01.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետով սահմանված` ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված` բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության շինությունների նկատմամբ, եթե տվյալ բազմաբնակարան բնակելի շենքի շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0, և գնահատությունն իրականացվում է ըստ բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված նախագծային բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության շինությունների:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-235-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 3 հունիսի 2026 թվական: