Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 1996 թվականի թիվ 122

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Օտարերկրյա ներդրումների մասին», «Արժութային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրված լիազորությունները, որոշում է.

1. Հավանություն տալ «Արժութային քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարությանը (կցվում է):

2. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Միջազգային արժութային հիմնադրամի «Համաձայնագրի հոդվածների» VIII հոդվածին միանալու խնդիրը քննարկելու առաջարկությամբ:

3. Հիմք ընդունելով «Արժութային քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարության հիմնական սկզբունքները` հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությանը երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության քննարկմանը ներկայացնել սույն որոշման դրույթների իրագործումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի փաթեթը:

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության արժութային գործակալն է և լիազորված է իրականացնելու արժութային քաղաքականություն:

Կենտրոնական բանկի արժութային քաղաքականությունը նպատակաուղղված է արժութային պահուստների արդյունավետ կառավարման միջոցով Հայաստանի Հանրապետության դրամի հուսալիության և դրա նկատմամբ միջազգային վստահության ամրապնդմանը, արժութային գործառնությունների ազատականացմանը, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ իրավատնտեսական դաշտի ձևավորմանը:

 

Արժութային քաղաքականության հիմնական սկզբունքները

 

Կենտրոնական բանկն իրականացնում է ազատ լողացող փոխարժեքների քաղաքականություն: Կենտրոնական բանկի միջամտությունը փոխարժեքների ձևավորմանը սահմանափակվում է անուղղակի ազդեցության գործիքներով:

ՀՀ տարածքում առաջարկվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների դիմաց միակ օրինական վճարամիջոցը ՀՀ դրամն է:

Կենտրոնական բանկը հայտարարում է դրամի ամենօրյա հաշվարկային փոխարժեքները` հիմք ընդունելով նախորդ օրը ներքին ֆինանսական շուկայում (միջբանկային սակարկություններ, միջբանկային արժութային շուկա, ներբանկային փոխարկումներ և փոխանակման կետեր) ձևավորված փոխարժեքների կշռված միջինը: Հաշվարկային փոխարժեքն օգտագործվում է հաշվապահական հաշվառման նպատակով և հիմք է հանդիսանում Կենտրոնական Բանկի ընթացիկ գործառնությունների արտացոլման համար: Առք ու վաճառքի փոխարժեքները սահմանվում են հաշվարկային փոխարժեքների հիման վրա:

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններն ամբողջապես ազատականացված են, ինչն ապահովում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի լիարժեք մասնակցությունը ներքին արժութային շուկայի գործառնություններին: Վերացված են դրամով և արտարժույթով կանխիկ և անկանխիկ գործառնությունների իրականացման բոլոր սահմանափակումները:

 

Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվում արտացոլվող գործառնությունները

 

Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի շարժերի հետ կապված գործառնություններն իրականացվում են առանց ծավալային և այլ սահմանափակումների: Ներքին արժութային շուկայում ինչպես ՀՀ ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտները, անկախ իրավական կարգավիճակից, փոխհամաձայնեցված փոխարժեքներով կարող են փոխարկման գործառնություններ իրականացնել սպասարկող բանկերի միջոցով: ՀՀ ոչ ռեզիդենտ բանկերն իրավունք ունեն ներքին շուկայում ՀՀ դրամով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնել միջբանկային արժութային սակարկություններին մասնակցության, ինչպես նաև ուղղակի միջբանկային փոխարկումների իրականացման միջոցով:

 

Արժութային վերահսկողության իրականացումը

 

ՀՀ տարածքում գործող բանկերի, դրանց արտարժույթի փոխանակման կետերի կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններն արտոնագրվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Նպատակ ունենալով ամրապնդել և ընդլայնել դրամի օգտագործման ոլորտը` Կենտրոնական բանկի կողմից սահմանվել է ՀՀ տարածքում գործող բանկերի ընդհանուր կապիտալի նկատմամբ արտարժույթի տնօրինման սահմանաքանակ:

 

Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների հաշիվները

 

Կենտրոնական բանկի կողմից վերացվել են ինչպես վճարային համակարգի հետ կապված, այնպես էլ ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից արժութային գործառնությունների սպասարկման ուղղությամբ կիրառվող բոլոր սահմանափակումները:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են սպասարկել միջազգային պրակտիկայում կիրառվող բոլոր տեսակի հաշիվներ: Նման ազատականացված սկզբունք է գործում նաև ռեզիդենտների կողմից օտարերկրյա բանկերում միջազգային բանկային պրակտիկայում կիրառվող հաշիվների բացման հարցում:

ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ընթացիկ արժութային գործառնություններից ստացված արժութային հասույթները լիովին տնօրինվում են իրենց կողմից:

 

Կապիտալի շարժերը

 

Արժութային արժեքները Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների սեփականությունը: Արժութային արժեքների սեփականության իրավունքը երաշխավորվում և պաշտպանվում է պետության կողմից:

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները և ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն առանց սահմանափակումների արժութային արժեքներ փոխադրել, առաքել և ներմուծել Հայաստանի Հանրապետություն: Օրենսդրությամբ ոչ ռեզիդենտների համար սահմանված է նաև կապիտալի ներհոսք ապահովող արտոնյալ կարգաձև` ընդհուպ բոլոր երաշխիքների ապահովումը` ՀՀ ներմուծված գումարների, գույքի և այլ միջոցների, ինչպես նաև ստացված շահույթի անկորուստ արտահանման համար:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նպատակ ունի ըստ ամենայնի զարգացնելու կապիտալի հետ կապված գործընթացների հետագա ազատականացման խնդիրը:

 

Արժութային քաղաքականության զարգացումը

 

Հաշվի առնելով փոխարժեքների սահմանման միջազգային փորձը` Կենտրոնական բանկը հակված է վերանայելու փոխարժեքների ձևավորման գործող կարգը` բանկերի հետ համատեղ ապահովելով այլ ֆինանսավարկային կազմակերպությունների մասնակցությունը ֆինանսական շուկայի գործառնություններին և առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով.

1. Ֆինանսական շուկայում ձևավորված առաջարկի և պահանջարկի իրական հարաբերակցության հիման վրա սահմանել արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները և վերջիններիս հիման վրա հաշվարկել հաշվարկային փոխարժեքները:

2. Ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների կամ նրանց գործունեության ոլորտի հետ կապված այլ գերատեսչությունների կողմից արտոնագրված և պետական ռեգիստրում գրանցված ֆինանսավարկային կազմակերպություններին թույլատրել իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:

3. Ընդլայնել ոչ բանկային ֆինանսական միջնորդների (դիլերների և բրոքերների) մասնակցությունը արժութային շուկայում` արտոնագրված ֆինանսական դիլերներին հնարավորություն ընձեռելով առանց բանկերի միջամտության իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ` գործող օրենսդրության և Կենտրոնական բանկի սահմանած նորմատիվային դաշտի սահմաններում: Ելնելով իրենց տնտեսական շահերից հաշվապահական և վիճակագրական նպատակների համար վերջիններիս թույլատրել օգտագործել իրենց կողմից իրականացված գործառնությունների ընթացքում ձևավորված առք ու վաճառքի փոխարժեքների կշռված միջինը կամ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքները: Տնտեսավարող սուբյեկտներին իրենց գործունեության հետ կապված հաշվարկներն իրականացնելիս թույլատրել հիմք ընդունելու սպասարկող ֆինանսավարկային կազմակերպության կամ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքները, քանի որ նրանք չեն իրականացնում ֆինանսական միջնորդի ֆունկցիաներ:

4. Վերացնել օրինական ճանապարհով ձեռք բերված կանխիկ արտարժույթի արտահանման հետ կապված բոլոր սահմանափակումները:

5. Ազատականացնել թանկարժեք քարերի ու մետաղների, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով գործառնությունները` ապահովելով տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը շուկայի գործառնություններին:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
19.07.1996
N 122
Որոշում