06.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում`
1) «մշակութային բարիքներ` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ հասկացությունը.
«մշակութային կազմակերպություն` կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.».
2) «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մշակութային ոչ առևտրային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություն, որի գործունեությունը բխում է պետության կամ համայնքի կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունից և ռազմավարությունից.».
3) «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը «մշակութային կազմակերպությունում» բառերից հետո լրացնել «կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունում» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 18.1-ին հոդվածում`
1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների պաշտոնների անվանացանկը, օրինակելի նկարագիրը, ստեղծագործական աշխատողների կարգավիճակը և ստեղծագործական աշխատողներին ներկայացվող պահանջները զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները սահմանելու և արդյունքների բողոքարկման, ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձևավորելու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
3. Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունն իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ: Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման արդյունքը հիմք է պաշտոնային դրույքաչափի ավելացման և հավելավճարի սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի ավելացման և հավելավճարի սահմանման դեպքերը, պայմանները և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 4-րդ մասի «մշակույթի ոլորտի» բառերը փոխարինել «մշակութային» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.
«4.1. Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման ենթակա չէ`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ստեղծագործական աշխատողը.
2) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ստեղծագործական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
4.2. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ստեղծագործական աշխատողը մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:».
4) 7-րդ մասի «մշակույթի ոլորտի» բառերը փոխարինել «մշակութային» բառով.
5) 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետի «մշակութային կազմակերպությունների» բառերը փոխարինել «մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների» բառերով.
2) 6-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) հաստատում է պետական բյուջեով նախատեսված մշակութային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգը.».
«11) աջակցում է պետություն-մասնավոր գործընկերությանը.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) հաստատում է մշակութային կազմակերպությունների կամ մշակութային միջոցառումների ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրման ծրագրերը:»:
i
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ կետերով.
«12) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի նորմատիվները.
13) հաստատում է միջազգային միջոցառումներին և նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին, մշակույթի գործիչներին և ստեղծագործական խմբերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աջակցություն տրամադրելու կարգը և չափորոշիչները:»:
i
Հոդված 5. Օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասում «մշակութային առանձին կազմակերպությունների» և 2-4-րդ մասերում «մշակութային կազմակերպություններին» բառերը փոխարինել «մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին» բառերով:
| Հոդված 6. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ինն ամսվա ընթացքում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-237-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական: