ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
28 փետրվարի 2002 թվականի N 8
14. ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ 2002-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ գեոդեզիայի և քարտեզագրության 2002-2006 թվականների զարգացման հայեցակարգին (կցվում է):
ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ 2002-2006 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Մինչև 1990-ական թթ. գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը ղեկավարվում էր նախկին ԽՍՀՄ Գեոդեզիայի և Քարտեզագրության գլխավոր վարչության կողմից` կենտրոնացված կարգով: ՀՀ-ում բնագավառի քաղաքականությունը իրականացվում էր ՀայՊետԻԳՀՆ ինստիտուտի կողմից, որի հիմնական գործառույթն էր ՀՀ-ի ողջ տարածքը ծածկել 1:500-1:10000 մասշտաբի տեղագրական հատակագծերով և գործող վիճակում պահել պետական պլանային և բարձունքային գեոդեզիական ցանցը (որը կազմում էր միութենական ցանցի մի մասը` միասնական կոորդինատային համակարգում), ինչպես նաև հրատարակության պատրաստել թեմատիկ բնույթի (տուրիստական, ուսումնական և այլ նշանակության) քարտեզներ: Բնագավառի մնացած խնդիրները (օդալուսանկարահանում, 1:25000-1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմում և հրատարակում, գրավիմետրիական աշխատանքներ և այլն) իրականացվում էին միութենական այլ կազմակերպությունների և ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության ռազմա-տեղագրական ծառայության կողմից. վերոհիշյալ նյութերն ու տվյալները մինչև օրս գտնվում են նշված կազմակերպություններում:
ԽՍՀՄ փլուզումից հետո վերջին 10-12 տարիների ընթացքում բնագավառը զարգացում չի ապրել տնտեսական և կազմակերպական-կառուցվածքային բնույթի փոփոխությունների հետևանքով: Մշտական թերֆինանսավորումը, բնագավառի միակ` Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի կարգավիճակի անընդհատ և անհարկի փոփոխությունների պատճառով հայտնվել է կաթվածահար վիճակում: Ստեղծված իրավիճակի պատճառով ներկայումս ՀՀ տարածքի գեոդեզիական և քարտեզագրական ապահովումը գտնվում է անմխիթարելի վիճակում`
- 1930-80-ական թթ. ընթացքում ստեղծված և 1942 թ. կոորդինատային համակարգում հաշվարկված պետական գեոդեզիական ցանցի կետերի մի մասը /30-40%-ը/ ոչնչացված կամ դեֆորմացված է,
- ավանդական գործիքներով և տեխնոլոգիաներով ստեղծված գեոդեզիական ցանցն ունի ցածր ճշտություն,
- պետական գեոդեզիական ցանցի պահպանության անմխիթար վիճակը,
- գեոդեզիական ցանցի անհրաժեշտ ճշտությունը ապահովող միջոցառումների բացակայությունը` ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների չկիրառումով,
- պետական և վարչատարածքային միավորների սահմանները սահմանող 1930-40-ական թթ. ստեղծված փաստաթղթերի հակասությունները և դրանց պատշաճ նկարագրության բացակայությունը,
- տեղագրական քարտեզների թարմությունը կազմում է 10 /1:50000-1:100000 մասշտաբի/ - 50 /1:25000 մասշտաբի/ տարի,
- պետական մասշտաբային շարքի համապատասխան քանակի քարտեզների և հատակագծերի, հանույթային նյութերի հիմքերի և գեոդեզիական կետերի կատալոգների պաշարների բացակայությունը,
- ժամանակակից սարքավորումների ու տեխնիկայի և նորագույն տեխնոլոգիաների /թվային և արբանյակային/ բացակայությունը,
- գեոդեզիական և քարտեզագրական նյութերի և տվյալների պահպանման, տրամադրման և օգտագործման նկատմամբ չափորոշիչների սահմանման բացակայությունը և ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում չափից ավելի խիստ «գաղտնիության» ռեժիմի առկայությունը,
- միասնական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի անկատարությունը,
- սարքավորումների, գործիքների, գեոդեզիական և հանույթային նյութերի վերաբերյալ արդիականացված ու միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցված ազգային ստանդարտների բացակայությունը,
- ֆիզիկապես և բարոյապես մաշված գործիքների մեծ քանակը,
- ֆոտոգրամետրիկ մեթոդների ոչ լիարժեք կիրառումը և դրանցում թվային տեխնոլոգիաների ու սարքավորումների իսպառ բացակայությունը,
- աշխարհագրական անունների հայերեն լեզվով կանոնակարգման բացակայությունը, օտարամուտ և անբարեհունչ անվանումների առկայությունը, ազգային աշխարհագրական անունների առկայությունը, ազգային աշխարհագրական անունների քարտադարանի բացակայությունը,
- հայերեն լեզվով տեղագրական քարտեզների և հանույթային նյութերի բացակայությունը,
- պատշաճ որակի ընդհանուր օգտագործման համար նախատեսված քարտեզների սակավությունը և ժամանակակից պահանջներին և ճշտությանը չբավարարող քարտեզների առկայությունը:
- գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ցրվածությունը բազմաթիվ կազմակերպություններում և դրանց մասին տեղեկատվության և միասնական տեղեկատվական բանկի բացակայությունը,
- նորագույն տեխնիկային և տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ մասնագետների սակավությունը, իսկ առանձին մասնագիտությունների գծով` նաև դրանց իսպառ բացակայությունը:
ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի հիմնական նպատակը պետական պլանային և բարձունքային գեոդեզիական ցանցի, տեղագրական հանույթային նյութերի, տեղագրական և թեմատիկ քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումը և կառավարումն է: Բնագավառի հիմնական խնդիրներն են`
I. Գեոդեզիայի ոլորտում`
1. Գեոդեզիայի ոլորտի խնդիրների տարանջատումը`
ա) պետական նշանակության գեոդեզիական աշխատանքների սահմանումը,
բ) տեղական /գերատեսչական/ նշանակության գեոդեզիական աշխատանքների սահմանում.
2. Պլանային գեոդեզիական ցանցի ստեղծում և արդիականացում`
ա) ՀՀ տարածքի համար պետական /ազգային/ և միջազգային կոորդինատային համակարգերի սահմանումը,
բ) պետական պլանային գեոդեզիական ցանցի ստեղծումը, թարմացումն ու զարգացումը,
գ) միջազգային համակարգերում պլանային գեոդեզիական ցանցի ստեղծումը,
դ) հատուկ և խտացման ցանցերի ստեղծումը,
3. Բարձունքային գեոդեզիական ցանցի ստեղծումն ու արդիականացումը`
ա) ՀՀ տարածքի համար պետական /ազգային/ և միջազգային բարձունքային համակարգերի սահմանումը,
բ) պետական բարձունքային գեոդեզիական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը,
4. Պետական ծանրաչափական և գեոդինամիկ ցանցերի ստեղծումը,
5. Գեոդեզիական ցանցերի հավասարակշռումը, կետերի կոորդինատների և բարձունքային նիշերի որոշումը, այդ աշխատանքների ավտոմատացումը:
6. Գեոդեզիական տվյալների գաղտնիության աստիճանի չափորոշիչների և այդ տվյալների պահպանման, տրամադրման ու օգտագործման ռեժիմի սահմանումը:
7. Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովումը, գործիքների և սարքավորումների հաշվառումը, գրանցումը, էտալոնային համեմատումը, գեոդեզիական աշխատանքների չափագիտական ապահովումը, շահագործման մեջ գտնվող չափման միջոցների, գործիքների, սարքավորումների հաշվառումը, դրանց ստուգաչափման և չափագիտական վկայագրման ապահովումը, սերտիֆիկացումը, միջազգային պահանջների հետ ներդաշնակեցված նորմերի սահմանումը;
8. Գեոդեզիական աշխատանքների իրականացման ժամանակ պետական մենաշնորհի և մասնավորի ընդգրկման աստիճանի սահմանում.
9. Գեոդեզիական կետերի պահպանությունը:
10. Իր իրավասության սահմաններում մասնակցել ՀՀ վարչատարածքային միավորների և պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հետ կապված աշխատանքներին,
11. Գեոդեզիական տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը:
12. Գեոդեզիական աշխատանքների իրականացման ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը:
13. Գեոդեզիայի ոլորտի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի սահմանումը:
14. Գեոդեզիական նյութերից և տվյալներից օգտվելու թույլտվության կարգի սահմանումը:
15. Գեոդեզիական աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
II. Քարտեզագրության ոլորտում`
1. Քարտեզագրական ոլորտի խնդիրների տարանջատում`
ա) պետական նշանակության քարտեզագրական աշխատանքների սահմանում,
բ) տեղական /գերատեսչական/ նշանակության քարտեզագրական աշխատանքների սահմանում.
2. Տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը:
3. ՀՀ տարածքի պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի թարմացումը և հրատարակումը:
4. Տեղագրական քարտեզների և հատակագծերի գաղտնիության աստիճանի չափորոշիչների և այդ քարտեզների և հատակագծերի պահպանման, տրամադրման ու օգտագործման ռեժիմի սահմանումը:
5. Ֆոտոգրամետրիկ աշխատանքների չափագիտական ապահովումը, շահագործման մեջ գտնվող չափման միջոցների, սարքավորումների հաշվառումը, սահմանված ժամկետներում չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների ապահովումը:
6. Քարտեզագրական աշխատանքներում պետական մենաշնորհի և մասնավորի ընդգրկման աստիճանի սահմանումը, քարտեզագրական աշխատանքների լիցենզավորումը:
7. Պետական մասշտաբային շարքի հանույթային նյութերի, տեղագրական քարտեզների և հատակագծերի և գրաֆիկական այլ նյութերի միասնական բանկի ստեղծումը և կառավարումը, պետական երկրատեղեկատվական համակարգի ներդրումը, պետական և համայնքային խնդիրների համար 1 քարտեզագրական /հանույթային/ հիմքը որպես բազային` սկզբունքի ներդրումը,
8. Թվային և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, ֆոտոգրամետրիայի, հանույթագրման մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը:
9. Քարտեզագրության ոլորտի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի սահմանումը:
10. Քարտեզագրական աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
11. Կադաստրային և այլ թեմատիկ քարտեզների ստեղծումը:
12. Աշխարհագրական անվանումների կանոնակարգումը, աշխարհագրական անվանումների գրանցման համակարգի, միասնական բանկի ստեղծումը:
13. Բազային քարտեզագրական նյութերի ստացման նպատակով օդա- և տիեզերահանույթների իրականացումը:
14. Թվային ֆոտոգրամետրիկ տեխնոլոգիաների ներդրում, ֆոտոպլանների և օրթոֆոտոքարտեզների ստեղծումը:
15. ՀՀ Ազգային ատլասի և քարտեզագրական հրատարակչական աշխատանքների կանոնակարգումը,
16. Քարտեզագրական աշխատանքների ստանդարտների սահմանումը:
17. Պետական մասշտաբային շարքի տեղագրական հատակագծերից և քարտեզներից, նյութերից և տվյալներից օգտվելու թույլտվության կարգի սահմանումը:
ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
1. Պետական գեոդեզիական ցանցի ստեղծման, թարմացման և զարգացման համար անհրաժեշտ է`
- ուսումնասիրել պետական գեոդեզիական ցանցը, վերականգնել այն գործող 1942 թ. կոորդինատային համակարգում` ապահովելով համապատասխան ճշտության աստիճան,
- սահմանել պետական /ազգային/ կոորդինատային և բարձունքային համակարգեր` պլանային և բարձունքային ցանցերի համար,
- ստեղծել պետական /ազգային/ գեոդեզիական ցանց` կիրառելով ժամանակակից /արբանյակային և թվային/ տեխնոլոգիաներ,
- սահմանել միջազգային կոորդինատային համակարգ` հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա,
- ավտոմատացնել գեոդեզիական ցանցերի կետերի կոորդինատների և բարձունքային նիշերի հավասարակշռում և հաշվարկման գործընթացները և ստեղծել գեոդեզիական տվյալների տեղեկատվական միասնական բանկ,
- միանալ գործող միջազգային կոորդինատային համակարգերին /EUREF, WGS-84/,
- սահմանել պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները` գեոդեզիական կետերի պահպանության խնդիրներում,
- վերանայել գեոդեզիական տվյալների «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նյութերի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը,
- վերանայել «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նյութերի պահպանման, կուտակման, տրամադրման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը, գաղտնիության ռեժիմի, գաղտնիության աստիճանի չափորոշիչները` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները,
- առանձին օբյեկտների /կետերի/ տվյալները` հաշվարկված միջազգային կոորդինատային համակարգերում հրապարակել պահանջվող ճշտությամբ` ելնելով միջազգային պայմանագրերից կամ տարածաշրջանային համագործակցության ծրագրերից,
- կանոնակարգել հատուկ և խտացման ցանցերի կետերի ստեղծման համար ելակետային տվյալների տրամադրումը, ստացված ցանցերի կետերի տվյալները տեղեկատվական բանկում ընդգրկելու նպատակով,
- կանոնակարգել գեոդեզիական աշխատանքների իրականացման, տվյալների պահպանման, տրամադրման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը:
2. Մասնավոր ինստիտուտի զարգացման համար անհրաժեշտ է`
- սահմանել գեոդեզիական աշխատանքների համակարգում պետական և մասնավոր ոլորտների գործառույթները, պետական մենաշնորհային աշխատանք համարելով պետական գեոդեզիական ցանցի տեխնիկական նախագծման և հավասարակշռման, կոորդինատների կատալոգների կազմման, տեղեկատվական բանկի կառավարման աշխատանքները, մասնավորեցնելով գեոդեզիական մնացած աշխատանքները /պետական պլանային ցանցի կետերի ամրացման և դիտումների, բարձունքային ցանցի ամրացման և նիվերիլիացման աշխատանքները, խտացման, հատուկ և հանույթային ցանցերի ստեղծում/, լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով,
- տեղական /գերատեսչական/ նշանակության գեոդեզիական աշխատանքների համար նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի սահմանումը,
- աջակցել մասնավոր կառույցների կայացմանը և զարգացմանը, նորմատիվ- իրավական ակտերով կանոնակարգել նրանց գործունեությունը, իրավունքները և պարտականությունները,
3. ՀՀ վարչատարածքային սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ է`
- տեղանքում /բնության մեջ/ իրականացնել սահմանների նկարագրման և ամրացման աշխատանքները,
- ձևակերպել վարչատարածքային միավորների սահմանների փոփոխությունները և ներկայացնել կառավարության հաստատմանը:
- համաձայն վարչատարածքային միավորների հաստատված նկարագրության կատարել սահմանների ամրացում և հատակագծերի պատրաստում և ներկայացումը ՀՀ կառավարության հաստատմանը:
4. Տեղեկատվական բանկի ստեղծման և կառավարման համար անհրաժեշտ է`
- ամբողջացնել պլանային գեոդեզիական ցանցի կետերի 1942 թ. կոորդինատային համակարգում ստեղծված կոորդինատների կատալոգները,
- ստեղծել կետերի կոորդինատների կատալոգները պետական /ազգային/ կոորդինատային համակարգում,
- ստեղծել կետերի կոորդինատների կատալոգները միջազգային կոորդինատային համակարգում,
- ստեղծել բարձունքային գեոդեզիական ցանցի կետերի բարձունքային նիշերի կատալոգները,
- պարբերաբար թարմացնել և ամբողջացնել հատուկ, խտացման և լոկալ ցանցերի կետերի կոորդինատները և բարձունքային նիշերը,
- ստեղծել և պարբերաբար թարմացնել պլանային և բարձունքային գեոդեզիական ցանցերի ուսումնասիրությունների սխեմաները,
- ավտոմատացնել գեոդեզիական տվյալների պահպանման, դասակարգման և տրամադրման աշխատանքները:
5. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ`
- համապատասխան գործողությունների հիման վրա շահագործումից հանել ֆիզիկապես և բարոյապես մաշված չափման միջոցները, սարքավորումները և գործիքները,
- որոշել անհրաժեշտ չափագիտական ստանդարտների ցանկը, բացակայության դեպքում կազմակերպել դրանց մշակումը կամ եղածի վերանայումը, ներդաշնակեցնելով համապատասխան միջպետական ստանդարտների հետ,
- որոշել գեոդեզիայի ոլորտում օգտագործվող գործիքների չափման միջոցների ցանկը,
- ապահովել գեոդեզիական ոլորտում պետական չափագիտական հսկողության ու վերահսկողության իրականացումը:
- իրականացնել գեոդեզիական գործիքների և սարքավորումների սերտիֆիկացումը և չափաբանական ապահովումը:
ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
1. ՀՀ տարածքը տեղագրական քարտեզներով և հատակագծերով ապահովելու համար անհրաժեշտ է`
- սահմանել տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքը,
- կազմել, թարմացնել, նախապատրաստել հրատարակման, հրատարակել և բազմացնել պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները և հատակագծերը` ավանդական և թվային /էլեկտրոնային/ եղանակներով,
- մեկ միասնական քարտեզագրական /հանութային/ հիմքի անցնելու համար` սահմանել բազային և թեմատիկ շերտերի կառուցվածքը,
- ստեղծել թվային քարտեզներ` երկրատեղեկատվական համակարգերի ներդրման համար,
- վերանայել տեղագրական քարտեզների և հատակագծերի «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նյութերի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը,
- սահմանել «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» դրոշմագիր ունեցող տեղագրական քարտեզների, հատակագծերի օդա- և տիեզերալուսանկարահանման նյութերի պահպանման, կուտակման, տրամադրման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը, գաղտնիության ռեժիմի, գաղտնիության աստիճանի չափորոշիչները` հաշվի առնելով ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները,
- կանոնակարգել քարտեզագրական աշխատանքների կատարման, տվյալների պահպանման տրամադրման աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը:
2. Մասնավոր ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ է`
- սահմանել քարտեզագրական աշխատանքների համակարգում պետական և մասնավոր ոլորտների գործառույթները, պետական մենաշնորհային աշխատանք համարելով պետական մասշտաբային շարքի քարտեզների ու հատակագծերի ստեղծման և թարմացման, պաշտոնական /Ազգային և Աշխարհի ատլասներ, վարչական քարտեզ և այլն/, աշխարհագրական անվանումների գրանցման համակարգի ստեղծման, աշխարհագրական անվանումների կատալոգի ստեղծման և վարման աշխատանքները, պետական երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և վարման աշխատանքների կանոնակարգումը` սահմանելով տարածքային, գերատեսչական և տեղական երկրատեղեկատվական համակարգերը, տեղեկատվական բանկի ստեղծման և կառավարման աշխատանքների կանոնակարգումը, մասնավորեցնելով ոչ պետական մասշտաբային շարքի տեղագրական, հանույթային, կադաստրային և թեմատիկ քարտեզագրական աշխատանքները, ինչպես նաև պետական մասշտաբային շարքից խոշոր մասշտաբի տեղագրական հանույթային աշխատանքները` լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով,
- տեղական /գերատեսչական/ նշանակության քարտեզագրական աշխատանքների համար նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի սահմանումը,
- աջակցել մասնավոր կառույցների կայացմանը և զարգացմանը, նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերի միջոցով կանոնակարգել նրանց գործունեությունը, իրավունքները և պատասխանատվության աստիճանը:
3. Տեղեկատվական բանկի ստեղծման և կառավարման համար անհրաժեշտ է`
- հաշվառել և կենտրոնացնել պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները և հատակագծերը,
- պարբերաբար թարմացնել պետական մասշտաբային շարքի քարտեզները և հատակագծերը,
- սահմանել հերթապահ քարտեզների վարման կարգը,
- սահմանել կադաստրային և այլ թեմատիկ քարտեզների հաշվառման, պահպանման և տրամադրման կարգը,
- ստեղծել տեղագրական քարտեզների և հատակագծերի թվային ֆոնդ ավտոմատացնելով դրանց պահպանման, դասակարգման և տրամադրման աշխատանքները,
- սահմանել հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների /Ազգային ատլաս և այլն/ հաշվառման, կուտակման և տրամադրման կարգը,
- իրականացնել ազգային ատլասի կազմման և հրատարակման խնդիրները,
- աջակցել երկրատեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների ներդրմանը պետական, գերատեսչական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում:
4. Աշխարհագրական անվանումների կանոնակարգման համար անհրաժեշտ է`
- ստեղծել աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման համակարգ,
- ստեղծել աշխարհագրական անվանումների պետական կատալոգ,
- հրատարակել աշխարհագրական անվանումների տեղեկատուներ և բառարաններ, այդ թվում` նաև պաշտոնական տեղեկատու /գազետիր/ ՄԱԿ-ի հանձնարարականներին համապատասխան,
5. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ`
- համապատասխան գործողությունների հիման վրա շահագործումից հանել ֆիզիկապես և բարոյապես մաշված չափման միջոցները, սարքավորումները և գործիքները,
- որոշել անհրաժեշտ չափագիտական ստանդարտների ցանկը, բացակայության դեպքում կազմակերպել դրանց մշակումը կամ եղածի վերանայումը` ներդաշնակեցնելով համապատասխան միջպետական ստանդարտների հետ,
- որոշել քարտեզագրության ոլորտում օգտագործվող գործիքների չափման միջոցների ցանկը,
- ապահովել քարտեզագրության ոլորտում պետական չափագիտական հսկողության ու վերահսկողության իրականացումը,
իրականացնել քարտեզագրական և ֆոտոգրամետրիական գործիքների և սարքավորումների սերտիֆիկացումը և չափաբանական ապահովումը:
6. Օդա- և տիեզերահանույթների իրականացման և դրանց արդյունքում ստացված նյութերի մշակման համար անհրաժեշտ է`
- ներդնել թվային ֆոտոգրամետրիկ տեխնոլոգիաներ և սարքավորումներ,
- կանոնակարգել օդա- և տիեզերահանույթների կատարման աշխատանքները,
- իրականացնել օդատիեզերահանույթային աշխատանքներ,
- ստեղծել թվային ֆոտոպլաններ և օրթոֆոտոքարտեզներ: