Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 մարտի 2002 թվականի N 11

 

21. 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանի հաղորդումը 2001 թվականի ընթացքում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին (տեղեկանքը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակելիս քննարկել բարեգործական ծրագրերի համաֆինանսավորման նպատակով միջոցներ հատկացնելու հնարավորության հարցը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2001 թվականի ընթացքում հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր են իրականացրել 145 կազմակերպություններ: Դրանցից 76 կազմակերպություններ իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր` կապված ինչպես բարեգործական բեռների ներմուծման և բաշխման, այնպես էլ` աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ, իսկ 69 կազմակերպություններ իրականացրել են կարճաժամկետ ծրագրեր` կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ:

Ինչպես և նախորդ տարիներին, բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, սփյուռքի ճանաչված հայկական կազմակերպությունները (ՀՕՖ, Հայ ավետարանչական ընկերակցություն և «Ամերիկայի հայկական համագումար» կորպորացիայի Երևանի մասնաճյուղ):

Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք համապատասխան որակում են ստացել ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից:

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ԲԱՇԽՈՒՄ

 

2001 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից որակված մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում 36 երկրներից հանրապետություն են ներմուծվել 25.15 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ` 147 կազմակերպությունների հասցեով, այդ թվում` երկարաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով` 8.37 մլրդ դրամ արժեքով, կարճաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով` 16.78 մլրդ դրամ արժեքով: 2001 թվականին 2000 թվականի համեմատությամբ ներմուծված բեռների մաքսային արժեքը նվազել է շուրջ 16 մլրդ դրամի չափով:

Ըստ ներմուծող կազմակերպությունների տեղեկություններն ամփոփված են հավելված 1-ում, ըստ առաքման երկրի` հավելված 2-ում, ըստ ապրանքային խմբերի` հավելված 3-ում:

Ըստ բեռների մաքսային արժեքի` ներմուծված բեռների շուրջ 28.2 տոկոսը առողջապահության բնագավառի բեռներ են, այդ թվում` դեղորայք` 6.45 մլրդ դրամ մաքսային արժեքով, բուժսարքավորումներ` 0.64 մլրդ դրամ մաքսային արժեքով:

ՀՀ առողջապահության նախարարության հասցեով ստացվել են 6.33 մլրդ դրամ մաքսային արժեքով դեղորայք և բուժսարքավորումներ:

Ըստ մաքսային արժեքի` ներմուծված բեռների 33.22 տոկոսը` սննդամթերք է, այդ թվում` 22772.8 տոննա ցորեն, 17079.9 տոննա ալյուր, 1801.7 տոննա բուսական յուղ, 34.5 տոննա կաթի փոշի:

Բեռների 2.93 տոկոսը զանազան սարքավորումներ են:

Բեռների 57.55 տոկոսը ներմուծվել է ԱՄՆ-ից, 12.45 տոկոսը` Իտալիայից, 7.79 տոկոս` Սիրիայից, 3.77 տոկոս` Ռուսաստանից:

Շարունակվել է ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի (ՄՀՀ) միջոցով մարդասիրական օգնության բեռների ներմուծումը Հայաստան: Տարվա ընթացքում ՄՀՀ-ն կազմակերպել է 5 չվերթ (N 112-116), որոնցով Հայաստան են ներմուծվել շուրջ 166 տոննա բեռներ` 15.5 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով: Միաժամանակ, ՄՀՀ-ի տրամադրած 277 բեռնարկղներով տարբեր կազմակերպությունների կողմից Հայաստան են տեղափոխվել շուրջ 12.6 մլրդ դրամի բարեգործական բեռներ:

Ընդհանուր առմամբ, ըստ մաքսային արժեքի, բեռների 56 տոկոսը ներմուծվել է նախարարությունների, գերատեսչությունների և պետական այլ կազմակերպությունների միջոցով, 22 տոկոսը` միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան երկրների կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների միջոցով (ՄԱԿ-ի կազմակերպություններ` ՀՊԾ, ՅՈՒՆԻՍԵՖ և այլն), 21 տոկոսը` հանձնաժողովի որոշումներով հաստատված երկարաժամկետ ծրագրեր իրականացնող սփյուռքահայ և տեղական կազմակերպությունների միջոցով, և միայն 2 տոկոսը` կարճաժամկետ ծրագրեր իրականացնող առանձին կազմակերպությունների միջոցով (այդ թվում` առանձին մարզական ֆեդերացիաների):

Եթե հաշվի առնենք, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների միջոցով ներմուծվող բեռները գրեթե ամբողջությամբ, իսկ երկարաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով ներմուծվող բեռների զգալի մասը հատկացվում են պետական կազմակերպություններին կամ բաշխվում են պետական կազմակերպությունների միջոցով (սոցիալական ծառայություններ, պոլիկլինիկաներ և այլն), ապա ակնհայտ է դառնում, որ բարեգործական բեռների բաշխման և նպատակային օգտագործման հարցերը գրեթե ամբողջությամբ պայմանավորված են պետական կազմակերպությունների աշխատանքով:

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

 

2001 թվականի ընթացքում ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից մարդասիրական օգնության կամ բարեգործական որակում է տրվել 76 կազմակերպությունների կողմից իրականացվող` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ծրագրերի, որոնց գումարային արժեքը կազմում է շուրջ 30.5 մլրդ դրամ (հավելված 4), որը 14 մլրդ դրամով պակաս է 2000 թ. նույն ցուցանիշից:

Այդ թվում` ըստ բնագավառների`

    սոցիալական                             37.99 տոկոս

    կրթություն և  գիտություն               17.97 տոկոս

    առողջապահություն                       16.51 տոկոս

    բնակարանային շինարարություն            8.67 տոկոս

    դրամաշնորհներ                          7.06 տոկոս

    հոգևոր                                 5.93 տոկոս

    գյուղատնտեսություն, ոռոգում            4.12 տոկոս

    մշակույթ, սպորտ                        0.62 տոկոս

    բնապահպանություն                       0.54 տոկոս

    ջրամատակարարում                        0.34 տոկոս

    մամուլ, հրատարակչություն               0.15 տոկոս

    դատաիրավական                           0.09 տոկոս

    այլ                                    0.03 տոկոս

 

Հարկ է նշել, որ ծրագրերի գումարային արժեքները նշված են ըստ կազմակերպությունների ներկայացրած հայտերի և ամփոփ տեղեկությունների, ուստի դրանք պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի արժեքներ: Ընդ որում` նշված ծրագրերի մի մասը շարունակական է, ընդհուպ` մինչև 2004 թվականը:

Ընդհանուր առմամբ, 2001 թ. ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կառուցվել և վերակառուցվել է 495 բնակարան: Կառուցվել է 2 ջրագիծ և վերանորոգվել 6-ը: Կառուցվել է 8 դպրոց, վերանորոգվել` 21-ը, բարեգործական հիմունքներով համաֆինանսավորվել է 8 դպրոցի շինարարությունը: Կառուցվել է 1 բուժկետ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 2 բուժհաստատություններում:

Կրթական բնագավառի ծրագրերում զգալի բաժին են կազմել դպրոցներում ինտերնետային կապի ներդրման հարցերը: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նման ծրագրեր են իրականացվել հանրապետության 37 դպրոցներում:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

2001 թ. ընթացքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 22 նիստ, ընդունվել է 456 որոշում:

Էական քայլեր են կատարվել մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառում աշխատանքների կանոնակարգման, արդյունքների փաստագրման, ընթացիկ և ամփոփ տեղեկությունների ներկայացման, ինչպես նաև ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության բարելավման ուղղությամբ:

Մարդասիրական և բարեգործական ծրագրերի նախապատրաստման, քննարկման, որոշումների կայացման գործընթացը արագացնելու, աշխատանքների օպերատիվությունը բարձրացնելու, ինչպես նաև մաքսային ժամանակավոր ներմուծման պրակտիկան աստիճանաբար կատարելագործելու նպատակով որոշվեց կենտրոնական հանձնաժողովի նիստերը, որպես կանոն, անցկացնել ամսական երկու անգամ կայուն գրաֆիկով, նախկինում ամսական մեկ անգամ գումարելու փոխարեն, որը հնարավորություն ընձեռեց ծրագրերի և գործարքների ձևակերպումների ժամանակահատվածը կրճատել երկու անգամ: Զգալի կրճատվեցին ժամանակավոր ներմուծումների թույլտվությունների քանակը: Եթե 2000 թ. հունիս դեկտեմբեր ամիսներին տրված էր 183 ժամանակավոր ներմուծման թույլտվություն, ապա 2001 թ. ընթացքում ընդամենը` 163:

Հանձնաժողովը հանդիպումներ է կազմակերպել հանրապետությունում գործող և մարդասիրական օգնություն իրականացնող գրեթե բոլոր միջազգային բարեգործական կազմակերպությունների ղեկավարների հետ և քննարկել մարդասիրական ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերի անցնելու հետ կապված հարցերը և ստացել նրանց հավանությունը:

Համապատասխան նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետներից ու կազմակերպություններից ստացվել են մարդասիրական օգնության 315 կարճաժամկետ և հեռանկարային զարգացման ծրագրեր` ըստ հանձնաժողովի կողմից մշակված ձևերի:

Կատարվել է 200-ից ավել զարգացման բարեգործական ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների մշակում և մուտքագրում ինտերնետային ցանցում տեղադրված` Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկում: Հանձնաժողովի գործունեությունը և ծրագրերի ընթացքը պարբերաբար լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներում:

Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես ճյուղային նախարարությունների եզրակացությունների հիման վրա, միաժամանակ յուրաքանչյուր ծրագրի հետ կապված սահմանվել են առանձին նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների անելիքները ծրագրի իրականացման, վերահսկման, արդյունքների փաստագրման և մուտքագրման ուղղությամբ:

2001 թ. պետական բյուջեում միջոցներ չեն նախատեսվել մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռների ընդունման, սպասարկման, բեռնաթափման, ինչպես նաև սերտիֆիկացման նպատակով: Նախորդ տարիներին նշված ծախսերը ֆինանսավորվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հաշվի առնելով պահուստային ֆոնդից միջոցների հատկացման նկատմամբ նոր մոտեցումները, անհրաժեշտ է նշված ծախսերը նախատեսել պահուստային ֆոնդում ակնկալվող ազատ միջոցների բաշխման ուղղություններում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2002
N 11
Արձանագրային որոշում