Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 մայիսի 1996 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

i

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը  ՊԱՐԶԵՑ.

 

Ազատ առևտրի մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև ստորագրվել է 1995 թվականի հոկտեմբերի 3-ին Աշգաբադում, հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, որոնք հավասարազոր են: Համաձայնագիրն անժամկետ է: Դրա գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի նախաձեռնությամբ` այդ մասին միմյանց տեղյակ պահելով 12 ամիս առաջ:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը առևտրում միմյանց տրամադրում են առավելագույն բարենպաստման ռեժիմ:

Կողմերը պարտավորվում են համաձայնագրի շրջանակներում ներառվող ապրանքներն ուղղակի կամ անուղղակի չհարկել այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք կգերազանցեն ներքին արտադրության կամ երրորդ երկրների ծագում ունեցող համանման ապրանքների համար նախատեսված ներքին հարկերը և գանձումները:

Միմյանց ապրանքների արտահանման և ներմուծման նկատմամբ չի ներկայացվի որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որը համանման իրադրությունում չի կիրառվի ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած համանման ապրանքների նկատմամբ:

Ըստ համաձայնագրի Կողմերը նշված ռեժիմից բացառություններ կարող են անել համաձայնեցված ապրանքացանկով, որը ձևակերպվում է որպես համաձայնագրի անբաժանելի մաս: Դեռևս նման ապրանքացանկ չի ընդունվել:

Համաձայնագրի 9 հոդվածը Կողմերի կամ երրորդ երկրների համար նախատեսված ապրանքների տարանցման համար նույնպես նախատեսում է առավելագույն բարենպաստման ռեժիմ: Տարանցման հարցերով նախատեսվում է Կողմերի միջև կնքել առանձին համաձայնագիր:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը  ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 1995 թվականի հոկտեմբերի 3-ին Աշգաբադում ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 մայիսի 1996 թվական

ՍԴՈ - 10

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.05.1996
N ՍԴՈ-10
Որոշում