Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

14.11.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի նոյեմբերի 12-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Սույն օրենքով այլ կարգավորումներ նախատեսված չլինելու դեպքում դրա դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով հիմնադրված ընկերությունների, ինչպես նաև դրանց կողմից հիմնադրված ընկերությունների վրա, եթե դրանք նույնպես հիմնադրվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով:»:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

 

«Հոդված 3.1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով ստեղծված ընկերությունները

 

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով ստեղծված ընկերությունների, որոնցում Հայաստանի Հանրապետությունն ունի 25 տոկոս և ավելի մասնակցություն (այսուհետ սույն հոդվածում` միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն), կանոնադրությամբ կամ բաժնետիրական համաձայնագրով կարող են սահմանվել սույն օրենքի դրույթներից տարբերվող կարգավորումներ` սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:

2. Միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետիրական համաձայնագրով սահմանված` սույն օրենքից տարբերվող կարգավորումները կարող են վերաբերել`

1) սույն օրենքի VIII գլխով սահմանված` խոշոր գործարքների վերաբերյալ դրույթներին.

2) սույն օրենքի IX գլխով սահմանված` Ընկերության գործարքներում շահագրգռվածության վերաբերյալ դրույթներին.

3) սույն օրենքի 38.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված` բաժնետիրական համաձայնագրի վերաբերյալ դրույթներին.

4) սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված իրավասության իրականացման, 68-րդ հոդվածի 4-5-րդ և 7-րդ մասերով սահմանված որոշումների կայացման, 69-րդ հոդվածի 4-րդ, 71-րդ հոդվածի 2-րդ մասերով և 77-րդ հոդվածով սահմանված` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի անցկացման վերաբերյալ դրույթներին: Սույն օրենքի 68-րդ հոդվածի 4-5-րդ մասերով սահմանված դրույթների մասով օրենքից տարբերվող կարգավորումներ սահմանելիս Ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետիրական համաձայնագրով չի կարող սահմանվել ձայների առավել նվազ քանակ, քան սահմանված է սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-րդ, 7-րդ, 18-րդ և 25.2-րդ կետերով նախատեսված իրավասությունների իրացման համար.

5) սույն օրենքի 85-րդ հոդվածով սահմանված` Ընկերության խորհրդի ձևավորման, սույն օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված` խորհրդի նիստերի անցկացման և որոշումների կայացման վերաբերյալ դրույթներին (ներառյալ` ձայնի իրավունքի իրականացման կամ փոխանցման վերաբերյալ դրույթներին).

6) սույն օրենքով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի օտարման դեպքում նախապատվության իրավունքի վերաբերյալ դրույթներին.

7) սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման վերաբերյալ դրույթներին.

8) սույն օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված` բաժնետերերի պահանջով ընկերության բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ դրույթներին.

9) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված` դուստր և կախյալ ընկերությունների հետ պատասխանատվություն կրելու վերաբերյալ դրույթներին.

10) սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` Ընկերության բաժնետերերի պատասխանատվության վերաբերյալ դրույթներին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մասնակցության` 25 տոկոսից նվազեցման դեպքում ընկերությունը չի համարվում միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն Հայաստանի Հանրապետության մասնակցության նվազեցման պահից: Տվյալ դեպքում Ընկերության կանոնադրությունը ենթակա է փոփոխման Հայաստանի Հանրապետության մասնակցության նվազեցման պահից հետո` մեկ ամսվա ընթացքում:

4. Սույն հոդվածի իմաստով միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն է համարվում նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` ընկերության կողմից հիմնադրված ընկերությունը, եթե`

1) այն նույնպես հիմնադրվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով, և

2) Կառավարության որոշմամբ հավանություն է տրվել այդ ընկերության նկատմամբ տարբերվող կարգավորումների կիրառմանը և կոնցեսիոն պայմանագրին, որով սահմանվում է այդ կարգավորումների շրջանակը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-467-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 12.11.2026
N ՀՕ-467-Ն օրենք