայնեցնելով կարգավորող մարմնի ու վթարային հակազդման ազգային համակարգողի հետ:

4.6.1. Վթարային քարտը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) վթարային ահազանգման համար անհրաժեշտ կապի միջոցների ցանկը և վթարային կապի կետերի հեռախոսային համարներն ու կանչերը.

բ) ըստ իրավիճակի, անձնակազմի կողմից վթարի տեղայնացմանն ուղղված անհապաղ գործողությունների հրահանգը.

գ) ըստ իրավիճակի, անձնակազմի պաշտպանության համար անհրաժեշտ անհատական պաշտպանական միջոցների և դոզիմետրիկ սարքերի օգտագործման հրահանգը.

դ) վթարային հակազդման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ և հրահանգներ:

4.6.2. Վթարային քարտի կառուցվածքին ներկայացվող պահանջները սահմանվում են միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման կարգով և հատուկ կանոններով:

 

V. ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Միջուկային և ճառագայթային վթարների դեպքում վթարային հակազդման գործողությունները բաժանվում են երկու փոխկապակցված խմբի` վթարային հակազդման օբյեկտային գործողությունների և վթարային հակազդման արտաքին գործողությունների:

5.1. Վթարային հակազդման օբյեկտային գործողությունները, կախված ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի տեսակից և իրականացվող աշխատանքների բնույթից, լինում են տարբերակված:

5.1.1. Վթարային հակազդման օբյեկտային գործողությունները պետք է ընդգրկեն հետևյալ հարցերը`

ա) օբյեկտում իրավիճակի արագ գնահատում և իրավիճակի հնարավոր փոփոխությունների կանխատեսում.

բ) վթարային օբյեկտի վթարային կառավարում, ռադիոակտիվ արտանետումների և արտահոսքերի տեղայնացում կամ թուլացում.

գ) ներօբյեկտային վթարային հակազդման համակարգի ակտիվացում (ներքին վթարային ահազանգում).

դ) կարգավորող մարմնի և վթարային հակազդման ազգային համակարգողի վթարային կենտրոնների ակտիվացում (նախնական արտաքին վթարային ահազանգում).

ե) ռադիոակտիվ արտանետման կամ դրա իրական սպառնալիքի դեպքում օբյեկտի նախահարձակ պաշտպանական միջոցառումների գոտում տեղաբաշխված բնակավայրերի բնակչության ահազանգում.

զ) օբյեկտում և դրա տեղադրման հարթակում, իսկ ընդհանուր նշանակության շինությունում տեղադրված օբյեկտի համար` այդ շինությունում ճառագայթային հսկողության իրականացում.

է) օբյեկտում և նրա տեղադրման հարթակում, իսկ ընդհանուր նշանակության շինությունում տեղադրված օբյեկտի համար` այդ շինությունում հատուկ իրավական ռեժիմի սահմանում և իրականացում.

է) օբյեկտի անձնակազմի, իսկ ընդհանուր նշանակության շինությունում տեղադրված օբյեկտի համար` նաև այդ շինությունում գտնվող այլ անձանց պաշտպանության իրականացում.

5.2. Վթարային հակազդման արտաքին գործողությունները հետապնդում են երկու նպատակ` միջուկային և ճառագայթային վթարների կամ դրանց իրական սպառնալիքի դեպքում պաշտպանել իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մարդկանց, շրջակա բնական միջավայրը և օգնել վթարված օբյեկտի շահագործող կազմակերպությանը վթարի տեղայնացման ու վթարի հնարավոր հետևանքների մեղմացման հարցերում:

5.2.1. Վթարային հակազդման արտաքին հիմնական գործողությունները և դրանց իրականացման համար պատասխանատվությունը հետևյալն է`

ա) վթարային հակազդման կենտրոնների ակտիվացում: Իրականացվում է վթարված օբյեկտից կամ Հայաստանի Հանրապետության ճառագայթային իրավիճակի հսկողության համար իրավասու մարմնի կողմից ստացված նախնական ահազանգման հիման վրա վթարային կենտրոնների հերթապահների կողմից.

բ) Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում: Իրականացվում է կարգավորող մարմնի կողմից.

բ) վթարային հակազդման ազգային համակարգի ակտիվացում: Իրականացվում է վթարային հակազդման ազգային համակարգողի կողմից վթարային հակազդման համապատասխան ազգային պլանները գործողության մեջ մտցնելով.

գ) վթարային պլանավորման գոտիների կամ վթարված օբյեկտին հարող ազդակիր տարածքների բնակչության պաշտպանությանն ուղղված գործողությունների իրականացում: Իրականացվում է վթարային պլանավորման գոտիների կամ վթարված օբյեկտին հարող ազդակիր տարածքների տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության պաշտպանության պլանները գործողության մեջ մտցնելով.

դ) վթարային պլանավորման գոտիների կամ վթարված օբյեկտին հարող ազդակիր տարածքներում գյուղատնտեսական պաշտպանական միջոցառումների իրականացում: Իրականացվում է ազդակիր տարածքների մեջ մտնող գյուղատնտեսության բնագավառի կազմակերպությունների ղեկավարների կողմից համապատասխան պլանները գործողության մեջ մտցնելով.

ե) միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով ռադիոակտիվ աղտոտման ենթարկված տարածքներում ճառագայթային իրավիճակի օպերատիվ հսկողության իրականացում: Իրականացվում է ճառագայթային իրավիճակի հսկողության ազգային համակարգի կազմակերպությունների կողմից.

զ) միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով ռադիոակտիվ աղտոտման ենթարկված տարածքներում հատուկ իրավական ռեժիմի սահմանում: Իրականացվում է վթարային պլանավորման գոտիների կամ վթարված օբյեկտին հարող ազդակիր տարածքների տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության պաշտպանության պլանները գործողության մեջ մտցնելով.

է) միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով վթարային միջամտման մակարդակները գերազանցող ռադիոակտիվ աղտոտման ենթարկված տարածքներում և տարահանված բնակչությամբ բնակավայրերում իրավական հատուկ ռեժիմի սահմանում: Իրականացվում է այն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնց ենթակայության տակ են նշված տարածքներն ու բնակավայրերը: Իրավական հատուկ ռեժիմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ը) տարահանված բնակավայրերի բնակչության տեղաբաշխում և կենսապայմանների ապահովում: Իրականացվում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` վթարային հակազդման պլանների համապատասխան.

թ) վթարային գործողությունների բժշկական, հակահամաճարակային, հակահրդեհային և ոստիկանական ծառայության ապահովում: Իրականացվում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` վթարային հակազդման պլանների համապատասխան.

ժ) վթարված օբյեկտում և դրան հարող տարածքներում ճառագայթային իրավիճակի գնահատում և դրա հնարավոր փոփոխության կանխատեսման հիման վրա վթարային հակազդման ազգային համակարգողին անհրաժեշտ պաշտպանական գործողությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունների տրամադրում: Իրականացվում է կարգավորող մարմնի կողմից.

ժա) վթարային հակազդման գործողությունների ընդհանուր համակարգում: Իրականացվում է վթարային հակազդման ազգային համակարգողի կողմից.

ժբ) վթարային հակազդման գործողությունների ընդհանուր ղեկավարում: Իրականացվում է վթարային հակազդման պետական հանձնաժողովի կողմից:

 

VI. ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6.1. Միջուկային և ճառագայթային վթարների հակազդմանը ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործող կազմակերպությունների և վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածությունը ենթակա է պետական մակարդակով վերահսկման:

6.2. Միջուկային և ճառագայթային վթարների հակազդմանը ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործող կազմակերպությունների պատրաստվածությունը վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

6.3. Միջուկային և ճառագայթային վթարների հակազդմանը վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածությունը վերահսկվում է վթարային հակազդման ազգային համակարգողի և կարգավորող մարմնի կողմից:

6.4. Միջուկային և ճառագայթային վթարների հակազդմանը ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործող կազմակերպությունների և վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության ստուգման նպատակով պետք է կազմակերպվեն և անցկացվեն ուսումնական վարժանքներ: Ուսումնական վարժանքները պետք է անցկացվեն տարբեր մակարդակներով`

ա) օբյեկտային,

բ) տեղական (համայնքային),

գ) մարզային,

դ) տարածաշրջանային (մի քանի մարզերի ընդգրկմամբ),

ե) պետական (Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ),

զ) միջազգային (այլ պետությունների և միջազգային մասնագիտական կազմակերպությունների հետ համատեղ):

6.5. Միջուկային և ճառագայթային վթարների դեպքում իրականացվելիք հակազդման գործողությունների հետ վթարային պլանավորման գոտիներում բնակվող բնակչության նախնական ծանոթացման նպատակով կազմակերպվում և անցկացվում է բնակչության հակավթարային ուսուցում: Բնակչության հակավթարային ուսուցման կազմակերպման համար պատասխանատու են պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները: Բնակչության հակավթարային ուսուցումը կազմակերպվում ու համակարգվում է հակազդման ազգային համակարգողի կողմից:

 

VII. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

7.1. Միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետևյալ աղբյուրներից`

ա) պետական բյուջեի միջոցներ,

բ) բանկերի և ներդրումային կազմակերպությունների միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն.

գ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություններ.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

7.2. Միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման աշխատանքներն, այդ թվում` վթարային հակազդման համակարգի կազմակերպությունների վերազինման, քարտեզագրական, երկրատեղեկատվական և ընդհանուր տեղեկատվական նյութերի պատրաստման, վթարային հակազդման կենտրոնների կապի և հատուկ նշանակության սարքավորումների ու համակարգերի շահագործման աշխատանքները, բնակչության հակավթարային ուսուցումը ֆինանսավորվում են միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման պետական նպատակային ծրագրի համաձայն:

7.3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտադիր ֆինանսավորման ենթակա միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պլանավորման և իրականացման գործողությունների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` վթարային հակազդման ազգային համակարգողի ներկայացմամբ:

7.4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման, վթարային անձնակազմի հակավթարային ուսուցման աշխատանքները ֆինանսավորվում են այդ օբյեկտների շահագործող կազմակերպությունները:

7.4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների միջուկային և ճառագայթային վթարների հակազդման գործողությունների պլանավորման և իրականացման, վթարային անձնակազմի հակավթարային ուսուցման աշխատանքները ֆինանսավորվում են այդ օբյեկտների շահագործող կազմակերպությունների սեփական միջոցներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  5.1.1. կետում կա երկու «է» ենթակետ

5.2.1. կետում կա երկու «բ» ենթակետ

5. կետում կա երկու 5 կետ

7. կետում կա երկու 7.4. կետ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2001
N 51
Արձանագրային որոշում