Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

03.06.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի նոյեմբերի 15-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման եզրակացություն տալու կարգը

 

1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է հայտատուի դիմումում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների յուրաքանչյուր տեսակի համար` լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա: Եզրակացությունը տրամադրվում է պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ներմուծման դեպքերի:

2. Կառավարության սահմանած դեպքերում պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ներմուծվում են առանց փորձաքննության` լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա:

3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

5. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նրանց կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում` առևտրային անվանման, պեստիցիդի ազդող նյութի, դրա պարունակության, պատրաստուկային ձևի և ագրոքիմիկատի սննդատարրերի, դրանց պարունակության, պատրաստուկային ձևի վերաբերյալ` պահպանելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգը:

6. Ներմուծման կամ արտահանման եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում` նշելով ներմուծվող և արտահանվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (առևտրային անվանումը, պեստիցիդի ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, թույլատրելի շեղումները, պատրաստուկային ձևը, ագրոքիմիկատի սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, թույլատրելի շեղումները և պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն, գրանցող երկիրը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը` Կառավարության սահմանած դեպքերի հաշվառմամբ).

2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.

3) բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը.

4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում` ներմուծվող կամ արտահանվող խմբաքանակի համար` փորձարկման լաբորատորիայի տրամադրած փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթուղթը և այն պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը:

7. Լիազոր մարմինը պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց համար եզրակացությունը տրամադրվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Առձեռն` թղթային եղանակով (անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև արտահանվող երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքերում) տրամադրելիս եզրակացությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է հայտատուին:

9. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր ներկայացրած սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

10. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:

11. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն տալու մերժման հիմք է (են) սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության բացասական արդյունքները:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. նոյեմբերի 29
Երևան
ՀՕ-462-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2024 թվական:

 

 


 

 

pin
ՀՀ 15.11.2024
N ՀՕ-462-Ն օրենք