051.0166.210302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
21 մարտի 2002 թվականի N 166
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 05.03.02թ. թիվ 60 որոշման`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի արձանագրային բաժինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտն ստորագրելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի հրատարակչական բաժնին հրատարակման համար:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտը մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի հրատարակչական բաժինը նորմատիվ իրավական ակտը հրատարակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.11.01թ. թիվ 318 որոշմամբ սահմանված առաջիկա «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» պարբերականում, իսկ այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտը ստացվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից հետո, այն հրատարակվում է հաջորդ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» պարբերականում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կամ նախագահի ցուցումով նորմատիվ իրավական ակտը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.11.01թ. թիվ 318 որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» հատուկ թողարկումում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: