ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 1996 թվականի թիվ 84
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի փետրվարի 2-ի թիվ 6 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Շրջանառության մեջ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներում դրամանիշերի տեսակային կազմի և կառուցվածքի օպտիմալացման ու դրամանիշերի պատրաստման 1996-1999 թվականների ծրագրի» 2-րդ տարբերակի «ա» ենթատարբերակին (լրամշակված կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության դրամանիշերի տպագրումը կազմակերպել մրցութային հիմունքներով:
3. Հավանություն տալ դրամանիշերի տպագրման մրցույթի անցկացման ժամանակացույցին և մրցույթի հայտարարության տեքստին (կցվում են):
4. Հաստատել դրամանիշերի պատրաստման համար հայտարարվելիք մրցույթի պայմանները (կցվում են):
5. Մինչև 1996 թվականի մայիսի 15-ը ստեղծել դրամանիշերի պատրաստման մրցութային հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի գլխավորությամբ` բաղկացած 9 անդամից, ընդգրկելով ինչպես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, այնպես էլ այլ նախարարությունների և գերատեսչությունների համապատասխան մասնագետների:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և մրցութային հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
.________________________________________________________________.
| Դ | Մրցույթի անցկացման փուլերը | Ժամկետը |
|___|_______________________________________________|____________|
| 1.| Մրցույթի հայտարարություն «Ֆայնենշլ Թայմսում» | 15.05.96 |
|___|_______________________________________________|____________|
| 2.| Մրցույթի մասնակիցներից առաջարկությունների | 15.07.96 |
| | ստացման վերջին ժամկետը | |
|___|_______________________________________________|____________|
| 3.| Մրցութային հանձնաժողովի կողմից ստացված | |
| | առաջարկություններով ծրարների բացումը և | |
| | անանուն ծրարների հանձնումը մրցույթի | 15.07.96 |
| | աշխատանքային խմբին | |
|___|_______________________________________________|____________|
| 4.| Պայմանագրի կնքումը | 15.08.96 |
.________________________________________________________________.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է
դրամանիշերի նոր նմուշների տպագրման և մատակարարման մրցույթ
1. ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է 1996-1997 թվականների ընթացքում դրամանիշերի նոր նմուշների տպագրման և մատակարարման մրցույթ` 5 նոմինալով, ընդհանուր քանակը` 70-95 մլն հատ և հրավիրում է բոլոր իրավասու ֆիրմաներին` մասնակցելու անցկացվող մրցույթին:
2. Պայմանագիրը նախատեսվում է կնքել նոր շարքի ընդհանուր քանակի հիման վրա, պայմանագրի կնքումից անմիջապես հետո նշված ողջ ժամկետում` 2 նոմինալով, 45 մլն հատ քանակով` դրամանիշերի պատրաստման համար: Դրամանիշերի մնացած քանակի պատրաստման պայմանագրային ժամկետները կճշտվեն բանկի կողմից` պայմանագիրն ուժի մեջ լինելու ժամկետի ընթացքում:
3. Մրցույթի մասնակիցը կատարում է մրցութային իր առաջարկությունների նախապատրաստման և ներկայացման հետ կապված բոլոր ծախսերը:
4. Մրցույթի մասնակցի պատրաստած մրցութային առաջարկությունները պետք է կազմված լինեն անգլերեն և ռուսերեն լեզուներով ու փոստային կապով ներկայացվեն բանկ:
5. Մրցույթի մասնակիցը մրցութային իր առաջարկության շրջանակներում կներկայացնի գրավ` 30 հազար ԱՄՆ-ի դոլարի չափով (բանկի հաշիվը` ԱՄՆ, Նյու Յորք, Սիթիբանկ 36017162, Գերմանիա, Դոյչբանկ 9499120, Ցյուրիխ, Սվիսբանկ ընկերություն 101 WA-147001-000): Առանց գրավի մրցութային առաջարկությունները կմերժվեն բանկի կողմից: Մրցույթում չհաղթած մասնակցին կվերադարձվի գրավի գումարը: Մրցույթում հաղթած մասնակցին գրավը կվերադարձվի պայմանագրի ձևակերպումից և դրա կատարման համար երաշխիք տրամադրելուց հետո: Գրավը չի վերադարձվում, եթե մրցույթի մասնակիցը հետ է վերցնում իր առաջարկությունը` նրա ուժի մեջ լինելու ընթացքում, եթե մասնակիցը չի կարող ստորագրել պայմանագիրը կամ տրամադրել պայմանագրի կատարման երաշխիք:
6. Մրցութային առաջարկությունները բանկը պետք է ստանա ոչ ուշ, քան 1996 թվականի հուլիսի 15-ը:
7. Մրցութային առաջարկությունները պետք է պարունակեն 1000 հատ գները, դրամանիշի թղթի բնութագիրը, տպագրության եղանակները և դրամանիշի պահպանական առանձնահատկությունները, մասնակիցներին առաջարկվող լրացուցիչ ծառայությունները (խորհրդատվական օգնություն, թողարկվող դրամանիշերի մասին տպագիր արտադրանքի պատրաստում, բանկային սարքավորումների տրամադրում` հաշվիչ մեքենաներ, դրամանիշերի փաթեթավորման և ոչնչացման համար սարքավորումներ, բանկի մասնագետների ուսուցման կազմակերպում, ինչպես նաև այլ առաջարկություններ` մասնակցի հայեցողությամբ), վճարի և մատակարարման պայմաններն ու ժամկետները, պատրաստման և մատակարարման վերահսկման պայմանները:
8. Շահագրգիռ ֆիրմաները մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար կարող են դիմել հետևյալ հասցեով`
Հայաստանի Հանրապետություն, 375010, քաղաք Երևան, Նալբանդյան փողոց 6,
հեռախոս` (3742) 589-441, 583-533, 580-653,
ֆաքս` (3742) 560-441, 580-653, AT&T 151-07