Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1905.121202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2002 թվականի N 1905-Ն

 

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 141030.7 հազար դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության` 12525.3 հազար դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Սահմանել, որ`

ա) «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` վաթսունհինգ տարին լրացած (այսուհետ` տարեց) միայնակ չաշխատող կենսաթոշակառուների, կամ տասնութ տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող տարեց անձանց, կամ ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց` բացառությամբ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով կամ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց, շուրջօրյա լրիվ խնամքի, սոցիալական սպասարկման և երկարաժամկետ կացարանով բնակության ապահովումն է: «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, կոշիկով, առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավաբանական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական հաստատություն ուղեգրման, ազատ ժամանցի և աշխատանքային թերապիայի կազմակերպումն է.

բ) «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

վճարովի կամ համավճարով խնամքի (այդ թվում` անկողնային հիվանդների), կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում, այդ թվում` բժշկական հաստատություններում, ազատ ժամանցի կազմակերպում, ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

հագուստի, մանածագործական ու մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում,

արևային էներգիայի արտադրություն և վաճառք.

գ) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում` այդ ծախսերի տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 22.01.15 թիվ 32-Ն, 15.02.18 թիվ 163-Ն, 15.06.2020 թիվ 962-Ն որոշումներ)

4. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 18.11.04 թիվ 1593-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

6. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2002
N 1905-Ն
Որոշում