040.0387.100402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2002 թվականի N 387
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի ընթացիկ ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) մինչև պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գրանցումն ու կնիքի ձեռքբերումը`
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
թեմատիկ ֆինանսավորման մասով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային ու նրա համակարգի գիտական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների կամ վճարման հանձնարարագրերի ու կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու.
բ) պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գրանցումից և կնիքի ձեռքբերումից հետո «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային և նրա համակարգի գիտական հիմնարկներին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 2-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից: