Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0931.130702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2002 թվականի N 931-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 27-ի N 931-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անվտանգության կարգավորման ենթակա բնութագրեր ունեցող միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները` ապահովելու համար մարդկանց, սեփականության և շրջակա միջավայրի պաշտպանվածությունն իոնացվող ճառագայթման վնասակար ազդեցությունից:

Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգության կարգավորման ենթակա բնութագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Միջուկային և ռադիացիոն նյութերի փոխադրման հատուկ կանոնները հաստատելու մասին» N 1263 որոշմամբ հաստատված միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոններով (այսուհետ` հատուկ կանոններ):

2. Կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած փոխադրամիջոցով միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման և դրա հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց վրա:

(2-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

3. Ռադիոակտիվ նյութերի ներկրման ու արտահանման, միջուկային նյութերի արտահանման ու տարանցիկ փոխադրման, մաքսային ռեժիմի պահպանման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

ներքին փոխադրում` Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային սահմանը չհատող փոխադրում.

տարանցիկ փոխադրում` Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային հսկողության ներքո տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկու կետի միջև` առանց բեռնագիր փոխելու.

հատուկ պայմաններում իրականացվող փոխադրում` միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոններից և անվտանգության նորմերի պահանջներից շեղումներով փոխադրում:

 

II. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումներն իրականացվում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորող մարմնի (այսուհետ` կարգավորող մարմին) կողմից տրված անվտանգ փոխադրման թույլտվության առկայության դեպքում:

6. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման թույլտվության ձևը սահմանում է կարգավորող մարմինը:

7. Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի` ներքին յուրաքանչյուր փոխադրման համար անվտանգ փոխադրման թույլտվություն ստանալու նպատակով միջուկային և ռադիոակտիվ նյութեր պարունակող բեռն առաքողը պետք է կարգավորող մարմին ներկայացնի հայտ, որում պետք է նշված լինեն`

ա) բեռն առաքողի անվանումը.

բ) բեռն առաքողի գտնվելու վայրը, պետական գրանցման համարը.

գ) առաքվող միջուկային կամ ռադիոակտիվ նյութի (նյութերի) տեսակը և քանակը.

դ) բեռան տրանսպորտային ինդեքսը, իսկ միջուկային նյութ պարունակող բեռան համար` նաև կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը.

ե) հատուկ պայմաններում իրականացվող փոխադրման համար` նշում դրա մասին.

զ) բեռան կարգը (կատեգորիան).

է) փաթեթի վրա նշված ՄԱԿ-ի համարը.

ը) բեռն ստացողի անվանումը.

թ) բեռն ստացողի գտնվելու վայրը.

ժ) բեռան առաքման հիմքը (պայմանագիր, համաձայնագիր և այլն).

ժա) բեռան փոխադրման միջոցը (բազմափուլ փոխադրման դեպքում` բոլոր փոխադրամիջոցները)

ժբ) բեռը փոխադրողի (փոխադրողների) անվանումը (անվանումները).

ժգ) բեռը փոխադրողի (փոխադրողների) գտնվելու վայրը.

ժդ) բեռան փոխադրման ժամանակահատվածը.

ժե) բեռան փոխադրման նախատեսվող երթուղին և փոխադրման ծրագիրը:

(7-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

8. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ գործունեության համար` բեռն ստացողի լիցենզիայի պատճենը.

բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար` բեռը փոխադրողի լիցենզիայի պատճենը.

գ) բեռան փաթեթի սերտիֆիկատի պատճենը.

դ) հատուկ պայմաններում իրականացվող փոխադրման դեպքում` հատուկ կանոնների և անվտանգության նորմերի պահանջներից շեղումների անվտանգության ապահովման նպատակով փոխհատուցմանն ուղղված ցանկացած հատուկ տեխնիկական և վարչական միջոցառման մասին տեղեկանք.

ե) բեռան փոխադրման վթարային քարտի (վթարային քարտերի) պատճենը (պատճենները).

զ) բեռան փոխադրման ժամանակ ճառագայթային պաշտպանության ծրագիրը.

է) բեռն առաքողի հայտարարագրի պատճենը:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

9.1. Հայտի մեջ կամ դրան կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալներ, վրիպակներ և այլ նման բացթողումներ) առկայության կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում կարգավորող մարմինը հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղյակ է պահում դրա մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները կամ համալրել փաստաթղթերի ցանկը:

(9.1-ին կետը լրաց. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

9.2. Կարգավորող մարմինը հայտի և կից փաստաթղթերի ստացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում`

ա) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրման դեպքում` փոխադրման երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը համաձայնեցման է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և շրջակա միջավայրի բնագավառներում պետական լիազորված մարմիններին, իսկ Երևան քաղաքի վարչական տարածքով երթուղին անցնելու դեպքում` նաև Երևանի քաղաքապետի հետ,

բ) օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` փոխադրման երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը համաձայնեցման է ուղարկում Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:

(9.2-րդ կետը լրաց. 10.06.15 թիվ 607-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

9.3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, շրջակա միջավայրի օդային տրանսպորտի բնագավառներում պետական լիազորված մարմինները, ստանալով սույն կարգի 9.2-րդ կետով սահմանված երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում կարգավորող մարմին են ներկայացնում իրենց ներկայացված երթուղու սխեմայի և (կամ) փոխադրման ծրագրի վերաբերյալ համաձայնությունը կամ առաջարկությունները: Կարգավորող մարմինը ներկայացված առաջարկություններն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տեղյակ է պահում դրանց մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում երթուղին համապատասխանեցնել նշված առաջարկություններին:

(9.3-րդ կետը լրաց. 10.06.15 թիվ 607-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

9.4. Եթե հայտատուն համաձայն չէ պետական լիազոր մարմնի` նոր երթուղու տրամադրման վերաբերյալ առաջարկությանը, ապա նա այդ որոշումը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով:

(9.4-րդ կետը լրաց. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

9.5. Կարգավորող մարմինը սույն կարգի 9.3-րդ կետում նշված մարմինների համաձայնությունը, իսկ առաջարկությունների դեպքում հայտատուի կողմից փոփոխված երթուղին ներկայացվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման թույլտվություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:

(9.5-րդ կետը լրաց. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

9.6. Կարգավորող մարմինը միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման թույլտվություն տալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճենն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում պետական լիազորված մարմիններին, մաքսային սահմանով կամ տարանցիկ փոխադրման դեպքում` Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:

(9.6-րդ կետը լրաց. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

10. Կարգավորող մարմնի կողմից միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը թույլատրելու կամ մերժելու մասին հայտատուն գրավոր տեղեկացվում է որոշման ընդունման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում: Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը մերժելու որոշման մեջ պետք է նշվի մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Հայտատուն կարող է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը մերժելու մասին կարգավորող մարմնի որոշումը բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

(10-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

10.1. Փոխադրման թույլտվության մերժման հիմքերն են`

ա) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության, միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին,

բ) ներկայացված փաստաթղթերի ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը,

գ) սույն կարգի 9.1-ին կետով նախատեսված դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չշտկելը կամ փաստաթղթերի ցանկը չհամալրելը,

դ) հայտատուի կողմից ներկայացված երթուղու սխեմայով և (կամ) փոխադրման ծրագրով հնարավոր չէ իրականացնել միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը:

(10.1-ին կետը լրաց. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

11. Միջուկային նյութի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում բեռն առաքողը, ի լրումն սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի, պետք է կարգավորող մարմին ներկայացվող հայտին կից ներկայացնի նաև միջուկային նյութի արտահանման և տարանցիկ փոխադրման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված թույլտվության պատճենը:

12. Եթե բեռն առաքողը նախատեսում է բազմակի անգամ նույն փոխադրամիջոցով նույն տեսակի միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրել նույն բեռն ստացողին, ապա կարգավորող մարմինն իրավասու է բեռն առաքողին տալու անվտանգ փոխադրման ընդհանուր թույլտվություն` այդ փոխադրումների համար: Անվտանգ փոխադրման ընդհանուր թույլտվություն ստանալու համար բեռն առաքողը պարտավոր է կարգավորող մարմին ներկայացվող հայտում նշել փոխադրումների բազմակի բնույթի մասին, իսկ հայտին կից` ներկայացնել փոխադրումների ժամանակացանկը` մինչև երեք տարվա ժամանակահատվածի համար:

13. Եթե միջուկային և ռադիոակտիվ նյութերը փոխադրման ընթացքում, գրավոր համաձայնությամբ, փոխանցվում են մեկ այլ անձի, ապա բեռան հետագա փոխադրումը դիտվում է որպես նոր փոխադրում, և որպես առաքող է հանդես գալիս բեռն ընդունած անձը: Այս դեպքում բեռն ընդունած անձը փոխադրման համար պետք է ունենա սույն կարգի 5-10-րդ կետերի համաձայն ստացած անվտանգ փոխադրման թույլտվություն:

 

III. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

14. Բեռն առաքողը պարտավոր է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման սկզբից ոչ ուշ, քան հինգ օր առաջ կարգավորող մարմին ներկայացնել`

ա) հատուկ կանոնների 4.60, 7.18 և 7.21-րդ կետերին համապատասխան տեղեկություններ պարունակող ծանուցագիր և 4.2-րդ կետին համապատասխան մինչև փոխադրումն իրականացված անվտանգության միջոցառումների ու պարտադիր փորձարկումների անցկացման մասին տեղեկանք:

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է փոփ. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է փոփ. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

(14-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

15. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում բեռն առաքողը պարտավոր է միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարգավորող մարմին հայտնել փոխադրման մասին, որն էլ իր հերթին 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրման մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում պետական լիազորված մարմիններին, իսկ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում` Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնին:

(15-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

16. Բեռն առաքողն ու բեռն ստացողը միասին պարտավոր են միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ավարտից հետո 5-օրյա ժամկետում կարգավորող մարմին ներկայացնել ծանուցագիր` բեռան փոխադրման ավարտի մասին:

 

IV. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Բեռն առաքողը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է հատուկ կանոնների պահանջներին համապատասխան բեռան փաթեթավորման, փորձարկման, պիտակավորման և նշագրման համար:

18. Բեռը փոխադրողը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է`

ա) փոխադրամիջոցի սարքին վիճակում լինելու համար.

բ) փոխադրամիջոցում հատուկ կանոնների պահանջներին համապատասխան բեռան ամրացման, փոխադրամիջոցի վրա անհրաժեշտ պիտակների և տարբերանշանների տեղադրման համար.

գ) փոխադրումն իրականացնող անձնակազմի պատրաստվածության համար:

19. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական լիազորված մարմինը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է`

ա) փոխադրվող միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության ապահովման գործողությունների համակարգման համար.

բ) ավտոմոբիլային տրանսպորտով միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման դեպքում` բեռը փոխադրողի հետ փոխադրման երթուղու ճշտման և այդ երթուղով բեռան անարգել փոխադրման պայմանների ապահովման համար:

(19-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 607-Ն որոշում)

20. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազորված մարմինը պատասխանատու է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր վթարների դեպքում ազդակիր տարածքների բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2002
N 931-Ն
Որոշում