29.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
13 հունիսի 2025 թվականի N 15-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
Հրամայում եմ`
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված)`
1) 9-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Աղյուսակ 9
N |
Շենքերի և շինությունների (կառույցների) նպատակային նշանակությունը |
k2 գործակցի արժեքը |
1. |
6 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական կազմակերպությունների շենքեր և շինություններ: |
1.5 |
2. |
200 և ավելի այցելուների համար` կայարաններ, թատրոններ, կինոթատրոններ, օդանավակայանների շենքեր, ծածկած մարզադաշտեր, առևտրի կենտրոններ: |
1.35 |
3. |
Հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ, քոլեջներ, ուսումնարաններ, նախադպրոցական կազմակերպություններ, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոսպիսներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչև 5 հարկ (ներառյալ) նախագծվող հիվանդանոցներ, կրոնական և պաշտամունքային կառույցներ: |
1.30 |
4. |
Էներգաջրագազամատակարարման համակարգերի, հեռախոսային և էլեկրոնային կապի, հրշեջ ծառայության և ոստիկանության համակարգերի, բանկերի, պետական և համայնքային նշանակության վարչական շենքեր և կառույցներ: |
1.20 |
5. |
Շենքեր և շինություններ (կառույցներ), որոնց վնասվածության աստիճանը չի զուգակցվում մարդկանց մահվան ու արժեքավոր սարքավորումների փչացման հետ, չի հանգեցնում կազմակերպության անընդհատ գործող տեխնոլոգիական գործընթացների դադարեցմանը կամ շրջակա միջավայրի աղտոտմանը: Այս դեպքում թույլատրելի շեղվածքի սահմանափակման պայմանը հաշվի չի առնվում: |
0÷0.5
պատվիրատուի համաձայնությամբ |
6. |
1-5-րդ կետերում չհիշատակված շենքեր և շինություններ (կառույցներ): |
1.0 |
»,
2) 82-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2. Հավելվածը լրացնել նոր` 29.1-ին բաժնով` հետևյալ բովանդակությամբ.
«29.1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ) ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
120.1. Առողջապահական կազմակերպությունների շենքերը պետք է ունենան առնվազն մեկ ստորգետնյա հարկ, վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 9-ը, իսկ բարձրությունը` 33 մետրը:
120.2. Նախադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 4-ը, իսկ դպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը` 5-ը:
120.3. 4 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերի կոնստրուկտիվ համակարգերը պետք է լինեն միաձույլ շրջանակակապային:
120.4. 4 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերի եզրափակող պատերը պետք է հանդիսանան շրջանակակապային համակարգի կրող տարրեր, որոնցում բացվածքները կարող են իրականացվել առանց սահմանափակումների:
120.5. 6 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական կազմակերպությունների շենքերի հիմնակմախքների առանցքային թռիչքները չպետք է գերազանցեն 6,5 մետրը:
120.6. Ինժեներական համակարգերի բոլոր ցանցերը պետք է ապահովված լինեն հակասեյսմիկ միջոցառումներով և իրականացվեն սույն շինարարական նորմերի 29-րդ գլխի պահանջների համաձայն:
120.7. Առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերում թույլատրվում է կիրառել սեյսմապաշտպանության հատուկ համակարգեր` սույն շինարարական նորմերի 205-րդ և 206-րդ կետերին համապատասխան:»:
3. Հավելվածի 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«158. Շրջանակակապային և կապային տարրերով անպարզունակ համակարգերով շենքերում կապային տարրերը պետք է լինեն յուրաքանչյուր ուղղությամբ երկուսից ոչ պակաս, տեղակայված տարբեր հարթություններում և հատակագծում լինեն հարկի կոշտության կենտրոնի նկատմամբ հնարավորության սահմաններում համաչափ: Տասը և ավելի հարկայնությամբ շենքերում երկու գլխավոր ուղղություններով պետք է լինեն առնվազն երկու խուլ դիաֆրագմա` յուրաքանչյուր ուղղությամբ: Խուլ համարվում է նաև մեկ բացվածք ունեցող դիաֆրագման, եթե բացվածքի մակերեսը չի գերազանցում դիաֆրագմայի ընդհանուր մակերեսի 20%-ը և տեղակայված է սյան եզրից թռիչքի 1/4-ից ոչ պակաս հեռավորության վրա:»:
4. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում (բացառությամբ անձի իրավական վիճակը բարելավող կարգավորումների) մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունիսի 2025 թվական: