29.12.2025 -
040.1307.031103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
29. Ավիացիոն անվտանգության ապահովման հարցերով` լիազոր մարմինը`
ա) պատասխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին որոշումների ընդունման, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման համար, ազգային ծրագրի պահանջներին համապատասխան ապահովում է, որպեսզի ավիացիոն անվտանգության աուդիտներ, փորձարկումներ և ստուգումներ իրականացնող որակի հսկողության տեսուչներն ունենան համապատասխան մասնագիտական պատրաստվածություն` այն խնդիրների լուծման համար, որոնք սահմանվել են ազգային ծրագրով, սահմանում է ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների, զննման օպերատորների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը, պատասխանատու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման համար, վերահսկում է օդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված` ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ ու դիտարկումներ և վերահսկում է տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունների ու անհամապատասխանությունների վերացումը, իսկ բացահայտված թերությունները սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռնարկում է վարչական պատասխանատվության միջոցներ և կիրառում տուգանքներ.
բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, ազգային ծրագրի տարբեր ոլորտների համար պատասխանատու մարմինների գործողությունների փոխհամաձայնեցման միջոցառումների իրականացումը.
գ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, ըստ անհրաժեշտության գործնական և ժամանակակից հիմքերի հիման վրա սահմանում և իրականացնում է համապատասխան տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը օդանավակայանների կառավարիչների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ, նպատակ ունենալով աջակցելու նրանց, ավիացիոն անվտանգության հետ կապված իրենց գործունեության մեջ ռիսկերի արդյունավետ գնահատման իրականացման աշխատանքներում, կատարում է քաղաքացիական ավիացիայի համակարգում ռիսկերի գնահատման միջոցառումներ իր տարածքում և օդային տարածքի վրա և ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա սահմանում է վտանգի մակարդակը, սահմանում է հակամարտության գոտիներում օդանավերի թռիչքների հետ կապված ռիսկերի գնահատման կարգը, ելնելով ռիսկերի գնահատման արդյունքներից իրականացնում է ազգային ծրագրի համապատասխան դրույթներում լրացումների և փոփոխությունների կատարմանն ուղղված միջոցառումները և քաղաքականությունը, ինչպես նաև իր և պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից իրականացված քաղաքացիական ավիացիային սպառնացող ռիսկերի գնահատման արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է պետական կառավարման այն մարմիններին ու կազմակերպություններին, օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման բերումով, որպեսզի վերջիններս կարողանան ներդնել ավիացիոն անվտանգության ապահովման համապատասխան միջոցառումները, օգնում է օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին` իրենց գործունեության հետ կապված ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունավետ իրականացման գործում, ինչպես նաև օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին` ըստ անհրաժեշտության տրամադրում է ազգային ծրագրի համապատասխան բաժինները, ինչպես նաև ազգային ծրագրի կատարմանն ուղղված կարգերը, կանոնները, պլանները, ուղեցույցները և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, ապահովում է, որպեսզի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի տարբեր ասպեկտներում ներգրավված պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների ողջ անձնակազմը, ինչպես նաև այն անձինք, որոնք իրավունք են ստացել առանց ուղեկցման մուտք գործել օդանավակայանների վերահսկելի գոտիներ, անցնեն սկզբնական ուսուցում և հերթական վերապատրաստումներ` ավիացիոն անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով.
դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության մասով ըստ անհրաժեշտության գաղտնի տեղեկատվության տրամադրման, անօրինական միջամտության ակտերի դեպքերում համագործակցության, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին օտարերկրյա պետությունների և օդանավ շահագործողների դիմումների դեպքերում ապահովում է համապատասխան խորհրդատվությունների անցկացումը և հաշվի առնում այլ պետության կողմից ստացված պահանջներին համարժեք այլընտրանքային միջոցառումների ընդունման հնարավորությունը, հնարավորինս բավարարում է մյուս Պայմանավորվող պետությունների դիմումները` կապված այլ պետությունների օդանավ շահագործողների օդանավերի հատուկ թռիչքի (թռիչքների) վերաբերյալ անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման հետ, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման, օդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց (օդային մարշալներ) ուղեկցությամբ դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մասին օտարերկրյա պետություններից ստացված դիմումները, որը թույլատրվում է իրականացնել միայն բոլոր ներառված պետությունների հետ համաձայնեցումից և երկկողմանի համաձայնագրի ստորագրումից հետո.
ե) քննարկում և հաստատում է միջազգային ու ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների, միջազգային կամ ներքին օդային փոխադրումներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, ինչպես նաև դեպի Հայաստանի Հանրապետություն առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա ավիաընկերությունների ավիացիոն անվտանգության լրացուցիչ ծրագրերը: Ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել, եթե հակասում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին, իսկ օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը քննարկում և հաստատում է, եթե դրանք չեն հակասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին կամ հաստատված չեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից,
զ) մասնակցում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում վերանայում ազգային ծրագրի դրույթները, վերագնահատում անօրինական միջամտության գործողություններից հետո անվտանգության միջոցառումներն ու ընթացակարգերը և թերությունների վերացման համար ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ.
է) մշակում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված իրավական ակտերը, ավիացիոն անվտանգության մասով իրականացնում է օտարերկրյա պետություններում օդային փոխադրումներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների գործունեության ուսումնասիրություններ, ինչպես նաև օդանավ շահագործողների բազային օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ուսումնասիրություններ, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով` քննարկում և հաստատում է օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերը,
ը) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներով սահմանված անվտանգության պահանջների կատարման ապահովման նպատակով կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնում է պետական վերահսկողություն.
թ) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը վերաբերող բոլոր տեսակի սպառնալիքների մասին առկա տեղեկատվության, ինչպես նաև տեղի ունեցած ավիացիոն անվտանգության կանոնների խախտումների ու միջադեպերի մասին ստացված տեղեկատվության կառավարումը, այդ թվում` օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի բացահայտումների, դրանց քանակի և տեսակների մասին տեղեկատվությունների մասով.
ժ) սահմանում և կիրառում է ընթացակարգեր ԻԿԱՕ-ի անդամ այլ պետությունների շահերին առնչվող ավիացիոն անվտանգության ոլորտի վտանգների մասին իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը վերջիններիս ժամանակին տրամադրելու համար, ելնելով նպատակահարմարությունից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, քննարկում է ԻԿԱՕ-ի կողմից ավիացիոն անվտանգության մասով երկրում իրականացված ստուգման արդյունքների և ուղղիչ գործողությունների մասին ԻԿԱՕ-ի անդամ մեկ այլ պետությանը տեղեկատվության տրամադրման կամ մերժման հարցը:
(29-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն (է ենթակետի փոփոխությունը կատարվել է, որը տեքստը դարձնում է անհասկանալի), 28.07.11 թիվ 1061-Ն, 12.06.14 թիվ 608-Ն,
16.03.17 թիվ 274-Ն, 18.01.18 թիվ 41-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)
2. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
30. Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող յուրաքանչյուր օդանավակայան շահագործող կազմակերպություն ապահովում է ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացումը, մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը: Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը լիազոր մարմնի կողմից հաստատվելուց հետո, յուրաքանչյուր տարի փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը` ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը:
(30-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)
30.1. Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող յուրաքանչյուր օդանավակայան շահագործող կազմակերպությունն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի հաստատման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ազգային ծրագրով նախատեսված` օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է օդանավակայան շահագործող կազմակերպությանը` համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող օդանավակայան շահագործող կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի հաստատումը` դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնելով այդ կազմակերպությանը:
(30.1-ին կետը լրաց. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)
31. Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները, ազգային ծրագրի պահանջների համաձայն, ստեղծում են ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտե, քննարկելով լիազոր մարմնի հետ, նշանակում են օդանավակայանում ավիացիոն անվտանգության գծով սերտիֆիկացված պատասխանատու աշխատող, ապահովում են օդանավակայանում նոր ստեղծվող ծառայությունների, ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող ծառայությունների և ենթակառուցվածքների վերակառուցման ընթացքում ավիացիոն անվտանգության ոլորտի պահանջների կատարումը:
(31-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)
32. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, սահմանում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ներկայացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերում, ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք օդանավակայաններում ապահովում են ավիացիոն անվտանգությունը և իրականացնում են ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները:
(32-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)
33. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները`
1) կազմակերպությունը.
2) օդանավակայանի նկարագիրը.
3) օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
4) անօրինական միջամտության գործողությունների դեպքերում պատասխան միջոցառումները.
5) կադրերի պատրաստումը.
6) որակի հսկողության միջոցառումները.
7) լրացումներ:
(33-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)
33.1. «Կազմակերպությունը» բաժնում նշվում են ընդհանուր դրույթները`
1) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի մշակման նպատակը, իրավական հիմքերը, իրականացման միջոցները և կիրառման ոլորտները.
2) ավիացիոն անվտանգության լիազոր մարմնի գործառույթները.
3) օդանավակայանի գտնվելու վայրը և գործունեության ընդհանուր նկարագիրը.
4) օդանավակայանը կառավարող կազմակերպությունը.
5) օդանավակայանի անվտանգության կոմիտեն և նրա գործառույթները.
6) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը, կառուցվածքը, գործունեության նկարագիրը, ծառայության աշխատողների ընտրության, նախապատմության ստուգման, ուսուցման և աշխատանքի նշանակման կարգը.
7) օդանավակայանում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների խնդիրները` ավիացիոն անվտանգության մասով.
8) օդանավակայանում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները և ավիացիոն անվտանգության մասով նրանց խնդիրները.
9) ազգային և օտարերկրյա օդանավ շահագործողները, նրանց տվյալները և այն օդանավերի տեսակները, որոնք շահագործվում կամ բազավորվում են օդանավակայանում.
10) օդանավակայանի ֆիզիկական նկարագիրը` նշվում է ընդհանուր կառուցվածքը, ներկայացվում են օդանավակայանի տարածքի պլանը, օբյեկտների, վարչական շենքերի տեղամասերի նկարագիրը.
11) օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների բաժանումը և ներօբյեկտային վերահսկողության նկարագիրը.
12) հսկիչ անցագրային կետերի տեղաբաշխումը և այդտեղ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
13) ավիացիոն անվտանգության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակը, կապի միջոցների տեսակները, քանակը, պահպանության ազդանշանային համակարգի առկայությունը և պահպանվող օբյեկտները, մուտքի հսկողության համակարգերը, տեսահսկման սարքավորումները և հսկողության իրականացման կարգը.
14) պահակակետերի տեղաբաշխումը, քանակը.
15) պարեկային ծառայության իրականացման կարգը և պարեկային երթուղիների նկարագիրը.
16) զինված պահպանության ենթակա օբյեկտների և պահակակետերի առկայությունը.
17) ավիացիոն անվտանգության ծառայության կողմից զինված ծառայության իրականացման կարգը.
18) ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների` զենքի մասով ուսուցման կարգի նկարագիրը.
19) ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պահպանության իրականացման հերթափոխային տեղեկագրերի ձևաթղթերի նկարագիրը.
20) զննման գոտիների և զննման կետերի տեղաբաշխման նկարագիրը.
21) զննված ուղեբեռները բեռների մշակման կետից մինչև օդանավ փոխադրելու կարգը և երթուղու նկարագիրը.
22) օդանավակայանում ուղևորների հաշվառում իրականացնող ստորաբաժանման անվանումը, աշխատակարգի նկարագիրը.
23) ուղևորների հաշվառման սրահի և փոխադրման ընդունված ուղեբեռների մշակման սրահի նկարագրերը.
24) ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու փոխադրման ընդունման կարգը.
25) բեռների և փոստի փոխադրման ընդունման ու գրանցման կարգը, բեռների ընդունման և մշակման տեղամասերի ու պահեստների նկարագիրը.
26) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների և բեռների հաշվառման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվանումները, այդ ծրագրային պարամետրերը, համացանցով ուղևորների հաշվառման կարգը, համացանց և հաշվառման ծրագրային համակարգեր անօրինական մուտքի կանխման ու կիբեր վտանգներից դրանց պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.
27) օդանավակայանի տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցման նպատակով օգտագործվող ծրագրային համակարգերն անօրինական մուտքերից և կիբեր վտանգներից պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.
28) կիբեր վտանգներից և կողմնակի միջամտություններից օդանավակայանի տեսահսկման համակարգի և օգտագործվող համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.
29) սահմանային, մաքսային, ոստիկանության, սանիտարակարանտինային հսկողության տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող վերահսկողության միջոցառումների նկարագիրը.
30) ուղեբեռների մշակման տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
31) օդանավերի վերգետնյա և տեխնիկական սպասարկման տեղամասերը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
32) վառելիքաքսուքային նյութերի և այլ պահեստների, ինչպես նաև ավտոհավաքակայանների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
33) օդային երթևեկության կառավարման կենտրոնի և օբյեկտների տեղամասերի նկարագիրը և այդ օբյեկտների տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
34) բորտսննդի արտադրամասերի նկարագիրը և այդ արտադրամասերում սննդի պատրաստման և դրանք օդանավ առաքելու ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
35) հոսանքի, գազի, ջրամատակարարման, օդերևութաբանական կայանների, հակահրդեհային և վթարափրկարարական կայանների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
36) հասարակական գոտիների, այնտեղ գտնվող օբյեկտների և այդտեղ գտնվող ավտոկանգառների նկարագիրը և դրանց անվտանգության ապահովման կարգը.
37) օդանավակայանի կառուցվածքային ստորաբաժանումների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգը` նշելով հերթափոխերի քանակը և ժամերը.
38) հասարակայնության ու զանգվածային լրատվության միջոցների հետ կապը և նրանց տեղեկատվության հաղորդման կարգը.
39) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության ստացման և տարածման կարգը, նման տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը.
40) անանուն զանգերի դեպքերում գործողությունների կարգը.
41) օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերի քննարկման և լիազոր մարմնին ներկայացման կարգը, օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը:
(33.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
33.2. «Օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները» բաժնում ներկայացվում են օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները`
1) օդանավակայանի տարածքի, օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը.
2) մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային համակարգերով և տեսահսկման սարքավորումներով անվտանգության ապահովման ընթացակարգերը.
3) անցագիր ստանալու համար դիմած անձանց նախապատմության ուսումնասիրման ընթացակարգը.
4) անցագրերի տեսակները, ժամկետները, անցագրերի ձևաթղթերը.
5) անցագրեր տալու և անցագրային վերահսկողության իրականացման կարգը.
6) անցագրային տվյալների բազայի ստեղծման, կողմնակի մուտքերից անցագրային տվյալների բազայի պաշտպանության ընթացակարգերը.
7) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավ տարվող սննդի և մաքրման միջոցների, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի, օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննման ընթացակարգերը.
8) օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի սպառիչ ցանկը.
9) արգելված առարկաների բացահայտման դեպքում` կատարման ենթակա գործողությունները և համապատասխան ընթացակարգը.
10) փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը.
11) անվտանգության հսկողություն/զննում անցած ուղևորների և նման հսկողություն/զննում չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները, ինչպես նաև անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգն ու միջոցառումները.
12) ստերիլ գոտին և ավիացիոն անվտանգության տեսանկյունից կրիտիկական հատվածների առկայությունը և այդ հատվածների կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
13) թռիչքից հրաժարվելու կամ թռիչքին չներկայանալու դեպքում հաշվառում անցած և ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորի ուղեբեռի` օդանավից դուրսհանման և զննման ընթացակարգը.
14) օդանավ տարվող սննդի զննման և օդանավ փոխադրման կարգը.
15) օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները.
16) ուղևորի բացակայության դեպքում ուղեբեռը բացելու միջոցով զննման իրականացման ընթացակարգը.
17) բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.
18) հաշմանդամ և հիվանդ ուղևորների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը.
19) էլեկտրական սարքավորումների, ապակե տարաների, կենդանիների և թռչունների զննման ընթացակարգերը.
20) հղի կանանց, մանկական սայլակներում գտնվող նորածինների և մանկահասակ երեխաների զննման ընթացակարգերը.
21) կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների զննման ընթացակարգերը.
22) վտարված, կալանքի տակ գտնվող ուղևորների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.
23) հատուկ փոստի ուղեկցումներ և սուրհանդակային առաքումներ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.
24) հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման կարգը.
25) անմաքս առևտրի խանութներին մատակարարվող ապրանքների զննման կարգը.
26) զենքի` թույլատրված փոխադրման կարգը.
27) օդանավակայանի տարածքը և առանձին օբյեկտները շրջափակող պարիսպների առկայությունը, պահպանության ազդանշանային, տեսահսկման և լուսավորության սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.
28) օդանավակայանի տարածքում հսկիչ-անցագրային կետերի քանակը, տեղաբաշխումը, մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային, լուսավորության, տեսահսկման և զննման սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.
29) օդանավակայանի տարածքի և այլ օբյեկտների լուսավորության ու պահպանության ազդանշանային համակարգերով ապահովվածության աստիճանը.
30) օդանավակայանի տարածքում պահեստային դարպասների առկայությունը և դրանց կահավորվածության վիճակն ու օգտագործման կարգը.
31) վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում այցելուների, ինչպես նաև կազմակերպությունների տրանսպորտային միջոցների առկայության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները.
32) հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների, ինչպես նաև օդանավակայանի և այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
33) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
34) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող թանկարժեք բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.
35) վտանգավոր բեռների սպասարկման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.
36) դիվանագիտական բեռների և փոստի սպասարկման ընթացակարգերը.
37) հատուկ չվերթների անվտանգության ապահովման միջոցառումները` օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության մասով.
38) հասարակական գոտիներում և հանրության համար բաց տարածքների, շենքերի և շինությունների անվտանգության միջոցառումները.
39) օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տվյալները.
40) հայտնի առաքողների, հայտնի մատակարարների, գրանցված բեռնային գործակալների և դրանց ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց տվյալները.
41) զննման նպատակով օգտագործվող սարքավորումների բնութագրերը, դրանք սպասարկող կազմակերպությունը և սպասարկման կարգը.
42) անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող մասնագետներին ներկայացվող պահանջները:
(33.2-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
33.3. «Անօրինական միջամտության գործողությունների դեպքերում պատասխան միջոցառումները» բաժնում ներկայացվում են քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում նախատեսվող հակազդման միջոցառումները, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների խնդիրներն անօրինական միջամտության գործողությունների դեպքերում, դրանց իրականացման կարգը, օգտագործվող ուժերն ու միջոցները և կապի միջոցների տեսակները:
(33.3-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)
33.4. «Ավիացիոն անվտանգության ոլորտի կադրերի պատրաստումը» բաժնում նկարագրվում են ավիացիոն անվտանգության մասով կադրերի ընտրության, առողջական վիճակի, նրանց նախապատմության ուսումնասիրման, ընդունման, ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող չափանիշները, ավիացիոն անվտանգության ծառայությունների ու ենթակառուցվածքների աշխատողների գործնական և տեսական նախապատրաստման ձևերն ու մեթոդները, վերապատրաստման ժամկետները և զննող օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման կարգը:
(33.4-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
33.5. «Որակի հսկողության միջոցառումները» բաժնում նկարագրվում են օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումները, որակի հսկողության տեսուչներին ներկայացվող պահանջները, որակի հսկողության միջոցառումների պլանավորումը, դրանց իրականացման կարգը, բացահայտված թերությունների վերացման կարգը, օդանավակայանի կառավարչին հաշվետվությունների ներկայացման կարգը, օդանավակայանների կառավարիչների և օդանավ շահագործողների կողմից լիազոր մարմին տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը: Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ներքին որակի հսկողության միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են օդանավակայանների կառավարիչների կողմից, որակի հսկողության սերտիֆիկացված մասնագետների միջոցով:
(33.5-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)
33.6. «Լրացումներ» բաժնում ներկայացվում է այն լրացուցիչ տեղեկատվությունը, որը հնարավոր չէ ներառել հիմնական փաստաթղթում: Դրանք են` քարտեզները, սխեմաները, իրավական ակտերից քաղվածքները, տեխնիկական տեղեկատվությունը և այլն:
(33.6-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)
34. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պարտադիր ուսումնասիրում են օդանավակայանի բոլոր ղեկավար պաշտոնատար անձինք, ծրագրի իրականացմանը մասնակցող բոլոր աշխատողները, իսկ ծրագրի պահանջների կատարմանն անմիջականորեն մասնակցող աշխատողների համար մշակվում են տարբեր իրադրություններում գործողությունների կատարման հրահանգներ: Օդանավակայանի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններին և օտարերկրյա օդանավ շահագործողներին իրենց գործունեությանը վերաբերող մասով կարող են տրամադրվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրից առանձին հատվածներ:
(34-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)
34.1. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի Ազգային ծրագրի բոլոր պահանջները, ինչի համապատասխանության նպատակով լիազոր մարմինը պետք է կատարի պարբերաբար ուսումնասիրություններ:
(34.1-ին կետը փոփ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)
35. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները պատասխանատվություն են կրում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերի ներդրման ու իրականացման համար:
(35-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
35.1. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները մշակում և լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության ծրագիրը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագիրը, օդանավակայանի արտակարգ իրավիճակների կառավարման պլանը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը` ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը:
(35.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)
3. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(3-րդ գլուխը խմբ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)
36. Օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմին ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրին և պարունակեն դրույթներ ավիացիոն անվտանգության մասով տվյալ կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների մասին: Օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններն ավիացիոն անվտանգության ծրագրի հաստատման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին են ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է օդանավակայան շահագործող կազմակերպությանը` համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի հաստատումը` դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնելով այդ կազմակերպությանը:
(36-րդ կետը փոփ. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)
36.1. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն Ազգային ծրագրի պահանջներին և պարունակեն դրույթներ այդ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների, օդային երթևեկության սպասարկման օբյեկտների պահպանության, այդ օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդային երթևեկության կառավարման կենտրոններ և աշտարակներ մուտքի իրավունք ունեցող անձանց ավիացիոն անվտանգության հսկողության, ճգնաժամային իրավիճակներում օդային երթևեկության կարգավարների գործողությունների կարգի վերաբերյալ:
36.1.1. Օդային երթևեկության սպասարկման ծառայություն մատուցող կազմակերպությունն ավիացիոն անվտանգության ծրագրի հաստատման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ազգային ծրագրով նախատեսված` օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությանը` համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է օդային երթևեկության սպասարկման ծառայություն մատուցող կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի հաստատումը` դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնելով այդ կազմակերպությանը:
(36.1.1-ին կետը լրաց. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)
36.2. Ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարունակեն նաև դրույթներ ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած անձանց տարիքի, առողջության, կրթության և ընտրության կարգի, նախապատմության ստուգման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության ծառայության աշխատողների և օդային երթևեկության կարգավարների ուսուցման, ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումների, վտանգի գնահատման, ճգնաժամային իրավիճակներում այլ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ:
36.3. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերում պետք է սահմանվեն դրույթներ թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվտանգության, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, ալեհավաքների կամ ալեցիրների, ընդունիչ կամ հաղորդիչ կայանների պաշտպանվածության, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցվող տեղեկատվությունների գաղտնիության ապահովման, այդ համակարգեր անօրինական մուտքի և կեղծ տեղեկատվության տարածման կանխման, տեղեկատվության ամբողջականության խախտման, փոխանցվող տվյալների կեղծման, կապի միջոցների և օգտագործվող տեխնոլոգիաների, ինչպես նաև կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության վերաբերյալ:
36.4. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերը և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերը պետք է լինեն առանձնացված հասարակական ցանցերից և այլ համակարգերից: Եթե այդ համակարգերի շահագործումը պահանջում է միացում այլ համակարգերի հետ, ապա այդ միացումները պետք է հասցվեն նվազագույնի:
36.5. եթե համակարգերի առանձնացումը տեխնոլոգիապես անհնար է, ապա դրանց միացումը և հասանելիությունը պետք է գտնվեն լիազոր մարմնի հսկողության տակ, իսկ այդ համակարգերը պետք է սպասարկեն միայն տվյալ համակարգերը տրամադրող կազմակերպությունների կողմից սպասարկման իրավունք ստացած անձինք:
36.6. Օդային երթևեկության սպասարկման և թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերն ու աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման վիճակը պետք է սահմանված կարգով ուսումնասիրվեն լիազոր մարմնի համապատասխան մասնագետների կողմից: Ընդ որում, թռիչքների ղեկավարման և տեղեկատվական համակարգերի շահագործման անվտանգության միջոցառումները պետք է լինեն համակարգված ու համատեղելի գործող ավիացիոն անվտանգության միջոցառումների հետ:
36.7. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգեր ձեռք բերելիս պետք է ապահովեն, որպեսզի այդ համակարգերի նկատմամբ կիրառվեն սարքավորումների և ծրագրերի մատակարարման շղթայի անվտանգության միջոցառումներ: Լիազոր մարմինը պետք է պահանջի շահագործողներից, որպեսզի այդպիսի համակարգեր ձեռք բերելիս նրանք հավանական մատակարարներից պահանջեն և ստանան տեղեկատվություն մատակարարման ամբողջ շղթայում կիրառվող անվտանգության միջոցառումների վերաբերյալ:
36.8. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի կառուցվածքում թույլատրված փոփոխությունների, լրացումների և սպասարկման պայմանների վերանայման ընթացքում պետք է հաշվի առնվեն դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջները:
36.9. Լիազոր մարմինը և շահագործողները պետք է ապահովեն, որպեսզի թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի ձեռքբերումից հետո մատակարարները չունենան մուտքի թույլտվություն դեպի այդ համակարգեր` բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայնեցնելով շահագործողների հետ, անհրաժեշտ է այդ ծրագրերում կատարել փոփոխություններ կամ լրացումներ:
36.10. Լիազոր մարմինը և օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կանխելու թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգեր և ավիացիոն տեղեկատվական համակարգեր չարտոնված մուտքերը:
36.11. Լիազոր մարմինը պետք է իրականացնի տեսչական ուսումնասիրություններ` գնահատելու համար օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կիրառվող թռիչքների ղեկավարման ավտոմատ ծրագրային համակարգերի և ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման աստիճանը:
4. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից և ազգային ծրագրի պահանջներին համապատասխանության դեպքում ներկայացնում են հաստատման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, վերանայվեն, թարմացվեն և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվեն լիազոր մարմնի հաստատմանը: Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները (օդանավ շահագործողի վկայական կրող կազմակերպությունները) ավիացիոն անվտանգության ծրագրի` հաստատման
(նոր խմբագրությամբ) կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին են ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ազգային ծրագրով նախատեսված` պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է օդանավ շահագործողին` համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողի կողմից ներկայացված ծրագրի հաստատումը` դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնելով այդ կազմակերպությանը:
(37-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն, 06.03.2025 թիվ 250-Ն որոշումներ)
37.1. Օտարերկրյա օդանավ շահագործողները չվերթների թույլտվություն տալու մասին հայտի փաթեթում լիազոր մարմին են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում և հաստատվում են լիազոր մարմնի կողմից` 30-օրյա ժամկետում: Օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել լիազոր մարմնի կողմից, եթե հակասում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին կամ հաստատված չեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից:
(37.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)
37.2. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողներն ի լրումն իրենց հիմնական ավիացիոն անվտանգության ծրագրի մշակում, ներդնում և պարբերաբար վերանայում են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող առևտրային օդային փոխադրումների համար ավիացիոն անվտանգության լրացուցիչ ծրագիր (այսուհետ` լրացուցիչ ծրագիր), որը պետք է համապատասխանի Ազգային ծրագրի պահանջներին և հաստատվի լիազոր մարմնի կողմից`
1) լրացուցիչ ծրագիրը պետք է չհակասի ազգային ծրագրի պահանջներին, հաստատված լինի օդանավ շահագործողի անվտանգության գծով պատասխանատու ղեկավարի կողմից.
2) լրացուցիչ ծրագիրը պետք է սահմանի այն բոլոր ընթացակարգերը և պրակտիկ գործողությունները, որոնց ավիաընկերությունը պետք է հետևի կամ իրականացնի բացառապես դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իր օդային փոխադրումներն իրականացնելու ընթացքում` անօրինական միջամտության գործողություններից ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի, օդանավի և շահագործման միջոցների պաշտպանության համար: Լրացուցիչ ծրագիրն ավիաընկերություններին կօգնի իրենց գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընթացակարգերին համապատասխան և վտանգի մասին տեղեկատվության առկայության դեպքում գործուն կապ պահպանել լիազոր մարմնի հետ:
(37.2-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
38. Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանվում են այն գործնական միջոցառումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն օդանավ շահագործողների կողմից` ապահովելու համար ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների, վերգետնյա անձնակազմի, օդանավերի, շենքերի և շինությունների պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից:
(38-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշում)
38.1. Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է`
1) ընդհանուր դրույթները, հասկացությունները, ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.
2) մշակման իրավական հիմքերը` ազգային օրենսդրությունը, ազգային և միջազգային նորմատիվ իրավական փաստաթղթերը.
3) օդանավ շահագործողի կառուցվածքը, ավիացիոն անվտանգության հարցերով օդանավ շահագործողի պատասխանատու աշխատողը, նրա իրավունքները և պարտականությունները.
4) օդանավ շահագործողի կազմակերպական կառուցվածքը, օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայության (եթե ստեղծված է) գործառույթները, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության, իրավապահ մարմինների, զինված ուժերի, սահմանային վերահսկողություն իրականացնող և այլ պետական մարմինների գործառույթներն ու նրանց հետ համագործակցության կարգը.
5) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման միջոցառումները, ներառյալ` ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի բոլոր աշխատողների ուսուցման, ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված միջոցառումների որակի հսկողության և ավիացիոն անվտանգության ծրագրի գնահատման միջոցառումները.
6) անօրինական միջամտության գործողությունների դեպքերում օդանավ շահագործողի կողմից իրականացման ենթակա պատասխան միջոցառումները:
(38.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
38.2. Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները ներառում են`
1) օդանավի անվտանգության ապահովման համար օդանավ շահագործողի և օդանավի անձնակազմի անդամների պատասխանատվությունը.
2) օդանավի պահպանության միջոցառումները, որտեղ նշվում են օդանավակայանում օդանավերի պահպանության կարգը, օդանավի կանգառներում գտնվող օդանավի նկատմամբ հսկողության կարգը, անհրաժեշտության դեպքում` օդանավի պահպանության ապահովման լրացուցիչ միջոցառումների կարգը.
3) պահպանության հանձնված և տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավի արտաքին զննման կարգն ու մուտք գործելու և օդանավի արտաքին զննման կարգը, անվտանգության ապահովման նպատակով օդանավի նախաթռիչքային զննման ընթացակարգը.
4) օդանավի անձնակազմի անդամների և ավիացիոն (սպասարկող) անձնակազմի` օդանավ մուտք գործելու կարգը.
5) թռիչքի ընթացքում անվտանգության ապահովումը և անձնակազմի խցիկի պաշտպանվածությունը, օդանավում ներքին կապի առկայությունը.
6) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի զննման ընթացակարգերը.
7) ուղևորների կողմից, այդ թվում` տարանցիկ ուղևորների` օդանավի վայրէջքից հետո օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերմանն ուղղված ընթացակարգերը.
8) ուղևորների գրանցված ուղեբեռների, այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր ուղևորների գրանցված ուղեբեռների պատկանելության ճշտման ընթացակարգերը.
9) օդանավի բեռնային խցիկներում փոխադրվող ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև օդանավ տարված սննդի, օդանավային պիտույքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.
10) օդանավով փոխադրման ընդունված զենքի և ռազմամթերքի ձևակերպման ու փոխադրման կարգը.
11) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների, օդանավակայանում օդանավ շահագործողի ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների և օդանավի անձնակազմի անդամների պարտականությունները` զենքի ու ռազմամթերքի ձևակերպման և փոխադրման ժամանակ.
12) օդանավի ուղևորասրահներում և բեռնային խցիկներում զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ իրականացվող անվտանգության ապահովման միջոցառումները.
13) զենք կրելու իրավունք ունեցող անձանց օդանավ մուտք գործելու կարգը.
14) անվտանգության ապահովման միջոցառումները` հատուկ բեռների և փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների, ինչպես նաև զինվորական կարգախմբերի (պահակախմբերի) ուղեկցման ժամանակ.
15) քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված ուղևորների փոխադրման կարգը.
16) անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգը.
17) օդային տրանսպորտով փոխադրման համար վտանգավոր բեռների` օդանավով փոխադրման կարգը.
18) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում դրանց կանխման և հակազդման պլանների մշակումը, որոնք պետք է ներառեն`
ա) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում օդանավի անձնակազմի անդամներին ու բորտուղեկցորդներին` իրենց մասով անվտանգության ապահովման միջոցառումներին ուսուցման կարգը,
բ) օդանավի թռիչքի ընթացքում օդանավը զավթելու, դիվերսիայի և պայթյունի սպառնալիքի դեպքերում կիրառվող ընթացակարգերը,
գ) օդանավի թռիչքի ընթացքում օդանավում կասկածելի առարկաների ենթադրյալ կամ իրական առկայության մասին տեղեկատվության դեպքերում կիրառվող ընթացակարգերը և նման դեպքերում օդանավի հրամանատարի, օդանավի անձնակազմի անդամների ու բորտուղեկցորդների գործողությունների կարգը,
դ) անօրինական միջամտության գործողությունների դեպքում օդանավի հրամանատարի, օդանավի անձնակազմի անդամների և բորտուղեկցորդների գործողությունների կարգը:
(38.2-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)
5. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
39. Ավիացիոն անվտանգության ապահովման համար` իրենց վերաբերող մասով գործառույթներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
(39-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
40. Ավիացիոն անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործառույթներն են`
ա) ազգային ծրագրով սահմանված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
բ) շահագրգիռ իրավասու մարմինների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր օդանավակայանի մասով մշակել և համատեղ հրամանով հաստատել Հայաստանի Հանրապետությունում գտնվող օդանավը զավթելու, պահելու կամ փախցնելու, ինչպես նաև զավթված կամ պահված օդանավի հարկադիր վայրէջք կատարելու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում համատեղ և համաձայնեցված գործողությունների կարգերը.
գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանների մշակումը` օդանավի դիվերսիային, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդման և դրանց նկատմամբ հսկողության սահմանման նպատակով,
դ) այնպիսի պատասխան միջոցառումների իրականացումը, որոնք ներառում են (սակայն չեն սահմանափակվում) ահաբեկիչների դեմ պայքարի, զենքի կիրառմամբ միջամտության, պատանդների վերցման ժամանակ բանակցություններ վարող, պայթուցիկ սարքեր հայտնաբերող և չեզոքացնող խմբերի օգտագործումը,
ե) օպերատիվ շտաբի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը, հատուկ ստորաբաժանումների ուժերով անմիջականորեն քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողություններին հակազդման միջոցառումներին մասնակցությունը,
զ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքների հակազդման ու կանխման միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկույցներ և խորհրդատվական տեղեկություններ ներկայացնելը,
է) քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ահաբեկչական ակտերի և դրանց սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքումը, գնահատումն ու տրամադրումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև օդանավակայան շահագործող ընկերությունների գործադիր մարմիններ դրանց պատճառների և պայմանների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
ը) համապատասխան աշխատողների ծանոթացումն ավիացիոն անվտանգության ոլորտի գործընթացներին և ընթացակարգերին` իրենց վերաբերող մասով,
թ) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների դեպքերի քննությանն իր իրավասության սահմաններում մասնակցությունը:
(40-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)
41. Ավիացիոն անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործառույթներն են`
ա) օդանավակայանի տարածքում կատարված, կատարվող, նախապատրաստվող հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը, խափանումը, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերումը և ձերբակալումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս օդանավակայանների հսկվող գոտիներ, այդ թվում` օդանավ անարգել մուտք գործելը` դրանց մասին իրազեկելով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը,
բ) օդանավակայանի հասարակական օգտագործման սրահներում, ավտոկանգառներում և օդանավակայանի շրջագծին հարող տարածքներում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը` պարեկային ծառայության իրականացման միջոցով,
գ) ստերիլ և հատուկ վերահսկելի գոտիներին հարող տարածքներում գտնվող աշխատասենյակներից իրավախախտումների կանխման և խափանման նպատակով տեսադիտման սարքավորումների միջոցով ստերիլ գոտում ուղևորների սպասարկման գործընթացի դիտարկումների իրականացումը, ինչպես նաև իրավախախտման դեպքի առկայության պարագայում ստերիլ գոտի անարգել մուտք գործելը և անհետաձգելի միջոցառումների իրականացումը,
դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանավորումը` օդանավի զավթմանը և առևանգմանը, դիվերսիայի, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդելու և դրանց նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով,
ե) քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ահաբեկչական ակտերի և դրանց սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքումը, գնահատումը և տրամադրումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև օդանավակայան շահագործող ընկերությունների գործադիր մարմիններ դրանց պատճառների և պայմանների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
զ) ավիացիոն անվտանգության ոլորտի գործընթացներին և ընթացակարգերին համապատասխան աշխատողներին ուսուցանելը` իրենց վերաբերող մասով,
է) իր իրավասության սահմաններում քաղաքացիական ավիացիայի գործունեության նկատմամբ անօրինական միջամտության գործողությունների դեպքերի քննությունը:
(41-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)
42. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կազմակերպում է`
ա) նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից ազգային ծրագրով սահմանված նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարումը,
բ) հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ստորաբաժանումների համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների կանխման միջոցառումների իրականացման ընթացքում:
43. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մասնակցում է`
ա) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների հարցերով օպերատիվ շտաբի աշխատանքներին,
բ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությամբ կատարված անօրինական միջամտության գործողությունների դեմ իրականացվող պատասխան միջոցառումներին` իրենց վերաբերող մասով,
գ) նշված իրադրությունները կարգավորող արտաքին քաղաքականության հարցերի մշակման գործառույթների իրականացմանը,
դ) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից անհրաժեշտ դիվանագիտական գործառույթների իրականացմանը:
43.1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներն են`
ա) մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլանների մշակմանը,
բ) մասնակցություն քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների հարցերով օպերատիվ շտաբի աշխատանքներին,
գ) քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանների մշակումը և պլանավորումը` օդանավի առևանգմանը, դիվերսիային, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդման և դրանց նկատմամբ հսկողության սահմանման նպատակով:
(43.1-ին կետը լրաց. 12.06.14 թիվ 608-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
V. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ ԵՎ ԿԱՊ
1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
(1-ին գլուխը խմբ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
44. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրներն են`
ա) քաղաքացիական ավիացիայի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների քննարկումը և առաջարկների ներկայացումը,
բ) ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և դրանց վերաբերյալ կարծիքների ներկայացումը,
գ) քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը` ավիացիոն անվտանգությանը վերաբերող մասով:
45. Միջգերատեսչական հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների ապահովման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման ու խափանման վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.
2) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման ու խափանման միջոցառումների ուսումնասիրությունների և նոր սպառնալիքների մասին տեղեկությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
3) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման լիազորություններ ունեցող պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների համագործակցության համակարգումը` ելնելով սպառնալիքի ձևերից ու չափերից.
4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.
5) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության քաղաքականության և ավիացիոն անվտանգության ապահովման մասով գործող իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.
6) նոր օդանավակայանների կառուցման և գործող օբյեկտների ընդլայնման դեպքերում նախագծերի քննարկումը և ավիացիոն անվտանգության մասով առաջարկությունների ներկայացումը.
7) օդանավակայանների ավիացիոն անվտանգության կոմիտեների և այլ համապատասխան հանձնաժողովների կողմից ներկայացրած առաջարկությունների քննարկումը.
8) քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված ավիացիոն անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկումը.
9) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.
10) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների մշակման, հաստատման, կիրառման և վերանայման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը և արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման, հետևանքների մեղմացման ու վերացման, ինչպես նաև վաղ ազդարարման նորարարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ, և միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից:
45.1. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և լիազորությունները սահմանվում են հանձնաժողովի կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ
46. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի յուրաքանչյուր օդանավակայանում:
47. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի խնդիրներն են`
ա) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարման միջոցառումների իրականացումը,
բ) օդանավակայանի կարևորագույն օբյեկտների, այդ թվում` խոցելի կետերի ցանկի կազմումը և այդ կետերի անվտանգության ապահովման վիճակի պարբերաբար ստուգումը,
գ) ելնելով սպառնալիքի տեսակից և աստիճանից` համարժեք անվտանգության միջոցառումների իրականացումը` ինչպես սովորական պայմաններում, այնպես էլ ռեալ սպառնալիքի ու արտակարգ իրավիճակների դեպքերում,
դ) լիազոր մարմինը տեղեկատվություն տալն օդանավակայանում ավիացիոն անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումների, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված այն խնդիրների մասին, որոնք օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմնի իրավասության սահմաններում չեն կարող լուծվել,
ե) ավիացիոն անվտանգության համակարգի աշխատողների ուսուցման կազմակերպումը և գործնական պատրաստականության անհրաժեշտ մակարդակի ապահովումը:
48. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի կազմը, լիազորությունները և աշխատակարգը սահմանվում են նրա կանոնադրությամբ, որը հաստատում է օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը:
(48-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
3. ԿԱՊԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
49. Ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է գործող միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն և նպատակ ունի կատարելագործելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գործունեությանն առնչվող անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի մեթոդներն ու միջոցները, բարելավելու անօրինական միջամտության գործողությունների կարգավորման ժամանակ այլ պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցությունը, ուսումնասիրելու և օգտագործելու օդանավերի զավթման կանխման` արտասահմանյան համապատասխան ծառայությունների փորձը, կանխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված այլ հանցավոր արարքները:
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում