Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԵՐ ...

 

 

020.0351.010302

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ AM 3580 (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 1 մարտի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի դեկտեմբերի 28-ին երևանում ստորագրված զարգացման վարկի AM 3580 (Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա վարկային համաձայնագրով վարկատուն` Միջազգային զարգացման ընկերակցությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է երեք միլիոն ինը հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար` տարբեր տարադրամներով (3.900.000 SDR): Ծրագրի նպատակն է նախապայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար: Նախատեսվում է բիզնեսի զարգացմանն ուղղված ծառայությունների տրամադրում նորաստեղծ ձեռնարկություններին, աջակցություն օտարերկրյա ընկերությունների հետ բիզնես կապերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ պայմանների ստեղծում և այդ ոլորտի մասնագետների, այդ թվում նաև ուսանողների և ասպիրանտների ուսուցում: Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2001 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1165 որոշմամբ ստեղծել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ և հաստատել հիմնադրամի կանոնադրությունը:

2. Հայաստանի Հանրապետությունը, որպես վարկառու, պարտավորվում է, համաձայնագրով սահմանված կարգով և պարբերականությամբ, վարկի չառհանված հիմնագումարի դիմաց Միջազգային զարգացման ընկերակցությանը վճարել տարեկան մեկ տոկոսի մեկ երկրորդ մասը չգերազանցող դրույքով պարտագումար և տարեկան մեկ տոկոսի երեք չորրորդ դրույքաչափով սպասարկման վարձ` վարկի հիմնագումարի առհանումների և մնացորդային գումարների դիմաց: Վարկի հիմնագումարը մարվելու է կիսամյակային մուծումներով` սկսած 2012 թ. փետրվարի 1-ից մինչև 2041 թ.:

Վարկառուն պարտավորվում է վարել ֆինանսական կառավարման համակարգ, պատրաստել ծրագրի իրականացման հետ կապված գործառնությունների և ծախսերի ֆինանսական հաշվետվություններ:

3. Ծրագրի բաղադրատարրերն են` աշխատանքային տարածքի և ենթակառույցների ստեղծումը, բիզնես ծառայությունների կենտրոնի հիմնադրումը, հմտությունների զարգացումը, ուսումնասիրությունները տեղեկատվական տեխնոլոգիայի բիզնեսի ոլորտում, ինչպես նաև ծրագրի կառավարումը: Ծրագիրը կառավարվելու է ծրագրի իրականացման և մոնիտորինգի գրասենյակի և ՀՀ կառավարության 27.11.2001 թ. թիվ 1165 որոշմամբ ստեղծված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:

4. Ծրագիրն իրականացվելու է վարկառուի և Ձեռնարկությունների ինկուբատորի միջև կնքվելիք համաձայնագրի հիման վրա` Ձեռնարկությունների ինկուբատորի պատասխանատվությամբ, որին վարկային միջոցները տրամադրվելու են դրամաշնորհի տեսքով:

5. Քննության առարկա համաձայնագրի հավելված 1-ով սահմանված է հատուկ հաշիվ բացելու, այդ հաշվին վարկային հաշվից մուտքագրումներ կատարելու, հատուկ հաշվից վճարումներ կատարելու կարգը: Ըստ հավելվածի 1-ի` վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվելու են աշխատանքներ, խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական ծառայություններ, ապրանքների ձեռքբերումը, ձեռնարկություններին դրամաշնորհների տրամադրումը, ինչպես նաև վարկային միջոցներից գումար է հատկացվելու Ծրագրի իրականացման և մոնիտորինգի գրասենյակի ու Ձեռնարկությունների ինկուբատորի պահպանման համար:

6. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի հիման վրա գնահատելով ձեռնարկությունների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված այլ վարկային և փոխառության համաձայնագրերի կատարման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը մասնավորապես ուսումնասիրեց Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1997 թ. հունվարի 13-ին կնքված վարկային 006-OAM համաձայնագիրը (Ձեռնարկությունների զարգացման ծրագիր), որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 11 մլն 600 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար` տարբեր տարադրամներով (16.75 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք):

ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատը մասնավորապես ուսումնասիրել է խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով նշված վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված` արտասահմանյան խորհրդատուների կողմից կառավարվող Բանկային խորհրդատվական կենտրոնի գործունեության արդյունավետությունը: Այդ ուսումնասիրությունների արդյունքում վերահսկիչ պալատն արձանագրել է էական խախտումներ, մասնավորապես, արտասահմանյան խորհրդատվական ծառայությունների համար նախատեսված գումարները գերազանցող ծախսումներ:

Քննության առարկա ներկա վարկային համաձայնագրով` 3.9 մլն փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարից մեկ մլն 470 հազարը նախատեսվում է հատկացնել խորհրդատվական ծառայությունների համար: Գործը քննության նախապատրաստելու ընթացքում կատարված հարցմանն ի պատասխան` ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը 27.02.2002 թ. գրությամբ հայտնել է, որ «Խորհրդատվական ծառայություններ» բաղադրիչով ֆինանսավորման ենթակա խորհրդատվական միջոցառումներն ընդգրկում են մտավոր սեփականության պաշտպանության, ձեռնարկատիրության և կառավարման հարցերով խորհրդատվությունը, որակի վերահսկման, ծրագրի կառավարման և ներդրումների կատարման հարցերի վերաբերյալ խորհրդատվությունը, ինչպես նաև ըստ Համաշխարհային բանկի դասակարգման` խորհրդատվական ծառայություններ համարվող, սակայն իրենց բնույթով այդպիսիք չհանդիսացող սերտիֆիկացման ծրագրեր, ինտերնետային էջի գործադրում, պահպանում, սեմինարների կազմակերպում, տվյալ ոլորտի քարոզչություն, գովազդ, միջավայրի ուսումնասիրություն և այլն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հատկապես վարկային համաձայնագրերով նախատեսված խորհրդատվական բաղադրատարրի համար հատկացվող միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործումն ապահովելու համար ՀՀ կառավարության կողմից ներկայումս գործադրվող կարգը թերի է և լուրջ բարելավման անհրաժեշտություն ունի: Մասնավորապես, սույն վարկային ծրագրի առանձնահատկությունները թելադրում են վարկային միջոցների օգտագործման, դրանց վերահսկելիության ապահովման առավել հուսալի կարգի սահմանման անհրաժեշտությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թ. դեկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված զարգացման վարկի AM 3580 (Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

1 մարտի 2002 թ.

ՍԴՈ-351

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.03.2002
N ՍԴՈ-351
Որոշում