040.0535.150502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2002 թվականի N 535
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ
(KfW) ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀՈՍԱՆՔԱՀԱՂՈՐԴԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի (KfW), «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված վարկային պայմանագրերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել`
ա) «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից տրամադրված «Էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնություն» վարկային ծրագրով տրված վարկի մարման օրերին և գումարներին համապատասխան թողարկել հասարակ մուրհակներ` պարտավորվելով թողարկված մուրհակներն ընդունել նաև որպես իր կողմից արտադրված էլեկտրական էներգիայի դիմաց վճարում.
բ) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից տրամադրված «Հոսանքահաղորդիչ համակարգի վերականգնում» վարկային ծրագրով տրված վարկի մարման օրերին և գումարներին համապատասխան թողարկել հասարակ մուրհակներ` պարտավորվելով թողարկված մուրհակներն ընդունել նաև որպես իր կողմից տեղափոխված էլեկտրական էներգիայի դիմաց վճարում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի հիման վրա թողարկված մուրհակների ի պահ ընդունումից հետո, ի լրումն 1998 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված ենթավարկային պայմանագրի, «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` ենթավարկի գումարն ավելացնելով 10000000 գերմանական մարկով` համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի (KfW), Հայաստանի Հանրապետության (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության) և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության միջև 1997 թվականի օգոստոսի 11-ին կնքված «Էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնություն» վարկային պայմանագրի (2001 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված վարկային պայմանագրի լրացմամբ) 1.2-րդ կետի.
բ) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` ի պահ ընդունելով սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի հիման վրա թողարկված մուրհակները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից: