13.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2025 թվականի N 750-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման N 12 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 3-րդ կետի 2–րդ ենթակետը «վերաբաշխումների դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 7.1.-ին և 7.2.-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ կետերով`
«7.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում գլխավոր կարգադրիչը միջոցառումները կատարող պետական մարմինների առաջարկների հիման վրա կապիտալ շինարարության և հիմնանորոգման ծրագրերում (միջոցառումներում) ընդգրկված օբյեկտների գծով սահմանված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժերը, որոնք կատարվում են տվյալ միջոցառման տվյալ կատարողի տվյալ հոդվածով տարեկան և բոլոր եռամսյակներում ընդհանուր հատկացման, ինչպես նաև արդյունքային (կատարողական) ցուցանիշների պահպանմամբ, ներկայացված առաջարկին համաձայնելու դեպքում ինքնուրույն է իրականացնում Որոշման N 5 հավելվածի N 2 աղյուսակի փոփոխությունը, որի մասին ծանուցում է միջոցառումը կատարող մարմնին` միջեռամսյակային տեղաշարժը գանձապետական վճարահաշվարկային համակարգում մուտքագրելու նպատակով` փոփոխությունների մասին տեղեկացնելով նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
7.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում գլխավոր կարգադրիչը միջոցառումները կատարող պետական մարմինների առաջարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային միջոցառմամբ օբյեկտներով չբաշխված տողերով նախատեսված գումարների` գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիր(գրեր) ունեցող օբյեկտների միջև բաշխումը, որը կատարվում է տվյալ միջոցառման տվյալ կատարողի տվյալ հոդվածով տարեկան և բոլոր եռամսյակներում ընդհանուր հատկացման, ինչպես նաև արդյունքային (կատարողական) ցուցանիշների պահպանմամբ, ներկայացված առաջարկին համաձայնելու դեպքում ինքնուրույն է իրականացնում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակի, Որոշման N 5 հավելվածի N 2 աղյուսակի և N 10 հավելվածի փոփոխությունները, որոնց մասին ծանուցում է միջոցառումը կատարող մարմնին` փոփոխությունները գանձապետական վճարահաշվարկային համակարգում մուտքագրելու նպատակով` փոփոխությունների մասին տեղեկացնելով նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը: Ընդ որում` ծրագրի գլխավոր կարգադրիչը սույն ենթակետի համաձայն կատարված փոփոխությունները պետք է մինչև դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ավարտը ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ձևաչափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2025 թ. հունիսի 12 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 12 հունիսի 2025 թվական: