Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆ ...

 

 

051.0139.070302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

7 մարտի 2002 թվականի N 139

 

«ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 19.02.02թ. թիվ 45 որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող պայմանագրերի իրավական սպասարկման և հսկողության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, բնօրինակների պահպանման և հաշվառման, պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության և իրավական սպասարկման» կարգը (կցվում է):

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ

 

1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ.

 

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) կողմից կնքվող պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, կնքված պայմանագրերի բնօրինակների պահպանման, հաշվառման (բացառությամբ աշխատանքային պայմանագրերի), պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության և իրավական սպասարկման ընթացակարգը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգի իմաստով`

- Պայմանագիր` Կենտրոնական բանկի և ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական, իրավաբանական անձանց, կազմակերպությունների, քաղաքացիական շրջանառության այլ մասնակիցների հետ կնքված պայմանագրերը, համաձայնագրերը, միջազգային պայմանագրերը, փոխըմբռնման հուշագրերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրված և ստացված երաշխավորագրերը.

- Օրինակելի պայմանագիր` Կենտրոնական բանկի նախագահի հրամանով, Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված պայմանագրեր.

- Գաղտնի պայմանագիր` օրենքով սահմանված պետական գաղտնիք պարունակող պայմանագիր.

- Պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն` բացառապես պայմանագրով նախատեսված ժամկետների կատարման նկատմամբ Իրավաբանական վարչության կողմից իրականացվող հսկողություն.

- Լիազորված անձ` Կենտրոնական բանկի նախագահի կողմից Կենտրոնական բանկի անունից որոշակի պայմանագիր (պայմանագրեր) կնքելու համար լիազորված անձ.

- Պատասխանատու ստորաբաժանում` Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանում, որը նախաձեռնել է պայմանագրի կնքումը, կամ որի ֆունկցիոնալ պարտականություններն առնչվում են պայմանագրի առարկային.

- Իրավաբանական վարչություն` Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն

- Արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանում` Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի Արտաքին կապերի արարողակարգի բաժին (այսուհետ` Արտաքին կապերի բաժին):

- Գրանցամատյան` պայմանագրերի գրանցման, հաշվառման և վերահսկողության նպատակով իրավաբանական վարչության կողմից վարվող մատյան. -

Համակարգչային ծրագիր` իրավաբանական վարչության պայմանագրերի գրանցման, հաշվառման և հսկողություն իրականացնելու համակարգչային ծրագիր.

- Պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության մեթոդներ` հսկողության ընթացքում կիրառվող միջոցառումների համակարգ, որն ընդգրկում է Հատուկ համակարգչային ծրագրով և հատուկ գրանցամատյաններով հսկողություն,

ստորաբաժանումներին պայմանագրերի կատարման վերաբերյալ արված հարցումներին տրված պատասխանների հիման վրա հսկողություն, ներկայացված ընդունման-հանձնման (կատարողական) ակտերի հիման վրա հսկողություն, ինչպես նաև Իրավաբանական վարչության կողմից ՀՀ օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ միջոցառումներ:

 

3. ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ.

 

3.1. Պատասխանատու ստորաբաժանումը իրավաբանական վարչություն է ներկայացնում Հաշվապահական հաշվառման վարչության կողմից վիզավորված պայմանագրի կնքման հայտ, որտեղ նշվում են պայմանագրի էական պայմանները` առարկան, գինը, ժամկետը, պայմանագրով սահմանված պարտավորության կամ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները (նախավճար, գրավ, պահում, երաշխիք, երաշխավորություն, և այլն): Անհրաժեշտության դեպքում պատասխանատու ստորաբաժանումը կարող է նշել նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունը (տուժանքի) չափը, ինչպես նաև այլ տեղեկություններ: Ընդ որում` պատասխանատու ստորաբաժանման կողմից հայտում պատասխանատվության (տուժանքի) չափը չնշելու դեպքում, Իրավաբանական վարչությունը ինքնուրույն է սահմանում այն:

3.2. Անհրաժեշտության դեպքում Իրավաբանական վարչությունը պայմանագրի պայմանների վերաբերյալ հարցում է կատարում պատասխանատու ստորաբաժանմանը:

3.3. Իրավաբանական վարչություն են ներկայացվում նաև այն փաստաթղթերի պատճենները (Կենտրոնական բանկի նախագահի, խորհրդի հանձնարարականները, Կենտրոնական բանկի հանձնաժողովների արձանագրությունները), որոնց հիման վրա նախատեսվում է կնքել պայմանագիրը, ինչպես նաև մյուս կողմի ներկայացրած համապատասխան օրինակելի պայմաններով պայմանագրի ձևը, եթե վերջինս այն օգտագործում է այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում:

3.4. Իրավաբանական վարչությունը հայտի ներկայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է պայմանագրի նախագիծ և այն ներկայացնում է պատասխանատու ստորաբաժանմանը (ստորաբաժանումներին):

3.5. Սույն կարգի 3.4 կետում նշված ժամկետը կարող է փոփոխվել (կրճատվել կամ երկարաձգվել) Կենտրոնական բանկի նախագահի, Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կամ Իրավաբանական վարչության պետի և պատասխանատու ստորաբաժանման (ստորաբաժանումների) ղեկավարի (ղեկավարների) փոխհամաձայնությամբ:

3.6. Հայտում սույն կարգի 3.1 կետում նշված պայմանի (պայմանների)_ բացակայության դեպքում Իրավաբանական վարչությունը մերժում է հայտը` մերժման պատճառները նշելով հայտի վրա և ոչ ուշ քան այն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պատասխանատու ստորաբաժանմանը:

3.7. Կենտրոնական բանկի նախագահի, Կենտրոնական բանկի խորհրդի հանձնարարությամբ, շահագրգիռ ստորաբաժանման խնդրանքով, իրավաբանական վարչությունը պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների մասնակցությամբ պայմանագրի պայմանների համաձայնեցման վերաբերյալ բանակցություններ է վարում մյուս կողմի հետ:

3.8. Պատասխանատու ստորաբաժանումը պայմանագրի նախագիծը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում Իրավաբանական վարչությանն է ներկայացնում իր առաջարկությունները և դիտողությունները` պայմանագրի նախագծի վերաբերյալ: Պատասխանատու ստորաբաժանումներից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա Իրավաբանական վարչությունը մեկ օրյա ժամկետում լրամշակում է պայմանագրի նախագիծը և այն ներկայացնում պատասխանատու ստորաբաժանման համաձայնեցմանը (վիզավորմանը): Համաձայնեցված (վիզավորված) պայմանագրի նախագիծը վերադարձվում է Իրավաբանական վարչությանը:

3.9. Իրավաբանական վարչությունը վիզավորված պայմանագրի նախագիծը նույն օրը ներկայացնում է Հաշվապահական Հաշվառման վարչության համաձայնեցմանը (վիզավորմանը), եթե ներկայացվող պայմանագիրն առնչվում է ֆինանսական հարցերի հետ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ ստորաբաժանումների համաձայնեցմանը (վիզավորմանը), որից հետո մեկ օրյա ժամկետում պայմանագրի նախագիծը ներկայացվում է նախագահի կամ լիազորված անձի ստորագրմանը:

Հաշվապահական հաշվառման վարչությունը (պատասխանատու ստորաբաժանումը) պայմանագրի նախագծի հետ անհամաձայնության դեպքում պայմանագրի նախագծի ներկայացման օրը կամ պայմանագրի նախագծի ներկայացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Իրավաբանական վարչություն է ներկայացնում իր գրավոր դիրքորոշումը (դիտողությունները և առաջարկությունները) ներկայացված պայմանագրի նախագծի վերաբերյալ:

Իրավաբանական վարչությունը, ուսումնասիրելով Հաշվապահական հաշվառման վարչության (պատասխանատու ստորաբաժանման) կողմից ներկայացված առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ է կատարում պայմանագրի նախագծում և այն Հաշվապահական հաշվառման վարչության (այլ ստորաբաժանման) դիրքորոշումը ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հաշվապահական հաշվառման վարչության (այլ ստորաբաժանման) համաձայնեցմանը (վիզավորմանը), որից հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը պայմանագրի նախագիծը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահի կամ լիազորված անձի ստորագրմանը:

3.10. Պատասխանատու ստորաբաժանումների և (կամ) Իրավաբանական վարչության անհամաձայնության դեպքում իրավաբանական վարչությունը պայմանագրի նախագիծը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահին կամ լիազորված անձին` բացասական եզրակացության հետ մեկտեղ: Այն դեպքում, երբ պայմանագիրը ենթակա է ստորագրման լիազորված անձի կողմից, և առկա է բացասական եզրակացություն, իրավաբանական վարչությունը դրա պատճենը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահին: Տվյալ դեպքում պայմանագրի ստորագրման կամ չստորագրման որոշումը կայացնում է Կենտրոնական բանկի նախագահը:

3.11. Իրավաբանական վարչությունը պայմանագրի նախագիծը կից գրությամբ ներկայացնում է Կենտրոնական բանկի Փաստաթղթաշրջանառության բաժին` Կենտրոնական բանկում փաստաթղթաշրջանառության մասին գործող հրահանգի համապատասխան իսկ գաղտնի պայմանագրերը` Հատուկ բաժին և Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստորագրվելուց հետո վերադարձվում է Իրավաբանական վարչությանը, որը համարակալում է այն, նշում է ամսաթիվը, ներկայացնում է կնքման, իսկ անհրաժեշտության դեպքում առաքում է մյուս կողմի ստորագրմանը:

3.12. Պայմանագրի նախագծի վրա չի տարածվում սույն կարգի 3.1-3.10 կետերով նախատեսված ընթացակարգը, եթե տվյալ պայմանագիրը օրինակելի է կամ աշխատանքային է:

Նշված դեպքում պատասխանատու ստորաբաժանումը պայմանագրի նախագիծը ներկայացնում է Հաշվապահական հաշվառման վարչության համաձայնեցմանը (վիզավորմանը), եթե ներկայացվող պայմանագիրն առնչվում է ֆինանսական հարցերի հետ և Իրավաբանական վարչության համաձայնեցմանը (վիզավորմանը) և այնուհետև սույն կարգի 3.11 կետով նախատեսված կարգով ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանը:

3.13. Պատասխանատու ստորաբաժանման կողմից պայմանագրի նախագիծը օտար լեզվով ներկայացնելու դեպքում, շահագրգիռ ստորաբաժանումը Իրավաբանական վարչություն է ներկայացնում պայմանագրի նախագծի հայերեն տարբերակը` թարգմանված և հաստատված Արտաքին կապերի բաժնի կողմից:

Պայմանագրի նախագծի օտար լեզվով թարգմանության անհրաժեշտության դեպքում, պատասխանատու ստորաբաժանումը Իրավաբանական վարչության կողմից պատրաստված պայմանագրի նախագիծը ներկայացնում է Արտաքին կապերի բաժին, որը պայմանագրի նախագիծը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացում կատարում է պայմանագրի նախագծի թարգմանությունը, հաստատում է այն և ներկայացնում պատասխանատու ստորաբաժանմանը: Սույն կետով նախատեսված թարգմանությունների իրականացման անհրաժեշտության դեպքում սույն կարգով նախատեսված ժամկետները երկարաձգվում են ևս 5 աշխատանքային օրով:

 

4. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4.1. Ստորագրված և կնքված պայմանագրերի բնօրինակները պահպանվում են Իրավաբանական վարչությունում, բացառությամբ սույն կարգի 4.3 կետով նախատեսված դեպքերի:

4.2. Պայմանագրի պատճենները` յուրաքանչյուր էջը իրավաբանական վարչության դրոշմակնիքով կնքված և ստորագրված տրամադրվում են Հաշվապահական հաշվառման վարչությանը և համապատասխան պատասխանատու ստորաբաժանումներին և պահպանվում են նշված ստորաբաժանումներում:

4.3. Գաղտնի պայմանագրերի բնօրինակները պահպանվում են Կենտրոնական բանկի հատուկ բաժնում, իսկ յուրաքանչյուր էջը իրավաբանական վարչության դրոշմակնիքով կնքված և ստորագրված պատճենները` իրավաբանական վարչությունում և պատասխանատու ստորաբաժանումներում:

4.4. Պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով պայմանագիրը ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի Փաստաթղթաշրջանառության բաժնի կողմից ներկայացվում է Իրավաբանական վարչություն, որը պայմանագրերի պատճենները ներկայացնում է համապատասխան պատասխանատու ստորաբաժանումներին:

4.5. Գաղտնի պայմանագրերի ստորագրման ընթացակարգն իրականացվում է Հատուկ բաժնի կողմից: Նշված պայմանագրերի պատճենները պայմանագրի ստորագրման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի Հատուկ բաժնի կողմից ներկայացվում են Իրավաբանական վարչություն և պատասխանատու ստորաբաժանումներին:

4.6. Իրավաբանական վարչության կողմից պայմանագրերը հաշվառվում, կարվում և պահպանվում են ըստ պատասխանատու ստորաբաժանումների, որոնցից յուրաքանչյուրի համար վարվում է առանձին գրանցամատյան:

Գրանցամատյանում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, առարկան և պարտավորությունների կատարման ժամկետները, անհրաժեշտության դեպքում` պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանագրի այլ դրույթներ:

4.7. Պայմանագիրը ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրվում է Իրավաբանական վարչության համակարգչային ծրագիր և հատուկ աղյուսակներում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, առարկան և պարտավորությունների կատարման ժամկետները, իսկ անհրաժեշտության դեպքում` պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանագրի այլ դրույթներ:

4.8. Ստորագրված և կնքված պայմանագրի մեկ օրինակը առաքվում է պայմանագրի մյուս կողմին Կենտրոնական բանկի Փաստաթղթաշրջանառության բաժնի միջոցով կամ տրամադրվում է Իրավաբանական վարչության կողմից, բացառությամբ գաղտնի պայմանագրերի:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ.

 

5.1. Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Իրավաբանական վարչությունը: Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև պայմանագրերի իրավական սպասարկման նպատակով Իրավաբանական վարչությունը պարտավոր է զեկուցագրով դիմել Կենտրոնական բանկի նախագահին` պայմանագրի կատարման ընթացքում, գործողության ավարտին և դրանից հետո պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում:

5.2. Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև պայմանագրերի իրավական սպասարկման նպատակով Իրավաբանական վարչությունը իրավասու է`

ա) պատասխանատու ստորաբաժանումներից պահանջել և ուսումնասիրել անհրաժեշտ փաստաթղթեր,

բ) հարցում կատարել պատասխանատու ստորաբաժանումներին պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ և ստացված տեղեկությունները համեմատել Իրավաբանական վարչությունում եղած տվյալների հետ,

գ) պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով նախատեսված պարտավորության (պարտավորությունների) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատասխանատու ստորաբաժանումներից պահանջել գրավոր կամ բանավոր տեղեկություններ:

դ) վարել բանակցություններ պայմանագրի մյուս կողմի հետ,

ե) ստուգել և վիզավորել պայմանագրի գործողության ընթացքում և ժամկետի ավարտին ներկայացված ընթացիկ և վերջնական հանձնման-ընդունման (կատարողական) ակտերը:

5.3. Պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է աջակցել Իրավաբանական վարչությանը, տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր` պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության ընթացքում և անվերապահորեն կատարել սույն կարգի 5.2 կետում նշված պահանջները:

5.4. Պայմանագրի կնքման նախաձեռնման փուլում, կատարման ժամանակ, գործողության ավարտին և դրանից հետո պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է կողմի ակնհայտ անպատշաճության և անբարեխղճության մասին հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում և պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին փաստերը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկություններ տրամադրել Իրավաբանական վարչությանը:

5.5. Համապատասխան պատասխանատու ստորաբաժանման կողմից սույն կարգի 5.4 կետում նշված տեղեկությունների հիման վրա Իրավաբանական վարչությունը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ գործողություններ և վերջիններիս մասին զեկուցագիր է ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահին:

5.6. Իրավաբանական վարչությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Կենտրոնական բանկի նախագահին է ներկայացնում Կենտրոնական բանկի կողմից կնքված պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանք` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը:

 

6. ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ԱԿՏԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ.

 

6.1. Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման հանձնման-ընդունման (կատարողական) ակտը ստորագրման և հաստատման համար նախապատրաստում է պատասխանատու ստորաբաժանումը և ներկայացնում է այն Հաշվապահական հաշվառման վարչության վիզավորմանը: Ընդ որում հանձնման-ընդունման (կատարողական) ակտը պատասխանատու ստորաբաժանման կողմից պետք է ներկայացվի վիզավորման, պայմանագրի մյուս կողմից այն ստանալու պահից ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետը խախտելու համար պատասխանատու է պատասխանատու ստորաբաժանումը:

6.2. Հաշվապահական հաշվառման վարչությունը հանձնման-ընդունման ակտը ստանալու պահից, դրանում թերություններ չլինելու դեպքում մեկ օրյա ժամկետում վիզավորում է այն և ներկայացնում պատասխանատու ստորաբաժանմանը:

6.3. Պատասխանատու ստորաբաժանումը նույն օրը հանձնման-ընդունման ակտը ներկայացնում է Իրավաբանական վարչության վիզավորմանը:

6.4. Ներկայացված հանձնման-ընդունման ակտը պատշաճ ձևով կազմված լինելու դեպքում Իրավաբանական վարչության կողմից այն ստանալու պահից մեկ օրվա ընթացքում վիզավորվում և ներկայացվում է պատասխանատու ստորաբաժանմանը:

6.5. Ներկայացված հանձնման-ընդունման ակտում դրա կազմման և ժամկետների մասով թերություններ հայտնաբերելու դեպքում, Իրավաբանական վարչությունը ակտը ստանալու օրը ուղղումներ կատարելու համար այն վերադարձնում է պատասխանատու ստորաբաժանմանը, որը պարտավոր է ակտը վերադարձնելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարել ուղղումները և նորից ներկայացնել այն վիզավորման: Ընդ որում ժամկետների մասով թերություններ հայտնաբերելու դեպքում, Իրավաբանական վարչությունը պարտավոր է համապատասխան զեկուցագիր ներկայացնել Նախագահին:

6.6. Հաշվապահական հաշվառման և Իրավաբանական վարչություն կողմից վիզավորված հանձնման-ընդունման ակտերը Նախագահի հաստատմանը ներկայացնում է պատասխանատու ստորաբաժանումը:

 

7. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7.1. Կենտրոնական բանկի կողմից միջազգային պայմանագրերը կնքվում են «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7.2. Ստորագրված և կնքված պայմանագրերի բնօրինակները պահպանվում են Իրավաբանական վարչությունում, իսկ պայմանագրերի պատճենները` Իրավաբանական վարչության դրոշմակնիքով կնքված և ստորագրված տրամադրվում են Կենտրոնական բանկի պատասխանատու ստորաբաժանումներին և Կենտրոնական բանկի Արտաքին կապերի բաժին:

7.3. Պայմանագրի նախագծի օտար լեզվով թարգմանությունը (եթե պայմանագրի կնքումը նախաձեռնել է Կենտրոնական բանկը) կամ հայերեն թարգմանությունը (եթե պայմանագրի կնքումը նախաձեռնել է մյուս կողմը) իրականացնում է Արտաքին կապերի բաժինը:

7.4. Արտաքին կապերի բաժինը կրում է պատասխանատվություն պայմանագրի նախագծի և պայմանագրի կնքման հետ կապված այլ փաստաթղթերի թարգմանության ճշգրտության համար:

7.5. Պայմանագրերի հաշվառումը և պահպանումը իրականացնում է Իրավաբանական վարչությունը, որը այդ նպատակով վարում է հատուկ գրանցամատյան և դրանք մուտքագրում է Իրավաբանական վարչության հատուկ համակարգչային ծրագիր սույն կարգի 4.6 և 4.7 կետերով սահմանված կարգով:

7.6. Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունը և իրավական սպասարկումը իրականացնում է Իրավաբանական վարչությունը:

 

8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1. Սույն կարգի առարկայի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից նախկինում ընդունված իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն կարգին:

8.2. Սույն կարգի պահանջները խախտելու դեպքում Կենտրոնական բանկի աշխատակիցները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Կենտրոնական բանկի նախագահ
07.03.2002
N 139
Հրաման