Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 մարտի 2002 թվականի N 13

 

18. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ շարունակել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի իրականացման աշխատանքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆ 2002

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Ներկայումս առավել սուր արտահայտված էկոլոգիական հիմնախնդիրներից են բուսականության և հողերի դեգրադացիան, որն էլ հանգեցնում է անապատացման: Վերջինս կտրուկ նվազեցնում է բնական համակարգերի կենսաարտադրողականությունը, հողերի բերրիությունը, կրճատում անտառների, արոտավայրերի ու խոտհարքների տարածքները:

Անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Այդ է պատճառը, որ անապատացման դեմ պայքարը ընդգրկում է ոչ միայն բնական էկոհամակարգերի, դրանց բաղադրիչների և բնական պաշարների պահպանության ու օգտագործման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, այլև շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանն ուղղված ջանքերի, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական գործոնները: Հետևաբար, անապատացման դեմ պայքարի արդյունավետությունը, նախ և առաջ, պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմանների խորը վերլուծությունից և բնական պաշարների ներուժի բացահայտումից:

Հայաստանի Հանրապետության տարածքում անապատացման գործընթացները, որոնք առավել ակտիվացան վերջին տասնամյակի սոցիալ-տնտեսական ճգնաժամի և շրջափակման պայմաններում, իրենց առանձնահատուկ դրսևորումներով ներկայումս ընդգրկում են հանրապետության տարածքի շուրջ 80 տոկոսը: Գիտակցելով խնդրի կարևորությունը` Հայաստանը ակտիվ մասնակցություն ունեցավ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի...» Կոնվենցիայի մշակման Միջկառավարական բանակցային կոմիտեի աշխատանքներին և 1994 թվականի հոկտեմբերի 14-ին այն ստորագրեց Փարիզում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից սույն Կոնվենցիան վավերացվեց 1997 թվականի հունիսին:

Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի կազմումը հանդիսանում է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի...» Կոնվենցիայով հանրապետության ստանձնած պարտավորությունների առանցքային բաղկացուցիչ մասը: Ելնելով դրանից` ՀՀ Բնապահպանության նախարարությունը 1999 թվականին ձեռնամուխ եղավ մշակելու Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը, որին օժանդակեցին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP), ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի...» Կոնվենցիայի Քարտուղարությունը (UNCCD) և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) Հայաստանյան գրասենյակը:

Մշակվել է ղեկավար փաստաթուղթ, որի առաջին մասում վերլուծված են հանրապետությունում անապատացման բազմակողմանի պատճառները, երկրորդ մասում տրված են անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի ռազմավարական գերակայող ուղղությունները: Երրորդ մասում ներկայացված են տեղական նշանակության մի քանի առաջնահերթ ծրագրեր և Հայաստանի անապատացված տարածքների քարտեզագրական նյութերը:

Գործողությունների ազգային ծրագիրը` հնարավորություն կտա պետությանը առավել արդյունավետ նպատակաուղղել միջոցները հանրապետությունում և տարածաշրջանում բնապահպանական քաղաքականության, որպես ազգային անվտանգության խնդիր, իրականացման և անապատացման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ու կանխարգելման համար:

Այն նախատեսում է նախարարությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական, ուսումնական և այլ կազմակերպությունների անհրաժեշտ խնդիրների ու գործողությունների շրջանակը:

Գործողությունների ազգային ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավել որոշակի և հստակ ժամկետներում հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի շրջանակներում, ըստ ոլորտների, ֆինանսավորման չափերի ու աղբյուրների: Այն իր արտացոլումն է գտնելու` ըստ հնարավորության ՀՀ տարեկան պետական բյուջեում, համապատասխան համայնքների բյուջեներում, ինչպես նաև դոնոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում:

 

ԳԼՈՒԽ 1
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կատարված վերլուծության արդյունքում որոշվել են Հայաստանում անապատացման հիմնախնդիրները և դրանք առաջացնող պատճառներն ու գործոնները: Վերջիններիս վերացմանը կամ մեղմացմանը էապես կարող են նպաստել հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, որոնք ընդգրկում են`

. օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործումը

. տնտեսության բարելավումը

. բնօգտագործման մեխանիզմների կատարելագործումը:

 

Անհրաժեշտ է նշել, որ համալիր միջոցառումների այս համակարգը ամբողջությամբ արտացոլում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների բնույթը` ըստ առանձին ոլորտների, որոնցից հատկապես առանձնացվում են բնապահպանական ուղղվածության այնպիսի Կոնվենցիաները, ինչպիսիք են «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի Կոնվենցիաները: Ելնելով դրանից` Հայաստանում անապատացման գործընթացների դադարեցմանը կամ մեղմացմանը նպատակաուղղված գործողություններում առանձնակի կարևորություն են ստանում` - Կոնվենցիաների շրջանակներում համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը - տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցությունը:

 

1.1. Օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործում

 

1.1.1. Օրենսդրության կատարելագործում

 

Անապատացման դեմ պայքարի գործընթացում առաջնահերթ նշանակություն ունի օրենսդրությունում բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման հարցերի համապատասխանությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս բնագավառներին առնչվող օրենսդրական հիմքը հիմնականում ձևավորվել է շուկայական հարաբերությունների կայացման սկզբնական փուլում (1991-1994 թվականներ) և այս առումով ներկայումս առկա են ոչ միայն անհամապատասխանություններ, այլև գործող օրենքներում շատ հաճախ չեն արտահայտվում, ինչպես ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների, մասնավորապես բնապահպանական ուղղվածության պահանջները: Այս վիճակի հիմնական պատճառներն են` հանրապետության և նրա օրենսդիր մարմնի երիտասարդ լինելը, խորհրդային ռեժիմի ժառանգությունը, ըստ որի բնության պահպանությունը չէր համարվում առաջնահերթ գործունեություն, օրենքների պատրաստման և ընդունման երկարատև ընթացքը:

Օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև գործող օրենքների անբավարար մանրամասնմամբ և դրանցից բխող այլ իրավական ակտերի ոչ լրիվ ընդունմամբ, մասնավորապես բնապահպանական բնույթի, որը բացասաբար է անդրադառնում օրենքի կիրառման որակի վրա: Մյուս կողմից, գործունեության մի շարք ոլորտներ, որոնք անմիջականորեն առնչվում են շրջակա միջավայրի պահպանության հետ, ընդհանրապես չունեն օրենսդրական ապահովվածություն:

Ելնելով վերը շարադրվածից` Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործումը պետք է նպատակաուղղված լինի. 1. Բնության և շրջակա միջավայրի պահպանությունն ապահովող նոր օրենքների

ընդունմանը 2. Գործող օրենքներում համապատասխան փոփոխությունների և լրացումների

իրականացմանը 3. Ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը:

 

1. Նոր օրենքներ. Անապատացման դեմ պայքարի արդյունավետությունը, նպատակաուղղված բնության և շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը, պայմանավորված է տնտեսության տարբեր ոլորտներում հասարակական հարաբերությունների կարգավորումն ապահովող անհրաժեշտ օրենքների առկայությամբ: Այդ տեսակետից, ինչպես պարզվել է Հայաստանում գործող օրենսդրությունից, ներկայումս առկա են մի շարք չլուծված հիմնախնդիրներ շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության, սոցիալական ապահովվածության և այլ ոլորտներում, որոնք առ այսօր կարգավորված չեն համապատասխան օրենքներով: Հանրապետությունում անապատացման գործընթացների կանխարգելմանը կամ ազդեցության մեղմացմանը զգալիորեն կարող են խթանել առաջնահերթ նշանակություն ունեցող հետևյալ օրենքների ընդունումը`

. Շրջակա միջավայրի պահպանության մասին

. Թափոնների մասին

. Քիմիական նյութերի մասին

. Տարածքային կառավարման մասին

. Տարերային և այլ աղետների պատճառով բնակչությանը հասցված վնասի

փոխհատուցման մասին:

 

2. Փոփոխություններ և լրացումներ գործող օրենսդրությունում. Հայաստանի օրենսդրությունում փոփոխությունները և լրացումները պայմանավորված են բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման ոլորտի հասարակական հարաբերությունների կարգավորման հարցերի համապատասխանեցմամբ: Վերջինս պետք է նպատակաուղղված լինի հանրապետության տնտեսության բոլոր ոլորտները կարգավորող համապատասխան օրենսդրություններում բնապահպանական դրույթների արտացոլմանը և համալիր մոտեցմանը: Այս տեսակետից սկզբունքային նշանակություն ունեն` . տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների

իրավասությունների հստակեցումը . բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող

պաշտոնատար անձի իրավունքների և պարտականությունների սահմանումը . բնական պաշարների պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձի իրավունքների

և պարտականությունների սահմանումը . բնական պաշարների պահպանության և օգտագործման տնտեսական խթանումը . բնօգտագործողների իրավունքների և պարտականությունների հստակեցումը . բնական պաշարների ուսումնասիրության պետական կառավարման և մոնիտորինգի

իրականացման մեխանիզմների հստակեցումը . էկոլոգիական աղետների և անապատացման ենթարկված տարածքների չափանիշերի և

իրավական ռեժիմի սահմանումը, ինչպես նաև այդ վայրերում բնակչության

փոխհատուցումների և արտոնությունների համակարգի ներդրման մեխանիզմների

սահմանումը:

Նշված փոփոխություններն ու լրացումներն անհրաժեշտ է կատարել «Բնության պահպանության օրենսդրության հիմունքներում», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքներում և «Անտառային», «Ջրային» ՀՀ օրենսգրքերում:

Վերանայման կարիք ունեն նաև ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» համապատասխան հոդվածները: Այս առումով անհրաժեշտ է շեշտել, որ ինչքան իրավախախտումը հասարակական բարձր վտանգավորություն է ներկայացնում և ուղղված է հասարակական հարաբերությունների դեմ, բնականաբար ներգործության միջոցը, իր ազդեցության բաղադրիչներով, ավելի արտահայտիչ պետք է լինի:

ՀՀ գործող օրենսդրությունում փոփոխություններն ու լրացումները պետք է նպատակաուղղված լինեն նաև անհամապատասխանությունների և ներքին հակասությունների վերացմանը: Այսպես, «Բնության պահպանության մասին օրենսդրության հիմունքների» հոդվածի 15-ի համաձայն արգելվում է շահագործման ընդունել այն օբյեկտները, որոնք չեն ապահովում էկոլոգիական բոլոր պահանջների կատարումը: Այդպես օբյեկտները շահագործման ընդունած հանձնաժողովի նախագահն ու անդամները ենթակա են վարչական և քրեական պատասխանատվության:

Այդ առումով անհրաժեշտ է նշել, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61, 73 և 81 հոդվածները վարչական պատասխանատվություն են նախատեսում առանց ջրերի աղտոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքների և հարմարանքների, կազմակերպությունների կոմունալ և այլ օբյեկտների շահագործման հանձնելու համար (հոդված 61), անտառների վիճակի և վերարտադրության վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքներով չապահովված նոր և վերակառուցված կազմակերպություններ, արտադրամասեր, ագրեգատներ, տրանսպորտային ուղիներ, կոմունալ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելու համար (հոդված 73), նոր և վերակառուցվող այնպիսի կազմակերպություններ, կառուցվածքներ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելը, որոնք չեն բավարարում օդի պահպանության պահանջները (հոդված 81):

 

3. Օրենքներից բխող իրավական ակտեր. Ակնհայտ է, որ օրենքներից բխող իրավական ակտերի առկայությունը պայմանավորում է ընդունված օրենսգրքերի և օրենքների գործողությանը նպաստող կարևոր մեխանիզմները: Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործընթացում առանձնակի նշանակություն են ձեռք բերում այնպիսի իրավական ակտերի ընդունումը, որոնք վերաբերվում են` . բնական պաշարների կադաստրների վարմանը . բնական պաշարների մոնիտորինգի կազմակերպմանն ու իրականացմանը . բնապահպանական պետական վերահսկողությանը . սանիտարապաշտպանական գոտիների պահպանությանը . ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրերի համապատասխանեցմանը . շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը:

Բացի այդ, առայսօր ամբողջությամբ բացակայում են պետական արգելոցների պահպանական գոտիներին վերաբերող իրավական ակտերը: Վերանայման և Հայաստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն ունեն արգելոցների կանոնադրությունները: Սահմանված չեն պետական արգելավայրերի ռեժիմները և բնության հուշարձանների առանձնացման ու գույքագրման չափանիշերը: Կա անհրաժեշտություն ընդունելու ՀՀ Անտառային օրենսգրքից բխող մի շարք իրավական ակտեր:

Նշված իրավական ակտերի ընդունումը այսօր խիստ արդիական է: Դրանց մշակումը պահանջում է գիտական լուրջ հիմնավորումներ, որոնք պետք է բխեն միջազգային չափանիշերից` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները:

 

1.1.2. Կառավարման համակարգի կատարելագործում

 

Անապատացման դեմ պայքարի գործընթացի հաջողությունը նախ և առաջ պայմանավորված է բնապահպանության ոլորտում գործողությունների միասնական ռազմավարության իրականացումից: Այդ տեսակետից պետության հիմնական խնդիրն է ամրապնդել բնապահպանական գործունեության կառավարման մեխանիզմը, կատարելագործել էկոլոգիական պլանավորումը և տնտեսական բարեփոխումներ իրականացնելիս ինտեգրացնել շրջակա միջավայրի և այլ ոլորտների քաղաքականությունը: Հասարակության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման պետական ռազմավարությունը պետք է հենվի` . տնտեսական և այլ լուծումների նախապատրաստման և ընդունման գործընթացներում

էկոլոգիական գերակայությունները հաշվի առնելու համակարգի ունակության վրա . պետական էկոլոգիական միասնական քաղաքականություն իրականացնելու վրա . սոցիալական, տնտեսական և էկոլոգիական գործոններով փոխկապակցված շրջակա

միջավայրի դեգրադացիայի պատճառների ուսումնասիրության և վերլուծության վրա . պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության շրջանակներում բնապահպանական

գործունեության և բնօգտագործման կառավարման համակարգի կատարելագործման վրա . բնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության չընդհատվող,

համալիր և համընդհանուր ծրագրերի իրականացման վրա . էկոլոգիական միասնական քաղաքականության իրականացման համալիր

միջոցառումներում հասարակական կազմակերպությունների և տեղական բնակչության

արդյունավետ մասնակցության վրա . շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ բաց, լիարժեք, արժանահավատ և

ժամանակին տեղեկատվության ապահովման վրա:

Բնապահպանական և բնօգտագործման միասնական պետական քաղաքականության իրականացման ապահովման համար պետական կառավարման համակարգի կատարելագործումը պետք է նպատակաուղղված լինի` - բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցների գործունեության համակարգմանը - տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների

իրավասությունների ընդլայնմանը - տարաբնակեցման համակարգի կառավարմանը:

 

Բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցների գործունեության համակարգում. Բնապահպանական պետական կառավարման համապատասխան կառուցվածքը ընդգրկում է պետական կառավարման գրեթե բոլոր մարմինները (նախարարություններ, գերատեսչություններ և տարածքային կառավարման մարմիններ), որոնց համագործակցությունը բնապահպանական միասնական քաղաքականության իրականացման առումով կարիք ունի բարելավման:

Հանրապետությունում անապատացման հիմնախնդիրների լուծման պարտադիր անհրաժեշտություն է բնառեսուրսային համալիր պետական կառավարման համակարգման մարմնի կողմից բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը: Համաձայն գործող օրենսդրության պահանջների` այդ մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է: Վերջինիս կողմից, բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցների գործունեության համակարգման և միասնական պետական քաղաքականության իրականացման համար, անհրաժեշտ է գերակայությունը տալ ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ուղղությունների զարգացմանը:

 

1. Էկոլոգիական մոնիտորինգի (դիտանցի) համակարգի կատարելագործում. Ներկայումս Հայաստանում շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացմամբ զբաղվում են տարբեր կազմակերպություններ, որոնք այս բնագավառում աշխատանքները կատարում են տարբեր մակարդակներով, ոչ լրիվ և առանց կանոնակարգելու: Արդյունքում` բացակայում է ցուցանիշերի հավաքագրման և վերամշակման գործընթացի համակարգումը: Լիարժեքորեն չեն իրականացվում մթնոլորտի, հողի, ջրային պաշարների, բուսական և կենդանական աշխարհի մոնիտորինգը: Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է` . մշակել Հայաստանում էկոլոգիական մոնիտորինգի հայեցակարգը . կատարելագործել ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի

մոնիտորինգի կենտրոնի կազմակերպական կառուցվածքը:

Նշված գործողությունների իրականացումը հնարավորություն կտա կազմակերպելու հանրապետությունում լիարժեք էկոլոգիական մոնիտորինգի համակարգ (ներառյալ անապատացման մոնիտորինգ), որը պետք է ընդգրկի հետևյալ միջոցառումները.

- կարևորագույն տեղամասերի փորձադաշտային ցանցի ստեղծում`

էկոհամակարգերի վիճակի անընդհատ կամ պարբերական հսկողության համար

- բնական պաշարների աէրոտիեզերական և քարտեզագրական տեղեկատվական բանկի

ձևավորում

- տարածքների էկոլոգիական լարվածության չափանիշերի և գնահատման

սանդղակի մշակում

- օպերատիվ թեմատիկ քարտեզների կազմում (ժամանակակից վիճակի, փոփոխության

և կանխատեսումի)

- լանդշաֆտների օպտիմալացում և գործնական մոդելների ստեղծում:

 

2. Պետական բնապահպանական փորձաքննության համակարգի կատարելագործում. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը նպատակաուղղված է շրջակա միջավայրի կենսապահովման որակի պահպանմանը և բնակչության էկոլոգիական անվտանգության ապահովմանը: Այն միավորում է շրջակա միջավայրի պահպանությունը և տնտեսական գործունեության պլանավորումը: Այս տեսակետից Հայաստանի բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության համակարգի գործունեության հետագա կատարելագործումը պետք է ուղղված լինի` . բնապահպանական փորձաքննության հայեցակարգի մշակմանը . բնապահպանական փորձաքննության իրականացման գործառույթների սահմանմանը . գործող կառույցի իրավական կարգավիճակի վերանայմանը և կատարելագործմանը . անհրաժեշտ իրավական ակտերի մշակմանը . բնապահպանական փորձաքննության իրականացման գործընթացին հասարակայնության

ընդգրկմանը և փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության

տրամադրմանը:

 

Այս ամենից բացի, անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան` . շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը ընդգրկել բնական պաշարների

օգտագործման թույլտվությունների (լիցենզիաների) տրման և հողօգտագործման

պլանավորման գործընթացներում . շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մոտեցումները օգտագործել

ծրագրերի, նախագծերի մշակման ժամանակ . շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այլընտրանքային

վերլուծությունների խթանմանը:

 

3. Բնապահպանական պետական վերահսկողության համակարգի կատարելագործում. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման պետական վերահսկողությունը իրականացվում է Հայաստանի բնապահպանության նախարարության Հանրապետական բնապահպանական պետական տեսչության (ՀԲՊՏ) կողմից: 1990 թվականից հետո ընկած ժամանակահատվածում ձևավորվող շուկայական և հասարակական հարաբերությունները, երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը լուրջ հիմնախնդիրներ առաջացրին ՀԲՊՏ-ի գործառույթների իրականացման գործընթացում:

Այժմ, երբ բնապահպանական նշանակության օրենքների մեծ մասը գործողության մեջ են, իսկ Հայաստանը այս ոլորտում ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություններ, անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկել ՀԲՊՏ-ի համակարգի կատարելագործման ուղղությամբ: Այդ տեսակետից ռազմավարական նշանակություն ունեն առաջնային հանդիսացող հետևյալ հարցերը` . վերահսկողության հայեցակարգի մշակումը . ՀԲՊՏ-ի գործառույթների սահմանումը . ՀԲՊՏ-ի կազմակերպական կառուցվածքի վերանայումը . տնտեսության տարբեր ոլորտներում տեսչական գործառույթների իրականացման

մեթոդական հրահանգների մշակումը . լաբորատոր ժամանակակից սարքավորումների և մեթոդների ներդրումը . տեխնիկական վերազինումը . ՀԲՊՏ-ի աշխատակիցների նյութական խրախուսման մեխանիզմների ներդրումը . ՀԲՊՏ-ի գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակումը:

Հանրապետությունում բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցների գործունեության համակարգման նպատակով` ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնում, «Պետական բնապահպանական փորձաքննություն» ՊՓԲԸ-ում և ՀԲՊՏ-ում նախատեսվող բարեփոխումների արդյունավետությունը և գործառույթների օբյեկտիվ իրականացումը ապահովելու համար անհրաժեշտ է` . մշակել և ներդնել մեխանիզմներ, որոնք կապահովեն այդ ստորաբաժանումների

փոխկապակցված և ներդաշնակ գործունեությունը . մշակել և ներդնել մեխանիզմներ, որոնք կապահովեն Բնապահպանության

նախարարության փոխկապակցված և ներդաշնակ գործունեությունը հանրապետական և

մարզային պետական կառավարման մարմինների հետ . մշակել և ներդնել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան

բնապահպանության ոլորտում ինտեգրացնելու նաև ոչ կառավարական, գիտական և

կրթական կազմակերպությունների գործունեությունը . քննարկման առարկա դարձնել բնական ռեսուրսների պետական կառավարման,

բնապահպանության և բնօգտագործման տարանջատման նպատակահարմարության

հարցերը:

 

Ընդերքօգտագործման և անտառօգտագործման բնագավառներում շուկայական հարաբերությունների անցման հետ կապված արմատական փոփոխությունների պայմաններում, պահանջվում է շրջակա միջավայրի մոնիտորինգի, բնապահպանական փորձաքննության և բնապահպանական վերահսկողության գործառույթների սկզբունքային և անաչառ իրականացում:

 

Տարածքային պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ընդլայնում. Հայաստանի Հանրապետության բնաշխարհագրական, դեմոգրաֆիական առանձնահատկությունները, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերությունները պայմանավորում են տարածքային քաղաքականության կարևորությունը, որի հիմնական խնդիրներն են` - հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական ներդաշնակ

զարգացումը - պետական կառավարման և տնտեսության կարգավորման հետագա ապակենտրոնացումը - տեղական ինքնակառավարման մարմինների դերի և գործունեության

արդյունավետության բարձրացման ապահովումը - պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև

հավասարակշռության ապահովումը:

 

Կառավարությունը ակտիվ տնտեսական քաղաքականություն կիրականացնի սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող մարզերի նկատմամբ: Այն պետք է լինի իրատեսական, հնարավորություն տա բարձրացնել բնակավայրերի զարգացման մակարդակը: Պետական քաղաքականությունը նպատակաուղղված կլինի տնտեսավարող սուբյեկտների աջակցմանը, խթանների համակարգի կիրառմանը և դրանց ինքնուրույն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, մարզի տնտեսության ենթակառուցվածքների վերակառուցմանը, ներդրումների համար պայմանների ստեղծմանը, լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու նպատակով ծրագրերի մշակմանը, ֆինանսական աջակցության համակարգերի վերանայմանը:

Ելնելով վերոհիշյալ խնդիրներից կառավարման համակարգի կատարելագործումը պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով:

 

1. Պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակեցում: Դա մասնավորապես ենթադրում է մարզպետներին առավելագույնս վերահսկողական, համակարգման գործառույթների իրավասության տրամադրում` մարզային խորհրդի իրավասությունների, գործունեության հստակեցում և ընդլայնում: Մարզպետի հիմնական լիազորությունը պետք է դառնա մարզի տարածքում ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի և ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը: Այս ֆունկցիան իրականացնելու համար մարզպետական ինստիտուտին պետք է վերապահվի նաև համապատասխան ոլորտի մարզային տեսչական վերահսկողական գործառույթների իրականացումը մարզի տարածքում` հանրապետական մակարդակում այն թողնելու նախարարությունների և գերատեսչությունների վրա:

Կարևորվում է համայնքին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման մեխանիզմների կանոնակարգումը և դրանց ֆինանսավորման հստակեցումը:

Առավելագույն չափով պետք է կիրառվեն տեղական ինքնակառավարման խթանման այնպիսի հանրաճանաչ սկզբունքներ, ինչպիսիք են պետական մարմինների որոշ իրավասությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե դրանք առավել արդյունավետ կարող են կատարվել համայնքներում, իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանությունը, համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեության իրականացման իրավունքը:

Տեղական ինքնակառավարման հիմքում պետք է դրվի համայնքների սեփականությունը, որի օգտագործմամբ պետք է պայմանավորվի տեղական եկամուտների, մարզի բնակչության սոցիալ-տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցների ստեղծումը: Դա կխրախուսի տեղական ինքնակառավարման համակարգի, որպես քաղաքացիական հասարակության կարևոր տարրերից մեկի զարգացումը:

Մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման, հումքի, բնական, աշխատանքային ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքների ընդլայնումը կնպաստի միջմարզային և ներմարզային հարաբերությունների կառավարման վերակառուցմանը, այդ թվում` տեղական ինքնակառավարման և պետական կառավարման տարածքային մարմինների փոխհարաբերությունների կատարելագործմանը:

2. Հանրային ծառայություների հետագա ապակենտրոնացում, համայնքային սեփականության դաշտի ընդլայնում, որը ենթադրում է. - համայնքային ենթակառուցվածքների կառավարման կազմակերպա-իրավական ձևերի,

կառավարման մոդելի հստակեցում և դրանց գործունեության կանոնակարգում,

միջհամայնքային միավորումների ստեղծում. - պետական բյուջեից կապիտալ ներդրումների, սուբսիդիաների, սուբվենցիաների,

դոտացիաների և այլ օժանդակության տրամադրում համայնքներին միջհամայնքային

միավորումների միջոցով:

 

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ջրամատակարարման, ոռոգման, բնակարանային ֆոնդի, աղբահեռացման, կանաչ գոտիների պահպանման, ներհամայնքային տրանսպորտի, էլեկտրագազամատակարարման ցանցի շահագործմանն ու օգտագործմանը: Այստեղ ենթադրվում է համայնքների խոշորացման տարբերակ դիտարկել այդ ծառայությունների մատուցման իրավասությունը վերապահելով խոշոր քաղաքներին, դրա հաշվին փոքր համայնքներում կրճատելով այդ ուղղությամբ ծախսերը, կամ լուծարելով ստեղծված համայնքային կազմակերպությունները:

Համանման խնդիրներ պետք է լուծվեն նաև համայնքներին անցած սոցիալական ենթակառուցվածքների գործում, մասնավորապես կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտներում:

Սոցիալական ծառայության համակարգում անհրաժեշտ է մեծացնել համայնքների դերը: Սա հիմք կհանդիսանա համայնքների կողմից սոցիալական աջակցության սեփական այլ ծրագրերի կիրառմանը` մասնավորապես, բնակարանային նպաստների համակարգի ներդրմանը: Այստեղ ապակենտրոնացման գործընթացները անհրաժեշտորեն կփոխկապակցվեն տվյալ ոլորտում իրականացվող տնտեսական ռեֆորմների հետ, որի արդյունքում պետք է ակնկալել համայնքների խմբի հնարավորությունը այս տեսակ ծառայությունների մատուցումը համապատասխան որակով և ծառայությունների անընդհատության ապահովումը:

 

3. Մարզերի, համայնքների, առանձին տարածքների զարգացմանը և դրանց մասնագիտացման խոշորացմանը ուղղված աջակցման նպատակային ծրագրերի մշակում. Նշված տարածքներում արտադրողական ուժերի տեղաբաշխման արդյունավետ սխեմաների մշակում: Այդ նպատակով անհրաժեշտ է` - շրջանառության մեջ դնել մարզերի համաչափ զարգացման Հայաստանի տարաբնակեցման

հիմնադրույթների նախագիծը - մշակել մարզերի, համայնքների (տարածքների) սոցիալ-տնտեսական ներուժը

բնութագրող ցուցանիշերի համակարգ և գնահատման մեթոդներ:

 

Համայնքների սոցիալ-տնտեսական ներուժը բնութագրող ցուցանիշերի համակարգը հիմք կհանդիսանա համայնքների անձնագրի նախապատրաստման համար: Այդ անձնագրերի հիման վրա հնարավորություն կստեղծվի տարանջատելու և դասակարգելու համայնքները, հստակեցնելու պետական մոտեցումները ֆինանսական ռեսուրսների բաշխման և տարածքային քաղաքականության իրականացման գործում:

Առանձնահատուկ ուշադրության են արժանանում լքյալ, սահմանամերձ, թույլ զարգացած, բարձր լեռնային բնակավայրերի, գոտիների, առանձին տարածքների զարգացման նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը: Նման ծրագրերի մշակումը պայմանավորված է այդ բնակավայրերում աղքատության բարձր աստիճանով և նոսր բնակեցվածությամբ` անապատացման վտանգի գործոնով:

Այս ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել գյուղական բնակավայրերի զարգացման, սահմանամերձ բնակավայրերի ամրացման ծրագրերի նախագծումը: ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: Նշված, ինչպես նաև աղետի գոտու վերականգնման ծրագրում ընդգրկված համայնքներին և բնակավայրերին պետք է տրամադրվեն մի շարք արտոնություններ` շարունակվի հողի անհատույց սեփականաշնորհումը, բյուջետային աշխատողների աշխատավարձի հավելումների վճարումը և այլն:

Տնտեսական քաղաքականության տեսանկյունից կարևորվում է այդ բնակավայրերի տնտեսական ներուժի աճի, բիզնեսի ակտիվացմանն ուղղված պետական միջամտությունը: Նման միջոցառումների շարքին կդասվի այդ բնակավայրերում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով պետության միջոցներով ենթակառուցվածքների ցանցի ձևավորումը:

 

Տարաբնակեցման համակարգի կառավարում. Հայաստանի Հանրապետության տարածքի ռացիոնալ կազմակերպման, շրջակա միջավայրի բարելավման, մարդկանց բնակության, աշխատանքի, հանգստի համար բարեկեցիկ պայմանների ստեղծման խնդիրների լուծման գործում կարևորվում է հեռանկարային տարաբնակեցման ուրվագծի մշակումը, որը կատարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերներով 1998 թ.:

Նշված ուրվագծի իրականացումը, հաշվի առնելով տարածքի դեմոգրաֆիական տարողունակությունը և էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, պետք է ապահովի գործունեության լայն ծրագիր` Հայաստանի տարածքում բնակչության ռացիոնալ տեղաբաշխումից մինչև առանձին բնակավայրերի ֆունկցիոնալ դերի ճշտումը և դրանց զարգացման հեռանկարային ուղղությունների կանխորոշումը: Ուրվագծում անհրաժեշտ է հաշվի առնել արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության, կրթության և գիտության, կապի, սոցիալական ապահովության և մյուս բնագավառների ծրագրային առաջարկությունների ընդունելի տարբերակները:

Տարաբնակեցման ուրվագծի գնահատականի արդյունքում պետք է տրվեն` - բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման այն հնարավորությունները,

որոնք որոշում են հեռանկարային զարգացման ուղղությունները` համակցված

շրջակա միջավայրի պահպանության խնդիրների հետ - տարածքի տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիների

բարենպաստության աստիճանը տնտեսական գերադասելի ձևերի օգտագործման,

բնակավայրերի ցանցի տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների

կատարելագործման համար այդ գոտիների օգտագործման հետագա ռեժիմը - դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ բնակչության առավելագույն այն չափի

որոշումով, որը իր ամենօրյա կարևոր պահանջները կարող է բավարարել սեփական

ռեսուրսներով` չխախտելով տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը:

 

Ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի Հայաստանի տարածքը բաժանվում է չորս գոտիների` ինտենսիվ, թույլ յուրացված, ռեկրեացիոն ու բնապահպանական և տարաբնակեցման համար անբարենպաստ:

Տարաբնակեցման ուրվագծի իրականացման միջոցառումները պետք է նպատակաուղղվեն` - բնակավայրերի ցանցի համամասնական զարգացմանը - կենտրոնից դեպի ծայրամասեր հակաուրբանիզացիոն գործընթացին - խոշոր քաղաքների զարգացման ինտենսիֆիկացմանը` դրանց մեխանիկական և

տարածքային աճի սահմանափակման պայմաններում - փոքր և միջին բնակավայրերի զարգացմանը` դրանց սոցիալ-տնտեսական պոտենցիալի

զարգացումով - թույլ զարգացած գոտիներում բազմաֆունկցիոնալ քաղաքային կամ գյուղական

կենտրոնների ցանցի ձևավորմանը - նախկինում լքված կամ լիկվիդացված բնակավայրերի վերականգնմանը:

 

Այս միջոցառումների իրականացումը թույլ կտա վերջնականապես ձևավորել զարգացած մարզային և միջմարզային (տնտեսական) տարաբնակեցման համակարգեր` կատարելագործված ինժեներական ենթակառուցվածքներով և նվազեցնել անապատացման վտանգը հանրապետության տարածքներում:

 

1.2. Տնտեսության բարելավում

 

Հայաստանի տնտեսության զարգացումը առաջիկա տարիներին շարունակելու է ունենալ տեխնածին բնույթ և այդ առումով հանրապետությունում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը ավելի է բարդանալու և ծախսատար դառնալու: Նույնիսկ ներկա վիճակով, Հայաստանի շրջակա բնական միջավայրը պահպանելու համար, հանրությունից, պետությունից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից և տնտեսավարող սուբյեկտներից պահանջվում է լրացուցիչ բնապահպանական միջոցառումների ու ծախսերի կատարում:

Հանրապետությունում տնտեսական իրավիճակը կարող է կայունացվել և բարելավվել միայն սոցիալ-տնտեսական զարգացման փոփոխության ուղիով` ձևավորելով արժեքային նոր հիմքեր, վերանայելով մարդու գործունեության միջոցների, գերակայությունների, նպատակների և պահանջների կառուցվածքը:

Անհրաժեշտ է, որպեսզի արտադրա-տնտեսական գործունեությունը կառուցվի էկոլոգո-իրավական հարաբերությունների համակարգի հիման վրա, որը կկանոնակարգի էկոլոգիական և սանիտարա-հիգիենիկ պահանջների կատարումը և կապահովի բնակչության առողջության և բնապահպանական միջոցառումների իրականացման երաշխիքը:

Տնտեսության և շրջակա միջավայրի նոր փոխհարաբերությունների հիմքում պետք է դրվի այն գաղափարը, որ շրջակա բնական միջավայրի պահպանությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ այն կհանդիսանա տնտեսական մեխանիզմի հիմնական մասը և տնտեսավարող սուբյեկտի համար կլինի շահավետ:

 

1.2.1. Գյուղատնտեսություն

 

Գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակից դուրս գալու և անապատացման գործընթացների հետագա կանխարգելման կամ ազդեցության մեղմացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել գիտականորեն հիմնավորված հետևյալ համալիր միջոցառումները. . անասնապահության բնագավառում`

- անասնաբուծության վարման համակարգի ներդրում . արոտավայրերի և խոտհարքների բարելավում`

- հակաէրոզիոն մելիորատիվ միջոցառումների ներդրում, արոտավայրերի

հերթափոխային արածեցում, արածեցման նորմավորում, քարհավաք, վնասակար

բույսերի ոչնչացում, պարարտացում, ճանապարհների կարգավորում,

ջրարբիացում. . մշակովի հողերի բարելավում`

- հակաէրոզիոն ագրոտեխնիկական և ֆիտոմելիորատիվ միջոցառումների ներդրում.

- հողերի հումուսային ֆոնդի և բերրիության պահպանության նպատակով

օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործում` ստորև բերված

չափաքանակներով.

 

Անտառային դարչնագույն տափաստանացված հողերում

 

Ջրովի շարահերկ մշակաբույսերի համար`

Գոմաղբ 30-60 տ/հա + N90-120 P60 K60 կամ N120-150 P90 K90,

Հացահատիկի համար` N120-150 P60-90 K45-60,

Բազմամյա և միամյա խոտերի համար` N30-45 P30 K30.

 

Անջրդի հացահատիկի համար` N60-90 P30-60 K30-45,

Բազմամյա և միամյա խոտերի համար` N30-45 P30 K30.

 

Սևահողերում

Ջրովի շարահերկ մշակաբույսերի համար` Գոմաղբ 45-60 տ/հա + N90-120 P90-120 K60-90 կամ N150-180 P90-120 K60-90,

Հացահատիկի համար` N120-150 P60-90 K60.

 

Անջրդի հացահատիկի համար` N90-120 P60 K60,

Բազմամյա և միամյա խոտերի համար` N30-45 P30 K30.

 

Շագանակագույն հողերում

Ջրովի շարահերկ մշակաբույսերի համար`

Գոմաղբ 30-60 տ/հա + N90-120 P60 K60 կամ N120-150 P90 K90,

Հացահատիկի համար` N120-150 P60-90 K60,

Բազմամյա և միամյա խոտերի համար` N30-45 P30 K30.

 

Անջրդի հացահատիկի համար` N60-90 P30-60 K30-45.

 

Կիսաանապատային գորշ հողերում

Շարահերկ մշակաբույսերի համար`

Գոմաղբ 60-90 տ/հա + N60-90 P90 K60 կամ N120-180 P90-120 K60-90,

Հացահատիկի համար` N90-150 P60-90 K45-60,

Բազմամյա խոտերի համար` N45-60 P30-45 K30:

 

Այդ ամենին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել - մշակաբույսերի հերթափոխային օպտիմալ տարբերակների ընտրություն - հողի մշակության, լեռնային երկրագործության համար նախատեսված տեխնիկական

միջոցների օգտագործում - էկոլոգիապես անվտանգ մթերքների ստացման համար բույսերի պաշտպանության

քիմիական միջոցների չափավոր քանակների և առավել անվտանգ տեսակների

օգտագործում - կիսաանապատատափաստանային գոտու հողերում վարելահողի քարերից մաքրում և

ցեմենտացած շերտի փշրում (հատկապես բազմամյա տնկարկներ հիմնադրելու

դեպքում) - ոռոգման ցանցի կարգավորում, մշակաբույսերի ջրապահովում - ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգի վերականգնում - նոր մելիորացված և երկրորդային աղակալում ունեցող հողերում ոռոգման բարձր

նորմերով լվացվող ռեժիմի ստեղծում - բույսերի պաշտպանության առավել անվտանգ միջոցների սահմանված չափաքանակներով

և օպտիմալ ժամկետներում օգտագործում:

 

1.2.2. Քաղաքաշինություն

 

Քաղաքաշինական գործունեության բնագավառում անապատացման դեմ պայքարը, միջոցառումների դասակարգման տեսանկյունից, կարելի է դիտել երեք հիմնական ասպեկտներով. 1. Բնապահպանական սահմանափակումների կիրառում 2. Հողերի ռացիոնալ օգտագործում 3. Արտածին երկրաբանական պրոցեսների կանխարգելում:

 

1. Քաղաքաշինական գործունեության և բնապահպանական սահմանափակումների համատեղման լուծումը միջոցառումներ է պահանջում հետևյալ միմյանց հաջորդող փուլերի համար` . Նախագծային . Նախագծերի քննարկում և հաստատում . Նախագծերի իրականացում

Բնապահպանական սահմանափակումները ներկայացված են համապատասխան շինարարական նորմերում, պետական ստանդարտներում, հրահանգներում և ցուցումներում:

 

2. Բնական ռեսուրսների պահպանությունը նախատեսում է հողերի կայուն օգտագործում, ըստ որի բնակավայրերի կառուցման և զարգացման համար պետք է հատկացվեն գյուղատնտեսական օգտագործման համար ոչ պիտանի հողեր (բացառությունը թույլատրվում է օրենքով սահմանված կարգի համաձայն): Սակայն գյուղատնտեսական շրջանառությունից անդարձելիորեն, խախտումների արդյունքում օտարացվել են բարձրորակ հողերի զգալի տարածքներ:

Քաղաքաշինական նպատակների համար գյուղատնտեսական հողերի հատկացումը, հաճախ կապված է կտրտված ռելիեֆով ու բարդ երկրաբանական պայմաններով տարածքների յուրացման հետ:

Այդպիսի տարածքների յուրացումը պահանջում է լրացուցիչ միջոցառումների իրականացում, այդ թվում` - քաղաքաշինական նոր հայեցակարգի մշակում - շենքերի և կառուցվածքների կոնստրուկտիվ և ճարտարապետական հատուկ

լուծումներ - տարածքների ինժեներական նախապատրաստման, ինչպես նաև ինժեներապաշտպան

կառուցվածքների ու տարածքների անվտանգությանը ծառայող այլ միջոցների

անխափան շահագործման ապահովում - տարածքների արտածին երկրաբանական պրոցեսներից ինժեներական պաշտպանության

համալիր միջոցառումների իրականացում:

 

3. Քաղաքաշինական գործունեության կարևորագույն ասպեկտներից է տարածքների ինժեներական պաշտպանությունը արտածին երկրաբանական պրոցեսներից, որոնք անապատացման կարևոր գործոններից են (սողանքներ, սելավներ և այլն): Այս ասպարեզում անապատացման դեմ ուղղված միջոցառումները կարելի է պայմանականորեն բաժանել հետևյալ փուլերի.

 

Առաջնահերթ ինժեներապաշտպանական միջոցառումներ: Առավել վտանգավոր տեղամասերում առաջնահերթ ինժեներապաշտպանական միջոցառումների իրականացման համար, ըստ փուլերի, պահանջվում է. . նախագծահետազննական աշխատանքներ . նախագծերի իրականացում . ինժեներապաշտպանական կառույցների շահագործման հանձնում:

 

Երկարաժամկետ միջոցառումներ, կապված արտածին երկրաբանական երևույթների կանխարգելման հետ.

Այս երևույթների կանխարգելումը ներառում է մի շարք խնդիրներ, այդ թվում` պրոցեսների մշտական հսկում (մոնիտորինգ), բոլոր տեսակի աշխատանքների կոորդինացում, հեռանկարային (ռազմավարական) ծրագրերի մշակում և իրականացում:

Արտածին երկրաբանական երևույթների կանխարգելման և առաջնահերթ ինժեներապաշտպան միջոցառումները (հակասողանքային, հակափլվածքային, հակասելավային, հակաէրոզիոն և այլն) ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ է` - Հայաստանի Հանրապետության տարածքի արտածին երկրաբանական բացասական

երևույթների քարտեզագրում 1:200000 կամ 1:100000 մասշտաբի` կախված բնական

վտանգի աստիճանից - վտանգավոր արտածին երկրաբանական գործընթացներով շրջանների և տեղամասերի

վերածնում, խոշորամասշտաբ քարտեզների կազմում, վտանգավորության աստիճանի

գիտական հիմնավորում և գնահատում, կատալոգների ու տվյալների բանկի

ստեղծում - ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխության տարածքա-ժամանակային

կանխատեսման տեսության և մեթոդների մշակում, այդ պայմանների տիպայինացում

և շրջանացում: Արտածին և ներծին երկրաբանական վտանգավոր գործոնների

փոխադարձ կապերի բացահայտում: Դասակարգման և գնահատման համալիր

ուսումնասիրություններ: Այդ երևույթների ուսումնասիրման ու վերծանման նոր

մեթոդների մշակում: Առավել վտանգավոր տարածքների նախնական

ուսումնասիրություն - լանդշաֆտների և լանջերի կայունության բարձրացման միջոցառումների մշակում,

նոր նյութերի, մեթոդների և տեխնոլոգիաների ներդրում - արտածին երկրաբանական գործընթացների զարգացման կանխատեսում, մշակվող

միջոցառումների մաթեմատիկական մոդելավորում - երկրադինամիկական, հիդրոդինամիկական, գեոմոնիտորինգների կազմակերպման և

գործողության մեջ դնելու համար տեսական հիմքերի ու կոմպլեքսային մեթոդների

մշակում:

 

1.2.3. Արդյունաբերություն

 

Արդյունաբերական կազմակերպությունների գործունեությունը բազմակողմանի ազդեցություն է թողնում բնական լանդշաֆտների վրա: Հայաստանում դրան նպաստում են հանքամշակումից գոյացած լցակույտերը, պոչամբարները, կեղտաջրերի մաքրման կայանների անբավարար վիճակը և այլն, որոնք հանգեցնում են բուսական, կենդանական աշխարհի և հողերի դեգրադացմանը, գյուղատնտեսական հողատարածքների կրճատմանը, ջրային պաշարների աղտոտմանը, սանիտարա-հիգիենիկ պայմանների վատթարացմանը և վերջին հաշվով, անապատացմանը:

Ելնելով դրանից` արդյունաբերության ոլորտում բարելավման աշխատանքները նախ և առաջ պետք է նպատակաուղղված լինեն էկոլոգիական իրավիճակի կենսունակության ապահովմանը: Այդ թվում` - մշակել Հայաստանի էկոլոգիական անվտանգության գիտա-տեխնիկական ծրագիր - մշակել և ներդնել անթափոն արտադրության տեխնոլոգիաներ - մշակել և ներդնել թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ - կատարելագործել թափոնների հեռացման և տեղադրման կառավարման համակարգը:

 

Հայաստանի էկոհամակարգի հետագա դեգրադացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է. 1. Իրականացնել թափոնների գույքագրման աշխատանքներ: Հայտնի է, որ նման

գույքագրում հանրապետությունում վերջին անգամ կատարվել է 1987 թվականին,

որի համաձայն կուտակված թափոնների ընդհանուր քանակը կազմում է 24.4 մլն.

տոննա. 2. Իրականացնել տեխնոգեն լանդշաֆտների ռեկուլտիվացիա, որը զգալիորեն կնպաստի

շրջակա միջավայրի պայմանների կայունացմանը: Ընդ որում, խախտված հողերի

ռեկուլտիվացիայի հիմնական ուղղություններ են` գյուղատնտեսական,

ռեկրեացիոն, անտառտնտեսական, ջրատնտեսական և ձկնաբուծական,

սանիտարա-հիգենիկ, շինարարական: 3. Կատարելագործել էկոլոգիական ստանդարտների վարման գործընթացը` կիրառելով

այնպիսի համակարգ, որը թույլ կտա աստիճանաբար իրականացնել

սահմանափակումներ առաջիկա 20-30 տարիների ընթացքում` օգտագործելով

միջանկյալ ստանդարտներ: 4. Օգտագործել այն շուկայական մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս

կատարելագործել աղտոտման համար վճարների գործող համակարգը: 5. Վերանայել պետական ծախսերի գերակայությունները այն տեսակետով, որ

արդյունաբերության վերակառուցումը ուղղված լինի շրջակա միջավայրի վրա

ազդեցության նվազեցմանը: Այդ նպատակով անհրաժեշտ է կիրառել տնտեսական

խթանման միջոցներ: Անխափան և բավարար չափով ֆինանսավորել կեղտաջրերի

մաքրման, թափոնների հեռացման և դրանց կադաստրների վարման աշխատանքներն

իրականացնող պետական ծառայություններին: Անհրաժեշտ միջոցներ ներդնել

էներգակիրների օգտագործման արդյունավետության բարձրացման, բնական

պաշարների պահպանության, սակավաթափոն և քիչ ծախսարար տեխնոլոգիաների

ներդրման, արտանետումները նվազեցնող ժամանակակից սարքավորումների ձեռք

բերման և ներդրման վրա:

 

1.2.4. Էներգետիկա

 

Հայաստանի էներգոհամակարգի կատարելագործումը անապատացման դեմ պայքարում ունի ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային նշանակություն:

Մինչև ԽՍՀՄ փլուզումը հայկական էներգոհամակարգը Անդրկովկասի միացյալ համակարգի բաղադրիչ մասն էր կազմում, որն իր հերթին ընդգրկված էր ԽՍՀՄ միացյալ էներգոհամակարգի կազմում: Հայաստանի էներգետիկ սեկտորն օգտագործում էր Խորհրդային մյուս հանրապետություններից ներմուծվող վառելիք (գազ, մազութ, միջուկային վառելիք)` միաժամանակ հանդես գալով որպես էլեկտրոէներգիայի արտահանող: 1960-1970 թվականներին կառուցված ջերմային էլեկտրոկայանները (ՋԷԿ) և Մեծամորի Ատոմային էլեկտրոկայանը (ԱԷԿ) ունեին տարածաշրջանային նշանակություն (դա հատկապես վերաբերվում էր ԱԷԿ-ին):

Հայտնի պատճառներով 1989 թվականից Անդրկովկասի երկրների էներգետիկ համակարգերը առանձնացան, սակայն 1996 թվականին ԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկի վերաթողարկումը, էներգետիկայի ոլորտում կառուցվածքային բարեփոխումները, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրոհաղորդման գծի կառուցումը թույլ տվեցին էլեկտրոէներգիա արտահանել հարևան երկրներ, մասնավորապես Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն: Դա հնարավորություն է ընձեռում Վրաստանին մասնակիորեն ծածկել էլեկտրոէներգիայի դեֆիցիտը, իսկ Հայաստանին` օգտագործել առկա արտադրող հզորությունները:

Իրանի հետ ներկայումս կատարվում է էլեկտրոէներգիայի փոխանակում: Ամռան ամիսներին էլեկտրոէներգիան փոխանցվում է Իրան, ձմռանը` Իրանից Հայաստան: Էլեկտրոէներգիայի արտահանումը հնարավոր է դարձնում բեռի գրաֆիկի հարթեցումը, որը մեր էներգահամակարգի ԱԷԿ-ի և ՋԷԿ-երի աշխատանքների համար ստեղծում է բարենպաստ պայմաններ: Բացի այդ, Հայաստանը կարող է արտահանել էլեկտրաէներգիա Թուրքիա և Նախիջևան, սակայն դրան խոչընդոտում են քաղաքական բնույթի հանգամանքներ:

Հայաստանն ունի հետևյալ միջպետական էլեկտրահաղորդման գծերը. Արարատ - Նախիջևան, 220 կՎ, 100կմ, Ագարակ (Մեղրի) - Ախար (Իրան), 220 կՎ, 100կմ, Ալավերդի - Մարնեուլի (Վրաստան), 220 կՎ, 65կմ, Գյումրի - Կարս (Թուրքիա), 220 կՎ, 65կմ, Հրազդանի ՀԷԿ - Աքստաֆա (Ադրբեջան), 330 կՎ, 108կմ:

Ելնելով վերը նշվածից` էներգետիկայի զարգացումը Հայաստանում պետք է հիմնված լինի հետևյալ դրույթների վրա. 1. էլեկտրոէներգիայի տարբերակված աղբյուրների ստեղծման քաղաքականության

վարում. 2. վառելիքի տեղական ռեսուրսների հետազոտում և օգտագործում, հատկապես

անհրաժեշտ է զարգացնել հիդրոէներգետիկան. 3. տարածաշրջանային համագործակցություն:

 

Վերակառուցման միջոցառումները ընդգրկում են երկու փուլ` 1. հրատապ - սարքավորումները 3-5 տարի աշխատանքային վիճակում պահելու, ինչպես

նաև որոշ տեղակայանքների «սառեցման» (կոնսերվացման) համար. 2. երկարաժամկետ - կայանների սարքավորումների արդիականացում:

Բացի այդ զարգացման ծրագրերը պետք է ընդգրկեն բնագավառի արտադրող, հաղորդող և տեղափոխող կայանքների պահպանման և նոր շինարարության (այդ թվում այլընտրանքային էներգիայի աղբյուրների ներդրման ուղղությամբ) ծավալման ներդրումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել հետևյալ ուղղություններով. 1. Երևանի ՋԷԿ-երում շոգեգազային տեղակայանքների կառուցում 2. Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտում 3. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության բարձրացում 4. ՀԷԿ-երի վերականգնում և վերազինում 5. նոր ՀԷԿ-երի շինարարություն 6. այլընտրանքային էլեկտրակայանների կառուցում 7. էներգախնայողության միջոցառումների իրականացում 8. էլեկտրացանցերի վերակառուցում, այդ թվում` . «Կամո» և «Վանաձոր-2» 200 կՎ ենթակայանների վերակառուցում և վերազինում . էլեկտրական հաղորդող ցանցերի վերակառուցում . Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ գծի կառուցում . դիսպետչերական կառավարման համակարգի արդիականացում . էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացում:

Էլեկտրաէներգիայի սակագների կայունացումը հանդիսանում է կարևոր սոցիալ-տնտեսական խնդիր, որի իրագործման ճանապարհին առանձնացվում են երկու հիմնական միջոցառումներ. . էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման միջոցառումները տեխնոլոգիական

շղթայի բոլոր օղակներում` արտադրություն, հաղորդում, բաշխում. . էլեկտրաէներգիայի սպառման ռեժիմների օպտիմալացում, այդ թվում հարևան

երկրների հետ փոխանակման նպատակահարմար ռեժիմների կիրառումը:

 

1.2.5. Տրանսպորտ

 

Հայաստանի աշխարհագրական դիրքը և ռելիեֆի առանձնահատկությունները գերակայող նախապայման են հանդիսանում տրանսպորտի ոլորտի կատարելագործման համար` ուղղված հաղորդակցման ուղիների և սպասարկման բնագավառի բարելավմանը: Ընդ որում, դա պետք է զուգակցվի անհրաժեշտ բնապահպանական նորմերի կիրառմամբ, որը զգալիորեն կնպաստի անապատացման գործոնների ազդեցության մեղմացմանը:

 

Ավտոմոբիլային տրանսպորտ. Ավտոմոբիլային ճանապարհները կազմում են հանրապետության տրանսպորտային համակարգի կարևոր բաղկացուցիչ մասը: Լեռնային բերդ ռելիեֆով պայմանավորված թույլ զարգացած երկաթուղային ցանցի առկայությամբ` Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհները վճռորոշ նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Հայաստանի մայրուղիների դերն անփոխարինելի է նաև միջազգային փոխադրումների գործում:

Հայաստանում ձևավորված ընդհանուր օգտագործման ավտոճանապարհային ցանցը կազմում է 7637 կմ, որի 96.7 տոկոսը ունի ամուր ծածկ: Հանրապետության յուրաքանչյուր 1000 քառ. կմ տարածքում առկա է 258 կմ ճանապարհ:

Վերջին տասնամյակում ճանապարհները սարքին վիճակում պահելու համար, նորոգման ու պահպանման մշտական համակարգված աշխատանքներ գրեթե չեն կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ճանապարհային ցանցի նորոգման նորմատիվային բոլոր ժամկետները վաղուց անցել են, դրանց ընթացիկ պահպանության աշխատանքները կատարվել են մայրուղիների վրա, այն էլ ոչ լիարժեք, ինչի հետևանքով ներկայումս ճանապարհները հայտնվել են զանգվածային քայքայման վիճակում: Ճանապարհների քանդվելուն նպաստել է նաև ծանր քաշային ցուցանիշերով տրանսպորտային միջոցների հոսքի աննախադեպ աճը: Այս ամենը պայմանավորում են ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում հետևյալ առաջնահերթ խնդիրները. . մշակել ճանապարհային ցանցի զարգացման ու կատարելագործման քաղաքականությունը

և ապահովել դրա իրականացումը . կազմակերպել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների

շինարարությունը, նորոգումն ու պահպանումը, ապահովել դրանց տեխնիկական

մակարդակի ու տրանսպորտա-շահագործման որակի բարձրացումը . ավտոճանապարհների շինարարության և շահագործման բնագավառում իրականացնել

միասնական տեխնիկական քաղաքականություն . մշակել ու ներդնել բնագավառին վերաբերվող նորմերն ու ստանդարտները . ստեղծել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների տվյալների բանկ:

 

Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացումը և բարելավման աշխատանքները սերտորեն առնչվում են բնապահպանական խնդիրների հետ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելիս պետք է հաշվի առնվեն, որ.

. ճանապարհների ձմեռային պահպանման, սառույցի և ձյան հալեցման համար

օգտագործվող աղանյութերը անցնում են հողի մեջ և առաջացնում հողի ու

բուսական աշխարհի դեգրադացիա

. ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացումը պետք է

համապատասխանեցնել տեղանքի լանդշաֆտների և երկրակեղևի

առանձնահատկություններին` սողանքային երևույթների հետագա զարգացմանը

չնպաստելու նպատակով

. ճանապարհային նախագծերը պարունակեն օրենսդրությամբ սահմանված

բնապահպանական միջոցառումները:

 

Երկաթուղային տրանսպորտ. Հանրապետության գլխավոր երկաթուղային գծերի երկարությունը կազմում է 789,4 կմ: Գծի 38 տոկոսը կազմում են թեք հատվածները, առկա են մեծ քանակությամբ արհեստական կառույցներ, այդ թվում 32.6 կմ երկարությամբ թունելներ և խոշոր կամուրջներ: Ճանապարհին առկա են փլուզվող տեղամասեր (Սանահին-Քոբեր, Իջևան-Դիլիջան): Շահագործվող գծերի երկարությունը կազմում է 695.4 կմ կամ ընդհանուրի 88.1 տոկոսը: Առավել ինտենսիվ բեռնափոխադրումների ուղղությունն է Երևան-Այրում` 298 կմ երկարությամբ:

Հայկական երկաթուղու հետագա զարգացումը և ընթացիկ բարեկարգման աշխատանքները ունեն իրենց համապատասխան ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Հիմնականում դա շինարարական գործոնն է, որը հանգեցնում է հողային և բուսական շերտերի հանմանը, հսկայական հողերի զանգվածների տեղափոխմանը, հողային լիցքերի ստեղծմանը: Ելնելով դրանից` շինարարության բացասական հետևանքների մեղմացման նպատակով անհրաժեշտ է`

. նախագծման աշխատանքների ընթացքում խստորեն հաշվի առնել երկաթուղու

յուրաքանչյուր հատվածի երկրակեղևի, ռելիեֆի և բուսականության

առանձնահատկությունները

. հողային զանգվածների կազմակերպված և նպատակային տեղափոխում:

 

1.3. Բնօգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործում

 

Հայաստանում առկա էկոլոգիական իրավիճակը բարելավելու, բնության վրա տնտեսության ծանրաբեռնվածությունը մեղմացնելու և այլ բնապահպանական հիմնահարցերը լուծելու համար, առաջնահերթ կարգով և անհրաժեշտ ծավալներով պետք է իրականացվեն համապատասխան բնապահպանական միջոցառումներ, վարվի նպատակաուղղված բնապահպանական քաղաքականություն` նպատակ ունենալով ապահովել. * Հայաստանի բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում * բնական ռեսուրսների վերարտադրություն և դրանց չվերականգնվող մասի գծով

օգտագործման սահմանափակում * շրջակա միջավայրի վրա ազդեցության աստիճանական նվազեցում` մինչև

էկոլոգիապես թույլատրելի սահմանը * բնօգտագործումից ստացվող պետության եկամուտների զգալի աճ:

Այդ նպատակների համար պետք է` 1. Իրականացվի բնական ռեսուրսների հաշվառման և տնտեսական գնահատման

համակարգի բարեփոխում: Կատարելագործվեն բնօգտագործման լիմիտավորման և

լիցենզավորման համակարգերը: 2. Կատարելագործվեն բնական ռեսուրսների վերարտադրության և շրջակա միջավայրի

պահպանության ֆինանսավորման մեխանիզմները, ապահովվի այդ ոլորտներում

աշխատանքների և ծառայությունների շուկայի ձևավորումը և հետագա

զարգացումը: 3. Ապահովվի ռազմավարական նշանակության և խիստ դիֆիցիտային բնական

ռեսուրսների կանխատեսման, որոնման և գնահատման աշխատանքների իրականացում,

դրանց ծավալների աստիճանական ավելացում, իսկ ձևերի` հետագա

կատարելագործումը: 4. Ապահովվի բնական ռեսուրսների ուսումնասիրության, վերարտադրության,

օգտագործման և պահպանության նոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացում,

ինչպես նաև երկրորդական ռեսուրսների օգտագործման տեսակարար կշռի

ավելացում, թափոնների օգտագործման բարձրացումը: 5. Ուժեղացվի կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանությանը

նպատակաուղղված գործունեությունը, ապահովվի բնության հատուկ պահպանվող

տարածքների ցանցի զարգացումը:

 

Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը հնարավոր է ապահովել միայն բնօգտագործման բնագավառում պետության կարգավորիչ դերի բարձրացման, դրա վերաիմաստավորման և կատարելագործման ճանապարհով: Այն ենթադրում է պետության կողմից հետևյալ գործառույթների իրականացում. * բնական ռեսուրսների հաշվառում և տնտեսական գնահատում * բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և պահպանության գծով

ազգային և տեղական ծրագրերի մշակում և իրականացում * բնօգտագործման ստանդարտների, նորմերի, իրավական ակտերի սահմանում, այդ

թվում` բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման գծով * բնական ռեսուրսների լիցենզավորման հենքի վրա դրանց օգտագործման

կազմակերպում, բնական ռեսուրսների օգտագործման բնապահպանական և

էկոլոգիական չափաքանակների (սահմանափակումների) սահմանում * օգուտների ծավալի որոշում, որոնք պետք է ստացվեն բնական ռեսուրսների

օգտագործումից կամ օգտագործման հանձնումից * բնական ռեսուրսների վերարտադրության համար բնապահպանական և բնօգտագործման

վճարների որոշակի մասի պարտադիր օգտագործման ապահովում` բնական ռեսուրսների

պահպանության, օգտագործման և վերարտադրության կառավարման գործունեության

ֆինանսավորման համար համապատասխան պայմանների ապահովում * բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գծով գործունեության

տեսակների լիցենզավորում * բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի զարգացման ապահովում:

 

Բնական ռեսուրսների տնտեսական գնահատման մեթոդների և դրանց օգտագործման վճարովիության սկզբունքների ու վարձաչափերի որոշման (կամ սահմանման) մեխանիզմների կատարելագործումը էականորեն նպաստում է բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, վերջիններիս վերարտադրությանը ու բնական միջավայրի պահպանմանը:

 

1.3.1. Ջրային ռեսուրսների օգտագործում

 

Ջրային ռեսուրսների պահպանությունը և արդյունավետ օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը հանրապետության տարածքում անապատացման դեմ պայքարի գործընթացում ունի վճռորոշ նշանակություն: Այդ տեսակետից Հայաստանի ջրատնտեսական հաշվեկշիռը, այդ թվում բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդիրը, խիստ լարված է, որը պայմանավորված է ջրային ռեսուրսների օգտագործման նոր ընդունված համալիր հայեցակարգի աստիճանական կիրառմամբ, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների դրույքաչափերի ցածր մակարդակով:

Հանրապետության ջրատնտեսական հաշվեկշռի լարվածության թուլացմանը նպաստող առաջնահերթ գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն ջրային ռեսուրսների մեծածավալ կորուստների կանխարգելմանը, այդ թվում` . ջրամբարների նորոգմանը, կոլեկտորադրենաժային ցանցերի շահագործմանը,

ինքնահոս հորատանցքերը փականային ռեժիմի բերման աշխատանքների ապահովմանը. . ոռոգման ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, ջրհան կայանների և

խորքային հորերի վերանորոգման աշխատանքների ապահովմանը. . Որոտանի հիդրոտեխնիկական կառույցի շինարարական աշխատանքների ավարտմանը և

շահագործմանը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարի Սևանա լիճ

լրացուցիչ տեղափոխել 165 մլն. խոր. մ ջուր, . նոր ջրամբարների, հիմնականում փոքր և տեղային նշանակության, կառուցմանը և

շահագործմանը:

 

Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության գործում առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում նաև աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, դադարեցումը և հետագա կանխարգելումը: Հայտնի է, որ Հայաստանի հիդրոէկոհամակարգերի էվտրոֆացման և աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, որոնց բացասական ազդեցության հետևանքների վերացմանը կամ մեղմացմանը նպատակաուղղված միջոցառումները պետք է ընդգրկեն` . կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների աստիճանական ներդրումը . Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրով նախատեսված

գործողությունների իրականացումը . ջրային աղբյուրների սանիտարական նորմերի պահպանումը . հանքային պարարտանյութերի օգտագործման սահմանափակումը . ջրային ռեսուրսների մոնիտորինգի անխափան իրականացումը . սանիտարական գոտիների ցանցի ընդլայնումը և այդ բնագավառում համապատասխան

ծառայությունների գործունեության անխափան ապահովումը:

Ներկայումս ջրօգտագործման վճարների արդյունավետությունը ցածր մակարդակի վրա է, որը պայմանավորված է ջրօգտագործողների կողմից ջրի վարձի թերավճարումներով (գանձելիության մակարդակը չի գերազանցում 30 տոկոսը):

Ջրամատակարարման ուղղությամբ բարեփոխումները, ջրօգտագործման վճարների հավաքագրման և ջրային ավազան արտանետվող վնասակար նյութերի համար գանձվող վճարների մակարդակի բարձրացումը ապահովելու համար անհրաժեշտ է` * կանխել ջրօգտագործման գործընթացում առկա ջրի կորուստների մեծ ծավալը * կատարելագործել ջրօգտագործման փաստացի ծավալների չափագրման տեխնիկական և

կազմակերպչական բնույթի հարցերը * պարզեցնել ջրօգտագործման գծով թույլտվությունների տրամադրման մեխանիզմը`

ապահովելով դրա թափանցիկությունը:

1.3.2. Ընդերքի օգտագործում

 

Ընդերքի օգտագործման բնագավառներն են` երկրաբանական ուսումնասիրությունները, օգտակար հանածոների արդյունահանումը և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված շահագործումը:

Հանրապետության տարածքի բազմամյա երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և հետախուզվել են տարբեր տեսակի օգտակար հանածոների շուրջ 480 հանքավայր, այդ թվում` պինդ օգտակար հանածոների` 417, քաղցրահամ ջրերի` 42 և հանքային ջրերի` 21:

Բացի պետական հաշվեկշռում գրանցված պաշարներից Հայաստանի տարածքում հայտնաբերված երևակումների սահմաններում հաշվարկված են կանխատեսումային ռեսուրսներ: Սա հիմք է տալիս ենթադրել, որ հանրապետության հանքահումքային հենքը կարող է ընդլայնվել և որակապես բարելավվել:

Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի մոտ 95 տոկոսը շահագործվում է բաց եղանակով, որը հանգեցրել է հողատարածքների խախտմանը` ընդգրկելով նաև ճանապարհները, լցակույտերի տեղադրման համար նախատեսվող, հանքահարստացման թափոնների տեղադրման տարածքներ և այլն:

Բացի այդ, ընդերքի օգտագործման բնագավառում առկա են մի շարք թերություններ, որոնցից հիմնականներն են` * ապօրինի /առանց կնքված պայմանագրերի/ շահագործվող հանքավայրերը * օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման բարդ

մեխանիզմը * արդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման լիցենզիաների տրամադրման ոչ

հստակ կարգը * խախտված հողերի վերականգնման և ռեկուլտիվացիայի ֆինանսավորման ու

իրականացման գործընթացի անկատարելիությունը:

Արդյունքում, հանրապետության լեռնարդյունաբերության գործունեության պատճառով խախտված հողերի տարածքները կազմում են շուրջ 7500 հա: Լեռնարդյունաբերական տարածքների 20 %-ը բաժին է ընկնում լցակույտերի և մոտ 13 %-ը հանքահարստացման թափոնների տեղադրման համար:

Ընդերքի օգտագործման բնագավառում առկա թերությունները վերացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները. . օգտակար հանածոների հանույթի առավել արդյունավետ, էկոլոգիապես անվտանգ

մեթոդների կիրառում . օգտակար հանածոների պաշարների վիճակի ու շարժի, դրանց կորուստների և

աղքատացման, ինչպես նաև հանքային հումքի և ընդերքում դատարկ տարածքների

հաշվառում ու համալիր օգտագործում . հանքային հումքի համալիր վերամշակմանն ուղեկցող օգտակար բաղադրամասերի

կորզում . ընդերքի օգտագործման տրամադրման մեխանիզմի կատարելագործում . խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) համար անհրաժեշտ

մեխանիզմների մշակում . օգտակար հանածոների պաշարների օգտագործման (արդյունահանման, մարման) համար

ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման դրույքաչափերի աստիճանական

բարձրացում` մինչև դրանց գնահատված կամ տնտեսական ռեալ արժեքին հասնելը . խախտված տարածքների վերականգնման համար հիմնադրամի ձևավորում և ներդրում . ընդերքօգտագործման բնագավառում տնտեսական նոր մեխանիզմների ներդրում:

 

1.3.3. Հողօգտագործում

 

Հայաստանի տարածքի բարդ և կտրտված ռելիեֆի պայմաններում տնտեսական գործունեությունը կենտրոնացված է տարածքի մոտ 60 տոկոսի վրա, որի արդյունքում հողօգտագործման և հողերի պահպանության բնագավառներում կուտակվել են բազմաբնույթ հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում է` . ապահովել հողերի նպատակային օգտագործման ծրագրավորումը, համաձայն դրանց

գոտիավորման և օգտագործման սխեմաների . ձևավորել հողի շուկան . կատարելագործել հողերի պահպանության և օգտագործման պետական

վերահսկողությունը` կիրառելով օրենսդրությամբ սահմանված տնտեսական խթանները . ստեղծել խախտված հողերի վերականգնման հիմնադրամ . կանխարգելել հողերի վրա վտանգավոր ազդեցությունը տարբեր աղտոտիչների կողմից . ստեղծել նպաստավոր պայմաններ գյուղատնտեսական նշանակության հողամասերի

միավորման համար` լիարժեք ցանքաշրջանառություն կազմակերպելու նպատակով . ապահովել արոտավայրերի ընդհանուր օգտագործման սկզբունքը:

Հողօգտագործման բնագավառում բնապահպանական խնդիրների լուծումը պայմանավորված էր հողային ռեսուրսների բարելավման ուղղությամբ կատարվող բյուջետային ծախսերից և հողի հարկի գծով պետական բյուջեի մուտքերից:

Ներկայումս հողի հարկի մուտքերը պետբյուջե նվազել են` կապված ՀՀ պետական բյուջե և ՀՀ համայնքների բյուջեներ հողի հարկի հավաքագրման հետ: Արդյունքում հողի հարկը ավելի շատ հանդես է գալիս որպես համայնքային բյուջեների համալրման աղբյուր, քան համապետական նշանակության հողային ռեսուրսների բարելավման նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական եկամուտների հավաքագրման աղբյուր:

Միևնույն ժամանակ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների, գյուղացիական տնտեսությունների, գյուղատնտեսական հողատեսքեր ունեցող տնտեսավարող սուբյեկտների անվճարունակությունը, բերում է հողի հարկի գծով հարկային ապառքների աճին: Բնական է, որ այս իրավիճակը չի խթանում հողերի արդյունավետ օգտագործմանը և պահպանությանը:

Այս բնագավառում գրեթե չեն կիրառվում օրենսդրությամբ սահմանված տնտեսական խթանները, ինչպիսիք են` . գյուղատնտեսական հողերի բարելավման (մելիորացիա) փուլում գտնվող հողամասերի

համար վճարից ազատում և արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում . գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարող քաղաքացիների

խրախուսում` հողերի որակի բարելավման պայմաններում, ավանդական եղանակներով

գյուղատնտեսության վարման և էկոլոգիապես մաքուր արտադրանքի թողարկման

դեպքում:

Հողօգտագործման և հողերի պահպանության բնագավառում հիմնական և կարևոր ուղղություններից է աղտոտման կանխարգելումն ու նվազեցումը: Այդ կապակցությամբ հողերի աղտոտման կանխման հետ կապված տնտեսագիտական հարցերի լուծումը ենթադրում է. - «մաքուր» տեխնոլոգիաների ներդրմանը խթանող և խրախուսող տնտեսական

մեխանիզմների կիրառում - երկրորդային հումքի օգտագործման դեպքում ճկուն հարկային և արտոնյալ

պայմանների ստեղծում - արտանետումների և թափոնների առաջացման նվազեցմանը ուղղված միջոցառումների

մշակում:

 

1.3.4. Կենսաբանական ռեսուրսների օգտագործում

 

Հայաստանում կենսառեսուրսների օգտագործման էկոնոմիկան նոր բնագավառ է և այս առումով շատ հարցեր դեռևս լուսաբանված չեն: Վերջին տարիներին հանրապետության տնտեսական իրավիճակով պայմանավորված ֆինանսական միջոցների բացակայությունը, անհրաժեշտ տեղեկատվական կամ վիճակագրական ցուցանիշերի բացակայությունը և այս բնագավառում դեռևս չձևավորված մեթոդոլոգիան հնարավորություն չեն տալիս իրատեսորեն և տնտեսական առումով գնահատել հանրապետությունում առկա կենսաբանական ռեսուրսները: Ելնելով դրանից` փորձենք տալ կենսառեսուրսների տնտեսական ընդհանուր գնահատականը` կապված դրանց օգտագործման ուղղակի օգուտներից (աղյուսակ 1):

Հայաստանում կենսառեսուրսների տնտեսական գնահատման համար անհրաժեշտ ուսումնասիրությունները ընդգրկում են հաշվառման, կադաստրների վարման և մոնիտորինգի աշխատանքները, որոնց իրականացման սկզբունքները շարադրված են «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներում:

Կենսաբանական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը անապատացման դեմ պայքարի գործընթացում սկզբունքային նշանակություն ունի: Այս տեսակետից դրանց պաշարների բացահայտումը առաջին անհրաժեշտ պայմանն է, առանց որի անհնար է ապահովել կենսառեսուրսների կայուն օգտագործումը:

Տեսակների և էկոհամակարգերի մոնիտորինգը հնարավորություն կտա գնահատելու կենսառեսուրսների օգտագործման ազդեցությունը և կերաշխավորի պոտենցիալ վտանգների բացահայտումը ազդեցության սկզբնական փուլերում:

Կենսառեսուրսների պահպանության բնագավառում անհրաժեշտ է հասարակության իրազեկության ապահովումը, որը հնարավորություն կտա բնակչությանը ընկալելու կենսառեսուրսների կայուն օգտագործման ուղիները` աջակցելով դրանց պահպանությանը:

 

Աղյուսակ 1

._________________________________________________________________________.

|   Կենսառեսուրսի   | Տնտեսական |   Գնահատման հիմքում դրված սկզբունքը     |

|      տեսակը       |գնահատականը|                                         |

|                   |/մլն. դրամ/|                                         |

|___________________|___________|_________________________________________|

|Անտառային ֆոնդ     |   42000   |Փայտանյութի ընդհանուր պաշարը /42.0 մլն   |

|                   |           |խմ/ բազմապատկված է 1 խմ-ի կոճղավճարի     |

|                   |           |միջին արժեքով /1000 դր./                 |

|___________________|___________|_________________________________________|

|Բնական կերհանդակներ|  750-1000 |Խոտհարքների և  արոտների ընդհանուր տարածքը|

|/խոտհարքներ,       |           |բազմապատկված է 1 հա-ի համար սահմանված    |

|արոտներ/           |           |դրույքաչափով                             |

|___________________|___________|_________________________________________|

|Դեղաբույսեր        |     25    |Տարվա ընթացքում հնարավոր հավաքման ենթակա |

|                   |           |ծավալը բազմապատկված է 1 կգ-ի համար       |

|                   |           |սահմանված դրույքաչափով                   |

|___________________|___________|_________________________________________|

|Սննդային բույսեր   |     90    |Տարվա ընթացքում հնարավոր հավաքման ենթակա |

|                   |           |ծավալը բազմապատկված է 1 կգ-ի համար       |

|                   |           |սահմանված դրույքաչափով                   |

|___________________|___________|_________________________________________|

|Պտուղներ,          |     90    |Տարվա ընթացքում հնարավոր հավաքման ենթակա |

|հատապտուղներ       |           |ծավալը բազմապատկված է 1 կգ-ի համար       |

|                   |           |սահմանված դրույքաչափով                   |

|___________________|___________|_________________________________________|

|Սևանա  լճի         |     36    |Տարվա ընթացքում հնարավոր որսի            |

|ձկնային պաշարներ   |           |ծավալը բազմապատկված է 1 կգ-ի համար       |

|                   |           |սահմանված դրույքաչափով                   |

|___________________|___________|_________________________________________|

|Այլ ջրավազանների   |     25    |Տարվա ընթացքում հնարավոր որսի            |

|ձկնային պաշարներ   |           |ծավալը բազմապատկված է 1 կգ-ի համար       |

|                   |           |սահմանված դրույքաչափով                   |

._________________________________________________________________________.

 

1.3.5. Ռեկրեացիոն ինդուստրիա

 

Ռեկրեացիոն ինդուստրիան պայմանավորված է բնօգտագործման, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի, առևտրի և մշակույթի զարգացման աստիճաններով և միաժամանակ նախադրյալներ է ստեղծում այդ ճյուղերի հետագա զարգացման ու մասնագիտացման համար, կարգավորում է դրանց ներճյուղային հարաբերություններն ու հաճախ կատարում արմատական փոփոխություններ այդ հարաբերություններում:

 

Ժամանակակից ռեկրեացիոն ինդուստրիայի առանձնահատկություններից են.

. ճյուղի էկոլոգիական ուղղվածությունը և սերտ կապը բնական միջավայրի

պահպանվածության հետ

. ճյուղի բարձր շահութաբերությունը

. ներդրումները, որոնք աչքի են ընկնում կապիտալի արագ և կարճատև

շրջանառությամբ:

 

Հայաստանում ռեկրեցիայի, որպես բնօգտագործման նոր և տնտեսական ու էկոլոգիական առումով արդյունավետ ճյուղ, զարգացման հնարավորությունները պայմանավորված են հետևյալ գործոններով. . ռեկրեացիոն ռեսուրսների առկայությամբ, . ավանդական տնտեսական ճյուղերի տարածքային սահմանափակվածությամբ, . կապիտալ ներդրումների արագ փոխհատուցմամբ:

 

Ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացումը կնպաստի ոչ միայն տնտեսական շահութաբերության աճին, այլև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այն կխթանի նաև` . բնակչության կենցաղային, կրթական ու գեղագիտական մակարդակների բարձրացմանը,

մշակույթի նոր օջախների, ազգային արվեստի շատ ձևերի զարգացմանը . հանրապետության տրանսպորտի և ինֆրաստրուկտուրայի այլ բնագավառների արագ

զարգացմանը . արտադրական ոլորտ չընդգրկված տարածքների օգտագործմանը և հատկապես բարձր

լեռնային լքված գյուղերի տարաբնակեցմանը, որպես տուրիզմի սպասարկման

կենտրոններ . հանրապետությունում ոչ արտադրական ճյուղերի և առևտրի ու սպասարկման այլ

ծառայությունների լայն ցանցի ստեղծմանը . հայկական հնագույն ազգային արհեստների ու տնայնագործության աշխուժացմանը . գյուղատնտեսության բարելավմանը և ջերմոցային տնտեսությունների լայն ցանցի

ստեղծմանը:

 

Այսպիսով, ռեկրեացիայի և նրան սպասարկող հարակից ճյուղերի զարգացումն ունի մեծ նշանակություն բնակչության նյութական և բարոյահոգեկան կենսամակարդակների բարձրացման, էկոնոմիկայի աշխուժացման, ազգային եկամուտի մեծացման, տարբեր շրջանների զարգացման մակարդակների հավասարեցման հիմնախնդիրների լուծման գործում` վերջնական արդյունքում նպաստելով անապատացման մարդածին գործոնների ազդեցության զգալի նվազմանը: Այս առումով, ռեկրեացիայի զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է. . իրականացնել Հայաստանի ռեկրեացիոն ռեսուրսների կադաստրավորման

ուսումնասիրություններ` հաշվի առնելով բուսական և կենդանական

համակեցությունների խոցելիությունը. . սահմանել լանդշաֆտային տարբեր գոտիներում ռեկրեացիայի զարգացման

չափանիշերը. . գնահատել բնության հատուկ պահպանվող տարածքների և խախտված էկոհամակարգերի

վրա ռեկրեացիոն գործունեության ազդեցությունը և սահմանել այդ տարածքներում

ռեկրեացիայի զարգացման չափանիշերը. . մշակել ռեկրեացիոն զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:

 

Ռեկրեացիոն ինդուստրիայի տարբեր գործառույթների տարածքա-ժամանակային գիտական հիմնավորվածությամբ պլանավորումը, բնական համակարգերի կայունության աստիճանների թույլատրելի ծանրաբեռնվածության և տարողականության նորմերի սահմանումը անապատացման գործընթացների կանխարգելման և ազդեցության մեղմացման կարևոր գործոններ են:

 

1.3.6. Արգելոցային գործ

 

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն չի համապատասխանում բնության պահպանության արդի պահանջներին: Բոլոր տարածքներում մշտապես խախտվում է պահպանության ռեժիմը` անտառահատումներ, արածեցում, խոտհունձ, հողերի յուրացում, ինքնակամ շինարարություն, անկազմակերպ տուրիզմ, որսագողություն և այլն: Բացի այդ, բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցում առկա են կազմակերպչական և կառուցվածքային մի շարք անկատարություններ` տարբեր գերատեսչությունների պատկանելիություն, համապատասխան կադրերի բացակայություն, անբավարար նյութատեխնիկական բազա և այլն:

Հատուկ մտահոգության տեղիք է տալիս արգելավայրերի վիճակը: Դրանք գործնականում չեն պահպանվում` գերատեսչական հսկողության, համապատասխան անձնակազմի և պահպանության մշակված ռեժիմի բացակայության պատճառով:

Ինչ վերաբերվում է Հայաստանի բնության հուշարձաններին, ապա դրանց ցանկը առ այսօր հաստատված չէ, իսկ անձնագրավորման գործընթացը և, հետևաբար, պահպանությունը չի իրականացվում:

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա վիճակը պայմանավորված է` . արգելոցային գործի հայեցակարգային հիմունքներով բացակայությամբ . կադաստրավորման աշխատանքների բացակայությամբ . սոցիալ-տնտեսական նշանակության չընկալմամբ . էկոլոգո-լուսավորչական աշխատանքների անբավարար իրականացմամբ:

 

Հայաստանում արգելոցային գործի արմատական բարելավումը սկզբունքային նշանակություն ունի անապատացման դեմ պայքարի գործընթացում, որպես խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, չափանմուշային էկոհամակարգերի և գենոֆոնդի պահպանությանը, բնության տարեգրության վարմանը նպատակաուղղված անհրաժեշտ գործողությունների ամբողջականություն: Հետևաբար այն պետք է հետապնդի հետևյալ նպատակներն ու խնդիրները` . բնական պաշարների վերականգնումը և վերարտադրությունը . բարենպաստ էկոլոգիական հավասարակշռության ապահովումը . շրջակա միջավայրի պահպանությունը . ռեկրեացիայի զարգացման հնարավորությունների ապահովումը . գիտա-հետազոտական աշխատանքների նպատակային իրականացումը . էկոլոգիական կրթության հիմունքների կատարելագործումը . անխափան տեղեկատվության ապահովումը:

 

Ելնելով վերը շարադրվածից` Հայաստանում արգելոցային գործի բարելավմանն ուղղված գործողությունները պետք է ընդգրկեն հետևյալ մոտեցումները:

 

1. Քաղաքականության ձևավորում. Սրա անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության հասարակական հարաբերությունների փոփոխությամբ, շուկայական հարաբերությունների զարգացմամբ, բնության հատուկ պահպանվող տարածքների ներկա վիճակով և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով: Արգելոցային գործի քաղաքականության ձևավորմանը նպատակաուղղված գործողությունները պետք է ընդգրկեն` . հայեցակարգի մշակումը . օրենսդրության կատարելագործումը (փոփոխություններ և լրացումներ գործող

օրենքում, և համապատասխան այլ իրավական ակտերի ընդունում):

 

2. Կառավարման մեխանիզմների կատարելագործում.

Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման կատարելագործումը պահանջում է` . նյութա-տեխնիկական բազայի հզորացում . համապատասխան կադրային ապահովվածություն . տարածքա-ֆունկցիոնալ հատակագծում և պահպանական գոտիների հստակեցում . տնտեսական խթանների և խրախուսման մեթոդների ներդրում . արգելոցային գործում հասարակայնության մասնակցություն և տեղեկատվության

ապահովում:

 

3. Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում. Բնության հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկներ են, որոնցում գիտական ուսումնասիրությունների կազմակերպումը, այդ թվում բնության տարեգրության վարումը, պարտադիր պահանջ է: Ներկայումս հանրապետության արգելոցներում, ազգային պարկերում և արգելավայրերում չկան համապատասխան գիտական խմբեր, լաբորատորիաներ, անհրաժեշտ սարքավորումներ: Որպես անհրաժեշտ լուծում պահանջող գործողություններ, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում անհրաժեշտ է` . գիտական բաժինների ստեղծում . մոնիտորինգի իրականացում, կադաստրի վարում և տվյալների բանկի ստեղծում . արգելոցներում և ազգային պարկերում հիդրոօդերևութաբանական կայանների

հիմնում . հանրապետության և արտերկրի գիտահետազոտական հաստատությունների միջև

համագործակցության ապահովում:

 

4. Սոցիալ-տնտեսական գործառույթների իրականացում. Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներկայումս բնության հատուկ պահպանվող տարածքների դերը աննշան է: Այս ոլորտում բազմակողմանի գործառույթների իրականացումը կնպաստի` . բնական էկոհամակարգերի պահպանության արդյունավետությանը, . կենսաբանական ռեսուրսների օգտագործման (ազգային պարկերում) և

վերարտադրության աշխատանքների արդյունավետությանը, . պետական բյուջեի համալրմանը, . նոր աշխատատեղերի բացմանը:

Այդ կապակցությամբ հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում պետք է իրականացվեն հետևյալ սոցիալ-տնտեսական գործառույթները` * արգելոցների, ազգային պարկերի, արգելավայրերի աշխատակիցների իրավունքների,

պարտականությունների, արտոնությունների սահմանումը և պարտադիր պետական

ապահովագրությունը, * արտաբյուջետային հաշիվների բացումը, * պահպանական գոտիներում գտնվող բնակավայրերի բնակչության իրավունքների,

պարտականությունների և արտոնությունների սահմանումը * ազգային պարկերում ռեկրեացիոն ռեսուրսների և բնական պաշարների օգտագործման

կանոնակարգումը * ճանաչողական տուրիզմի իրականացումը * թանգարանային գործի կազմակերպումը * ուսումնա-արտադրական պրակտիկաների ապահովումը * մշակութային, ուսումնական և տուրիստական հաստատությունների ու

կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը * հրատարակչական գործունեության իրականացումը:

 

1.4. Համատեղ գործողություններ Կոնվենցիաների շրջանակներում

 

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի...» Կոնվենցիայի տեքստում հաճախակի են հղումները կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը, կենսաբանական բազմազանությանը, ջրային ռեսուրսների, էներգետիկական ռեսուրսներին, պարենային անվտանգությանը և սոցիալ-տնտեսական գործոններին: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ անապատացման դեմ պայքարի գործողությունները պետք է ընդգրկեն լայնածավալ միջոցառումներ` նպատակաուղղված լինելով բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը: Վերջինս կնպաստի ոչ միայն հողերի դեգրադացիայի մասշտաբների կրճատմանը, այլև դեգրադացված հողերի վերականգնմանը և երաշտի հետևանքների մեղմացմանը: Այս նպատակների իրագործման հարցում առանձնահատուկ նշանակություն ունեն միջազգային կոնվենցիաների շրջանակներում գործողությունների համատեղ ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը, որոնց արդյունավետությունը պայմանավորված է պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անխուսափելիությամբ: Հայաստանի Հանրապետությունը ներկայումս անդամակցում է բազմաթիվ կոնվենցիաների, որոնցից անապատացման երևույթների կանխարգելմանը կամ ազդեցության հետևանքների մեղմացմանը անմիջականորեն առնչվում են Կլիմայի փոփոխության մասին, Կենսաբազմազանության մասին և այլ կոնվենցիաները: Դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերը հնարավորություն կտան խուսափել կրկնություններից հետևյալ հարցերում, որոնք են` * օրենսդրության կատարելագործումը, * հզորությունների գնահատումը և օգտագործումը * մոնիտորինգի իրականացումը * շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը * հասարակայնության իրազեկուցման բարձրացումը * կադրերի պատրաստումը * վաղ նախազգուշացման համակարգի զարգացումը:

Բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում կանխատեսվող համատեղ ծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն բնապահպանական համալիր միջոցառումների իրականացմանը, որոնք պետք է հաշվի առնեն հետևյալը.

 

1. Անապատացման և կլիմայի փոփոխության փոխադարձ կապը. Այս համատեքստում պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան կանխելու կամ նվազագույնի հասցնելու մթնոլորտում ջերմոցային գազերի, հատկապես ածխաթթու գազի ընդհանուր պարունակության աճը: Դրան հասնելու համար անհրաժեշտ գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն` * հանքային վառելիքի օգտագործման նվազեցմանը * ածխածնի բնական կլանիչների և կուտակիչների պահպանությանը

(բուսականությունն ամբողջությամբ):

Այդ կապակցությամբ Հայաստանում առանձնակի նշանակություն ունի անտառային տարածքների պահպանությունը և ընդարձակումը, որոնք համահունչ են «Կլիմայի փոփոխության մասին» Կոնվենցիայով սահմանված մեկ այլ պարտավորությանը` կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգերի խոցելիության նվազեցմանը և հարմարողականության բարձրացմանը: Այդ ուղղությամբ հարկ է իրականացնել հետևյալ միջոցառումները` * դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծում * արագ աճող ծառատեսակների պլանտացիաների հիմնում * ջրախնայողական ոռոգման մեթոդների մշակում և ներդրում * ձյունապահման կառույցների ստեղծում * հիդրոտեխնիկական կառույցների վերանորոգում և նորերի ստեղծում:

 

2. Անապատացման և կենսաբազմազանության փոխադարձ կապը. Այս բնագավառում նախատեսվող գործողությունները ուղղված պետք է լինեն, նախ և առաջ, կենսաբազմազանության պահպանությանը, որը ենթադրում է` . արգելոցային գործի կատարելագործում . կենսաբանական պաշարների օգտագործման տնտեսական մեխանիզմների

կատարելագործում . տնտեսական արժեք ներկայացնող տեսակների պլանտացիաների և բուծարանների

ստեղծում . ռեկրեացիայի զարգացում . անտառահատումները կանխելու նպատակով էներգիայի այլընտրանքային աղբյուրների

կիրառում:

 

3. Անապատացման և ջրային տարածքների փոխադարձ կապը. Հայաստանի ջրային էկոհամակարգերը ռազմավարական նշանակություն ունեն անապատացման դեմ պայքարի գործընթացում: Ընդ որում, դրանք որոշիչ գործոն են հանդիսանում ամբողջ անդրկովկասյան տարածաշրջանի և դրան հարակից շրջանների համար: Բացի այդ, «Ջրա-ճահճային տարածքների մասին...» Ռամսարի Կոնվենցիայի ցանկում ընդգրկվել են և միջազգային նշանակություն են ձեռք բերել Արփի և Սևանա լճերը իրենց ջրահավաք ավազաններով: Հետևաբար, անապատացման գործոնների ազդեցության կանխմանը կամ մեղմացմանը ուղղված գործողությունները այս ոլորտում ներառում են այն ծրագրերի ամբողջությունը, որոնք վերաբերվում են` * ջրային ռեսուրսների պահպանությանը և կայուն օգտագործմանը * Գիլլի լճի ջրա-ճահճային էկոհամակարգերի վերականգնմանը * Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը:

 

4. Անապատացման և արդյունաբերության կապը. Հայաստանում արդյունաբերության զարգացման ուղղությունները պայմանավորված են այնպիսի Կոնվենցիաներով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմամբ, ինչպիսիք են` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը անդրսահմանային համատեքստում», «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին», «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին»: Ելնելով դրանից` անապատացման դեմ պայքարի գործողությունների շրջանակները պետք է ընդգրկեն այնպիսի համատեղ ծրագրեր, որոնք վերաբերվեն` * հանրապետության էկոլոգիական անվտանգության հայեցակարգի մշակմանը * շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկաների մշակմանը * արդյունաբերության և կենցաղային թափոնների վերամշակմանը և անվտանգ

հեռացմանը * սակավաթափոն և անթափոն արտադրության տեխնոլոգիաների ներդրմանը * կեղտաջրերի մաքրման կայանների անխափան գործունեությանը:

 

5. Անապատացման և արտածին երկրաբանական պրոցեսների կապը. Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից է նաև «Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության մասին» Կոնվենցիայի պահանջների իրականացումը: Հայաստանում արտածին երկրաբանական ակտիվ պրոցեսները նույնպես սպառնալիք են հանդիսանում մի շարք պատմամշակութային հուշարձանների պահպանության համար: Անմխիթար վիճակում են գտնվում գրեթե բոլոր կենդանի և անկենդան բնության եզակի հուշարձանները: Այս ուղղությամբ անապատացման դեմ պայքարի կոնտեքստում ձեռնարկվող գործողությունները պետք է ընդգրկեն այն ծրագրերը, որոնք վերաբերվում են` * սողանքների, սելավների և փլուզումների կանխարգելմանը * բնության հուշարձանների անձնագրավորմանը:

Վերլուծելով Հայաստանի կողմից ստանձնած բնապահպանական նշանակության միջազգային պարտավորությունները` ակնհայտ է դառնում դրանց փոխկապակցությունը և միմյանց լրացնելը, որը հնարավորություն է տալիս երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման համար: Նման մոտեցումը կնպաստի ոչ միայն անապատացման դեմ պայքարի ամբողջականությանը, արդյունավետությանը և դրան ուղղված միջոցների խնայողությանը, այլև միջազգային համագործակցության ընդարձակման համար բարենպաստ պայմանների ապահովմանը:

 

1.5. Միջազգային համագործակցություն

 

Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական հիմնախնդիրները անապատացման գործընթացների զարգացման և խորացման հարցում ունեն որոշիչ նշանակություն: Այդ տեսակետից անապատացման դեմ պայքարին նպատակաուղղված գործողությունները անհնար է լիարժեք իրականացնել առանց բազմակողմանի միջազգային համագործակցության: Մյուս կողմից, Ռիոյի Հռչակագրի սկզբունք 6-ին համապատասխան, առանձնահատուկ նշանակություն պետք է տրվի առավել քիչ զարգացած և էկոլոգիապես խոցելի երկրների վիճակին և կարիքներին: Հայաստանը, որն ընդգրկված է այդպիսի երկրների խմբում, ընդլայնելով միջազգային համագործակցությունը, նոր հնարավորություններ կստեղծի ապահովելու երկրի կայուն զարգացումը: Միջազգային համագործակցության կարևորությունը ամրագրված է նաև ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի...» Կոնվենցիայի հոդվածներ 11-12-ում, որպես Կոնվենցիայի դրույթների իրականացման համար բարենպաստ միջազգային իրադրություն ապահովող գործոն:

Ելնելով վերը շարադրյալից` Հայաստանում անապատացման դեմ պայքարի Կոնվենցիայի շրջանակներում միջազգային համագործակցությունը պետք է իրականացվի հետևյալ մակարդակներով` 1. բնապահպանական նշանակության միջազգային կոնվենցիաների քարտուղարություններ 2. միջազգային կազմակերպություններ 3. զարգացած երկրներ 4. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և միջտարածաշրջանային 5. անդրսահմանային:

Բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունը ներկայումս միջազգային համագործակցության մեծ փորձ ունի, որը ձեռք է բերվել համապատասխան կոնվենցիաների քարտուղարությունների, ՄԱԿ-ի կառույցների (UNEP, UNDP, GEF, FAO, UNSO) և Համաշխարհային Բանկի ներդաշնակ և արդյունավետ գործունեության արդյունքում: Համագործակցության այս շրջանակներում մշակվել են երկրի համար մի շարք կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:

Բնապահպանության ոլորտում, այդ թվում` անապատացման դեմ պայքարի գործընթացում, ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման և էկոլոգիական անվտանգության սկզբունքների ամրապնդման կենտրոնական նախապայմանը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության զարգացումն է: Դրա կարևորությունը արտահայտված է նաև ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի...» Կոնվենցիայի հոդված 11-ում, որտեղ նշված է, որ այդպիսի համագործակցությունը կարող է ընդգրկել համաձայնեցված համատեղ ծրագրեր անդրսահմանային բնական պաշարների կայուն կառավարման, գիտության և տեխնիկայի, համապատասխան ինստիտուտների ամրապնդման բնագավառները: Այս տեսակետից, միջպետական կապերի ամրապնդման, համարժեք և համակարգված գործողություններ իրականացնելու նպատակով, արդեն կատարվել են առաջին քայլերը, ստորագրվել են մի շարք միջազգային պայմանագրեր:

Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության հետագա հեռանկարային ուղղությունները պետք է ընդգրկեն հետևյալ շրջանակները:

Կառուցվածքային. Անհրաժեշտ է ստեղծել Անապատացման դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն, որի հիմնական խնդիրներն ու գործառույթները պետք է լինեն` * անապատացման դեմ պայքարի ոլորտում տարածաշրջանային գերակայությունների

որոշումը * տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գործողությունների համատեղ

ծրագրերի մշակումը և իրականացումը * գիտա-հետազոտական գործունեության համակարգումը * տեղեկատվության հավաքի, վերլուծության և փոխանակման համակարգումը. * կադրերի պատրաստումը և վերապատրաստումը:

Անապատացման դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար օրգաններում պետք է համարժեք ներկայացված լինեն տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող բոլոր երկրները, ընդ որում ներկայացուցչական կազմը պետք է ընդգրկի կառավարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական շրջանակները և հասարակայնությունը:

Տեղեկատվական. Անապատացման գործընթացների դինամիկայի ընկալման և համարժեք միջոցառումների մշակման և իրականացման համար կարևոր նշանակություն ունի համալիր և համակարգված տեղեկատվական համակարգի առկայությունը: Վերջինիս ձևավորման համար հիմք պետք է հանդիսանան անապատացման նախադրյալների, հողերի դեգրադացիայի և ազգաբնակչության սոցիալ-տնտեսական չափանիշերի վերաբերյալ համապարփակ տվյալների բազայի առկայությունը: Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային միասնական տեղեկատվական ցանցի ստեղծումը կպայմանավորի նաև միասնական մոնիտորինգային ցանցի և վաղ նախազգուշացման միասնական համակարգի ձևավորումը:

Անդրսահմանային բնական պաշարների կառավարման. Այս բնագավառում համագործակցությունը պետք է ընդգրկի` * ջրային ռեսուրսների պահպանությունը և կայուն օգտագործումը * լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանությունը * համատեղ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում * անտառտնտեսվարման համալիր աշխատանքները:

Անապատացման դեմ պայքարի գործընթացում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությանը զգալիորեն կարող է նպաստել նաև միջտարածաշրջանային համագործակցության հաստատումը, որը ենթադրում է` * տեղեկատվության և փորձի փոխանակում * համապատասխան տեխնոլոգիաների փոխանակում և հարմարեցում * գիտական ներուժի տրամադրում * համատեղ գիտական ուսումնասիրություններ * կադրերի պատրաստում:

 

ԳԼՈՒԽ 2
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՒՄ

 

Անապատացումը էկոհամակարգերի դեգրադացիայի բարդ գործընթաց է, որն ուղեկցվում է դրանց կենսաբանական արտադրողականության նվազմամբ և բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացմամբ: Այդ տեսակետից Հայաստանի էկոհամակարգերում ստեղծված իրավիճակը թելադրում է, որ էկոլոգիական մտածելակերպը ներկայումս սկզբունքային բեկման անհրաժեշտություն ունի: Չնայած բնապահպանական օրենսդրության կայացման հարցում հանրապետությունը մեծ առաջընթաց ունի, սակայն իրավական կյանքում այն կարող է գործել միայն համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության գործող համակարգի առկայությամբ: Դրա ձևավորման կարևոր նախապայման է հանդիսանում անապատացման գործոնների բազմակողմանի ուսումնասիրությունը, որն ընդգրկում է կենսաբանական, աշխարհագրական, գյուղատնտեսական, տնտեսագիտական գիտությունների շրջանակները (գեոբուսաբանական, հողագիտական, լանդշաֆտային, կլիմատոլոգիական, ագրոքիմիական, անասնաբուծական, անտառագիտական, սոցիոլոգիական և այլ ուսումնասիրություններ):

 

2.1. Էկոլոգիական կրթության խնդիրները

 

Անապատացման հիմնախնդիրների լուծումը պահանջում է անհրաժեշտ գործողությունների արդյունավետություն, որը էականորեն պայմանավորված է հասարակության համապատասխան կրթական մակարդակով:

Հայաստանում էկոլոգիական կրթության համակարգի կատարելագործումը պետք է հիմնված լինի անընդհատ էկոլոգիական կրթության սկզբունքի վրա` ներառելով հասարակության բոլոր տարիքային խմբերը և շերտերը: Այդ տեսակետից շրջակա միջավայրին վերաբերող գիտելիքների լուսաբանումը հանրապետությունում արտացոլված են դպրոցական և բուհական ուսումնակրթական ծրագրերում, սակայն խորացված գիտելիքներ ստանում են միայն համապատասխան մասնագիտական կրթություն ստացող ուսանողները: Էկոլոգիական կրթությունը չպետք է սահմանափակվի միայն ուսումնակրթական ծրագրերի առկայությամբ և դրանց կատարելագործմամբ: Անընդհատ էկոլոգիական կրթության ապահովման գլխավոր պայմաններն են` . էկոլոգիական կրթության կառավարման համակարգի կատարելագործումը . հանրապետության բնապահպանական օրենսդրության իրազեկության ապահովումը

հասարակության բոլոր շերտերում . հանրապետությունում առկա էկոլոգիական հիմնախնդիրների և դրանց հետևանքների

լայն լուսաբանական ապահովումը . բնապահպանության բնագավառում կառավարման մարմինների գործունեության

թափանցիկության ապահովումը . համաշխարհային գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրների և դրանց լուծմանն

ուղղված միջազգային հանրության ներդրած ջանքերի լուսաբանման ապահովումը . Հայաստանում բնապահպանության գերակայող դերի բարձրացման ապահովումը, որպես

ազգային անվտանգության խնդիր . կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի կատարելագործումը . բնապահպանության ոլորտում կառավարման մարմինների և ոչ կառավարական

կազմակերպությունների համագործակցության համար անհրաժեշտ նախադրյալների

ապահովումը . հանրապետության բնության բաղադրիչների ճանաչողության, արժեքավորման և

նշանակության մասին գիտահանրամատչելի հրապարակումների ապահովումը . Հայաստանի բնական պաշարների օգտագործման բնագավառում ավանդական գիտելիքների

բանահավաքության կազմակերպման, վերլուծության և քարոզչության ապահովումը . հանրապետության տնտեսության կառավարման մարմինների, տարածքային կառավարման

և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պետական ու մասնավոր

սեկտորի տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցների ներգրավմամբ բնական

պաշարների պահպանության և օգտագործման հարցերին վերաբերող դասընթացների,

սեմինարների պարբերաբար անցկացման ապահովումը:

Հանրապետությունում անընդհատ էկոլոգիական կրթության վերը նշված ռազմավարական ուղղությունների կենսագործումը կնպաստի հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորմանը, որը անապատացման դեմ պայքարի գործընթացի արդյունավետության հիմնական և կայուն երաշխիքն է:

 

2.2. Գիտական հետազոտություններ

 

Անապատացման պատճառները և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը ուղղված գիտական հետազոտությունների արդյունքները այն կարևոր նախադրյալներն են, որոնք հիմք են հանդիսանում անապատացման գործոնների ազդեցության կանխարգելմանը կամ մեղմացմանը նպատակաուղղված պետական քաղաքականության ձևավորման և գործողությունների իրականացման համար: Անհրաժեշտ գիտական համալիր ուսումնասիրությունները պահանջում են նշանակալից կապիտալ ներդրումներ, առաջավոր մեթոդների և տեխնիկական միջոցների կիրառում, բնության պահպանության հարցերին լուրջ մոտեցում, էկոլոգիական իրադրության բարելավում և հնարավոր բացասական երևույթների գիտական կանխագուշակում: Ընդ որում, գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները Հայաստանում ներկայումս ձևավորված են և կուտակված է բավական արժեքավոր փորձ: Այդ տեսակետից հանրապետությունում անապատացման երևույթների բացահայտման, շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակի ուսումնասիրությունները ավանդական բնույթ են ձեռք բերել: Դրանք իրականացվել և իրականացվում են Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Բարձրագույն ուսումնական հաստատությունների և որոշ նախարարությունների (բնապահպանության, գյուղատնտեսության) համակարգերում: Ընդհանուր առմամբ ներկայումս իրականացվում են 34 գիտական թեմաներ, որոնք առնչվում են անապատացման դեմ պայքարի խնդիրների հետ: Մասնավորապես հիշատակման են արժանի այնպիսի թեմաները, ինչպիսիք են`

 

. Անապատացման հիմնահարցերը Հայաստանում (Երևանի Պետական Համալսարան), . Շիրակի և Լոռու մարզերի լանդշաֆտների փոփոխությունների կանխատեսումները

(ԵՊՀ), . Տեխնածին նյութերով աղտոտված հողերի և ջրերի էկոլոգիական վիճակը (ԵՊՀ), . Հայաստանի մարզերի ինժեներա-երկրաբանական բնութագիրը և հակասողանքային

միջոցառումների մշակումը (Երկրաբանության ինստիտուտ), . Հայաստանի հողային ծածկույթի ագրոարտադրական խմբավորումը (Հողագիտության և

ագրոքիմիայի ինստիտուտ), . Ջրային ռեսուրսների համալիր օգտագործման գիտական հիմունքները (Ջրային

պրոբլեմների ինստիտուտ), . Հայաստանի սակավաանտառապատված շրջանների հեղեղավտանգ լանջերում գիհու

նոսրուտների արագ վերականգնման տեխնոլոգիան (Գյուղատնտեսական Ակադեմիա), . Հայաստանի ֆլորան և բուսականությունը (Բուսաբանության ինստիտուտ):

Այս և մյուս ուսումնասիրությունների խորացման, ստացված արդյունքների կիրառական նշանակության բարձրացման համար անհրաժեշտ են նոր մեթոդոլոգիական մոտեցումներ, գիտության և արտադրության մեջ կազմակերպչական նոր ձևերի ներդրումներ:

Հանրապետությունում, անապատացման դեմ պայքարի տեսակետից, բնական պաշարների պահպանությանը և արդյունավետ օգտագործմանը վերաբերող գիտական ուսումնասիրությունների գերակայող ուղղություններն են`

 

. տարբեր լանդշաֆտների դինամիկայի քանակական և որակական ցուցանիշերի և

դրանց վրա մարդու տնտեսական գործունեության ազդեցության բացահայտումը . շրջակա միջավայրի վրա մարդածին ծանրաբեռնվածության կարգավորման

ռազմավարության մշակումը . բիոգեոցենոզների վիճակի էկոլոգիական մոնիտորինգի նոր մեթոդների մշակումը . երկրագործության համակարգի կատարելագործումը . ոռոգելի հողերի երկրորդային աղակալման կանխարգելումը . ագրոանտառմելիորատիվ միջոցառումների մշակումը և ներդրումը . արոտավայրերի բարելավումը . կենսաբազմազանության պահպանությունը և կայուն օգտագործումը:

Հարկ է նշել նաև, որ հանրապետությունում անապատացման հիմնախնդիրներին առայժմ բավարար ուշադրություն չեն դարձնում տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, տեխնիկական, քիմիական, երկրաբանական գիտությունները, որոնց խնդիրները պետք է հանդիսանան ինչպես էկոլոգիական մոդելավորումը, համակարգված վերլուծությունը և անապատացման գործընթացների կանխագուշակումը, այնպես էլ անապատացման դեմ պայքարի կոնկրետ ձևերի ու մեթոդների մշակումը: Այս տեսակետից առանձնակի նշանակություն ունեն սոցիալ-տնտեսական բնույթի ուսումնասիրությունները, որոնք պետք է ցույց տան արտադրողական ուժերի զարգացման, գյուղատնտեսության պատմականորեն ձևավորված ավանդույթների պահպանության և կատարելագործման ուղիները: Ընդ որում, այս հիմնախնդիրների ամբողջությունը կարելի է ընդգրկել հետևյալ երեք խմբերում` 1. սոցիալական, որը կապված է բնակչության առողջության և ապագա սերունդների

գենետիկական լիարժեքության պահպանման, ինչպես նաև կենսամակարդակի

բարձրացման հետ. 2. էկոլոգիական, որը պայմանավորված է բնական համակարգերի կայունության, դրանց

կենսապահովման գործառույթների խախտմամբ և բնական պաշարների

արտադրողականության անկմամբ. 3. տնտեսական, որը բխում է տնտեսավորման ներկա համակարգի պայմաններում աճի

տեմպերից և թելադրում է ռեսուրսախնայողական արտադրությանն անցնելու

անհրաժեշտությունը:

 

Անապատացման հիմնախնդիրները ընդգրկող գիտահետազոտական աշխատանքների ժամանակին իրականացման, արդյունավետության և կիրառական նշանակության բարձրացման գործում առանձնակի կարևոր է պետության ունեցած դերը, որի առաջնահերթ խնդիրներն են`

 

. ազգային և միջազգային մակարդակներով համագործակցության հաստատումը և

համակարգումը` առավել մեծ ուշադրություն դարձնելով ֆինանսական, մարդկային,

կազմակերպչական ռեսուրսների հայթայթմանն ու համակարգմանը . կենսաբանական, հողագիտական, գյուղատնտեսական, հիդրոլոգիական,

օդերևութաբանական և այլ հետազոտությունների ազգային կենտրոնները

ամրապնդումը . ժամանակակից տեխնոլոգիաների ձեռք բերման ու հարմարեցման աշխատանքները

խրախուսումը և ֆինանսավորումը:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

 

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի...» Կոնվենցիան մեծ նշանակություն է տալիս հասարակայնության մասնակցության դերին` Կոնվենցիայով պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման և գործողությունների ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում (հոդվածներ 3, 5, 9, 10): Շրջակա միջավայրին վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու գործընթացներին հասարակայնության մասնակցությանը առանձնահատուկ կարևորություն է տալիս 1998 թվականի հունիսի 25-ին ընդունված Օրհուսի Կոնվենցիան: Միջազգային հանրության կողմից այս համոզմունքի սկզբունքային շեշտադրմամբ գերակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակչության էկոլոգիական իրավունքի ամրապնդմամբ երաշխավորվում է հասարակության բոլոր անդամների և կազմակերպությունների բազմակողմանի և ակտիվ դերը բնական պաշարների պահպանման և շարունակական օգտագործման քաղաքականության մշակման ու դրա իրականացման գործում: Այս նպատակին հասնելը թերևս ամենակարևոր նախապայմանն է ապահովելու մարդկային հասարակության կայուն զարգացումը:

 

3.1. Հասարակայնության իրազեկության ապահովումը

 

Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների արդյունավետությունը նախ և առաջ պայմանավորված է հանրապետության տարածքում անապատացման դրսևորման հիմնական ձևերի, դրանց խթանող բնական, տնտեսական և սոցիալական պատճառների, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության մասին բնակչության իրազեկությամբ: Սակայն, հարկ է նշել, որ ցուցաբերած իրազեկությունը հիմնականում բնակչության շահագրգռվածության արդյունք է և հիմնված է սեփական նախաձեռնության վրա ու կրում է տարերային բնույթ: Հետևաբար, շրջակա միջավայրի վիճակի և դրա բարելավմանն ուղղված նախատեսվող անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև գործող օրենսդրության մասին կանոնավոր տեղեկատվության տրամադրումը ներկայումս հանրապետությունում խիստ արդիական է: Դրանով կապահովվի հասարակայնության կողմից շրջակա միջավայրում տեղի ունեցող գործընթացների հետևանքների ընկալումը, որը թույլ կտա բնակչությանը գիտակցորեն ներգրավվել բնապահպանական հիմնախնդիրների լուծման աշխատանքներին: Այդ նպատակով պետության կարևորագույն խնդիրներն են հանդիսանում հետևյալ անհրաժեշտ գործողությունները`

* ստեղծել համակարգ, որը թույլ կտա հասարակայնությանը հարցնել և ստանալ

համապատասխան էկոլոգիական տեղեկատվություն պետական մարմիններից

* ստեղծել համակարգ, որով պետական մարմինները կհավաքեն էկոլոգիական

տեղեկատվությունը և այն կտրամադրեն հասարակայնությանը, առանց վերջինիս

հարցման:

Էկոլոգիական տեղեկատվությունը պետք է ընդգրկի հարցերի լայն շրջանակ, որոնք հնարավորություն կտան հասարակայնության ներկայացուցիչներին անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան որոշումներ: Հարցերի այդպիսի շրջանակը ընդգրկում է հետևյալ բովանդակությամբ տեղեկատվությունը. * համապատասխան պետական մարմնի գործառույթների և դրանց իրականացման մասին * նախատեսվող կամ իրականացվող այնպիսի գործունեության վերաբերյալ, որը կարող

է որոշակի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա * արտակարգ իրավիճակների վերաբերյալ * շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ * օրենսդրության, միջազգային պայմանագրերի և ծրագրերի վերաբերյալ * վտանգավոր և քիմիական նյութերի արտանետումների, արտահոսքերի, տեղափոխման

և տեղադրման մասին * էկոլոգիական տեղեկատվության սահմանափակումների, ինչպես նաև տեղեկատվության

ստացման կարգի վերաբերյալ:

Առանց հասարակայնության ներկայացուցիչների հարցման էկոլոգիական տեղեկատվության տրամադրման միջոցներն են` . զանգվածային լրատվությունը . մարզերում, համայնքներում, կազմակերպություններում, ուսումնական

հաստատություններում և այլն գիտաժողովների, սեմինարների, դասընթացների և

հանդիպումների կազմակերպումը . Շրջակա միջավայրի պահպանության (հունիսի 5) և Անապատացման դեմ պայքարի

(հունիսի 17) միջազգային օրերի նշման հանդիսավոր արարողությունների և

զանգվածային միջոցառումների կազմակերպումը . գիտա-հանրամատչելի նյութերի հրապարակումը . կապի միջոցների լիարժեք օգտագործումը . պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից

հրապարակվող տեղեկագրերը, թերթերը:

 

3.2. Հասարակայնության մասնակցության ապահովումը որոշումների

ընդունմանը և գործողությունների իրականացմանը

 

Հասարակայնության մասնակցությունը նախատեսվող գործողություններին ենթադրում է սերտ համագործակցություն պետական մարմինների հետ: Ընդ որում, այդ համագործակցության հաստատման համար նախաձեռնությունը հիմնականում պետք է պատկանի պետական մարմիններին, որոնք պարտավոր են` . ապահովել հասարակայնության մասնակցությունը նախատեսվող գործողությունների

վաղ փուլում . որոշել հասարակայնության շահագրգիռ կողմերը և համատեղ սահմանել

համապատասխան գործողություններում նրանց մասնակցության աստիճանը . տրամադրել հասարակայնության շահագրգիռ կողմերին ամբողջ համապատասխան

տեղեկատվությունը:

Նախատեսվող գործողություններում անչափ կարևոր է սահմանել հասարակայնության մասնակցության ձևերը, որոնք ընդգրկում են` . հասարակական լսումների սահմանված կարգով իրականացումը . շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացին մասնակցելը . նախագծերի և ծրագրերի կազմման գործընթացին փորձագետի կարգավիճակով

մասնակցելը . պետական մարմիններում գործող տարբեր հանձնաժողովներում որպես անդամ

մասնակցելը . ծրագրերի իրականացման գործողություններում մասնակցելը:

 

3.3. Հասարակայնության շահագրգիռ կողմերը

 

Որպես հասարակայնության շահագրգիռ կողմեր կարող են հանդես գալ` . տեղական ինքնակառավարման մարմինները . համայնքների ներկայացուցիչները . հասարակական կազմակերպությունները . գիտահետազոտական կենտրոնները . ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական կազմը և

ուսուցչությունը . ուսանողությունը և երիտասարդական կազմակերպությունները . բնօգտագործողները, ձեռնարկատերերը և դրանց միությունները . գյուղացիական տնտեսությունները . անհատները:

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.2002
N 13
Արձանագրային որոշում