14.12.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 187.1-ին հոդվածով.
| «Հոդված 187.1. |
Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությունը խոչընդոտելը |
1. Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությունը խոչընդոտելը, որը պացիենտի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ է ստեղծել`
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությունը խոչընդոտելը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ բռնություն գործադրելով`
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությունը ցանկացած եղանակով խոչընդոտելը, որի արդյունքով պացիենտի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ որը անզգուշությամբ առաջացրել է պացիենտի մահ`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 3 Երևան ՀՕ-378-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 4 դեկտեմբերի 2025 թվական: