Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՀՈՍՔԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՀՈՍՔԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՃԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ Կ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Ը

 

ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՀՈՍՔԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՃԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

17 ապրիլի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,

i

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված «Միջսահմանային ջրահոսքերի և միջազգային լճերի պահպանության և օգտագործման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված Միջսահմանային ջրահոսքերի և միջազգային լճերի պահպանության և օգտագործման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան, կից հավելվածները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պ ա ր զ ե ց.

Միջսահմանային ջրահոսքերի և միջազգային լճերի պահպանության և օգտագործման մասին կոնվենցիան ստորագրվել է Հելսինկիում` 1992 թվականի մարտի 17-ին:

Կոնվենցիան բաց է և դրան կարող են միանալ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունները, այդ պետությունների կողմից ստեղծված տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններ, ինչպես նաև Եվրոպական տնտեսական հանձնաժողովում խորհրդակցական կարգավիճակ ունեցող պետություններ:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին 16-րդ պետության կողմից ընդունված փաստաթուղթը ավանդապահին հանձնելուց հետո` 90-րդ օրը:

Կոնվենցիան ունի 4 հավելված: Հավելվածները կոնվենցիայի անբաժանելի մասն են:

Կոնվենցիային միանալու նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վիճակը:

Կոնվենցիան պարտավորեցնում է Կողմերին ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները կանխելու, սահմանափակելու և կրճատելու ստորգետնյա և մակերեսային ջրերի աղտոտումը, որը կարող է ունենալ միջսահմանային ներգործություն, ապահովելու միջսահմանային ջրերի էկոլոգիապես հիմնավորված օգտագործումն ու դրանց պահպանումը, էկոհամակարգի պահպանումը, վերականգնումը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ դիմումին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանքը հիմք ընդունվել չի կարող, քանի որ պարունակում է անճշտություններ և կոնվենցիային միանալու նպատակահարմարությունը հիմնավորող հարցադրումներ, որոնք առնչություն չունեն սույն կոնվենցիայի հետ:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10 հոդվածի համապատասխան «Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը» ,

i

ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ո ր ո շ ե ց.

i

1. 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված Միջսահմանային ջրահոսքերի և միջազգային լճերի պահպանության և օգտագործման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 ապրիլի 1996 թ.

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.04.1996
N ՍԴՈ-9
Որոշում