Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈ ...

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«25»  հունիսի  1996 Թ.

թիվ 121-Մ հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է ցերեկային /արտադրությունից կտրված/ ուսուցման ձևով:

2. Ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական պատվերի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու էկոնոմիկայի նախարարությունների համատեղ հաստատած վճարովի ուսուցման համակարգի տեղերի քանակի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած մասնագիտությունների և սույն կանոնների համաձայն:

3. Քոլեջներ կարող են ընդունվել միջնակարգ կրթություն ունեցողները, իսկ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ` 8-ամյա կամ միջնակարգ կրթություն ունեցողները: Կրթության հիմքը /8-ամյա, միջնակարգ/ ըստ մասնագիտությունների սահմանվում է նախարարության կողմից:

4. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը տեխնիկական, տեխնոլոգիական և շինարարական մասնագիտությունների գծով կատարվում է առանց ընդունելության քննությունների, միջնակարգ կրթության վկայականի` նախարարության կողմից սահմանած հանրակրթական առարկաների գնահատականների գումարի և հաջորդականության հիման վրա:

Մյուս մասնագիտությունների գծով ընդունելությունը կատարվում է նախարարության սահմանած ընդունելության քննությունների ցանկի համաձայն, ընդ որում ՄՄՈՒՀ-ներում «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննություն է համարվում հանրակրթական դպրոցի «Հայոց լեզու» առարկայի /կրթության վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունենալու դեպքում` «Ռուսաց լեզու» առարկայի/ ավարտական քննությունը: Բացառություն են կազմում` 0206 -»Գործավարություն և արխիվավարություն», 0307-»Դասավանդում տարրական դասարաններում», 030701 - «Դասավանդում տարրական դասարաններում և ռուսաց լեզու», 030702 -»Դասավանդում տարրական դասարաններում և անգլերեն լեզու» 0308 - «Նախադպրոցական դաստիարակություն», 030801 -»Նախադպրոցական դաստիարակություն և օտար լեզու», 030802 -»Նախադպրոցական դաստիարակություն և կերպարվեստ», 0309-»Արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանք», 0520-»Գրադարանային գործ» մասնագիտությունները, որոնց համար դիմորդները «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունը հանձնում են տվյալ ՄՄՈՒՀ-ում:

Ռուսական դպրոցի շրջանավարտները և միջնակարգ կրթության վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու» առարկայից /որտեղ այն նախատեսված է/ քննություն են հանձնում ռուսական դպրոցի ծրագրով, իսկ մնացած առարկաները, իրենց ցանկությամբ կարող են հանձնել ռուսերեն լեզվով:

5. Դիմորդների գործերի ընդունումը քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում կատարվում է տեղում` ընդունող հանձնաժողովի կողմից:

6. Դիմորդների գործերի ընդունումը քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սկսվում է 1996 թ. հուլիսի 1-ից և ավարտվում ոչ ուշ, քան տվյալ մասնագիտության ընդունելության քննությունների սկզբից երկու օր առաջ: Այն մասնագիտություններով, որոնց համար ընդունելության քննություններ նախատեսված չեն, գործերի ընդունումն ավարտվում է օգոստոսի 23-ին:

7. Ընդունելության քննություններն անց են կացվում ուսումնական հաստատության կողմից հաստատված քննությունների ժամանակացույցի համաձայն, որը նախապես համաձայնեցվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

8. Դիմորդները քոլեջի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

ա/ դիմում,

բ/ կրթության մասին վկայական /բնագիրը կամ պետական նոտարի կողմից

հաստատված պատճենը/,

գ/ բժշկական տեղեկանք /ձև 086-ՈՒ/,

դ/ չորս լուսանկար /3 x 4 սմ չափի/,

ե/ փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին /զորակոչային

տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվարկային

փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ

չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում/,

զ/ անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ ծննդյան վկայական/:

 

9. Քոլեջների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության քննություններին մասնակցելու համար նախապես վճարում են 350 դրամ: Ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովը, ելնելով առանձին դիմորդների նյութական վիճակից, իրավունք ունի ազատել նրանց այդ վճարումից:

10. Յուրաքանչյուր քննական հանրակրթական առարկա գնահատվում է 20-միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները:

Երաժշտական առարկաների քննությունների գնահատման համակարգը սահմանվում է առանձին ` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

11. Գրավոր քննության գնահատականը կարող է գանգատարկվել գնահատականի հայտնման օրը, իսկ բանավոր քննության գնահատականը` առանց քննասենյակից դուրս գալու:

12. Ընդունելության քննության վերահանձնում չի թույլատրվում:

13. Փաստաթղթերով հաստատված` հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել տվյալ ուսումնական հաստատությունում:

Քննացուցակով նշանակված ժամկետին որևէ քննության անհարգելի պատճառով չներկայացած դիմորդների մասնակցությունը հետագա քննություններին չի թույլատրվում:

14. Մրցույթն անց է կացվում մրցութային քննություններից հավաքած միավորների գումարի հիման վրա: Քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում քննական առարկաներից ստացած միավորները` սահմանված հաջորդականությամբ:

Սույն կանոնների 4-րդ կետում նշված տեխնիկական, տեխնոլոգիական և շինարարական մասնագիտությունների համար մրցույթն անց է կացվում միջնակարգ կրթության վկայականի` նախարարության կողմից սահմանված առարկաների գնահատականների գումարի հիման վրա, իսկ այդ գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում առանձին առարկաների գնահատականները` սահմանված հաջորդականությամբ:

15. Մրցույթից դուրս արտապլանային տեղերում կարող են ընդունվել`

ա/ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձագետների հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ.

բ/ երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված մինչև 1996 թ. սեպտեմբերի 1-ը 18 տարին չլրացած անձինք.

գ/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության նախարարության կողմից տրված վկայականների:

16. Պետական պատվերով հատկացված տեղերում մրցույթով չանցած դիմորդները կարող են մինչև ս/թ օգոստոսի 30-ը ներառյալ ներկայացնել դիմում` տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի տեղերի մրցույթին մասնակցելու համար:

17. Երևանի հումանիտար քոլեջում և Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջում վճարովի ուսուցման համակարգի թափուր տեղերի առկայության դեպքում այդ տեղերում մրցութային կարգով կարող են ընդունվել ընթացիկ տարում պետական ԲՈՒՀ-երի մրցույթով չանցած դիմորդները, որոնք հանձնել են ընդունելության քննություններ համընկնող առարկաներից և ներկայացնում են սահմանված ձևի տեղեկանք:

18. Ընդունելության հետ առնչվող վիճելի հարցերը քննարկվում են ընդունող հանձնաժողովի կողմից:

i

19. Սույն կանոնները մշակվում և հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետի համաձայն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

27.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12960034

 

 

pin
Կրթության եւ գիտության նախարարություն
25.06.1996
N 121-Մ
Կանոններ