Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՎՈՂ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ...

 

 

040.1228.081003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2003 թվականի N 1228-Ն

 

i

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՎՈՂ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2141-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 206-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի օգոստոսի 28-ի

N 1228-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՎՈՂ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ

 

ԲԱԺԻՆ 1. ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՎՈՂ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններում ամրագրված դրույթները տարածվում են ջրահեռացման համակարգերը սեփականության կամ օգտագործման իրավունքով օգտագործող (շահագործող) և տնօրինող կազմակերպությունների վրա: Ջրահեռացման համակարգերը կարող են օգտագործվել (շահագործվել) դրանց սեփականատերերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով օգտագործման (շահագործման) իրավունք ձեռք բերած կազմակերպությունների կողմից:

Սույն կանոնների նպատակներն են`

ա) ջրահեռացման համակարգերի կառավարման, օգտագործման (շահագործման) և հեռացվող ջրերի (կեղտաջրերի) մաքրման պահանջվող մակարդակի ապահովումը.

բ) ջրահեռացման համակարգերի կառուցվածքների հուսալիության և երկարակեցության, ինչպես նաև արդյունավետ և անխափան աշխատանքի ապահովումը.

գ) ջրահեռացման ցանցերի խցանումների և վթարների ժամանակին կանխարգելումն ու վերացումը.

դ) մաքրման կառուցվածքների շահագործման ճիշտ կազմակերպումը և դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման համար պայմանների ստեղծումը.

ե) մաքրման կառուցվածքների շահագործման լավագույն գործելակարգերն ապահովելու նպատակով դրանց աշխատանքի նկատմամբ լաբորատոր-արտադրական և տեխնոլոգիական հսկողության կազմակերպումը:

 

II. ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ (ՇԱՀԱԳՈՐԾՈՂ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Բնակավայրերի ջրահեռացման համակարգերը նախատեսված են բնակչության, ինչպես նաև կոմունալ-կենցաղային, արտադրական և այլ կազմակերպությունների կողմից ջրահեռացման ցանցեր արտանետվող կեղտաջրերի ընդունման, հեռացման և մաքրման համար դրանք օգտագործելու կամ ջրային ռեսուրս լցնելու նպատակով: Ջրային ռեսուրս լցվող կեղտաջրերի որակը պետք է բավարարի սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջները, իսկ այլ նպատակներով օգտագործվող կեղտաջրերինը` ջրօգտագործողների պահանջները, որոնք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ:

3. Արտադրական կեղտաջրերն այլ կեղտաջրերի հետ համատեղ նույն ջրահեռացման ցանցով հեռացնելու և նույն մաքրման կայանում մաքրելու պայմանները պահպանելու և հսկելու նպատակով յուրաքանչյուր ջրօգտագործողի համար հաշվարկվում և որոշվում են սահմանային թույլատրելի արտահոսքերը (այսուհետ` ՍԹԱ):

4. Այն ջրօգտագործողների համար, որտեղ ՍԹԱ-ների պահպանմանը հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ սահմանվում են ավելի մեղմ ժամանակավոր համաձայնեցված արտահոսքեր (այսուհետ` ԺՀԱ) և դրանցից ՍԹԱ-ներին անցնելու ժամանակացույցեր:

5. Ջրօգտագործողների կողմից ՍԹԱ-ները կամ ԺՀԱ-ները խախտելու հետևանքով ջրահեռացման ցանցին կամ մաքրման կայանին հասցված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանված կարգով:

6. Ջրահեռացման համակարգի տեխնիկական շահագործումը պետք է ապահովի համակարգի բոլոր կառուցվածքների` տեխնիկատնտեսական ու որակական բարձր ցուցանիշներով հուսալի և անխափան աշխատանքը` հաշվի առնելով մակերևութային ջրերը կեղտաջրերով կեղտոտվելուց պահպանելու և ջրային ռեսուրսներն ըստ նպատակահարմարության օգտագործելու պահանջները:

7. Ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքն ապահովելու համար այդ համակարգը շահագործող կազմակերպությունը պարտավոր է`

ա) ունենալ համակարգի շահագործման վերաբերյալ տեխնիկական պահանջների իրականացումը բավարարող բարձրորակ տեխնիկական անձնակազմ.

բ) ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ.

գ) կազմակերպել ցանցերի ու կառուցվածքների պատշաճ շահագործումը, ապահովել աշխատանքների կատարելագործումը և գիտության ու տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումների հիման վրա առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը.

դ) կազմակերպել ցանցերի և կառուցվածքների նախապես ծրագրված զննման ու կանխարգելող նորոգման աշխատանքների ժամանակին և որակով կատարումը.

ե) ձեռնարկել միջոցներ վթարների ժամանակին հայտնաբերման և դրանք արագ վերացնելու համար.

զ) կանոնավորապես գրանցել ցանցերի և կառուցվածքների վթարներն ու դրանց առաջացման պատճառները:

8. Ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքներն ապահովելու համար ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը`

ա) իրականացնում է շահագործող անձնակազմի վերապատրաստման միջոցառումներ.

բ) պարբերաբար ստուգում է շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների մասին բանվորների ու ինժեներատեխնիկական անձնակազմի գիտելիքները.

գ) կազմակերպում է ցանցերի և կառուցվածքների աշխատանքի խախտումների ու վթարների պատճառների վերլուծությունը և մշակում միջոցառումներ` դրանք կանխելու և վերացնելու համար.

դ) շահագործող-վերանորոգող անձնակազմի հետ կազմակերպում է պարապմունքներ` վթարները հայտնաբերելու, կանխելու և վերացնելու համար:

9. Ջրահեռացման համակարգը տնօրինող կազմակերպությունը`

ա) մշակում է միջոցառումների ծրագիր` հուսալի և անխափան ջրահեռացման կազմակերպման համար.

բ) մշակում և իրականացնում է միջոցառումներ` վթարների կանխման և վերացման համար.

գ) կազմակերպում է շահագործող անձնակազմի ուսուցումը և որակավորման բարձրացումը.

դ) շահագործող ստորաբաժանումներն ապահովում է անհրաժեշտ նյութերով, պահեստամասերով, մեքենաներով, մեխանիզմներով և տեխնիկական փաստաթղթերով.

ե) կազմակերպում է կառուցվածքների և սարքավորումների նորոգումը.

զ) կազմում է ջրօգտագործողների` կեղտաջրերը ջրահեռացման համակարգ ընդունելու թույլտվության պայմանագրերը.

է) բաժանորդներին տալիս է ջրահեռացման համակարգին միանալու թույլտվություն և տեխնիկական պայմաններ.

ը) իրականացնում է հսկողություն ջրահեռացման ցանցերի և կառուցվածքների շինմոնտաժային աշխատանքների նկատմամբ.

թ) շահագործման է ընդունում նոր կառուցվող, վերակառուցվող ցանցերը, կառուցվածքները և սարքավորումները.

ժ) պահպանում է տեխնիկական փաստաթղթերը.

ժա) գույքագրում է իր հաշվեկշռում գտնվող ցանցերը, կառուցվածքները և սարքավորումները.

ժբ) կազմում է համակարգի կառավարման օպերատիվ սխեմաներ և ընդհանուր ղեկավարման ու կարգավարման հրահանգներ.

ժգ) մշակում է համակարգի վերակառուցման ու ընդլայնման տեխնիկական պայմանները և պատրաստում տեխնիկական առաջադրանքներ` նախագծման համար.

ժդ) կազմում է տարեկան տեխնիկատնտեսական հաշվետվություններ:

10. Տնօրինությունը ջրահեռացման համակարգում վթարներ առաջանալու դեպքում անհապաղ ձեռնամուխ է լինում դրանց վերացմանը` միաժամանակ դրա մասին հայտնելով տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը:

11. Ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը սահմանում է ջրահեռացման համակարգի ծառայության անձնակազմի թիվը և որակավորմանը ներկայացվող պահանջները` հաշվի առնելով յուրաքանչյուր ջրահեռացման համակարգի առանձնահատկությունները (արտադրողականություն, տեխնիկական գործընթացների և կառավարման առանձնահատկություն, ցանցերի երկարություն, կառուցվածքների տեսակ, սպասարկման ծավալ) և դրանք համաձայնեցնելով ջրահեռացման համակարգը տնօրինող կազմակերպության հետ:

12. Ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունում ընդունվում են աշխատանքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Շահագործման անձնակազմի աշխատողները (փականագործներ, վարպետներ, լաբորանտներ և այլոք) պետք է պարբերաբար անցնեն վերապատրաստման դասընթացներ և հանձնեն քննություն:

14. Ինժեներատեխնիկական և մյուս ստորաբաժանումների աշխատողներն ատեստավորվում են տնօրենի հրամանով` յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:

 

III. ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Ինժեներատեխնիկական անձնակազմը (գլխավոր ճարտարագետ, գլխավոր տեխնոլոգ, գլխավոր մեխանիկ, արտադրամասերի պետեր և այլոք) պարտավոր է`

ա) կազմակերպել և վերահսկել արտադրական ու նորոգման անձնակազմերի աշխատանքները.

բ) աշխատանքային տեղերն ապահովել ծառայողական և շահագործման հրահանգներով, անվտանգության տեխնիկայի պաշտպանության կանոններով, վթարների կանխմանը վերաբերող ցուցումներով, քաղաքացիական պաշտպանության հրահանգներով և յուրաքանչյուր աշխատողի ծանոթացնել դրանց.

գ) հսկել կառուցվածքների և սարքավորումների սահմանված գործելակարգը.

դ) մշակել շենքերի, կառուցվածքների և սարքավորումների ընթացիկ ու հիմնական նորոգումների համար թերությունների ամփոփագրերը, կազմել աշխատանքների կատարման ժամանակացույցերը և ապահովել դրանց իրականացումը.

ե) ապահովել շահագործման համար անհրաժեշտ նյութերը, սարքավորումները և պահեստամասերը.

զ) հետևել կառուցվածքների ու սարքավորումների աշխատանքի հաշվառման մատյանների վարման ճշտությանը, անձնագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի առկայությանը, շահագործման ընթացքում այդ փաստաթղթերում կատարվող փոփոխությունների ժամանակին գրանցմանը.

է) կազմել հաշվետվություններ կառուցվածքների և սարքավորումների աշխատանքի մասին.

ը) ուսումնասիրել կառուցվածքների, կայանքների և սարքավորումների աշխատանքը, ներկայացնել առաջարկություններ նոր տեխնիկայի ներդրման, արտադրական գործընթացների կատարելագործման, կառուցվածքների և սարքավորումների կոնստրուկցիաների բարելավման վերաբերյալ.

թ) կազմակերպել տեխնիկական ուսուցում` անձնակազմի որակավորումը բարձրացնելու նպատակով.

ժ) անցկացնել անվտանգության տեխնիկայի գծով դասընթացներ, հրահանգավորումներ և հսկել շահագործող անձնակազմի կողմից սույն կանոնների պահպանումը:

 

IV. ՀԵՐԹԱՊԱՀ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Հերթապահ անձնակազմը պատասխանատու է ջրահեռացման ցանցերի, կոլեկտորների, կառուցվածքների և սարքավորումների ճիշտ սպասարկման ու անխափան աշխատանքի համար:

17. Հերթապահ անձնակազմը պարտավոր է`

ա) ապահովել կառուցվածքների ու սարքավորումների հուսալի գործելակարգը` շահագործման ժամանակացույցերին, հրահանգներին և օպերատիվ հանձնարարականներին համապատասխան.

բ) ժամանակին կատարել հերթափոխի պետի և գլխավոր ճարտարագետի հանձնարարականները.

գ) պարբերաբար անցկացնել կառուցվածքների և սարքավորումների ստուգայց.

դ) հսկել կառուցվածքների և սարքավորումների աշխատանքը` չափիչ-հսկիչ սարքերի միջոցով.

ե) շահագործման մատյանում ժամանակին գրանցել կառուցվածքների և սարքավորումների աշխատանքային ցուցանիշները, ինչպես նաև ստուգայցերի արդյունքները.

զ) զեկուցել վերադաս հերթապահին կառուցվածքների և սարքավորումների` նախատեսված գործելակարգերից բոլոր շեղումների մասին.

է) պահպանել տվյալ տեղամասի համար սահմանված կանոնները և հրահանգները:

18. Վթարի դեպքում հերթապահ անձնակազմը պարտավոր է`

ա) վթարի մասին անհապաղ զեկուցել հերթափոխի պետին, կարգավարին և ջրօգտագործման համակարգը շահագործող կազմակերպության ղեկավարությանը.

բ) ձեռնարկել միջոցներ` վթարի վերացման համար.

գ) հետագա գործողությունների ընթացքում ղեկավարվել համապատասխան հրահանգներով և հերթափոխի պետի, կարգավարի ու ջրօգտագործման համակարգը շահագործող կազմակերպության ղեկավարության ցուցումներով:

19. Հերթապահ անձնակազմը հերթափոխն հանձնում-ընդունում է կազմակերպությունում գործող կարգին համապատասխան:

20. Հերթափոխը հանձնող-ընդունող հերթապահ անձնակազմը պարտավոր է`

ա) ծանոթանալ նախորդ հերթապահության ընթացքում կատարված գրանցումներին և կարգադրություններին.

բ) ծանոթանալ տեղամասի կառուցվածքների և սարքավորումների տեխնիկական վիճակին ու գործելակարգերին.

գ) ստուգել շահագործման համար անհրաժեշտ գործիքների առկայությունը, քսանյութերի, մաքրող և այլ նյութերի պաշարները, մատյաններն ու տեղեկագրերը.

դ) ստուգել վթարային լուսավորության և կապի բոլոր միջոցների սարքին լինելը.

ե) ձևակերպել հերթափոխի հանձնում-ընդունումը` այն գրառելով մատյանում և հաստատելով հանձնողի ու ընդունողի ստորագրություններով:

21. Արգելվում է հերթափոխի հանձնում-ընդունումը վթարի վերացման կամ պատասխանատու միացում-անջատումների ընթացքում և սարքավորումների անսարք լինելու պայմաններում: Հերթափոխի հանձնման-ընդունման կարգը նշված պայմաններում որոշում է գլխավոր ճարտարագետը:

22. Արգելվում է հերթապահությունից հեռանալը` առանց հերթափոխի հանձնման:

Հերթապահը հաջորդ հերթափոխին չներկայանալու դեպքում պարտավոր է դրա մասին հայտնել հերթափոխի պետին, կարգավարին, գլխավոր ճարտարագետին և շարունակել պարտականությունների կատարումը` մինչև հատուկ հրահանգավորում ստանալը:

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

23. Տեխնիկական շահագործման կանոնները խախտող անձինք ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

24. Կառուցվածքների, խողովակաշարերի և սարքավորումների աշխատանքներում տեղի ունեցած վթարները, խոտանն ու խախտումները մանրամասնորեն հետազոտվում և քննարկվում են` դրանց պատճառները պարզելու համար:

Պարտադիր քննարկվում են նաև շահագործման հանձնվող կառուցվածքների և սարքավորումների գործարկման-կարգաբերման ընթացքում տեղի ունեցած վնասվածքների ու անսարքությունների բոլոր դեպքերը:

25. Աշխատանքում վթարի և խոտանի համար` օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում`

ա) կառուցվածքները, խողովակաշարերը և սարքավորումներն անմիջական սպասարկող աշխատողները` իրենց մեղքով առաջացած վթարի և խոտանի համար, ինչպես նաև իրենց կողմից սպասարկվող տեղամասում վթարների վերացման ընթացքում թույլ տված սխալ գործողությունների համար.

բ) սարքավորումները նորոգող աշխատողները` ցածրորակ նորոգման հետևանքով առաջացած վթարի և խոտանի համար, իսկ ինժեներատեխնիկական անձնակազմը` իր մեղքով նորոգման աշխատանքները ոչ ժամանակին ու ոչ պատշաճ որակով կատարելու կամ այդ աշխատանքները չկատարելու հետևանքով առաջացած վթարի և խոտանի համար.

գ) հերթափոխների պետերը, հերթապահները և օպերատիվ նորոգման անձնակազմը` իրենց մեղքով կամ իրենց ենթակայության տակ գտնվող անձնակազմի մեղքով առաջացած վթարի ու խոտանի համար.

դ) ծառայությունների պետերը և ինժեներատեխնիկական աշխատողները` իրենց մեղքով կամ իրենց ենթակայության տակ գտնվող անձնակազմի մեղքով առաջացած վթարի և խոտանի համար.

ե) կազմակերպության տնօրենը և գլխավոր ճարտարագետը` կազմակերպությունում տեղի ունեցած վթարների ու դրանց հետևանքով ջրային ռեսուրս` չմաքրված կեղտաջրերի արտահոսքի համար:

 

VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

26. Ջրահեռացման համակարգերի կանոնավոր շահագործման և օպերատիվ տեխնիկական ղեկավարման համար անհրաժեշտ է ունենալ տեխնիկական շահագործման ու կատարողական փաստաթղթերի ամբողջական փաթեթը:

27. Ինժեներատեխնիկական անձնակազմը պարտավոր է իր մոտ պահպանվող տեխնիկական փաստաթղթերում ժամանակին նշել շահագործման ընթացքում կոնստրուկցիաներում, սխեմաներում և կառուցվածքների, սարքավորումների ու հաղորդակցության ուղիների շահագործման պայմաններում կատարված ճշտումները:

28. Կազմակերպության արխիվում պետք է մշտապես պահպանվեն`

ա) ջրահեռացման համակարգերի շինարարության (վերակառուցման) հաստատված տեխնիկական նախագծերի լրիվ փաթեթը` իր հավելվածներով.

բ) շենքերի, կառուցվածքների, սարքավորումների ու հաղորդակցության ուղիների բանվորական գծագրերը և կատարողական փաստաթղթերը.

գ) բնակավայրի կամ դրա առանձին մասերի ջրահեռացման համակարգերի օպերատիվ սխեմաները` 1:5000 կամ 1:10000 մասշտաբներով, որոնց վրա նշվում են բոլոր կառուցվածքների, հիմնական հաղորդակցության ուղիների, կարգավորման, ավտոմատացման և կարգավարական միջոցների տեղերը: Սխեմայի վրա պետք է նշվեն ցանցը և պլանշետների համարները.

դ) պլանշետները` 1:2000 մասշտաբով, որոնց վրա պետք է նշվեն բոլոր գոյություն ունեցող շինությունները, ստորգետնյա հաղորդակցության ուղիները և կառույցները: Ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի սխեմաների վրա պետք է նշվեն խողովակաշարերի նյութը, տրամագիծը, երկարությունը և շինարարության տարեթիվը, սարքավորումներն ու հորերը` հողի, խողովակի և առվակի նիշերով, վթարային թողարկները և միացումները.

ե) կառուցվածքների, խողովակաշարերի և սարքավորումների շահագործման ընդունելու ակտերը` կցելով հետևյալ փաստաթղթերը`

հիմքերի, հիմնատակերի, հենարանների, գրունտների խտացման, մեկուսացման և այլ ծածկող աշխատանքների մասին կատարողական ակտերը,

խողովակների, սարքավորումների, կոնստրուկցիաների վկայագրերը և տեխնիկական անձնագրերը կամ դրանց փոխարինող փաստաթղթերը,

բետոնի խորանարդների ամրության փորձարկման մասին ամփոփագրերը, եթե օգտագործվել է ապրանքային բետոն,

եռակցումների որակի հսկման տվյալները` նշելով եռակցողի անունը, ազգանունը և նրա վկայականի համարը,

կառուցվածքների և հաղորդակցության ուղիների ամրության ու հերմետիկության ստուգման հիդրավլիկական փորձարկումների մասին ակտերը,

թողարկների աշխատանքի արդյունավետության մասին ակտերը,

շեղումների մասին ամփոփագրերը` համաձայնեցված նախագծային կազմակերպության, պատվիրատուի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ,

թերավարտ աշխատանքների մասին ամփոփագրերը` նշելով դրանց վերացման ժամկետները և պատասխանատու կատարողների անունները, ազգանունները, պաշտոնները,

շինարարական կազմակերպության երաշխավորագիրը հանձնված օբյեկտներում հնարավոր թաքնված թերությունների վերացման ժամկետների մասին,

աշխատանքների կազմակերպման մատյանը.

զ) հողահատկացումների մասին ակտերը.

է) սարքավորումների, ագրեգատների, մեխանիզմների, հսկիչ-չափիչ սարքերի անձնագրերի և դրանք թողարկող կազմակերպությունների հրահանգների փաթեթը.

ը) կառուցվածքների, սարքավորումների, հաղորդակցության ուղիների, ագրեգատների, տրանսպորտային ամբարձիչ սարքավորումների տեխնիկական անձնագրերը, որոնք պետք է պարունակեն`

արտադրանքը թողարկող կազմակերպության անվանումը և պատրաստման տարեթիվը,

գործարանային և գույքագրման (տեղական) համարը,

շահագործում սկսելու տարեթիվը,

տեխնիկական բնութագիրը` կազմված թողարկող կազմակերպության տվյալների հիման վրա,

գործարանային փորձարկումների մասին տվյալները,

շահագործման փորձարկումների մասին ակտերը,

հետազոտման, կարգաբերման ու նորոգման մասին ակտերը և տեխնիկական ցուցանիշները, ինչպես նաև նորոգման ժամանակ կատարված փորձարկումների մասին արձանագրությունները,

տեղի ունեցած վթարների մասին ակտերը և վթարներ առաջացնող պատճառների վերլուծությանը վերաբերող նյութերը,

տեխնիկական վիճակագրական տվյալներն ագրեգատի աշխատելու ժամանակի և բեռնվածության մասին,

սարքավորումների մոնտաժային սխեմաները,

ագրեգատների աշխատանքի ավտոմատացման մոնտաժային սխեմաները,

պահեստամասերի ցանկը,

առանցքակալներում կողային և ուղղաձիգ բացվածքների չափերը, ինչպես նաև բացվածքների չափերը պնդօղակներում ու սռնակալներում.

թ) ջրահեռացման համակարգի շահագործման տարեկան տեխնիկական հաշվետվությունները` ամբողջությամբ և առանձին կառուցվածքների համար.

ժ) շահագործման և վթարների վերացման մասին հրահանգները:

 

VII. ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

 

29. Բոլոր կառուցվածքները և սարքավորումները շահագործվում են սահմանված կարգով` համաձայն սույն կանոնների հիման վրա մշակված հրահանգների:

30. Կազմակերպության հրահանգներում պետք է հստակ սահմանված լինեն`

ա) սպասարկող անձնակազմի իրավունքներն ու պարտականությունները.

բ) տեխնոլոգիական գործընթացների, թողարկման, կանգառքի և աշխատանքային գործառնությունների հաջորդականությունը.

գ) կառուցվածքների և սարքավորումների սպասարկման կարգը շահագործման գործընթացում, ինչպես նաև բնականոն աշխատանքի հնարավոր խախտումների դեպքում.

դ) կառուցվածքների աշխատանքի տեխնոլոգիական հսկման կարգը.

ե) կառուցվածքների ու սարքավորումների ստուգայցերի, զննումների և նորոգումների կարգը և անցկացման ժամկետները.

զ) վթարների կանխման միջոցառումները, ինչպես նաև անձնակազմի գործողությունները` դրանց առաջացման և վերացման դեպքում.

է) անվտանգության տեխնիկայի պաշտպանության և հակահրդեհային միջոցառումները.

ը) սպասարկմանը և սարքավորումների նորոգմանը վերաբերող հրահանգներով նախատեսված գործողությունների կատարման նկատմամբ անձնական պատասխանատվությունը:

31. Հրահանգները պետք է վերանայվեն շահագործման պայմանների, գործելակարգերի սխեմաների, տեխնոլոգիաների և սարքավորումների փոփոխմանը զուգընթաց, ինչպես նաև նորմատիվային փաստաթղթերում փոփոխություններ կատարելիս, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

Անհրաժեշտ է բոլոր ընթացիկ փոփոխություններն ու լրացումներն անմիջապես նշել գործող հրահանգներում և դրանց մասին տեղյակ պահել այն աշխատողներին, որոնց համար այդ հրահանգների գիտենալը պարտադիր է: Տնօրենը և գլխավոր ճարտարագետը վերահաստատում են հրահանգները` փոփոխությունները և լրացումները կատարելուց հետո:

 

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

32. Գլխավոր ճարտարագետը և ծառայությունների պետերը պարտավոր են յուրաքանչյուր ամիս կազմել տեխնիկական հաշվետվություն:

33. Տեխնիկական հաշվետվությունը պետք է ներառի կառուցվածքների, սարքավորումների, խողովակաշարերի աշխատանքի հիմնական ցուցանիշները: Հաշվետու ժամանակաշրջանի համար կազմված տեխնիկական հաշվետվությանը կցվում է նաև ցանցի, կառուցվածքների և սարքավորումների աշխատանքը վերլուծող բացատրագիր: Բացատրագրում նշվում են շահագործման արդյունքները և թերությունները, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կատարելագործման և նոր սխեմաների ու սարքավորումների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները:

34. Ամսական հաշվետվությունների հիման վրա կազմվում է տարեկան հաշվետվություն, որում արտացոլվում են ծառայությունների աշխատանքի հիմնական փուլերը տարվա ընթացքում: Այդ հաշվետվությունները հիմք են ծառայում ջրահեռացման համակարգի զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման, դրա շահագործման, կատարելագործման և աշխատանքի տեխնիկատնտեսական ցուցանիշների բարձրացման համար:

35. Տեխնիկական հաշվետվության փաստաթղթերը պահպանվում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

IX. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

36. Ջրահեռացման կառուցվածքների և սարքավորումների ծրագրային կանխարգելիչ նորոգման (այսուհետ` ԾԿՆ) համակարգը ներառում է կառուցվածքների դիտարկման ու սպասարկման բոլոր տեսակի նորոգումների կազմակերպատեխնիկական միջոցառումները, որոնք իրականացվում են պարբերաբար` նախապես կազմված ծրագրին համապատասխան:

37. ԾԿՆ-ի նպատակը կառուցվածքների և սարքավորումների վաղաժամկետ մաշվածության ու վթարների կանխումը և կառուցվածքների ու սարքավորումների արդյունավետ, անխափան և հուսալի աշխատանքի ապահովումն է:

38. Շահագործման ընթացքում պետք է կազմակերպել կառուցվածքների և սարքավորումների պարբերական դիտարկումներ` համաձայն կազմակերպության ղեկավարության հաստատած առաջադրանքի:

39. Դիտարկումների սպասարկման տվյալների հիման վրա կազմվում են ակտեր, լրացվում թերությունների մասին ամփոփագրերը, մշակվում նորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր և իրականացվում ընթացիկ ու հիմնական նորոգման աշխատանքներ:

40. Սարքավորումների և կառուցվածքների թերությունների մասին ամփոփագրերը և դիտարկումների ու նորոգումների մատյանները կազմվում են համաձայն մշակված ձևերի:

41. Ընթացիկ և հիմնական նորոգումները կատարվում են համաձայն կազմակերպության սահմանած ժամկետների:

42. Ընթացիկ նորոգումները կատարվում են ի հաշիվ շահագործման ծախսերի և իրականացվում շահագործող անձնակազմի ուժերով:

43. Հիմնական նորոգումները կատարվում են նորոգող-շինարարական կազմակերպությունների կողմից կամ սեփական ուժերով:

44. ԾԿՆ-ի աշխատանքները ղեկավարում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը, իսկ տեղամասում` տեղամասի պետը, որոնք`

ա) մշակում են հիմնական նորոգման ծրագրերը և ընթացիկ ու հիմնական նորոգումների ժամանակացույցերը.

բ) կազմում են նախահաշիվները և այլ անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր.

գ) կազմակերպում են նորոգման աշխատանքներում զբաղված աշխատողների տեխնիկական հրահանգավորումը.

դ) ձևակերպում են նյութերի, պահեստամասերի և սարքավորումների պատվերները.

ե) ստուգում են անհրաժեշտ նյութերով, պահեստամասերով և մեխանիզմներով ապահովվածությունը` նախատեսված աշխատանքները կատարելու համար.

զ) ստուգում են ձեռք բերված սարքավորումների լրակազմությունը և տեխնիկական վիճակը.

է) իրականացնում են աշխատանքի կազմակերպման, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության միջոցառումներ.

ը) հաշվառում են բոլոր տեսակի նորոգման աշխատանքները.

թ) մասնակցում են նորոգված կառուցվածքների շահագործման ընդունմանը:

 

ԲԱԺԻՆ 2. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

X. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

45. Կազմակերպության կարգավարական ծառայությունն իրականացնում է ջրահեռացման համակարգերի շահագործման օպերատիվ ղեկավարումը և նախատեսված գործելակարգի պահպանումը:

46. Կարգավարական ծառայության խնդիրներն են`

ա) ջրահեռացման համակարգի շահագործման օպերատիվ ղեկավարումն ինչպես ամբողջությամբ, այնպես էլ` ըստ առանձին ստորաբաժանումների և կառուցվածքների.

բ) բնականոն աշխատակարգի ապահովումը.

գ) ցանցերում և կառուցվածքներում վթարների վերացման աշխատանքների հսկումը:

47. Կարգավարական ծառայության կառուցվածքը որոշվում է` ելնելով ջրահեռացման համակարգի սխեմայից ու արտադրողականությունից, ցանցերի երկարությունից` հաշվի առնելով նաև արտադրական ծավալների բազմազանությունը և առանձնահատկությունները:

48. Կարգավարական ծառայությունը ենթարկվում է կազմակերպության տնօրենին, գլխավոր ճարտարագետին և վերադաս կարգավարական ծառայության ղեկավարին:

49. Կարգավարական ծառայության իրավասությանն է պատկանում առանձին կառուցվածքների և ամբողջ համակարգի հուսալի ու անխափան աշխատանքին վերաբերող գործնական հարցերի լուծումը:

50. Հերթապահ կարգավարը ղեկավարում է ընդհանուր տեխնիկական և գործնական աշխատանքները` սույն կանոններին, գործող հրահանգներին, ցուցումներին ու կազմակերպության ղեկավարության կարգադրություններին և այլ իրավական ակտերին համապատասխան:

51. Կարգավարական ծառայությունում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն: Կարգավարներն աշխատում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի հաստատած ժամանակացույցին համապատասխան:

52. Կարգավարի պարտականություններն են`

ա) կառուցվածքների և սարքավորումների նախատեսված գործելակարգի պահպանման նկատմամբ հսկողությունը.

բ) նախատեսված գործելակարգի ճշտումը` կապված կառուցվածքների աշխատանքի հուսալիության և արդյունավետության ապահովման փաստացի վիճակի հետ, տեղամասերի ու ստորաբաժանումների անձնակազմերի կողմից սարքավորումների ու կառուցվածքների միացման և անջատման օպերատիվ ղեկավարումը.

գ) սարքավորումների վիճակի և կառուցվածքների ռեժիմային պարամետրերի մասին տեղեկությունների ընդունումը.

դ) կազմակերպության ղեկավարությանը խախտումների և վթարների մասին տեղեկությունները ժամանակին հայտնելը: Վթարների մասին պետք է տեղյակ պահել նաև տեղական ինքնակառավարման մարմիններին.

ե) վթարները վերացնող անձնակազմերի գործողությունների ղեկավարումը.

զ) օպերատիվ շահագործման մատյանի վարումը` գրանցելով հերթապահության ընթացքում կառուցվածքների աշխատանքում նկատված շեղումները, անսարքությունները, ինչպես նաև հերթապահ անձնակազմի հետ վարած ծառայողական խոսակցությունները.

է) հերթապահության տեխնիկական հաշվետվության վարումը.

ը) կազմակերպության ղեկավար աշխատողների կանչը` վթարների կամ դժբախտ պատահարների դեպքում.

թ) վթարային դեպքերի գրանցումն օպերատիվ մատյանում` նշելով վթարի առաջացման ժամկետը և բնույթը, ինչպես նաև վթարների վերացման համար իրականացված օպերատիվ միջոցառումները.

ժ) նախատեսված գործելակարգերի կատարման ընթացքին սիստեմատիկ հետևելը.

ժա) անձնական մասնակցությունը կառուցվածքների աշխատանքի նկատմամբ հսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցառումների մշակմանը և ներդրմանը:

 

XI. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՆԴԵՐՁՈՒՄԸ

 

53. Ջրահեռացման համակարգերի բնականոն շահագործման համար կարգավարական կետերը պետք է ապահովված լինեն օպերատիվ և կարգավարական ղեկավարման ու կապի հետևյալ միջոցներով`

ա) ընտրովի (սելեկտորային) հեռախոսային կամ ռադիոհեռախոսային կապով.

բ) կառուցվածքների և սարքավորումների աշխատանքային ցուցանիշները հեռաչափելու հարմարանքներով.

գ) կառուցվածքների և սարքավորումների աշխատանքի հեռացույց ազդանշանով ու ստուգման միջոցներով.

դ) ագրեգատների, մեխանիզմների, փակող-կարգավորող սարքերի հեռուստամեխանիկական կառավարման միջոցներով:

54. Կարգավարական կետերում օպերատիվ աշխատանքի համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ նյութերը`

ա) հիմնական հաղորդակցության ուղիների, կառուցվածքների և կարգավորման հանգույցների սխեմաները, որոնք կառավարում է կարգավարը.

բ) սարքավորումների բնութագրերը.

գ) կառուցվածքների և սարքավորումների նախատեսված գործելակարգերի ժամանակացույցերը.

դ) կառուցվածքների ընթացիկ և հիմնական նորոգումների ծրագրերը.

ե) շահագործման գործող հրահանգների լրիվ փաթեթը.

զ) համապատասխան կազմակերպությունների ցանկը և հեռախոսահամարները (Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերություն, պետական հակահրդեհային ծառայություն, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն):

55. Կարգավարական կետի անձնակազմի աշխատանքը բարելավելու նպատակով օպերատիվ սխեմաների վրա պետք է նշել կառուցվածքների և սարքավորումների տեխնիկական վիճակը բնութագրող ցուցանիշները` համապատասխան պայմանական նշաններով (աշխատում է, վթարային է):

 

XII. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

56. Կարգավարը ջրահեռացման համակարգի կամ առանձին օբյեկտների աշխատանքային պայմանների փոփոխության դեպքում իրավունք ունի օպերատիվ կերպով փոխելու սարքավորումների և կառուցվածքների աշխատանքի ժամանակացույցը` բնականոն գործունեության ապահովման նպատակով:

57. Ոչ մի սարքավորում կամ կառուցվածք (կամ որևէ հանգույց) չի կարող դուրս բերվել աշխատանքից կամ պահուստից` առանց կարգավարի թույլտվության (բացի այն դեպքերից, որոնք սպառնում են մարդկանց և սարքավորումների անվտանգությանը):

58. Սարքավորումն աշխատանքից կամ պահուստից դուրս բերելը, անկախ հաստատված ծրագրի առկայությունից, ձևակերպվում է հայտով, որը հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը, և տրվում է կարգավարին` աշխատանքները կատարելուց 2 օր առաջ:

Սարքավորումն աշխատանքից կամ պահուստից դուրս բերելու հայտում պետք է նշված լինեն սարքավորման տեսակը, աշխատանքից կամ պահուստից դրա դուրսբերման նպատակը և ժամկետը (աշխատանքներն սկսելու և ավարտելու օրն ու ժամը), աշխատանքների կատարման ժամանակացույցը, փոխարկվող ու անջատվող հատվածների անվանումները, աշխատանքների կատարման ընթացքում անվտանգությունն ապահովող միջոցառումները: Հայտն ստորագրում են աշխատանքների պատասխանատու կատարողները, և հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը:

59. Կարգավարը սարքավորումն անջատելու կամ միացնելու թույլտվության մասին պետք է հայտնի կատարողներին` նախորդ օրը:

Բացառիկ դեպքերում արտահերթ նորոգման մասին հայտերը կարգավարին կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ: Կարգավարն իրավունք ունի թույլատրելու նորոգումը միանձնաբար, իր պատասխանատվությամբ, միայն իր հերթապահության ժամանակ: Կազմակերպության գլխավոր ճարտարագետը հայտը պետք է հաստատի նորոգման ավելի երկար ժամկետների համար:

60. Կարգավարն անջատումների և փոխարկումների մասին հայտերը պարտավոր է գրանցել հայտերի մատյանում:

61. Կառուցվածքների, ցանցերի ու սարքավորումների վթարի դեպքում դրանք շահագործող անձնակազմը ենթարկվում է հերթապահ կարգավարին և ճշտությամբ կատարում վթարի չտարածման ու վերացման վերաբերյալ նրա կարգադրությունները:

62. Հերթապահ կարգավարի կարգադրությունները պետք է կատարվեն անհապաղ և անվերապահորեն:

63. Կազմակերպության գլխավոր ճարտարագետը ղեկավարում է խոշոր վթարների սահմանափակման և վերացման աշխատանքները, ինչի մասին պետք է կատարվի համապատասխան գրանցում` կարգավարական օպերատիվ ծառայության մատյանում:

 

ԲԱԺԻՆ 3. ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՑԱՆՑԸ

 

XIII. ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

64. Ջրահեռացման ցանցը պետք է ապահովի կեղտաջրերի անընդհատ և հուսալի ընդունումն ու տեղափոխումը դեպի մաքրման կայան կամ հաջորդ օգտագործման վայր:

65. Ջրահեռացման ցանցի տեխնիկական շահագործման անձնակազմի խնդիրներն են`

ա) ջրահեռացման ցանցի, դրա վրա գտնվող կառուցվածքների, սարքավորումների վիճակի և պահպանվածության ստուգումը, խցանումների ու ողողումների վերացումը.

բ) ջրօգտագործողներին պատկանող` ջրահեռացման ցանցին միացված ճյուղերի շահագործման վերահսկումը.

գ) կառուցվող նոր գծերի, դրանց վրա գտնվող կառուցվածքների, ճյուղային միացումների կառուցման և շահագործման ընդունման նկատմամբ հսկողությունը.

դ) ընթացիկ և կապիտալ նորոգումները, վթարների վերացումը.

ե) տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների կազմումը.

զ) ցանցի հետազոտումը, ցանցի ընդլայնման և բարելավման ծրագրերի ու նախագծերի կազմումը` հաշվի առնելով բնակավայրի հեռանկարային զարգացումը:

 

XIV. ՑԱՆՑԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

66. Ցանցի տեխնիկական սպասարկումը նախատեսում է ցանցի և դրա կառուցվածքների (դիտահորեր, միացման խցեր, ճնշումային և ինքնահոս խողովակներ ու կոլեկտորներ, վթարային թողարկներ, էստակադներ և դյուկերներ) արտաքին ու ներքին տեխնիկական դիտարկումներ:

67. Ցանցի արտաքին դիտարկումները պետք է կատարվեն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որի ընթացքում արգելվում է մարդկանց մուտքը դիտահորեր:

68. Ցանցի ստուգայցի և զննման ժամանակ ստուգվում են`

ա) կոորդինատային ցուցանակների վիճակը.

բ) դիտահորերի արտաքին վիճակը, կափարիչների տեղակայվածությունը, կիպությունը: Բացելով դիտահորերի կափարիչները` պարզում են հորի մտոցի, կոկորդային մասի ճարմանդների և աստիճանների ամբողջականությունը.

գ) խողովակաշարերի լցվածությունը, դիմհարի, խցանումների և այլ խախտումների առկայությունը.

դ) հորերում գազերի առկայությունը` ըստ սարքերի ցուցմունքի.

ե) հողային նստվածքներն ու փլվածքները.

զ) անթույլատրելի ճյուղային միացումների առկայությունը.

է) մթնոլորտային կամ այլ տիպի մակերևութային ջրերի ներհոսքը ջրահեռացման ցանց:

69. Կախված ցանցի մեծությունից և կառուցվածքների բնույթից` նախապես կազմված ծրագրի միջոցով, արտաքին դիտարկումները կատարվում են առնվազն 2 մարդուց բաղկացած խմբերի կողմից, որոնց տրվում են ամենօրյա հանձնարարականներ:

70. Խումբն իր հետ պետք է ունենա լինգ, կեռիկ, բահ, պաշտպանական ցուցանշան, մարտկոցային լամպ, ծալվող ձող, հայելի, դեղարկղիկ, դիտարկվող ցանցի սխեմատիկ գծագիր, անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև դիտարկումների արդյունքները գրանցելու մատյան:

71. Ցանցերի և դրանց կառուցվածքների վիճակի տեխնիկական զննումները պետք է կատարել`

ա) դիտահորերում և վթարային թողարկներում` յուրաքանչյուր տարին մեկ անգամ.

բ) խցերում և էստակադներում` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.

գ) կոլեկտորներում` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ:

72. Շահագործման ընթացքում առաջացած թերությունները հայտնաբերելու նպատակով ստուգվում են դիտահորերի պատերի, կոկորդային մասի, ճարմանդների, աստիճանների, մտոցի կափարիչների, առվակների մուտքի և ելքի խողովակների վիճակները, մաքրվում առաջացած նստվածքները, միաժամանակ ստուգվում դիտահորին կից տեղամասերի ուղղագիծ լինելը:

73. Խցերում և հորաններում պետք է կատարել նաև`

ա) խցի հիդրավլիկական պայմանների ստուգում.

բ) խցերում տեղադրված փականների, ճաղավանդակների ստուգում, կարգավորում և այլ կանխարգելող միջոցառումներ:

74. 1,5 մետր և ավելի տրամագիծ ունեցող ինքնահոս կոլեկտորներում ներքին տեխնիկական զննումները պետք է կատարել կեղտաջրերի հոսքի լրիվ կամ մասնակի դադարեցման պայմանով:

75. Ճնշումային կոլեկտորների զննմամբ ստուգվում և կարգավորվում են փականների, թողարկների ու վանտուզների աշխատանքները:

76. Տեխնիկական հետազոտման ժամանակ մարդկանց դիտահոր կամ միացման խուց պետք է իջեցնել մանրակրկիտ նախապատրաստված` ապահովելով անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների կատարումը:

77. Արգելվում է մարդկանց մուտքը չօդափոխվող և գազապարունակությունը չստուգված դիտահորեր:

78. Դիտահորեր մտնելու ժամանակ դիտահորից դուրս պետք է ներկա լինի 2 մարդ: Կոլեկտորի մեջ մտնող խումբը պետք է կազմված լինի առնվազն 3 մարդուց:

79. Ցանցը տեխնիկապես զննող խումբն իր հետ պետք է ունենա լրացուցիչ հարմարանքներ` բենզինի հանքահորային ու ակումուլյատորային լամպեր, փրկարար գոտիներ, հակագազեր, թթվածնային մեկուսացնող սարքեր, կոլեկտորը մաքրելու և թերությունները վերացնելու հարմարանքներ:

80. Խումբը ցանցերի արտաքին և ներքին ստուգումները կատարելիս պետք է փողոցի երթևեկելի մասում տեղադրի տրանսպորտի կողմից հնարավոր վրաերթը կանխող նշաններ:

81. Վարարումների ժամանակաշրջանում ցանցի շահագործման համար անհրաժեշտ է`

ա) ուսումնասիրել այն ներքին ջրահեռացման ցանցերը, որոնք կարող են գտնվել հավանական ողողման գոտիներում և ձեռնարկել միջոցներ` շենքերի նկուղային հարկերի ողողումը կանխելու համար.

բ) ստուգել վթարային թողարկները և դյուկերները.

գ) ստուգել հավանական ողողման գոտիներում գտնվող ջրահեռացման ցանցերի դիտահորերի կափարիչների հերմետիկությունը.

դ) մշակել վարարման շուրջօրյա հերթապահության ժամանակացույց` առավել վտանգավոր ողողման գոտիների համար:

82. Սպասվելիք վարարումներից 4-5 օր առաջ ստուգվում և փակվում են ցանցի բոլոր վթարային թողարկները, որի մասին պետք է տեղեկացնել պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը:

83. Ցանցի հերմետիկությունն ապահովելու համար այն տեղերում, որտեղ հնարավոր են ողողումներ, պետք է ստուգել դիտահորերի կափարիչները և ջարդված կափարիչները փոխարինել նորերով:

84. Վարարումների ժամանակ կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն, ստեղծվում վթարային խումբ` հագեցված ջրհան միջոցներով, և նշանակվում է պատասխանատու անձ:

85. Վարարումների ընթացքում պետք է ավելացնել ցանցի ստուգումները և կանխարգելել ձնհալի ջրերի, աղբի ու սառցաջարդոնի մուտքը ջրահեռացնող ցանց:

Ցանցը շահագործող ծառայությունն իրականացնում է ցանցի պահպանման և տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողություն:

 

XV. ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ, ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

86. Ջրահեռացման ցանցերի արտաքին և տեխնիկական ստուգումների հիման վրա կազմվում են թերությունների մասին ամփոփագրեր, մշակվում են նախահաշվային-տեխնիկական փաստաթղթեր և կատարվում ընթացիկ ու կապիտալ նորոգումներ:

87. Ցանցերի ընթացիկ նորոգումների համակարգը ներառում է`

ա) կանխարգելող միջոցառումներ` խողովակաշարերի լվացում և մաքրում, հորերի մաքրում.

բ) նորոգման աշխատանքներ` մտոցի վերին և ներքին կափարիչների փոխարինում, ճարմանդների տեղադրում, աստիճանների փոխարինում, հորի համապատասխան մասի նորոգում, մտոցի բարձրացում կամ իջեցում, փականների զննում ու կարգավորում:

88. Ցանցի կանխարգելող մաքրումն իրականացվում է ըստ ցանցի արտաքին և տեխնիկական զննումների տվյալների հիման վրա կազմված ծրագրի, մաքրման հաճախականությունն ընդունվում է` կախված տեղական պայմաններից: Մինչև 500 միլիմետր տրամագիծ ունեցող խողովակների մաքրումն իրականացվում է յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

89. Ցանցի կանխարգելող մաքրումն իրականացվում է ըստ ավազանների` սկսելով մաքրել նախ վերին կողքային գծերը, հետո` գլխավոր գծերը:

90. Ցանցի մաքրումը` կախված խողովակների տրամագծերից, իրականացվում է`

ա) մինչև 200 մմ` ջրմուղի ջրով կամ հորերում կուտակված ջրերի միջոցով.

բ) 200-500 մմ` մաքրվող խողովակների տրամագծից 50-100 մմ փոքր տրամագիծ ունեցող ռետինե գնդերի կամ սկավառակների միջոցով.

գ) 500-1500 մմ` մաքրվող խողովակների տրամագծից 100-250 մմ փոքր տրամագիծ ունեցող փայտե գնդերի միջոցով.

դ) 1500-ից մեծ` մաքրվող խողովակների տրամագծից 250-500 մմ փոքր տրամագիծ ունեցող փայտե գլանների և գնդերի միջոցով:

91. Դյուկերները մաքրվում են` կախված աշխատանքի ռեժիմից, ջրով կամ սառցե գնդերով: Մինչև 100 մետր երկարություն ունեցող դյուկերները կարող են մաքրվել ճոպաններին ամրացված ռետինե գնդերի միջոցով` նախատեսելով գնդից օդը հեռացնելու հնարավորություն` դյուկերում դրա լռվելը բացառելու համար:

92. Ցանցը լվացվում է դիտահորերից կամ հատուկ լվացման խցերից տրվող կեղտաջրերի միջոցով, որի համար հորերում և խցերում նախատեսվում են փակող հարմարանքներ, որոնք հնարավորություն են տալիս կուտակելու և մեծ արագությամբ ջուրն ուղղելու դեպի լվացվող խողովակաշարեր:

93. Ցանցի հիմնանորոգումը ներառում է`

ա) նոր հորերի, խցերի կառուցումը և դրանց մասնակի կամ լրիվ վերակառուցումը.

բ) առանձին տեղամասերի խողովակների մասնակի կամ լրիվ փոխարինումը.

գ) ցանցի առանձին կառուցվածքների և սարքավորումների նորոգումը:

94. Ջրահեռացման ցանցում վթարներ են համարվում խողովակների և կառուցվածքների քայքայումը կամ խցանումը, որի հետևանքով ընդհատվում է կեղտաջրերի հոսքը, կեղտաջրերը դուրս են գալիս արտաքին մակերևույթ, և որոշ դեպքերում առաջանում է խողովակների փոխման անհրաժեշտություն:

95. Վթարները ենթակա են անհապաղ վերացման:

96. Վթարի դեպքում պետք է անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցները`

ա) կեղտաջրերը տեղափոխել ցանցի այլ տեղամաս կամ վթարային թողարկ` շրջանցելով վթարված տեղամասը, միաժամանակ տեղեկացնել պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, իսկ ջրային ռեսուրս արտահոսման դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը.

բ) անջատել վթարված տեղամասը, ինչպես նաև այն շենքերի նկուղային հարկերի ցանցերը, որոնք գտնվում են ողողման վտանգի տակ:

97. Ցանցը շահագործող ծառայությունը կատարում է վթարի վերացումը և վթարային նորոգումները:

98. Վթարները և ողողման դեպքերը գրանցվում են հատուկ մատյաններում:

 

XVI. ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

99. Ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունն իրականացնում է ջրահեռացման համակարգին միացված ջուր սպառողների ջրահեռացման ցանցերի և կառուցվածքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը:

100. Բաժանորդների ջրահեռացման համակարգերի շահագործման և արտադրական կեղտաջրերը բնակավայրի ջրահեռացման համակարգ ընդունելու պայմանների հսկման համար` ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունում ստեղծվում է հատուկ ծառայություն:

101. Հատուկ ծառայությունն իր գործունեության ընթացքում պետք է առաջնորդվի համապատասխան շինարարական նորմերով ու կանոններով (ՇՆ ու Կ 2.04.03-85-ով), սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներով:

102. Հատուկ ծառայությունը պետք է համագործակցի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ:

103. Հատուկ ծառայությունը պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ վերահսկում է ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունների կողմից ՍԹԱ-ների խստիվ պահպանումը:

104. Ջրահեռացման համակարգը շահագործող հատուկ ծառայությունն օրվա ընթացքում կեղտաջրերի քանակի և բաղադրության մեծ փոփոխությունների դեպքում կարող է բաժանորդից պահանջել կառուցել միջինացնող ավազան:

105. Բաժանորդների ցանցերի և կառուցվածքների շահագործման նկատմամբ հսկողությունը պետք է ապահովի արտադրական ջրերը բնակավայրի ջրահեռացման համակարգ ընդունելու պայմանների կատարումը` բացառելով մեծաքանակ ու մեծ խտության կեղտաջրերի և այն կեղտաջրերի արտահոսքը, որոնք կարող են ազդել ցանցի ու մաքրման կառուցվածքների բնականոն աշխատանքի վրա:

106. Ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը ՍԹԱ-ների գերազանցման դեպքում իրավունք ունի կասեցնելու արտադրական կեղտաջրերի արտահոսքը ջրահեռացման ցանց և բաժանորդից պահանջելու կատարել նախնական մաքրում:

 

XVII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

107. Սույն կանոնների 100-րդ կետում նշված հատուկ ծառայությունը պետք է ունենա`

ա) խողովակաշարի կատարողական փաստաթղթեր (հատակագիծ և երկրաչափական կտրվածք)` 1:100 ուղղաձիգ և 1:500 հորիզոնական մասշտաբներով.

բ) տվյալներ բաժանորդի կողմից շահագործվող ցանցի և կառուցվածքների մասին.

գ) տվյալներ կեղտաջրերի քանակի, բաղադրության, ցանց լցվելու պայմանների, ինչպես նաև չմաքրվող կեղտաջրերի բաղադրության մասին:

108. Հատուկ ծառայությունը յուրաքանչյուր տարի պետք է կազմի տեխնիկական հաշվետվություններ ջրահեռացման ցանցի աշխատանքի արդյունքների մասին:

Այդ տեխնիկական հաշվետվությունները պետք է ընդգրկեն բոլոր տիպի աշխատանքները, ճիշտ և լրիվ արտացոլեն ցանցային տնտեսության վիճակը և հիմք հանդիսանան ցանցի զարգացման հեռանկարային ծրագրերի կազմման համար:

 

ԲԱԺԻՆ 4. ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

 

XVIII. ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

109. Ջրահեռացման համակարգերի մաքրման կառուցվածքները շահագործող անձնակազմի խնդիրներն են`

ա) կեղտաջրերի մաքրման, նստվածքների մշակման, վարակազերծման և մաքրման կայանից հեռացման ապահովումը` բավարարելով սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջները, ապահովելով ՍԹԱ-ները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պահանջների կատարումը.

բ) տեխնիկական և գյուղատնտեսական ջրամատակարարման ու տնտեսական այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կեղտաջրերի և նստվածքների մշակման ապահովումը.

գ) կեղտաջրերի մաքրման և նստվածքների մշակման կառուցվածքների արդյունավետ ու անխափան աշխատանքի կազմակերպումը, կեղտաջրերի մաքրման և նստվածքների մշակման ինքնարժեքի իջեցումը, ռեագենտների, էլեկտրաէներգիայի ու սեփական կարիքների համար օգտագործվող ջրի խնայումը.

դ) մաքրման կառուցվածքների աշխատանքի նկատմամբ հետևողական լաբորատոր-արտադրական և տեխնոլոգիական հսկողությունը.

ե) բնակավայրի ջրահեռացման համակարգին միացված կազմակերպությունների մաքրման կայաններում արտադրական կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիայի նկատմամբ հսկողությունը:

 

XIX. ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

110. Ջրահեռացման համակարգերի մաքրման կառուցվածքները շահագործման են ընդունվում ՇՆ ու Կ 3.05.04-85-ի պահանջների համաձայն:

111. Շահագործման համար պատրաստի կառուցվածքների շինարարությունը (վերակառուցումը) պետք է կատարված լինի ըստ հաստատված նախագծի` պահպանելով շինարարական նորմերի, տեխնիկական պայմանների և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջները:

112. Ջրային ռեսուրս մաքրված կեղտաջրերի արտահոսքով մաքրման կառուցվածքների շահագործմանը պետք է նախորդի դրանց փորձնական շահագործումը:

Նախօրոք ակտիվ տիղմի կամ կենսաբանական թաղանթի աճեցում պահանջող կենսաբանական մաքրման կառուցվածքների շահագործումն սկսվում է միայն այն ժամանակ, երբ կեղտաջրի երաշխավորված ջերմաստիճանը մեծ է 10-12o C-ից:

113. Մինչև մաքրման կառուցվածքների փորձնական շահագործումն անհրաժեշտ է`

ա) կազմակերպել շահագործող անձնակազմի համալրումը, ատեստավորումն ու ուսուցումը.

բ) ապահովել ռեագենտների, ռեակտիվների և այլ նյութերի, պաշտպանական և այլ միջոցների պահանջվող պաշարն ու համապատասխան պահպանումը, ինչպես նաև ակտիվ տիղմի առբերումը գործող նման մաքրման կայաններից.

գ) բոլոր տեխնոլոգիական տեղամասերը և ստորաբաժանումներն ապահովել շահագործման կանոնակարգերով, հրահանգներով, անվտանգության տեխնիկային վերաբերող պլակատներով և մաքրման կառուցվածքների շահագործման ցուցանիշների գրանցման մատյաններով.

դ) ստուգել լաբորատորիաների պատրաստվածությունը` լաբորատոր-արտադրական և տեխնոլոգիական հսկողություն իրականացնելու նպատակով.

ե) կատարել շահագործող անձնակազմի հրահանգավորում փորձնական շահագործման նպատակների ու խնդիրների և դրանց իրականացման ընթացքում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ համաձայնեցնել կեղտաջրերը ջրային ռեսուրս լցնելու կարգն ու պայմանները, փորձանմուշ վերցնելու տեղը և ժամանակը, ինչպես նաև կեղտաջրերի պարունակության վերլուծման մեթոդիկան:

114. Մաքրման կառուցվածքների փորձնական շահագործումը կատարվում է ըստ կեղտաջրերի քանակի և մշակման տեխնոլոգիայի նախագծով նախատեսված շահագործման գործելակարգում: Փորձնական շահագործման ընթացքում ստուգվում է բոլոր մաքրման կառուցվածքների, դրանց տարրերի, հաղորդակցության ուղիների, փակող-բաշխող և հսկիչ-չափիչ սարքավորումների աշխատունակությունը:

115. Փորձնական շահագործման ավարտից հետո թույլատրվում է, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ, սկսել մաքրման կայանի ժամանակավոր շահագործումը, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:

116. Ժամանակավոր շահագործման ընթացքում անհրաժեշտ է`

ա) կատարել մաքրման կառուցվածքների տեխնոլոգիական կարգաբերում.

բ) մշակել խնայողական շահագործման գործելակարգեր.

գ) ճշտել օգտագործվող ռեագենտների բաժնեչափերը.

դ) կատարել կառուցվածքների փորձարկումներ նախագծային հզորության և վթարային գերբեռնված գործելակարգերում.

ե) հայտնաբերել և վերացնել մաքրման կառուցվածքների, հաղորդակցության ուղիների, փակող-կարգավորող, հսկիչ-չափիչ և այլ սարքավորումների աշխատանքի թերություններն ու անճշտությունները:

Կառուցվածքների տեխնոլոգիական կարգաբերման աշխատանքներում անհրաժեշտ է ներգրավել մասնագիտացված կարգաբերող կազմակերպություն:

117. Շինարարությունը կամ վերակառուցումն ավարտած մաքրման կառուցվածքները մշտական շահագործման են ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

118. Ջրահեռացման համակարգերի մաքրման կայաններում պետք է պահպանվեն նաև հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

ա) մաքրման կառուցվածքների սանիտարապաշտպանական գոտու սխեման.

բ) մաքրման կառուցվածքների կատարողական հատակագիծը և դիրքային սխեման` նշելով հաղորդակցության ուղիները և թողարկները.

գ) օպերատիվ տեխնոլոգիական սխեման.

դ) ավտոմատացման և հեռակառավարման սխեման.

ե) մաքրման կառուցվածքների աշխատանքի գործելակարգին և բեռնվածություններին վերաբերող տեխնիկական փաստաթղթերը:

 

XXI. ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

119. Մաքրման կառուցվածքների արտադրական ստորաբաժանումներ են տեխնոլոգիական արտադրամասերը (մեխանիկական մաքրման, կենսաբանական մաքրման, նստվածքների մշակման, վարակազերծման, քամելու ու ոռոգման դաշտերի) և լաբորատորիաները (քիմիական ու մանրէաբանական):

120. Շահագործող անձնակազմում պետք է լինեն`

ա) մաքրման կառուցվածքների ընդհանուր վիճակի և աշխատանքի համար պատասխանատուներ` մաքրման կայանի ղեկավարներ ու արտադրամասի պետեր.

բ) կեղտաջրերի մաքրման որակի, մաքրման կառուցվածքներում տեխնոլոգիական և սանիտարական գործելակարգի, կեղտաջրեր տրվող ռեագենտների բաժնեչափերի հսկողության, տեխնոլոգիական սարքավորումների և այլ տեխնոլոգիական կառուցվածքների ժամանակին վերանորոգման, աշխատանքի պաշտպանության ու անվտանգության տեխնիկայի համար պատասխանատու անձ` տեխնոլոգ.

գ) լաբորատոր աշխատանքների կազմակերպման ու կատարման, մաքրված կեղտաջրերի բաղադրության նկատմամբ հսկողության, ռեագենտների պահանջվող բաժնեչափերի որոշման, ժամանակին ռեագենտներ պատվիրելու և դրանց որակի նկատմամբ հսկողության համար պատասխանատու անձ` լաբորատորիայի վարիչ.

դ) հերթականությամբ հերթափոխող և հերթափոխի ամբողջ աշխատանքի համար պատասխանատու անձինք` ավագ հերթապահներ (ճարտարագետներ և տեխնիկներ).

ե) արտադրամասերում հերթափոխի ընթացքում բոլոր անհրաժեշտ գործողություններ, իսկ լաբորատորիաներում հսկողական գործառույթ իրականացնող անձինք` օպերատորներ, մակարդողներ, քլորացնողներ, քիմիկ-լաբորանտներ և կենսաբան-լաբորանտներ.

զ) էլեկտրական և մեխանիկական սարքավորումների, հսկիչ-չափիչ և այլ սարքերի տեխնիկական շահագործման համար պատասխանատու անձինք` ճարտարագետներ, տեխնիկներ, էլեկտրիկներ, փականագործներ և այլ մասնագետներ:

121. Մաքրման կառուցվածքների աշխատանքի հաշվառման համար կանոնավոր կատարվում են գրանցումներ հետևյալ մատյաններում`

ա) տեխնիկական շահագործման, որտեղ ամեն օր գրանցվում են տվյալներ մաքրվող կեղտաջրերի և մշակվող նստվածքների, ծախսված ռեագենտների ու դրանց բաժնեչափերի, սեփական կարիքների համար ծախսված ջրի քանակի, աշխատանքի, մաքրման և նորոգման մեջ գտնվող կառուցվածքների, սարքավորումների ու ագրեգատների անվանացանկի մասին.

բ) վերլուծումների, որտեղ ամեն օր գրանցվում են տվյալներ չմաքրված ու մաքրված, ինչպես նաև մաքրման տարբեր փուլերում գտնվող կեղտաջրերի բաղադրության որոշման, հում և մշակված նստվածքների և այլ վերլուծումների մասին.

գ) պահեստային, որտեղ գրանցվում են տվյալներ պահեստում պահվող, պահեստ մտնող և պահեստից դուրս եկող ռեագենտների և այլ նյութերի մասին:

 

XXII. ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

122. Լաբորատոր-արտադրական հսկողությունն անհրաժեշտ պայման է մաքրման կառուցվածքների արդյունավետ շահագործման և կեղտաջրերը սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան մաքրելու համար:

123. Լաբորատոր-արտադրական հսկողությունը պետք է կազմակերպել ինչպես կեղտաջրերի մաքրման և նստվածքների մշակման բոլոր փուլերում` մաքրման կառուցվածքների աշխատանքի քանակական ու որակական ցուցանիշների գնահատման, այնպես էլ մշակվող կեղտաջրերի և նստվածքների քանակի ու որակի գրանցման համար:

124. Կառուցվածքների աշխատանքների բարձր տեխնիկատնտեսական ցուցանիշներ ապահովելու, տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման և կեղտաջրերի մաքրման ու նստվածքների մշակման ժամանակ օգտագործվող ռեագենտների բաժնեչափերը ճշտելու համար անհրաժեշտ է մաքրման կառուցվածքների շահագործման գործընթացում մշտապես վերլուծել լաբորատոր-արտադրական հսկողության արդյունքները: Այն նաև պետք է հիմք հանդիսանա կեղտաջրերի մաքրման և նստվածքների մշակման տեխնոլոգիաների խախտումների հայտնաբերման ու վերացման համար` մաքրման կայանից համապատասխան պահանջները չբավարարող ցուցանիշներով կեղտաջրերի հեռացումը և արտահոսքը ջրային ռեսուրս կանխարգելելու նպատակով:

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2003
N 1228-Ն
Որոշում