Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՎՈՂ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ...

 

 

040.1228.081003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2003 թվականի N 1228-Ն

 

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՎՈՂ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՎՈՂ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ

(2-րդ մաս)

 

125. Քիմիական և մանրէաբանական լաբորատորիաների անձնակազմը, ինչպես նաև մաքրման կառուցվածքների հերթապահ անձնակազմն իրականացնում են լաբորատոր-արտադրական հսկողություն: Գլխավոր ճարտարագետը (տեխնոլոգը) պատասխանատու է հսկողության իրականացման համար:

126. Լաբորատոր-արտադրական հսկողության ծավալը և ժամանակացույցը որոշվում են` հաշվի առնելով տեղական պայմանները, և հաստատվում են կազմակերպության ղեկավարի կողմից` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

(126-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

127. Լաբորատոր-արտադրական հսկողությունն իրականացվում է հաշվառման առարկայական եղանակների և չափիչ սարքերի չափումների, ինչպես նաև համապատասխան պետական ստանդարտներով երաշխավորված վերլուծությունների մեթոդիկայի հիման վրա:

128. Չափիչ սարքերով պետք է գրանցվեն`

ա) մաքրման կայան տրվող կեղտաջրերի և կառուցվածքներում առաջացած նստվածքների ու տիղմի քանակները.

բ) մաքրման կառուցվածքներում ջրի մակարդակը և մաքրման ու նստվածքի մշակման կառուցվածքներում նստվածքի մակարդակը:

129. Առանձին մաքրման կառուցվածքների կամ դրանց համալիրի աշխատանքի արդյունավետության նկատմամբ հսկողությունն իրականացվում է մինչև մաքրման փուլը և այդ փուլից հետո կեղտաջրի և նստվածքի բաղադրության, որը որոշվում է ըստ հետևյալ ցուցանիշների`

ա) կեղտաջրինը`

ըստ ֆիզիկաքիմիական ցուցանիշների` ջրի ջերմաստիճանը` օC, 105օ C ջերմաստիճանում կախված նյութերի զանգվածը` մգ/լ, ցնդող նյութերը` մգ/լ, թափանցիկությունը` սմ, նստվածքի ծավալը, ԹՔՊ-ն, ընդհանուր ազոտը` մգ/լ, ամոնիակային աղերի ազոտը` մգ/լ, նիտրատային աղերի ազոտը` մգ/լ, նիտրիտային աղերի ազոտը` մգ/լ, ԹԿՊ5 և ԹԿՊլրիվ-ը` մգ/լ, ջրածնային ցուցանիշը` (pH), լուծված թթվածինը` մգ/լ, քլորիդները` մգ/լ, ակտիվ քլորը` մգ/լ, ֆոսֆատները` մգ/լ, սինթետիկ մակերևութային ակտիվ նյութերը (ՍՄԱՆ), նավթամթերքները, ծանր մետաղների աղերը, սուլֆատները, չոր նստվածքը և շիկացումից հետո մնացորդը,

ըստ մանրէաբանական ցուցանիշների` միլիլիտր ջրում մանրէների ընդհանուր քանակը, կոլի-ինդեքսը, չմաքրված և մաքրված կեղտաջրերում հելմինտների ձվերի քանակը.

բ) նստվածքներինը` տեսակարար դիմադրությունը` սմ/գ, խոնավությունը` տոկոս, մոխրայնությունը` տոկոս, քիմիական բաղադրությունը (սպիտակուցների, ճարպերի և ածխածինների քանակը` մգ/լ), ՍՄԱՆ-ի պարունակությունը:

Որպես պարարտանյութ օգտագործվող նստվածքների համար որոշվում են նաև ազոտի, ֆոսֆորի, կալցիումի, կալիումի, ծանր մետաղների աղերի, ինչպես նաև հելմինտների կենսունակ ձվերի քանակը, ախտածին մանրէների առկայությունը:

130. Չմաքրված և մաքրված կեղտաջրերի լրիվ հետազոտությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համաձայնեցված, բայց յուրաքանչյուր տասնօրյակում` առնվազն մեկ անգամ:

(130-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

131. Հետազոտության համար չմաքրված և մաքրված կեղտաջրերի փորձանմուշները պետք է վերցնել այն տեղերից, որտեղ ջրի հոսանքը լավ խառնված է` 0.3-0.5 մետր խորությունից: Փորձանմուշի վերցման հաճախականությունը պետք է լինի օրվա ընթացքում առնվազն մեկ ժամ: Փորձանմուշը վերցնելիս պետք է չափել ջրի ջերմաստիճանը:

 

XXIII. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

132. Տեխնոլոգիական հսկողության հիմնական խնդիրը մաքրման կառուցվածքների աշխատանքի տեխնոլոգիական արդյունավետության բազմակողմանի գնահատումն է, որպեսզի ժամանակին ձեռնարկվեն միջոցներ դրանց անխափան աշխատանքը` տրված արտադրողականությամբ, և ջրի մաքրման ու նստվածքի մշակման պահանջվող աստիճանն ապահովելու համար:

133. Տեխնոլոգիական հսկողությունն իրականացնում են կառուցվածքների և սարքավորումների հերթապահ օպերատորները` լաբորատորիայի հերթապահ անձնակազմի հետ համատեղ, գլխավոր ճարտարագետի, տեխնոլոգի և լաբորատորիայի վարիչի ղեկավարությամբ: Դիտարկումների և չափումների բոլոր տվյալները գրանցվում են համապատասխան մատյանում:

134. Տեխնոլոգիական հսկողություն կազմակերպելիս և ծավալը որոշելիս անհրաժեշտ է տարանջատել հերթապահ օպերատորների և լաբորատորիայի անձնակազմի պարտականությունները և նշել այն գործողությունները, որոնք նրանք պետք է կատարեն համատեղ: Պահանջները մշակելիս պետք է հաշվի առնել, որ որոշ պարամետրերի որոշումը, որը պահանջում է հատուկ լաբորատոր վերլուծություն, չեն կարող կատարել հերթապահ օպերատորները:

135. Տեխնոլոգիական հսկողություն իրականացնելիս հերթապահ օպերատորների և լաբորատորիաների անձնակազմերի պարտականություններն են`

ա) տեխնոլոգիական գործընթացների և կեղտաջրերի մաքրման ու նստվածքի մշակման որակի դիտարկումները և դրանց նկատմամբ հսկողությունը.

բ) կառուցվածքներ տրվող կեղտաջրերի և նստվածքի քանակի հսկողությունն ու կարգավորումը.

գ) ջրային ռեսուրս լցվող մաքրված կեղտաջրերի քանակի և բաղադրության նկատմամբ հսկողությունը.

դ) այլ մաքրման կառուցվածքներ կամ գյուղատնտեսությունում օգտագործման համար տրվող նստվածքի և տիղմի քանակի ու բաղադրության նկատմամբ հսկողությունը.

ե) առանձին կառուցվածքների կամ դրանց միջև կեղտաջրերի հավասարաչափ բաշխման և նստվածքի մակարդակի նկատմամբ հսկողությունը.

զ) առանձին կառուցվածքների, դրանց բաժանմունքների, խողովակաշարերի և ռեագենտային սարքերի միացումների ճշտության ու սարքինության ստուգումը.

է) մեխանիկական, ավտոմատիկայի, դրոսելային, չափիչ և այլ սարքավորումների սարքինության ստուգումը.

ը) ռեագենտների և այլ նյութերի առկայության, որակի ու դրանք ճիշտ պահելու պայմանների ստուգումը:

136. Մաքրման կառուցվածքների գործելակարգի բազմակողմ գնահատման համար անհրաժեշտ է կատարել ոչ միայն կառուցվածքների ամբողջ համալիրի, այլ նաև առանձին կառուցվածքների աշխատանքների վերլուծություն` ըստ հետևյալ ցուցանիշների`

ա) ճաղավանդակներ` թափոնների քանակը, դրանց խոնավությունը, մոխրայնությունը և խտությունը` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

բ) ավազորսիչներ` նստվածքի ծավալը, խտությունը, խոնավությունը, ավազի պարունակությունը և հատիկաչափային բաղադրությունը` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

գ) առաջնային և երկհարկ պարզարաններ` նստվածքի քանակը, խոնավությունը և քիմիական բաղադրությունը, պարզեցման տևողությունը, պարզարանից դուրս եկող կախված նյութերի զանգվածն ու ծավալը` յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ.

դ) աերոտենկներ` չմաքրված և մաքրված կեղտաջրերի ԹԿՊլրիվ-ը` յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ, օդավորման տևողությունը և ինտենսիվությունը, աերոտենկ տրվող ակտիվ տիղմի և տղմախտացուցիչներ կամ տղմահրապարակներ տրվող ավելցուկային ակտիվ տիղմի քանակը, ակտիվ տիղմի կոնցենտրացիան, շրջապտույտի և ռեգեներացիայի աստիճանները, աերոտենկ տրվող օդի քանակը, ջրում լուծված թթվածնի պարունակությունը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ.

ե) երկրորդային պարզարաններ` նստեցման տևողությունը, պարզարանից դուրս եկող տիղմի քանակը, շրջապտուտային տիղմի կոնցենտրացիան` յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ, իսկ տղմային ցուցանիշը` յուրաքանչյուր տասնօրյակը 2 անգամ.

զ) տղմախտացուցիչներ` խտացած տիղմի քանակը, խոնավությունը և մոխրայնությունը, խտացման տևողությունը, տղմաջրում կախված նյութերի քանակը` յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ.

է) նախաօդավորիչներ` տիղմի բաժնեչափը, օդի քանակը, օդավորման տևողությունը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ.

ը) կենսամակարդիչներ` տիղմի բաժնեչափը, օդի քանակը, կենսամակարդման տևողությունը, չմաքրված ու մաքրված կեղտաջրերում կախված նյութերի պարունակությունը, նստվածքի քանակը, խոնավությունը և մոխրայնությունը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ.

թ) կենսաքամիչներ` չմաքրված և մաքրված կեղտաջրերի ԹԿՊլրիվ-ը, ԹՔՊ-ն, կախված նյութերի քանակը, կենսաքամիչի վրա բեռը` ըստ ԹԿՊլրիվ-ի` յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ, կեղտաջրերի ջերմաստիճանը և թթվածնի պարունակությունը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ:

137. Կեղտաջրերի նստվածքների մշակման կառուցվածքների աշխատանքը բնութագրող ցուցանիշների վերլուծությունը կատարվում է`

ա) մեթանտենկներում և խմորված նստվածքի ու տիղմի քանակը և ջերմաստիճանները, մեթանտենկ տրվող գոլորշու և անջատվող գազի քանակը` ամեն օր, հում և խմորված նստվածքի խոնավությունը, մոխրայնությունը, խմորման ջերմաստիճանն ու քիմիական բաղադրությունը` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

բ) տղմահրապարակներ և ավազի հրապարակներ` ջրազրկված ավազի ու նստվածքի քանակը, չորացման տևողությունը, նստվածքի տեսակարար դիմադրությունը, քամուկի ԹԿՊլրիվ-ը և կախված նյութերի պարունակությունը` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

գ) նստվածքի մեխանիկական ջրազրկման կառուցվածքներ` չջրազրկված և ջրազրկված նստվածքների քանակը, խոնավությունն ու մոխրայնությունը, քամուկի քանակը և կախույթի պարունակությունը, մակարդիչի ծախսն ու բաժնեչափը, վակուում-քամիչների արտադրողականությունը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ, քամուկի ԹԿՊլրիվ-ը` յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ.

դ) նստվածքի օդակյաց կայունացուցիչներ` օդավորման տևողությունը և ինտենսիվությունը, կայունացուցիչ տրվող նստվածքի, ավելցուկային ակտիվ տիղմի ու օդի քանակը, լուծված թթվածնի պարունակությունը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ, չխտացած և խտացած տիղմի քանակը, խտացման տևողությունը, տղմաջրում կախված նյութերի քանակն ու ԹԿՊլրիվ-ը` յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ, կայունացած նստվածքի խոնավությունը, մոխրայնությունը, տեսակարար դիմադրությունը և չոր նյութի պարունակությունը` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ.

ե) նստվածքի ջերմային չորացման կառուցվածքներ` չչորացած և չորացած նստվածքների քանակը, խոնավությունն ու մոխրայնությունը, չորանոց մտնող և այնտեղից դուրս եկող ծխագազերի ջերմաստիճանը, վառելիքի բացարձակ ու չոր նստվածքի միավորին վերագրված ծախսերը, չորացնող սարքի արտադրողականությունը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ.

զ) քամելու դաշտեր` մեկ հեկտարի վրա բեռն ըստ ջրի, մաքրված կեղտաջրի ԹԿՊ-ն, կախված նյութերի, լուծված թթվածնի ու մանրէաբանական կեղտոտությունների պարունակությունը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ.

է) կենսաբանական լճակներ` մնալու տևողությունը, ԹԿՊ5-ը, լճակ մտնող և դուրս եկող կեղտաջրերում կախված նյութերի քանակը, բռնված նստվածքի քանակը և բնութագիրը, լճակների մաքրման պարբերականությունը` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

138. Կեղտաջրերի վարակազերծման ժամանակ որոշվում են քլորի (քլորակրի) բաժնեչափը և ծախսը, հպման տևողությունը, մնացորդային քլորն ու քլորակլանումը` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ:

Պահեստից քլորակիր ստանալիս որոշվում է նրա ակտիվությունը, իսկ պահեստում պահվող քլորակրի ակտիվությունն ստուգվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

139. Բոլոր կառուցվածքներում պետք է հաշվառվեն էլեկտրաէներգիայի և գոլորշու ծախսերը:

140. Հերթապահ անձնակազմը պարտավոր է մաքրման կառուցվածքների աշխատանքի մասին բոլոր տվյալները, ինչպես նաև բոլոր անսարքությունների մասին տեղեկությունները գրանցել համապատասխան մատյաններում: Մատյանները լրացվում են յուրաքանչյուր հերթափոխում, իսկ ցերեկային հերթափոխում ամփոփվում են նախորդ օրվա ընթացքում կառուցվածքների աշխատանքի արդյունքները:

141. Հաշվառման տվյալների արդյունքների հիման վրա կազմվում են մաքրման կառուցվածքների աշխատանքի մասին ամփոփագրերը:

 

XXIV. ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

 

Ճաղավանդակները

 

142. Ճաղավանդակների միջոցով բռնվում են կեղտաջրում եղած խոշոր թափոնները:

143. Ճաղավանդակները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) առավելագույն ելքի դեպքում ապահովել անշարժ ճաղավանդակների բացվածքներում 0,8-1 մ/վրկ, իսկ ճաղավանդակ-ջարդիչների բացվածքներում` 1,2 մ/վրկ արագություններ.

բ) հետևել ճաղավանդակների բացվածքներին` թույլ չտալով կեղտաջրի դիմհար.

գ) մշտապես հետևել փոցխերի աշխատանքին և հեռացնել դրանց վրա մնացած թափոնները.

դ) հետևել, որ ջարդիչների մեջ չընկնեն կոշտ առարկաներ, որոնք կարող են վնասել ջարդիչները.

ե) թափոնները բեռնարկղերով դուրս տանելու դեպքում հետևել, որ այն կատարվի ժամանակին, և բեռնարկղերը հերմետիկ փակվեն:

144. Տարվա տաք եղանակին տեղափոխվող թափոններն անհրաժեշտ է մշակել քլորակրով:

145. Ճաղավանդակների շենքում պետք է անընդհատ գործի օդափոխությունը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է բացել դռներն ու պատուհանները:

 

Ավազորսիչները

 

146. Ավազորսիչները պետք է ապահովեն, կախված դրանց տեսակից, 0,15-0,25 միլիմետրից մեծ չափերով ավազի և այլ հանքային խառնուկների 85-90 տոկոսի անջատումը կեղտաջրից:

147. Ավազորսիչները շահագործելիս անձնակազմը պարտավոր է`

ա) հսկել ավազորսիչներ տրվող կեղտաջրերի ելքը և կարգավորել առանձին ավազորսիչների բեռնավորումները.

բ) չափել բռնված ավազի շերտի բարձրությունը.

գ) կուտակմանը զուգընթաց, բայց յուրաքանչյուր 2 օրը մեկ անգամ ավազորսիչներից հեռացնել ավազը` իրականացնելով դրա լվացումը և ջրազրկումը, ինչպես նաև մաքրման կայանից տեղափոխել ավազը.

դ) օդավորվող ավազորսիչներում հետևել օդի մատակարարմանը և օդավորման ինտենսիվությանը.

ե) հսկել ավազի հրապարակ տրվող ավազի շերտի հաստությունը և չորացած ավազի ժամանակին տեղափոխումը.

զ) ապահովել ավազորսիչներից բեռնաթափվող ավազում օրգանական խառնուկների նվազագույն քանակը:

148. Ավազորսիչների նորմալ աշխատանքն ապահովվում է, երբ հորիզոնական ավազորսիչներում արագությունը 0,15-0,3 մ/վրկ է, օդավորվող ավազորսիչներում` 0,08-0,12 մ/վրկ, իսկ շոշափողական ավազորսիչներում հիդրավլիկական բեռը 100-110 խոր. մ/(քառ. մ-ժամ) է:

149. Ավազորսիչները զննելու, մաքրելու և սարքավորումները վերանորոգելու համար դատարկվում են յուրաքանչյուր 1,5 տարին մեկ անգամ:

 

Առաջնային պարզարանները

 

150. Առաջնային պարզարանները պետք է ապահովեն նախագծային մաքրման արդյունքը և նստվածքի խոնավությունը, որը պետք է մեծ չլինի 95 տոկոսից, երբ նստվածքը հեռացվում է ինքնահոս և 93,5-94 տոկոսից` մխոցային պոմպերով:

151. Առաջնային պարզարանները հաշվարկվում են` ելնելով պահանջվող պարզեցման արդյունքից, որը որոշելիս աերոտենկ կամ կենսաքամիչ տրվող պարզեցված կեղտաջրում կախված նյութերի կոնցենտրացիան ընդունվում է մինչև 150 մգ/լ:

152. Շահագործող անձնակազմն առաջնային պարզարաններում կեղտաջրի պարզեցման պահանջվող արդյունքը, պարզարանում պարզեցման նախագծային տևողությունը և պարզեցված կեղտաջրերում կախված նյութերի նախագծային մակարդակն ապահովելու համար պետք է խստիվ պահպանի բոլոր տեսակի պարզարանների շահագործման հետևյալ պայմանները`

ա) պարզարանի ելքամասի ջրթափի գագաթի տարբեր կետերի նիշերի տարբերությունը չպետք է գերազանցի 2 միլիմետրը.

բ) պարզարանների խմբում տարբեր պարզարանների ջրթափերի գագաթի նիշերի տարբերությունը չպետք է գերազանցի 2-3 միլիմետրը.

գ) ջրթափի մեկ գծամետրի վրա կեղտաջրի ելքը չպետք է գերազանցի 10-12 լ/վ-ը:

153. Առաջնային պարզարանները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) մշտապես ապահովել պարզեցման տևողությունը և պարզարանների միջև կեղտաջրի հավասարաչափ բաշխումը.

բ) կեղտաջուրը պարզարաններ տվող առվակները և ջրանցքները մաքրել թափոններից ու ծանր նստվածքներից.

գ) մաքրել հավաքող առվակների ջրթափ եզրերին կուտակված թափոնները.

դ) պարզարանի մակերեսից ժամանակին հեռացնել լողացող նյութերը.

ե) սարքին և մաքուր վիճակում պահել փականները, մղափականները և այլ սարքավորումներ.

զ) ապահովել նստվածքի հեռացումն ուղղաձիգ և քերիչ մեխանիզմ չունեցող հորիզոնական պարզարաններից` յուրաքանչյուր օրը 2 անգամ, իսկ քերիչ մեխանիզմ ունեցող հորիզոնական ու շառավղային պարզարաններից` յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ:

154. ՈՒղղաձիգ և հորիզոնական պարզարաններից նստվածքը հեռացնելիս տղմատարի վրայի փականը պետք է բացել աստիճանաբար:

155. Զննումների, մաքրման և նորոգման համար մեխանիկական քերիչներով պարզարանները դատարկվում են յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, իսկ քերիչներ չունեցող պարզարանները` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

156. Նստվածքը պարզարանից բաց թողնելուց հետո հորը և տղմատարը պետք է լվանալ: Լվացման ջուրը տրվում է մաքրման կառուցվածքների գլխամաս կամ պարզարան:

 

Երկհարկ պարզարանները

 

157. Երկհարկ պարզարանները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) մշտապես ապահովել տրված պարզեցման տևողությունը և պարզարանների միջև կեղտաջրի բաշխման հավասարաչափությունը.

բ) չթույլատրել պարզարանից կախված նյութերի դուրսբերման գերազանցում և խմորման խցից նստվածքի թափանցումը նստեցման ճոռեր.

գ) հսկել խմորման խցում նստվածքի մակարդակը.

դ) յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ նստվածքը բաց թողնել, որից հետո լվանալ տղմատարը.

ե) չթույլատրել պարզարանների մակերեսին կախված նյութերի խիտ կեղևի առաջացումը, ինչպես նաև խմորվող նստվածքի փրփրումը:

158. Երկխուց պարզարաններում խցերի միջև նստվածքի հավասարաչափ բաշխման համար յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ` մղափականների փոխարկման միջոցով անհրաժեշտ է փոխել նստեցման ճոռերում ջրի շարժման ուղղությունը:

159. Պարզարանից խմորված նստվածքի առաջին բացթողումը կատարվում է այն շահագործման հանձնելուց 6 ամիս հետո, ընդ որում, խցում նստվածքի մակարդակի և նստեցման ճոռերի ճեղքի հեռավորությունը պետք է լինի մեկ մետրից պակաս:

160. Նստվածքի բացթողումը կատարվում է դանդաղ` հսկելով նրա հասունությունը: Հասուն նստվածքն ունի 85-90 տոկոս խոնավություն և բնութագրվում է թույլ հիմնային ռեակցիայով (pH=7,2-7,6), ծծմբաջրածնի հոտի վերացմամբ, մուգ մոխրագույն գույնով և հատիկավոր կառուցվածքով: Դրանում օրգանական նյութերի պարունակությունը մոտավորապես 40 տոկոսով փոքր է, քան հում նստվածքում:

161. Պարզարանների շահագործման ընթացքում բաժանարար առվակներն ու ջրաթափերի եզրերն ամեն օր մաքրվում են նստվածքից, լաթերից և այլ առարկաներից: Հեռացվում են լողացող նյութերը և մաքրվում նստեցման ճոռերի ճեղքերը:

162. Ձմռան շեմին պարզարաններից բաց է թողնվում նստվածքի մի մասը: Խմորման խցերում պետք է թողնել խցի ծավալի 15-20 տոկոսի չափով լավ խմորված նստվածք:

163. Ձմռանը երկհարկ պարզարանները ջերմապահպանվում են, դրանք ծածկելով փայտե վահաններով: Առվակները չեն ծածկվում, որպեսզի հնարավոր լինի դրանք մաքրել:

164. Պատերին ու հատակին կպած նստվածքը մաքրելու և նորոգելու համար երկհարկ պարզարանները դատարկվում են յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

 

Նախաօդավորիչները և կենսամակարդիչները

 

165. Նախաօդավորիչները և կենսամակարդիչները պետք է ապահովեն կեղտաջրի պարզեցման, ինչպես նաև ծանր մետաղների` իոններից ու կենսաբանական մաքրման գործընթացի վրա բացասաբար ազդող այլ նյութերից մաքրման պահանջվող արդյունքները:

166. Նախաօդավորիչները և կենսամակարդիչները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) մշտապես ապահովել կեղտաջրի հավասարաչափ բաշխումը.

բ) պահպանել կառուցվածքների աշխատանքի պահանջվող պարամետրերը` կեղտաջրի օդավորման տևողությունը, կառուցվածքներ տրվող օդի, ավելցուկային ակտիվ տիղմի և կենսաթաղանթի քանակը.

գ) ժամանակին բաց թողնել նստվածքը.

դ) հսկել կենսամակարդիչի պարզեցման մասում կախված նստվածքի մակարդակը:

167. Նախաօդավորիչների և կենսամակարդիչների նորմալ աշխատանքն ապահովվում է, երբ կառուցվածքներ է տրվում ավելցուկային ակտիվ տիղմի 50-100 տոկոսը կամ կենսաթաղանթի ամբողջ քանակը, օդավորման տևողությունը 20 րոպե է, և օդի տեսակարար ծախսը` 0,5 խոր. մետր է կեղտաջրի մեկ խոր. մետրին:

168. Նախաօդավորիչների և կենսամակարդիչների զննման, մաքրման և նորոգման համար դրանք դատարկվում են յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

 

XXV. ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

 

169. Կենսաբանական մաքրման կառուցվածքները պետք է ապահովեն կեղտաջրում պարունակված օրգանական նյութերի օքսիդացման և հանքայնացման պահանջվող արդյունքը:

 

Կաթիլային և մեծ բեռնավորման կենսաբանական քամիչները

 

170. Կենսաքամիչները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) ապահովել կենսաքամիչ տրվող կեղտաջրերի նախագծային քանակը և դրանց հավասարաչափ բաշխումը.

բ) արհեստական օդափոխության դեպքում հսկել տրվող օդի քանակը և հետևել օդափոխիչների աշխատանքին.

գ) ձմռանը հետևել կեղտաջրի ջերմաստիճանին.

դ) կանոնավոր դիտարկել և մաքրել ջուրն ու օդը բաշխող սարքավորումները.

ե) ապահովել ջրանցքների և դրենաժի ժամանակին լվացումը.

զ) ձեռնարկել միջոցներ կենսաքամիչից մեծ քանակով կախված նյութերի և կենսաթաղանթի դուրսբերման ու կենսաքամիչի մակերևույթի ճահճացման դեմ.

է) պահպանել կեղտաջրերի բնականոն շրջապտույտը.

ը) հսկել բեռնվածքի նյութերի վիճակը:

171. Կենսաքամիչները բեռնավորվում են ըստ խոշորության մանրակրկիտ տեսակավորված և լվացված նյութերով, որոնք բավարարում են ՇՆ ու Կ 2.04.03-85-ի պահանջները:

172. Կենսաքամիչների շահագործման ընթացքում մշտապես ճշտում են կենսաքամիչի վրայի բեռը` ըստ օրգանական նյութերի, և օդի ծախսը, եթե օդափոխությունն արհեստական է:

173. Կենսաքամիչներ տրվող կեղտաջրի ջերմաստիճանը պետք է փոքր չլինի 6օ C-ից, որը պահպանելու համար ձմռանը կենսաքամիչների սենքեր կանոնավոր տարվում է տաք օդ:

174. Հիդրավլիկական բեռը կաթիլային կենսաքամիչների վրա պետք է լինի 1-3, իսկ մեծ բեռնավորման կենսաքամիչների վրա` 10-30 խոր. մետր (խոր. մ x օր) սահմաններում:

175. Բաց կենսաքամիչների ոռոգման ընդմիջումները ձմռանը չպետք է պակաս լինեն 2 ժամից:

176. Կենսաքամիչների մակերևույթին ճահճացման տեղեր հայտնվելիս հարկավոր է այդ տեղերում անմիջապես փխրեցնել բեռնվածքը և լվանալ ջրի շիթով:

177. Բեռնվածքի մեջ առաջացած թափոնների վերացման համար անհրաժեշտ է`

ա) կենսաքամիչների մակերևույթը լվանալ մաքուր ջրով` դրենաժից հեռացնելով նստած հանքային նյութերը.

բ) հանել բեռնվածքի վերին շերտը, լվանալ և նորից լցնել կենսաքամիչի մեջ.

գ) բեռնվածքի վերին շերտը փոխարինել նորով:

178. Թողարկման ընթացքում կենսաքամիչներ տրվող կեղտաջրի ելքը պետք է լինի նախագծային ելքի 30-40 տոկոսը: Ոռոգման պարբերականությունը չպետք է պակաս լինի 50 րոպեից, իսկ երկու ոռոգման միջև ժամանակը պետք է լինի մինչև մեկ ժամ: Մաքրված կեղտաջրում ամոնիակային աղերի կտրուկ իջեցումից և նիտրատի հայտնվելուց հետո ելքը պետք է աստիճանաբար հասցնել նախագծայինին:

179. Բեռնվածքի վերին շերտի լվացումը կամ փոխարինումը կատարվում է առնվազն երկու տարին մեկ անգամ, ամբողջ բեռնվածքի փոխարինումը` յուրաքանչյուր 7 տարին մեկ անգամ:

 

Աերոտենկները

 

180. Աերոտենկները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) ապահովել աերոտենկ տրվող կեղտաջրի և օդի հաշվարկային քանակը.

բ) ապահովել աերոտենկ տրվող կեղտաջրում կախված նյութերի հաշվարկային կոնցենտրացիան, աերոտենկում ակտիվ տիղմի հաշվարկային կոնցենտրացիան և թթվածնի պարունակությունը (2 մգ/լ-ից ոչ պակաս), ինչպես նաև շրջապտուտային ակտիվ տիղմի հաշվարկային կոնցենտրացիան ու վերադարձի տոկոսը.

գ) թույլ չտալ օդավորման ընդմիջումներ.

դ) սահմանել հսկողություն չափիչ սարքերի, սարքավորումների և մեխանիզմների անխափան աշխատանքի նկատմամբ և միջոցներ ձեռնարկել նկատված անսարքությունները վերացնելու համար.

ե) հսկել տիղմի վիճակը` ըստ դրա բիոցենոզի կամ տղմային ցուցանիշի, և ժամանակին ձեռնարկել միջոցներ դրա փքվելու դեմ:

181. Նորմալ պայմաններում ակտիվ տիղմի տղմային ցուցանիշը պետք է լինի 70-130 խոր. սմ/գ, որոնք համապատասխանում են տիղմի մեկ գրամ անմոխիր նյութի վրա ըստ ԹԿՊլրիվ-ի թափոնների բեռի 100-600 մգ/(գ օր) արժեքներին:

182. Աերոտենկների շահագործման ընթացքում փորձնական ճանապարհով, ելնելով չմաքրված և մաքրված կեղտաջրերի բնութագրերից, պետք է ճշտվեն աերոտենկ տրվող կեղտաջրի ու օդի քանակը, ակտիվ տիղմի և լուծված թթվածնի կոնցենտրացիաները:

183. Աերոտենկ տրվող օդի քանակը կարգավորվում է` ելնելով մաքրված կեղտաջրի որակից, աերոտենկում ակտիվ տիղմի և թթվածնի կոնցենտրացիաներից:

184. Եթե մաքրված կեղտաջրի ցուցանիշները չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա լուծված թթվածնի բարձր պակասորդի դեպքում մեծացվում է օդի մատուցումը, իսկ ցածր պակասորդի դեպքում` ակտիվ տիղմի կոնցենտրացիան, եթե դա հնարավոր է` կապված երկրորդային պարզարանների շահագործման պայմանների հետ:

Եթե ակտիվ տիղմի հնարավոր առավելագույն կոնցենտրացիայի և թթվածնի ցածր պակասորդի դեպքում մաքրված կեղտաջրի որակը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա դա նշանակում է, որ կեղտաջրերի բեռը չի համապատասխանում տվյալ աերոտենկի մաքրող հնարավորությանը:

185. Ջրում լուծված թթվածնի քանակը որոշվում է ավտոմատ սարքով, իսկ դրա բացակայության դեպքում` լաբորատոր վերլուծության միջոցով, որի համար փորձանմուշը վերցվում է տիղմի հետ խառը:

186. Աերոտենկի վրա բեռը պակասելու դեպքում աերոտենկների մի մասը պետք է անջատել, որպեսզի աշխատող աերոտենկում ապահովվի տրված օդավորման ինտենսիվությունը, ինչպես նաև փոքրացվում է հեռացվող տիղմի քանակը կամ լրիվ դադարեցվում է դրա հեռացումը:

Անջատված աերոտենկների դատարկումից հետո լվացվում են ծակոտկեն սալիկները:

187. Ծակոտկեն սալիկները մաքրվում են` ելնելով դրանց վիճակից, բայց տարեկան 2 անգամ:

Սալիկները մաքրվում են մետաղե խոզանակներով` միաժամանակ տալով աղաթթվի 30 տոկոսանոց լուծույթ կամ ջրի 1-2 սմ շերտի տակ` միաժամանակ ներքևից օդ փչելով: Սալիկները կարող են մաքրվել նաև ավազաշիթային սարքով:

188. Ծակոտկեն սալիկները փոխարինվում են` ելնելով դրանց վիճակից, բայց յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ: Փոխելիս պետք է ընտրել նույն թափանցելիությամբ սալիկներ:

189. Չմաքրված կեղտաջրում թունավոր նյութեր հայտնվելու դեպքում աերոտենկների մի մասի վրա բեռը փոքրացվում է, որպեսզի ակտիվ տիղմի միկրոֆաունան կարողանա հարմարվել կեղտաջրի նոր քիմիական բաղադրությանը:

190. Ակտիվ տիղմի փքվելու դեպքում, կախված դրա պատճառներից, հարկավոր է իրականացնել հետևյալ միջոցառումներից որևէ մեկը`

ա) կարգավորել ակտիվ տիղմի կոնցենտրացիայի և տրվող օդի քանակի հարաբերությունը.

բ) կատարել տիղմի ռեգեներացիա.

գ) կարգավորել մեթանտենկներից առաջնային պարզարաններ տրվող տղմաջրի քանակը.

դ) ավելացնել շրջապտուտային տիղմի քանակը և կարգավորել ավելցուկային տիղմի քանակը.

ե) արհեստականորեն մեծացնել կեղտաջրի pH-ը` մինչև 8,5-9,5, և մեծացնել ռեգեներացիայի տևողությունը:

191. Աերոտենկներում կեղտաջրի մաքրման գործելակարգի լուրջ խախտումների դեպքում, երբ աերոտենկի վրա բեռի ժամանակավոր փոքրացումը չի օգնում, և ակտիվ տիղմը կորցնում է իր մաքրող հնարավորությունը, այդ տիղմը թափում են և սկսում են նոր տիղմի պատրաստումը:

 

Երկրորդային պարզարանները

 

192. Երկրորդային պարզարանները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) ձեռնարկել միջոցներ պարզարաններից ակտիվ տիղմի կամ կենսաթաղանթի բարձր դուրսբերման կանխման համար.

բ) ապահովել տիղմի բացթողման գործելակարգը.

գ) թույլ չտալ պարզարաններում տիղմի մնալը և խտանալը.

դ) պարզարանների մակերևույթից ժամանակին հեռացնել լողացող թաղանթը և փրփուրը` դրանք փոխադրելով մեթանտենկներ կամ տղմահրապարակներ.

ե) պարզարանների հատակն ու պատերը պարբերաբար մաքրել նստվածքներից:

193. Կեղտաջրերի նստեցման տևողությունը, անկախ պարզարանի տեսակից, չպետք է փոքր լինի 0,75 ժամից, կաթիլային կենսաքամիչներից հետո տեղադրված պարզարաններում` 1,5 ժամից և, եթե պարզարանը տեղադրված է մեծ բեռնավորման կենսաքամիչներից հետո, իսկ աերոտենկներից հետո տեղադրված երկրորդային պարզարաններում` հաշվարկային տևողությունից:

 

Քամելու և ոռոգման դաշտերը

 

194. Քամելու և ոռոգման դաշտերը պետք է ապահովեն կեղտաջրերի կենսաբանական մաքրումը բնական պայմաններում:

195. Քամելու և ոռոգման դաշտերը շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) ապահովել ոռոգվող տեղամասերի կամ քարտերի վրա կեղտաջրերի բաշխման տրված գործելակարգը.

բ) տեղամասերի և քարտերի մակերեսները պահել պատշաճ վիճակում, չթույլատրել դրանց տղմակալումը, որի համար յուրաքանչյուր սեզոնում 2 անգամ դրանք պետք է հերկել.

գ) չթույլատրել կեղտաջրերի արտահոսք չորացման ջրանցքներ և ջրային ռեսուրսներ.

դ) պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները.

ե) յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, ինչպես նաև հորդ անձրևներից հետո կատարել դաշտերի զննումներ, ապահովել դրանց մաքրումն աղբից, բերվածքներից, ինչպես նաև իրականացնել բաժանարար հողաթմբերի, ոռոգման համակարգի, ստորգետնյա դրենաժի ու չորացման ջրանցքների ժամանակին նորոգումը.

զ) յուրաքանչյուր սեզոնում 2 անգամ հնձել հողաթմբերի և ջրանցքների շեպերի վրա գտնվող մոլախոտերը.

է) ժամանակին նորոգել քամելու և ոռոգման դաշտերի բոլոր տարրերը.

ը) սահմանել հսկողություն կեղտաջրերի մաքրման աստիճանի նկատմամբ և չթողնել, որպեսզի դաշտերից հեռացվեն այնպիսի ջրեր, որոնք չեն համապատասխանում սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին:

196. Տեղերում մշակվող քամելու և ոռոգման դաշտերի շահագործման մասին հրահանգներում պետք է հստակ սահմանվեն տարվա տարբեր եղանակներին դաշտերը շահագործման նախապատրաստող անձնակազմի խնդիրները:

 

Կենսաբանական լճակները

 

197. Կենսաբանական լճակները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) հսկել լճակների լցման գործելակարգը` թույլ չտալով դրանց գերլցումը և պարսպող հողաթմբերի միջով ջրի ծորանցումը.

բ) սահմանել հսկողություն պարսպող հողաթմբերի վիճակի նկատմամբ և ժամանակին վերացնել խախտումները.

գ) հսկել կեղտաջրի մաքրման գործընթացը, ջրում լուծված թթվածնի պարունակությունը և մաքրված կեղտաջրերի բաղադրությունը:

198. Շահագործման սկզբում լճակները լցվում են կեղտաջրով և պահվում մինչև ամոնիակային ազոտի լրիվ անհետացումը:

 

XXVI. ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

 

Տղմահրապարակները

 

199. Տղմահրապարակները պետք է ապահովեն պարզարաններից կամ մեթանտենկներից տրվող նստվածքի և տիղմի ջրազրկումը (չորացումը)` մինչև 70-80 տոկոս:

200. Տղմահրապարակները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) պահպանել հրապարակների վրա նստվածքի լցման տրված պարբերականությունը և լցված նստվածքի շերտի հաստությունը: Կախված տեղական պայմաններից` լցման հաճախականությունը 20-30 օր է, իսկ շերտի հաստությունը` 0.2-0.3 մետր` ամռանը և պարսպող հողաթմբերի բարձրությունից 0,1 մետրից պակաս` ձմռանը.

բ) տղմահրապարակները ժամանակին բեռնաթափել չորացած նստվածքից, որից հետո դրանց մակերեսը հարթեցնել` անհրաժեշտության դեպքում լցնելով ավազ.

գ) ապահովել տղմաջրի ժամանակին և արագ հեռացումը մաքրման կառուցվածքներ` չթույլատրելով դրանց արտահոսքը ջրային ռեսուրս.

դ) հսկել առվակների, խողովակների ու մղափականների վիճակը և դրանք ժամանակին մաքրել ու լվանալ.

ե) մինչև սերմակալումը հետևել պարսպող հողաթմբերի վիճակին և ժամանակին հնձել մոլախոտերը:

 

Մեթանտենկները

 

201. Մեթանտենկները պետք է ապահովեն նստվածքի և տիղմի խմորումը` մեզոֆիլ կամ ջերմոֆիլ գործելակարգում: Թույլատրվում է մեթանտենկներում խմորել նաև ջարդիչներով մանրացված աղբը, ճաղավանդակներով բռնված թափոնները, եթե դրանք չեն խանգարում խմորման գործընթացին:

202. Մեթանտենկները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) հսկել մեթանտենկ տրվող նստվածքի և տիղմի խոնավությունը, մոխրայնությունը և ջերմաստիճանը, ապահովել մեթանտենկների բեռնավորման սահմանված նորմերը.

բ) մեթանտենկում մշտապես ապահովել հաշվարկային ջերմաստիճանը.

գ) հսկել նստվածքի խառնման գործընթացը` չթույլատրելով դրա մակերևույթին կեղևի առաջացումը.

դ) ապահովել մեթանտենկում նստվածքի հաստատուն մակարդակ և գազի անարգել դուրսբերում.

ե) հաշվառել առաջացող գազի քանակը, յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ որոշել գազի որակական բաղադրությունը, հետևել գազատարում և գազի ամբողջ համակարգում գազի ճնշմանը.

զ) հաշվառել մեթանտենկ տրվող գոլորշու կամ տաք ջրի քանակը` գրանցելով դրանց ճնշումը և ջերմաստիճանը.

է) բեռնաթափել խմորված նստվածքը` հաշվառելով դրա քանակը, հսկել խմորված նստվածքի խոնավությունը, մոխրայնությունը, ջերմաստիճանը, տեսակարար դիմադրությունը և որոշել դրա որակական բաղադրությունը:

203. Մեթանտենկներում խմորման գործընթացը բնականոն է, եթե`

ա) պահպանվում են օրական բեռնավորման սահմանված նորմերը և խմորվող նստվածքի օպտիմալ ջերմաստիճանները` 30-35օ C մեզոֆիլ գործելակարգում և 50-55օ C ջերմոֆիլ գործելակարգում.

բ) նստվածքը կանոնավոր խառնվում է.

գ) խմորված նստվածքը կանոնավոր բեռնաթափվում է:

204. Ելնելով տեղական պայմաններից` մեթանտենկները կարող են թարմ նստվածքով բեռնավորվել յուրաքանչյուր օրը մեկ անգամ, հերթափոխը մեկ անգամ և անընդհատ: Բեռնավորվող նստվածքի ծավալը պետք է հավասար լինի բեռնաթափվող նստվածքի ծավալին:

205. Մեթանտենկների գազային տնտեսությունը պետք է շահագործվի տեխնիկական պահանջներին համապատասխան:

 

Տղմախտացուցիչները

 

206. Տղմախտացուցիչները պետք է ապահովեն ակտիվ տիղմի խտացման (ջրազրկման) պահանջվող արդյունքը: Եթե տղմախտացուցիչները (շառավղային) գտնվում են երկրորդային պարզարանների կազմում, ուր տրվում է տղմային խառնուրդն ակտիվ տիղմի նստեցման և խտացման համար, ապա խտացած ակտիվ տիղմի խոնավությունը պետք է լինի 97,3 տոկոս: Ինքնուրույն շառավղային կամ ուղղաձիգ տղմախտացուցիչներում, ուր երկրորդային պարզարաններից տրվում է ավելցուկային ակտիվ տիղմը` միայն խտացման համար, խտացած տիղմի խոնավությունը պետք է լինի համապատասխանաբար 97,3 և 98 տոկոս: Նշված տղմախտացուցիչներում խտացման տևողությունը պետք է գտնվի համապատասխանաբար 5-8, 9-10, և 10-12 ժամերի սահմաններում:

207. Տղմախտացուցիչները շահագործվում են սույն կանոնների 152-156-րդ և 192-րդ կետերի պահանջներին համապատասխան:

 

Նստվածքի օդակյաց կայունացուցիչները

 

208. Նստվածքի օդակյաց կայունացուցիչները պետք է ապահովեն օդակյաց պայմաններում նստվածքի և ավելցուկային տիղմի (կենսաթաղանթի) կայունացումը:

209. Նստվածքի օդակյաց կայունացուցիչները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) ապահովել կայունացուցիչ տրվող նստվածքի և ավելցուկային ակտիվ տիղմի (կամ կենսաթաղանթի) տրված քանակները.

բ) պահպանել լուծված թթվածնի տրված պարունակությունը (առնվազն 2 մգ/լ).

գ) չթույլատրել օդամատակարարման ընդմիջումներ.

դ) հսկել տրվող նստվածքի և տիղմի խոնավությունը, մոխրայնությունը, տեսակարար դիմադրությունը և ջերմաստիճանը, ապահովել սահմանված բեռնավորումը.

ե) կանոնավոր բեռնաթափել մշակված նստվածքը, հսկել դրա խոնավությունը, մոխրայնությունը, տեսակարար դիմադրությունը և որոշել տղմաջրի բաղադրությունը.

զ) կայունացուցիչի նստեցման մասում չթույլատրել պնդացած նստվածքի կուտակումներ.

է) սահմանել հսկողություն մեխանիզմների, չափիչ սարքերի և այլ սարքավորումների աշխատանքի նկատմամբ, անհապաղ ձեռնարկել միջոցներ` անսարքությունները վերացնելու համար:

210. Տրվող նստվածքի և ակտիվ տիղմի քանակը, օդամատակարարման ինտենսիվությունը և լուծված թթվածնի քանակը շահագործման ժամանակ պետք է ճշտվեն փորձնական ճանապարհով` ելնելով տրվող և հեռացվող նստվածքի ու տիղմի բաղադրությունից:

211. Օդամատակարարումը կարգավորվում է ըստ կայունացուցիչում լուծված թթվածնի քանակի:

212. Նստվածքի օդակյաց կայունացուցիչների բնականոն աշխատանքն ապահովվում է, երբ նստվածքի խոնավությունը 96,5-97,5 տոկոս է, օդի ծախսը` կախված խոնավությունից` 1-2 խոր. մ/ժ է` վերագրված խտացուցիչի ծավալի մեկ խոր. մետրին, իսկ օդավորման ինտենսիվությունը փոքր չէ 6 խոր. մ/(քառ. մ ժ)-ից: Խտացած նստվածքի խոնավությունը պետք է լինի 96,5-98,5 տոկոս:

213. Ձմռանը, օդի բացասական ջերմաստիճանի դեպքում նստվածքի օդակյաց կայունացուցիչները ջերմապահպանում են կամ տաքացնում կայունացվող նստվածքները, որպեսզի կայունացուցիչում ջերմաստիճանը լինի առնվազն 6օ C:

214. Նստվածքի բաժնեչափը հսկվում է` ելնելով օրական նստվածքի ծավալից:

 

Վակուում-քամիչները

 

215. Խմորված նստվածքի ջրազրկման վակուում-քամիչները շահագործվում են 2 փուլով` նախապատրաստման (լվացում-խտացում և մակարդում) վակուում-քամիչներով ջրազրկման, քամող գործվածքի լվացման ու մաքրման միջոցով:

216. Հում (չխմորված) նստվածքը նախապատրաստվում է մեկ փուլով` մակարդում: Ցանկալի է օգտագործել հանվող քամող գործվածքով վակուում-քամիչներ:

217. Վակուում-քամիչները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) ապահովել ագրեգատների անխափան աշխատանքը.

բ) հսկել չջրազրկված և ջրազրկված նստվածքների խոնավությունը, մշակվող նստվածքի քանակն ու որակը, ռեագենտների և լվացման ջրի ծախսերը.

գ) պահպանել քիմիական ռեագենտների տրված բաժնեչափերը.

դ) ժամանակին կատարել քամող գործվածքի ռեգեներացիան.

ե) հանվող գործվածքով վակուում-քամիչներում ապահովել քամող գործվածքի անընդհատ ռեգեներացիան.

զ) անխափան պահել մեխանիզմները և սարքավորումները.

է) ապահովել նստվածքի հուսալի լվացումը և խտացումը` պահպանելով տրվող ջրի ու օդի քանակները և խտացուցիչում խառնուրդի մնալու ժամանակամիջոցը.

ը) նստվածքը լվանալ մաքրված կեղտաջրով:

218. Նստվածքների մակարդման համար մակարդիչների բաժնեչափը ճշտվում է փորձնական ճանապարհով` ելնելով նստվածքի տեսակարար դիմադրությունից: Վակուում-քամիչների կայուն աշխատանքի համար նստվածքի տեսակարար դիմադրությունը պետք է լինի (5-40)x10e10 սմ/գ, իսկ խտացած ակտիվ տիղմինը` (10-50)x10e10 սմ/գ:

219. Վակուում-քամիչներում վակուումի մեծությունը պետք է լինի 0.4-0.65 մթն, իսկ խտացրած օդի ճնշումը` 0.2-0.3 մթն:

220. Վակուում-քամիչը գործարկելուց առաջ հարկավոր է քամող գործվածքը թրջել:

221. Քամող գործվածքը ռեգեներացվում է` օդ փչելով և ջրով լվանալով:

222. Գործվածքի ռեգեներացիայի համար լվացման ջրի ծախսը պահպանվում է 0.1-0.3 խոր. մ/(քառ. մ ժ) սահմաններում:

223. Ռեգեներացիայի ոչ բավարար արդյունքի դեպքում, երբ ի հայտ են գալիս 20 տոկոսից ավելի մերկացած տեղեր, քամող գործվածքը մաքրում են ինհիբիրացված աղաթթվով:

224. Քամիչների յուրաքանչյուր կանգառից հետո քամող գործվածքը պետք է լվանալ օճառով կամ լվացքի փոշիով և մաքրել խոզանակով:

225. Գործվածքի փոքր ճղվածքները կարում են` այն չհանելով վակուում-քամիչի վրայից:

 

Ցենտրիֆուգերը

 

226. Նստվածքների ջրազրկումը ցենտրիֆուգերով պետք է ապահովի խոնավության իջեցումը` մինչև 60-85 տոկոս` կախված նստվածքի տեսակից:

227. Ցենտրիֆուգերը շահագործվում են այն արտադրող կազմակերպության հրահանգին համապատասխան:

228. Ցենտրիֆուգերը շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) հսկել ցենտրիֆուգերի աշխատանքի տևողությունը, մշակվող և ջրազրկված նստվածքների քանակը.

բ) յուրաքանչյուր շաբաթը 2 անգամ որոշել չջրազրկված ու ջրազրկված նստվածքների խոնավությունը և մոխրայնությունը, իսկ յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ֆուգատում կախված նյութերի խտությունն ու ԹԿՊլրիվ-ը.

գ) ապահովել մեխանիզմների ու սարքավորումների անխափան աշխատանքը:

229. Նստվածքի չոր նյութերի բռնման արդյունքը մինչև 90-95 տոկոս մեծացնելու համար կարելի է օգտագործել ֆլոկուլյոնտներ, որոնց բաժնեչափը որոշվում է նստվածքի փորձնական փաթիլացման ու ցենտրիֆուգավորման միջոցով:

230. Ցենտրիֆուգերի գործելակարգը (ռոտորի պտտաթիվը, հոսարանի տրամագիծը) սահմանվում է փորձնական ճանապարհով` ելնելով ամենամաքուր ֆուգուտ ստանալու պայմանից:

231. Ցենտրիֆուգի վրա բեռը փոքրացնելու համար նստվածքը նախօրոք խտացվում է:

232. Ցենտրիֆուգի մաշվածությունը փոքրացնելու համար նստվածքից հեռացվում են հղկանյութերը:

233. Նստվածքում ավազի մեծ պարունակության դեպքում հոսարանի պտտման արագությունը և տրամագիծը փոքրացվում են:

 

Նստվածքի ջերմային չորացումը

 

234. Վակուում-քամիչների կամ ցենտրիֆուգերի միջոցով ջրազրկված նստվածքի ջերմային չորացումը պետք է ապահովի դրա խոնավության պահանջվող աստիճանը:

235. Նստվածքը չորացվում է հիմնականում թմբուկային և հանդիպական շիթերով` չորանոցներում:

236. Չորանոցները շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) հետևել չորանոցների աշխատանքին` կատարելով դրա պարամետրերի անհրաժեշտ ճշտումներ.

բ) հսկել և հաշվառել ջրազրկված ու չորացված նստվածքների, վառելիքի և խտացված օդի քանակը.

գ) սարքին վիճակում պահել չորանոցների և օժանդակ սարքավորումների մեխանիզմներն ու հանգույցները.

դ) ապահովել չորանոց տրված քանակով նստվածքի մատուցումը և այնտեղից չորացած նստվածքի ժամանակին հեռացումը.

ե) չթույլատրել հեռացող ծխագազերի ջերմաստիճանի բարձրացումը սահմանված չափերից:

 

XXVII. ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄԸ

 

237. Ջրահեռացման համակարգերի ավտոմատացման և ավտոմատ հսկման միջոցների շահագործումը պետք է ապահովի`

ա) առաջադրված տեխնոլոգիական ռեժիմների պահպանումը և կառուցվածքների ու սարքավորումների աշխատանքի բնականոն պայմանները.

բ) սարքավորումների օպերատիվ փոխարկման հնարավորությունը, վթարների արագ մեկուսացումը և վերացումը.

գ) կառուցվածքների և սարքավորումների աշխատանքների խախտման ու անջատման մասին ազդարարումը:

238. Ավտոմատացման միջոցները շահագործվում են ջրահեռացման կազմակերպության հսկող, չափող սարքերի և ավտոմատացման (այսուհետ` ՀՉՍ և Ա) ծառայության կողմից:

239. ՀՉՍ և Ա ծառայության անձնակազմը պարտավոր է`

ա) ապահովել հսկող, չափող սարքերի, ավտոմատացման և հեռուստաչափական սարքերի աշխատանքների բնականոն պայմանները` հետևողականորեն ստուգելով հայտնիչների, երկրորդային սարքերի, ձևափոխիչների վիճակը և ցուցմունքների ճշտությունը.

բ) ստուգել ուղեփակման, ազդարարման, ավտոմատ կարգավորման և կառավարման միջոցների սարքինությունը.

գ) անսարքության դեպքում ապահովել պահուստային սարքերի միացումը, հեռակառավարման կամ ձեռքի կառավարման անցումը.

դ) կատարել ավտոմատ սարքերի և սարքավորումների նորոգման աշխատանքներ` յուրաքանչյուր տարին մեկ անգամ.

ե) կատարել ավտոմատ հսկման, կարգավորման և կառավարման համակարգերի տեխնիկական վիճակի ստուգումներ:

240. ՀՉՍ և Ա ծառայությունը պետք է առաջնորդվի`

ա) սույն կանոններով.

բ) կազմակերպության կողմից հաստատված ՀՉՍ և Ա ծառայության կանոններով.

գ) չափող միջոցների ստուգումների կազմակերպման ու իրականացման գործող կանոններով և ստանդարտներով.

դ) հսկման և ավտոմատացման սարքեր, կատարող մեխանիզմներ ու կարգավորող սարքավորումներ արտադրող կազմակերպությունների հրահանգներով և տեխնիկական նկարագրություններով:

241. ՀՉՍ և Ա ծառայությունը պետք է ունենա և պահպանի հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

ա) կառուցվածքների և սարքավորումների ավտոմատացման ու հեռուստամեխանիկայի միջոցների օպերատիվ տեխնոլոգիական սխեմաները.

բ) ավտոմատացման միջոցների աշխատանքների հսկման և հաշվառման մատյանները.

գ) ավտոմատ միջոցների ստուգումների ժամանակացույցերը` հաստատված կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից և համաձայնեցված պետական չափագիտական ծառայության հետ:

242. Բոլոր ավտոմատ սարքերի վրա յուղաներկով պետք է գրվեն դրանց հերթական համարները` համաձայն գույքագրման համարների և կատարողական փաստաթղթերի:

243. ՀՉՍ և Ա ծառայությունն ավտոմատացման միջոցների կանխարգելող ծրագրային նորոգումները պետք է կատարի նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան:

244. ՀՉՍ և Ա ծառայությունը պետք է ունենա պետական չափաբանական ծառայության կողմից տրված վկայական, որն իրավունք է տալիս նորոգելու բանվորական չափման միջոցները:

245. ՀՉՍ և Ա ծառայությունը պետք է ապահովված լինի`

ա) օրինակելի ստուգման սարքերով` հսկող և չափող սարքերի ու ավտոմատ կարգավորիչների ստուգման և կարգաբերման համար.

բ) հսկիչ սարքերով` շահագործվող սարքերի ստուգման և ավտոմատ սարքավորումների կարգաբերման համար.

գ) նյութերով և գործիքներով` ավտոմատ սարքերի ու սարքավորումների ընթացիկ և կապիտալ նորոգման համար:

246. ՀՉՍ և Ա ծառայությունը սնդիկով լցված սարքերի նորոգման համար պետք է ունենա հատուկ մեկուսացված սենյակներ` կահավորված անվտանգության տեխնիկայի և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխանող սարքավորումներով:

247. Ավտոմատ սարքերի և սարքավորումների պահպանման ու դրանց անխափան աշխատանքի ապահովման համար պատասխանատվությունը կրում են այդ սարքերը և սարքավորումները շահագործող անձինք` օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2003
N 1228-Ն
Որոշում