09.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելիս` հաշվի առնելով զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, ինչպես նաև` անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ զինծառայողի զինվորական կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից: Սույն մասի համաձայն` զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և զորահավաքային զինվորական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված կամ վարժական հավաքի կանչված լինելու ժամկետի ու զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` արձակվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` դիմումը և սույն մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:
i
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «զորահավաքային զինվորական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 7 Երևան ՀՕ-372-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 նոյեմբերի 2024 թվական: