01.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 60.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 60.1. |
Ընդերքօգտագործման կանոնները խախտելը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
3. Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ` փլուզումներ, սողանքներ, սելավներ և այլ վնասակար երևույթներ`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
5. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկի չափով:
6. Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում` հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
7. Յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանութային աշխատանքների կատարման միջոցով գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ չիրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
8. Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանելը.
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:
9. Սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի պաշարների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան չմիացված` հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներով իրականացնելը կամ օգտակար հանածոն բեռնատար ավտոմոբիլով տեղափոխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
10. Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը սահմանված կարգին համապատասխան չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող` Օրենսգրքի 60.1-ին հոդվածի 9-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 29-րդ կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 8 Երևան ՀՕ-396-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2025 թվական: