Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

31.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների`» բառերը փոխարինել «առողջապահական կազմակերպությունների, ներառյալ` բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների և բժշկական կազմակերպությունների`» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «բաժնեմաս ունեցող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքային» բառերով:

 

i

 Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32. Առողջապահական` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները

 

1. Առողջապահական, ներառյալ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:

 2. Առողջապահական, ներառյալ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը, որը նշանակվում և ազատվում է օրենքով սահմանված դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող`

1) զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված կամ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված աշխատանքներից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն իրեն պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնի հետ կապված հարաբերություններում, ինչպես նաև այն կազմակերպության հետ կապված հարաբերություններում, որի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է իր կողմից.

4) իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված` ստանալ նվերներ: Սույն կետում կիրառվող «նվերներ» բառը գործածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված «նվեր» հասկացության իմաստով:

4. Հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ ընկերությունում կարող է կատարել հոգեբույժի վճարովի աշխատանք:

 5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարը տվյալ կազմակերպությունում կարող է կատարել թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք:

6. Գործադիր մարմնի ղեկավարի կողմից սույն հոդվածով սահմանված համատեղությամբ աշխատանքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:

 7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր են`

 1) ապահովել լիազոր մարմնի սահմանած կազմակերպությունների զարգացմանը և բարեփոխմանը ներկայացվող պահանջների կատարումը.

 2) ապահովել իրենց ներկայացրած կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը, որն ուղղված է նաև սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովմանը.

 3) իրենց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմին և լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որը կներառի նաև տեղեկատվություն սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների կատարման վերաբերյալ: Հաշվետվությանը ներկայացվող պահանջները, հաշվետվության ներկայացման կարգը և ձևը հաստատում է Կառավարությունը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի պարտականություններն ամրագրվում են նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրում:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով լիազոր մարմնի սահմանած կազմակերպությունների զարգացմանը և բարեփոխմանը ներկայացվող պահանջները չկատարելու կամ գործադիր մարմնի ղեկավարի ներկայացրած կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումները չկատարելու կամ հաշվետվությունը չներկայացնելու կամ հաշվետվությունը Կառավարության որոշմամբ սահմանված կարգի և պահանջների խախտմամբ ներկայացնելու դեպքերում, հաշվի առնելով սույն մասով կատարված խախտման բնույթը, բովանդակությունը, խախտման կատարման հանգամանքները և խախտման հետևանքները, գործատուն իրավունք ունի`

1) լուծելու գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ծանուցելով նրան, կամ

2) նրան ենթարկելու կարգապահական պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

 10. Սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունը հիմք է լիազոր մարմնի կողմից այդ հաշվետվությունը ներկայացրած գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմին ներկայացնելու միջնորդություն` գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

11. Սույն օրենքի 32.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի առաջացման դեպքում գործատուն լուծում է գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ծանուցելով նրան:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 32.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32.1. Առողջապահական` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը

 

1. Առողջապահական, ներառյալ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող կրթական պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատում է Կառավարությունը:

 2. Առողջապահական, ներառյալ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդների կողմից ներկայացվող կազմակերպության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները հաստատում է լիազոր մարմինը:

 3. Առողջապահական, ներառյալ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի, լիազոր մարմնի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև 20000 և ավելի բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`

1) բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ

2) բարձրագույն կրթություն և հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ

3) բարձրագույն կրթություն և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:

4. Առողջապահական, ներառյալ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` 5000-20000 բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`

1) բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ

2) բարձրագույն կրթություն և հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն և առողջապահության ոլորտում ղեկավարման առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ

3) բարձրագույն կրթություն և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում և ղեկավարման բնագավառի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:

5. Առողջապահական, ներառյալ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մինչև 5000 բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`

1) բարձրագույն կրթություն և առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ

2) բարձրագույն կրթություն և հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն կամ

3) բարձրագույն կրթություն և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը`

1) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.

2) օրենքի համաձայն` զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) նախորդ երեք տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.

4) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

5) ունի Կառավարության հաստատած հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ընդհանուր ցանկում ներառված որևէ հիվանդություն.

6) սնանկ է ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ պահանջով:

7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների և հարցազրույցի հարցաշարերը, կախված այդ կազմակերպությունների ենթակայությունից, կազմում է իրեն պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմինը:

 8. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը հաստատվում է համապատասխանաբար լիազոր մարմնի, մարզպետի և համայնքի ղեկավարի իրավական ակտով:

 9. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են համապատասխանաբար լիազոր մարմնի, մարզպետի և համայնքի ղեկավարի իրավական ակտով:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետից հանել «առողջապահական կամ» բառերը:

 

i

Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական բնագավառում» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում» բառերով:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հնգամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 21
Երևան
ՀՕ-199-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 06.05.2026
N ՀՕ-199-Ն օրենք