Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

30.03.2018 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

1. Սույն օրենքը կարգավորում է բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր) օրենքով սահմանված կարգով անձնական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման, ինչպես նաև ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքի նպատակը բնակչի ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի` ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումն է:

(1-ին հոդ. փոփ. 18.05.15 ՀՕ-57-Ն օրենք)

 

Հոդված 2. Ռեգիստրի մասին օրենսդրությունը

 

1. Ռեգիստրի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-226-Ն օրենք)

 

i
Հոդված 3. «Ռեգիստր» հասկացությունը

 

Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` բնակիչների)` ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:

(3-րդ հոդ. փոփ. 25.02.10 ՀՕ-26-Ն, 21.06.14 ՀՕ-90-Ն, 18.05.15 ՀՕ-57-Ն օրենքներ)

 

i
Հոդված 4. Ռեգիստրի ստեղծման և վարման հիմնական սկզբունքները և ռեգիստրի կառուցվածքը

 

1. Ռեգիստրի ստեղծման և վարման հիմնական սկզբունքներն են`

1) ստեղծման և վարման միասնականությունը.

2) բնակչի անձնական հաշվառման տվյալներին` միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների (անձանց) մատչելիությունը.

3) բնակչի ազատ տեղաշարժի և բնակության վայրի ազատ ընտրությունը.

4) մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառումը.

5) բնակչի կողմից անձնական հաշվառման իր տվյալներին անարգել ծանոթանալու ազատությունը:

2. Ռեգիստրը բաղկացած է կենտրոնական ռեգիստրից և կենտրոնական ռեգիստրի տեղական բաժանմունքներից (այսուհետ` տեղական ռեգիստրներ):

3. Ռեգիստրի ստեղծման և վարման աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 30.06.2005 թվականից` 20.05.05 ՀՕ-131-Ն օրենք)

5. Կենտրոնական ռեգիստրը վարում և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(4-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-131-Ն, 18.05.15 ՀՕ-57-Ն օրենքներ)

 

i
Հոդված 5. Ռեգիստրում մշակվող անձնական տվյալները

 

1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անձնական տվյալները.

1) հանրային ծառայությունների համարանիշը.

2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.

3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.

6) սեռը.

7) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).

9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը.

i

10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրում անձնական տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում ռեգիստր վարող մարմինները համակարգում և եռամսյա պարբերականությամբ դրանք ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 30.06.2005 թվականից` 20.05.05 ՀՕ-131-Ն օրենք)

4. Հաշվառված բնակչի անձնական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(5-րդ հոդ. փոփ. 24.09.03 ՀՕ-2-Ն, 20.05.05 ՀՕ-131-Ն, 06.12.07 ՀՕ-295-Ն, 30.11.11 ՀՕ-290-Ն, 18.05.15 ՀՕ-57-Ն, 16.01.18 ՀՕ-77-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Ռեգիստրում անձնական տվյալների կուտակման աղբյուրները

 

1. Համապատասխան բնագավառների լիազորված պետական մարմինները ռեգիստր վարող մարմիններին պարտավոր են տրամադրել բնակչության անձնական հաշվառման տվյալներ`

1) Հայաստանի Հանրապետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետությունում ծնված, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձանց վերաբերյալ, որոնց ծնողները բնակվում են Հայաստանի Հանրապետությունում.

5) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների վերաբերյալ.

6) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.

7) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ.

8) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

9) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

10) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.

11) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկներն ու կազմակերպությունները) անձնական հաշվառման տվյալները տրամադրում են համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմնին, իսկ պետական կառավարման լիազորված մարմինները` կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

(6-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-131-Ն, 06.12.07 ՀՕ-295-Ն, 21.06.14 ՀՕ-90-Ն, 18.05.15 ՀՕ-57-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Ռեգիստրին տեղեկացնելու պարտականությունը

 

1. Ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձնական տվյալները: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տվյալները համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յոթնօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

i

3. Հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(7-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-131-Ն, 21.06.14 ՀՕ-90-Ն, 18.05.15 ՀՕ-57-Ն օրենքներ)

 

Հոդված 8. Ռեգիստր վարող մարմինների միջև անձնական հաշվառման տվյալների փոխանցման կարգը

 

1. Տեղական ռեգիստր վարող մարմինը բնակչի անձնական հաշվառման տվյալներն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, դրանք փոխանցում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, իսկ կենտրոնական ռեգիստր վարող մարմինը` տեղական ռեգիստր վարող մարմնին:

2. Նոր կացարանում մշտական բնակություն հաստատելու մասին բնակչի դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ինչպես կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, այնպես էլ այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Պաշտոնական տեղեկացումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը հաշվառումից հանում է այդ բնակչին և նրա անձնական հաշվառման տվյալները պաշտոնապես ուղարկում է բնակչի մշտական բնակության նոր վայրի տեղական ռեգիստր վարող մարմին:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նշված բնակիչներին երեք աշխատանքային օրվա ընթացքում հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրանց անձնական հաշվառման տվյալները և հաշվառելով հյուպատոսական հաշվառման հասցեով:

(8-րդ հոդ. փոփ. 21.06.14 ՀՕ-90-Ն, 18.05.15 ՀՕ-57-Ն օրենքներ)

 

i
Հոդված 9. Բնակչության հաշվառման կարգը

 

Բնակչության հաշվառման կարգը և հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-131-Ն օրենք)

 

Հոդված 10. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

i
Հոդված 12. Անցումային դրույթներ

 

1. Լիազոր մարմնի կողմից ներկայացված ժամկետներին համապատասխան` պետական կառավարման լիազորված մարմինները կենտրոնական ռեգիստր են փոխանցում Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց` սույն օրենքով սահմանված անձնական հաշվառման տվյալները:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձնական հաշվառման տվյալներն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինը տեղական ռեգիստրներին տրամադրում է համապատասխան տարածքում բնակվող անձանց անձնական հաշվառման տվյալները:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն անձինք, ովքեր հաշվառված չեն, պարտավոր են մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը հաշվառվել համապատասխան տեղական ռեգիստրներում: Հաշվառման կապակցությամբ բնակչությանը տեղեկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.06.2012 թվականից` 30.11.11 ՀՕ-290-Ն օրենք)

5. Բնակչության պետական ռեգիստրը գործում է 2006 թվականի հուլիսի 1-ից:

(12-րդ հոդ. փոփ. 24.09.03 ՀՕ-2-Ն, 20.05.05 ՀՕ-131-Ն, 30.11.11 ՀՕ-290-Ն, 21.06.14 ՀՕ-90-Ն, 18.05.15 ՀՕ-57-Ն օրենքներ)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-419-Ն

 

 

pin
ՀՀ 24.09.2002
N ՀՕ-419-Ն օրենք