Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳ /33-63 ԿԵՏԵՐ/

 

 

ՀՐԱՀԱՆԳ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

/2-րդ մաս/

 

ԲԱԺԻՆ VI. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

33. Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության հատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն հրահանգով այլ կարգ չի նախատեսված կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն չի տրված:

 

34. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 9-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

34.1. Հակընդդեմ հայցադիմումներից, ինչպես նաև երրորդ անձանց կողմից գործի մեջ մտնելու վերաբերյալ ինքնուրույն պահանջով հայցադիմումներից պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով:

Դատարանի կողմից սկզբնական հայցվորին նրա համաձայնությամբ ուրիշ անձով փոխարինելու դեպքում, այդ անձը պարտավոր է վճարել պետական տուրք` ընդհանուր հիմունքներով:

Քննվող գործից սկզբնական հայցվորի դուրս գալու և նրան այլ հայցվորով փոխարինելու դեպքում, պետական տուրքը գանձվում է վերջինից, եթե այն վճարված չի եղել սկզբնական հայցվորի կողմից:

Միացյալ հայցադիմումներից (հայցապահանջից) առանձին քննության առնելու համար դատավորի կողմից մեկ կամ մի քանի հայցվորների առանձին վարույթի առանձնացնելու դեպքում, հայցադիմումը ներկայացնելու պահին վճարված պետական տուրքը չի վերահաշվարկվում և առանձին վարույթի առանձնացնելու կապակցությամբ երկրորդ անգամ պետական տուրք չի գանձվում:

 

34.2. Նախկինում առանց քննության առնելու թողնված հայցը կրկին ներկայացնելու դեպքերում, պետական տուրքը վճարվում է ընդհանուր հիմունքներով: Ընդ որում, եթե հայցը առանց քննության թողնելու կապակցությամբ պետական տուրքը ենթակա էր վերադարձման, սակայն չի վերադարձվել, կրկին ներկայացված հայցին կարելի է կցել պետական տուրքը վճարելու մասին սկզբնական փաստաթուղթը, եթե պետական տուրքի գումարը բյուջե հաշվեգրելու օրվանից չի անցել սահմանված երեք տարվա ժամկետը:

Պետական տուրք է գանձվում նաև վճարումների չափը և ժամկետները փոփոխելու վերաբերյալ այն հայցադիմումների համար, որոնք ներկայացվում են պարբերաբար վճարումներ որոշելու (սահմանելու) մասին վճիռը օրինական ուժի մեջ մտցնելուց հետո:

 

i

34.3. Հայցագինը, որի նկատմամբ հաշվարկվում է պետական տուրքը, որոշվում է հայցվորի կողմից: Համապատասխան դեպքերում այն կարող է որոշվել դատարանի կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Հայցվորի կողմից որոշված հայցագինը պահանջվող գույքի իրական արժեքին ակնհայտ կերպով չհամապատասխանելու դեպքում, հայցագինը որոշում է դատավորը:

Եթե հայցը հարուցելու պահին նրա գինը որոշելը դժվար է, ապա դատավորը որոշում է նախնական հայցագին և պետական տուրքի չափ, հետագայում լրացուցիչ գանձելով այն հայցագնին համապատասխան պետական տուրք, որ որոշել է դատարանը գործը լուծելիս:

Հայցային պահանջներն ավելացնելիս պետական տուրքի գումարը վերահաշվարկվում է և տարբերությունը վճարվում լրացուցիչ, իսկ հայցվորի կողմից հայցապահանջը պակասեցնելու դեպքում, վճարված պետական տուրքի գումարը չի վերահաշվարկվում և տարբերությունը չի վերադարձվում:

 

34.4. Հայցագինը որոշվում է`

1. փող գանձելու հայցերում` գանձվող գումարով.

2. գույք պահանջելու հայցերում` պահանջվող գույքի արժեքով.

3. ալիմենտ բռնագանձելու հայցերում` մեկ տարվա ընթացքում կատարվող

վճարումների ամբողջ գումարով.

4. ժամկետային վճարումների կամ հանձնումների հայցերում` բոլոր

վճարումների կամ հանձնումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի,

քան երեք տարվա համար.

5. անժամկետ կամ ցմահ վճարումների և հանձնումների հայցերում` երեք

տարվա վճարումների կամ հանձնումների ամբողջ գումարով.

6. վճարումները կամ հանձնումները պակասեցնելու կամ ավելացնելու

հայցերում` այն գումարով, որով պակասեցվում կամ ավելացվում են

վճարումները կամ հանձնումները` սակայն ոչ ավելի քան մեկ տարվա համար.

7. վճարումները կամ հանձնումները դադարեցնելու հայցերում` մնացած

վճարումների և հանձնումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի

քան մեկ տարվա համար.

8. գույքի վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու հայցերում`

պայմանագրի գործողության մնացած ժամանակի ընթացքում գույքն

օգտագործելու համար տրվող վճարումների ամբողջ գումարով, սակայն ոչ

ավելի, քան երեք տարվա համար.

9. սեփականության իրավունքով քաղաքացիներին, իրավաբանական անձի

կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին պատկանող անշարժ գույքի

սեփականության իրավունքի հայցերում` դրանց արժեքով, սակայն ոչ պակաս

գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության գումարից,

իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին,

հիմնարկներին, կազմակերպություններին, այդ թվում բանկերին, ինչպես

նաև դրանց առանձնացված ստորաբաժանումներին պատկանող անշարժ գույքի

նկատմամբ` դրանց արժեքով, սակայն ոչ պակաս իրենց հաշվեկշիռներում

(հաշվետվություններում) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

արտացոլված արժեքից (առանց դրանց գծով վճարված ավելացված արժեքի

հարկի գումարների).

10. մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցերում բոլոր

պահանջների ընդհանուր գումարով:

 

34.5. Մի քանի հայցվորների կողմից մեկ կամ մի քանի պատասխանողի նկատմամբ համատեղ հայց ներկայացնելու դեպքում, պետական տուրքը հաշվարկվում է հայցի ընդհանուր գումարից և վճարվում է հայցվորների կողմից` յուրաքանչյուրը իր բաժին գործի հարաբերական չափով:

Հայցի ընդհանուր գումարից ելնելով է գանձվում պետական տուրքը նաև հետևյալ դեպքերում.

- մեկ հայցվորի կողմից մի քանի պատասխանողների նկատմամբ հայցի ներկայացման ժամանակ,

- երբ հայցադիմումն ընդունող դատավորը մեկ վարույթի է միացնում նույնանման մի քանի պահանջներ:

 

34.6. Այն դեպքում, երբ հայցվորը դիմումի մեջ չի նշում հայցի գումարը, դատավորը, ընդունելով հայցադիմումը, նախապես որոշում է վճարման ենթակա պետական տուրքի չափը, ելնելով հայցի ենթադրական գնից: Եթե որոշում ընդունելու ժամանակ դատարանը ավելացնում է հայցի ընդհանուր գումարը, պետական տուրքը վերահաշվարկվում է և գոյացած տարբերությունը գանձվում է լրացուցիչ:

Այդ նույն կարգով է հաշվարկվում պետական տուրքը, երբ դատարանը սահմանված դեպքում, գործի հանգամանքներից ելնելով, դուրս է գալիս հայցվորի կողմից ներկայացված պահանջների (հայցապահանջի) շրջանակներից:

 

34.7. Սույն հրահանգի 34.5. և 34.6. կետերում շարադրված կարգը կիրառվում է նաև դատական վճիռների դեմ ուղղված վճռաբեկ գանգատներն ընդունելու և քննության առնելու ժամանակ:

 

34.8. Դատարանի կողմից գույքի ժառանգության իրավունքի մասին որոշում ընդունելու ժամանակ, պետական տուրքը հաշվարկվում է դատարանի կողմից, ելնելով գույքի ընդհանուր արժեքից, և գանձվում է յուրաքանչյուր ժառանգից` գույքի ընդհանուր արժեքի մեջ նրա բաժնի հարաբերական չափով:

 

34.9. Գույքի սեփականության իրավունքի մասին, գույքի օտարման պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին, ընդհանուր գույքից բաժին առանձնացնելու և ընդհանուր գույքից իրենց պատկանող բաժինը ժառանգների կողմից պահանջելու մասին հայցադիմումների համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է, ելնելով պահանջվող գույքի արժեքից կամ գույքի ընդհանուր արժեքի մեջ իրենց բաժնի արժեքից:

Այն հայցադիմումների համար, որոնք միաժամանակ ունեն գույքային և ոչ գույքային բնույթ, պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է ինչպես գույքային բնույթի հայցերի, այնպես էլ ոչ գույքային բնույթի հայցերի համար սահմանված դրույքաչափերով:

Միաժամանակ` ամուսնալուծության մասին և գույքի բաժանման հայցադիմումի համար պետական տուրքը հաշվարկվում է որպես ամուսնալուծության համար սահմանված դրույքաչափով (սույն հրահանգի 9-րդ կետի բ) ենթակետ) և ամուսնալուծության ժամանակ գույքի բաժանման համար սահմանված դրույքաչափով (նույն կետի գ) ենթակետ) հաշվարկված տուրքերի գումարների հանրագումար:

 

35. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 10-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

35.1. Միաժամանակ գույքային և ոչ գույքային պահանջներով հայցադիմումների համար պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է ինչպես գույքային բնույթի հայցերի, այնպես էլ ոչ գույքային բնույթի հայցերի համար սահմանված դրույքաչափերով:

 

35.2. Ոչ գույքային բնույթ կրող հայցադիմումներին դասվում են այն պահանջները, որոնք ենթակա չեն գնահատման (ինքնակամ զբաղեցրած շինությունները ազատելուն, տարածությունը բնեղենով հատկացնելուն և այլն):

Դիմումները, որոնք ներկայացվում են կրկնակի` դիմումների (միջնորդությունների) ընդունումը մերժելու կամ գործը վարույթում կարճելու համար հիմք հանդիսացած պայմանները կարգավորելուց հետո, պետական տուրքը կրկնակի վճարելուց խուսափելու նպատակով, այդ դիմումներին կարելի է կցել պետական տուրք վճարելու մասին սկզբնական փաստաթուղթը, եթե չի անցել նրա բյուջե հաշվեգրելու օրվանից երեք տարի:

 

35.3. Հայցագինը, որի նկատմամբ հաշվարկվում է պետական տուրքը, որոշում է հայցվորը, իսկ համապատասխան դեպքերում` պետական արբիտրաժը, ընդ որում հայցագնի մեջ մտցվում է նաև դիմումի մեջ նշված տուժանքի (սանկցիայի) գումարը, իսկ եթե այդ տուժանքի (սանկցիայի) գումարը դիմումում ցույց չի տրված` պետական արբիտրաժի որոշմամբ սահմանվածը, անկախ նրանից բավարարվել է հայցապահանջը, թե մերժվել է հայցը:

Տուժանքի (սանկցիայի) գումարը` պետական տուրքը հաշվարկելու համար, բոլոր դեպքերում պետարբիտրաժը պետք է որոշի մինչև վճիռ կայացնելու օրը:

Հայցապահանջի պակասեցման դեպքում, մուծված պետական տուրքը չի վերադարձվում: Հայցի ավելացման դեպքում, պակաս գանձված պետական տուրքի գումարը լրացուցիչ վճարում է հայցվորը` հայցի ավելացրած գումարին համապատասխան:

Մի քանի հայցվորների կողմից մեկ կամ մի քանի պատասխանողի նկատմամբ ներկայացված հայցերի քննարկման ժամանակ կիրառվում են պետական տուրքի հաշվարկման և վճարման սույն հրահանգի 34.5. կետում նշված կանոնները:

 

35.4. Վերադաս մարմինների կողմից իրենց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների շահերի պաշտպանության համար պետական արբիտրաժի մարմիններին տված դիմումներից և միջնորդություններից պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով: Ընդ որում այն կարող է վճարվել ինչպես վերադաս մարմնի, այնպես էլ նրա ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից:

Միայն պետական տուրք գանձելու մասով պետարբիտրաժի որոշումները վերանայելու մասին դիմումների համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով, ելնելով վիճարկվող գումարից: Պետարբիտրաժի որոշումները, ինչպես հայցի հիմնական գումարի, այնպես էլ պետական տուրքի գումարի մասերով վերանայելուն վերաբերող դիմումներից, պետական տուրքը հաշվարկվում է հայցի այն հիմնական գումարից, որը վիճարկում են կողմերը:

 

35.5. Պետարբիտրաժի որոշումները չեղյալ համարելու, գործի վարույթը կարճելու մասին դիմումների և միջնորդությունների համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

 

35.6. Պետական արբիտրաժի մարմիններում քննվող գործերով համապատասխան դեպքում կիրառվում են պետական տուրքի հաշվարկման և վճարման սույն հրահանգի 34.1, 34.5, 34.6, և 34.7 կետերում նշված կանոնները:

 

35.7. Պետական արբիտրաժի մարմինների կողմից քննարկվող գործերով պետական տուրքը վճարվում է մինչև հայցադիմումի կամ պետական արբիտրաժի որոշումը վերանայելու մասին դիմումի տալը:

 

36. Նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 11-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

36.1. Ապացույցներն ապահովելու (վկաների հարցաքննություն, գրավոր և իրեղեն ապացույցների զննում, փորձագիտության նշանակում և այլն) ուղղությամբ նոտարական գործողությունների համար պետական տուրքը հաշվարկվում է սույն հրահանգի 11-րդ կետի ղ) ենթակետում նշված դրույքաչափով: Ընդ որում, սույն կետում նշված գործողությունների համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է նոտարի կողմից կազմված յուրաքանչյուր փաստաթղթի համար:

 

36.2 Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ժառանգության կարգով անցնող ամբողջ գույքի արժեքից` ժառանգության բացման օրվա դրությամբ:

Այն դեպքում, երբ կան մի քանի ժառանգներ և նրանցից յուրաքանչյուրին (ըստ նրանց ցանկության) տրվում է ժառանգության իրավունքի առանձին վկայական, պետական տուրքը հաշվարկվում է ժառանգության գույքի արժեքի ամբողջ գումարից և գանձվում յուրաքանչյուր ժառանգից` ժառանգված գույքի նրան հասնող մասից հարաբերական կարգով:

Անչափահաս ժառանգների առկայության դեպքում (նույն թվում ժառանգությունը տվողի երեխա չհանդիսացող) պետական տուրքը հաշվարկվում է ժառանգված գույքի արժեքի ամբողջ գումարից, բայց գանձվում է միայն չափահաս ժառանգներից այն գումարով, որը հասնում է ժառանգված մասի համար:

Եթե ըստ ժառանգների դիմումների, վկայականը տրվում է ժառանգության գույքի արժեքի մի մասի համար, պետական տուրքը հաշվարկվում է այն գույքի արժեքի գումարի համար սահմանված դրույքով, որը ցույց է տրվում տրվող վկայականում: Հետագայում ժառանգած գույքի մնացած մասի համար վկայական տալու ժամանակ պետական տուրքը հաշվարկվում է գույքի ընդհանուր արժեքից, իսկ վճարման է առաջադրվում հաշվարկված գումարի և տրված առաջին վկայականի համար վճարված գումարի տարբերությունը:

Այն դեպքում, երբ ժառանգին կտակված ժառանգության գույքի մի մասը, ըստ կտակի անցնում է ժառանգին, ապա ուրիշ ժառանգների առկայության դեպքում, կտակված գույքի արժեքից պետական տուրքը հաշվարկվում է առանձին, իսկ մնացած գույքի արժեքից` ընդհանուր կարգով:

Այն դեպքում, երբ ըստ օրենքի` ժառանգաբար, և ըստ կտակի անցնող գույքից առանձնացվում է ժառանգության պարտադիր բաժին` ուրիշ ժառանգներին պետական տուրքը հաշվարկվում է օրենքով ժառանգության իրավունքով անցնող ամբողջ գույքի արժեքից, ներառյալ նաև պարտադիր բաժինը:

Նախկինում տրված վկայականը անվավեր ճանաչելու մասին դատական մարմինների վճիռների հիման վրա տրվող ժառանգության իրավունքի կրկնակի վկայականի համար, պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով: Ընդ որում սկզբնական վկայականի համար վճարված պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման կամ, ըստ վճարողի դիմումի, հաշվի է առնվում տրվող նոր վկայականի համար պահանջվող պետական տուրքի գումարի դիմաց, եթե գումարը բյուջե մուտք լինելու օրվանից չի անցել երեք տարվա ժամկետը:

Այդ նույն կարգով է հարցը որոշվում դատարանով անվավեր ճանաչված պայմանագրերի կրկնակի հաստատման դեպքերում:

 

36.3. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի չափը որոշելու ժամանակ, ՀՀ օրենսդրությամբ գործող կարգի համաձայն, հաշվի չեն առնվում և ժառանգաբար անցնող գույքի արժեքի մեջ չեն մտցվում`

- անձնական և գույքային պայմանագրերի գծով ապահովագրական գումարները.

- պարտատոմսերը և բանկերում եղած ավանդները.

- հեղինակային հոնորարների գումարները, նույն թվում

հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների

հեղինակների վարձատրության գումարները.

- ըստ կտակի և ըստ նվիրատվության պայմանագրի պետությանը, իրավաբանական

անձանց անցնող գույքի արժեքը, ինչպես նաև սույն հրահանգի 27 կետում

նշված գույքի արժեքը:

Սերտիֆիկատների և ակրեդիտիվների նկատմամբ բանկերին ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

 

36.4. Ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված և ամուսիններից մեկի մահվանից հետո մնացած գույքի ժառանգության մասին վկայագիր տալու համար պետական տուրքը գանձվում է գույքի արժեքի այն մասից, որը փաստորեն անցնում է ըստ ժառանգության:

 

36.5. Քաղաքացիներին պատկանող բնակելի տների (բնակարանների) շենքերի, կառույցների և այլ շինությունների, ինչպես նաև հողի օտարման պայմանագրերի հաստատման համար, պետական տուրքի հաշվարկման նպատակով, դրանց արժեքը պետք է ընդունվի պայմանագրում նշված գումարի չափով, բայց ոչ պակաս, համապատասխանաբար` գույքահարկի և հողի հարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության ընդհանուր գումարից:

Ընդ որում, ի տարբերություն գույքահարկին պետական տուրքի հաշվարկման նպատակով գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության ընդհանուր գումարից որևէ պակասեցում չի կատարվում և գույքի ընդհանուր արժեքի պակասեցման առումով գույքահարկի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունները հաշվի չեն առնվում:

Հողի օտարման պայմանագրերի հաստատման ժամանակ, ի տարբերություն հողի հարկի, պետական տուրքի հաշվարկման նպատակով, բոլոր դեպքերում հիմք է ընդունվում հողի կադաստրային գնահատման արժեքը կամ հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը 50-ով բազմապատկելու միջոցով ստացված գումարը, որը գործող կարգի համաձայն, իրենից ներկայացնում է նույն` հողի կադաստրային գնահատման արժեքը:

 

36.6. Այն պայմանագրերը վավերացնելիս, որոնցով վճարումները կատարվում են պարբերաբար (օրինակ. գույքային վարձակալության պայմանագրեր), այն գումարը, որից հաշվարկվում և գանձվում է պետական տուրքը, հաշվարկվում է, ելնելով պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում վճարումների գումարներից:

Եթե պայմանագիրը կնքվել է առանց նրա գործողության ժամկետը նշելու, ապա պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է ելնելով ըստ պայմանագրի երեք տարվա վճարումների ընդհանուր գումարից:

 

36.7. Պահանջների զիջման և պարտքի փոխադրման մասին պայմանագրերը, նախկինում կնքված պայմանագրերի ժամկետը երկարաձգելու կամ սկզբնական պայմանագրերի գումարն ավելացնելու մասին պայմանագրերը վավերացնելու համար պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է` ելնելով չիրականացված իրավունքների և չկատարված պարտավորությունների գնահատությունից կամ այն գումարներից, որոնցով ավելացվում է նախկինում կնքված պայմանագրի գումարը:

 

36.8. Փոխանակման պայմանագրերի գծով պետական տուրքը հաշվարկվում է այն փոխանակվող գույքի արժեքից, ներառյալ նաև դրամական հավելումը, որը բարձր է փոխանակվող մյուս գույքի արժեքից:

 

36.9. Գույքային վարձակալությանը վերաբերվող պայմանագրերը վավերացնելիս, որոնց պայմաններով վճարումների գումարներում հաշվի են առնվում վարձակալի կողմից կառուցվող շենքերի և ուրիշ կառույցների, շինությունների կահավորման, կապիտալ վերանորոգումների և այլնի արժեքները, պետական տուրքի հաշվարկման համար հիմք ընդունվող գումարը որոշվում է ելնելով ըստ պայմանագրի վճարումների գումարի չափից, հաշվի առնելով հաշվեգրված գումարները:

 

36.10. Կատարողական մակագրությունների գծով, մակագրություններ կատարելու համար պետական տուրքի վճարումից պարտապանի ազատված լինելու դեպքում, այն գանձվում է պարտատիրոջից` ըստ մակագրության պարտքը գանձելու ժամանակ:

 

36.11. Նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների համար պետական տուրքը վճարվում է նոտարական գործողություններ կամ ծառայություններ կատարելու ժամանակ, իսկ նոտարական գրասենյակների գործերում եղած փաստաթղթերի կրկնօրինակների և փաստաթղթերի պատճենները տալու համար` դրանց տալու ժամանակ:

Այն դեպքում, երբ դեպոզիտ ընդունելու դրամական գումարները նոտարական գրասենյակ մուտք են եղել փոստով, կամ վարկային հիմնարկություններից, պետական տուրքի հասանելիք գումարը պահվում է մուտք եղած գումարից, իսկ մնացորդը ընդունվում է դեպոզիտ: Պետական տուրքի պահված գումարները նոտարական գրասենյակի կողմից հաշվանցվում են բյուջեի եկամուտներին` բանկում դեպոզիտային գումարների հերթական մուծումներ կատարելու Ժամանակ, բանկի անդորրագրով, որը պահպանվում է նոտարական գրասենյակի գործերում:

 

37. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 12-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

37.1. Ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության գրանցման համար պետական տուրքը բազային տուրքի հնգապատիկի չափով գանձվում է այդ մասին դիմում տվողից: Այդ նույն չափով է գանձվում պետական տուրքը` ամուսնության գրանցումից հետո ազգանունը ամուսնու ազգանունով փոխող կամ ընդհակառակը, ամուսնության ժամանակ ընդունված ազգանունը մինչ ամուսնական ազգանունով փոփոխող անձանց գրանցման դեպքերում:

 

37.2. Պետական տուրք չի գանձվում` ազգանվան, անվան, հայրանվան փոփոխության հետ պայմանավորված իրեն ազգանունը, անունը կամ հայրանունը փոփոխող անձի հետ կապված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների ուղղման կապակցությամբ վկայականներ տալու համար:

 

37.3. Պետական տուրք չի գանձվում` ոչ դիմողի մեղքով ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան մասին գրանցումների փոփոխման, լրացման, ուղղման և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար:

 

37.4. Անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար պետական տուրքը գանձվում է ընդհանուր հիմունքներով:

 

37.5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը վճարվում է քաղաքացիական կացության ակտերը գրանցելու մասին դիմում տալու ժամանակ, իսկ կրկնակի վկայականներ տալու համար` այն տալու ժամանակ:

 

38. Ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցման համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 13-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

38.1. «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, սկզբնական պետական գրանցում է համարվում ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների համար պետական ռեգիստրում պետական գրանցման քարտի բացումը, իսկ ընթացիկ պետական գրանցում` սկզբնական պետական գրանցմամբ բացված պետական գրանցման քարտում տեղեկությունների փոփոխությունների և լրացումների կատարումը:

Ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցումը կատարվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման միջոցով` ըստ նրանց գտնվելու վայրի:

 

38.2. Դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների պետական գրանցումը հիմնադիր ձեռնարկության համար համարվում է ընթացիկ պետական գրանցում, իսկ դուստր ձեռնարկության, առանձնացված ստորաբաժանման համար` սկզբնական պետական գրանցում:

 

39. Բանկային գործունեության իրականացման արտոնագիր տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 14-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

39.1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի (1996թ.) համաձայն, բանկային գործունեության իրականացման արտոնագիրը (լիցենզիան) տրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

39.2. Դուստր բանկերին բանկային գործունեության լիցենզիա տալու համար պետական տուրքը հաշվարկվում է բանկերի համար սահմանված դրույքաչափերով, այսինքն` հայտարարված կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) 0.1 տոկոսի չափով:

 

40. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 15-րդ կետում նշված դրույքաչափերով:

 

40.1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի համաձայն, մշակութային արժեքների արտահանում է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց վերադարձնելու պարտավորության, իսկ մշակութային արժեքների ժամանակավոր արտահանում` այդ նույն տեղափոխումը, սակայն պայմանավորված ժամկետում վերադարձնելու պարտավորությամբ:

Մշակութային արժեքների արտահանման, ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու լիազորությունը տրված է Մշակութային արժեքների պահպանման վարչությանը:

 

40.2. Պետական տուրքի հաշվարկման համար հիմք է ընդունվում մշակութային արժեքի իրական շուկայական գինը, որը նշվում է արտահանող անձի դիմումում: Եթե մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տվող պետական մարմինը որոշում է այլ գին, ապա պետական տուրքի հաշվարկման համար հիմք է ընդունվում դրանցից առավել բարձրը:

Պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է տվյալ անձի կողմից միաժամանակ արտահանվող մշակութային արժեքների գնահատության ընդհանուր գումարի նկատմամբ` ըստ սույն հրահանգի 15-րդ կետում նշված խմբավորումների:

 

41. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 16-րդ կետում նշված դրույքաչափերով:

Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու լիազորությունը «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքով տրված է ՀՀ արտոնագրային վարչությանը (Հայարտոնագիր):

 

41.1. Արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը հաշվարկվում և վճարվում են ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:

Եթե գյուտի հայտի` ըստ էության փորձաքննության անցկացման համար գանձված պետական տուրքի գումարը չի համապատասխանում հայտով ներկայացված միասնական մտահղացում կազմող գյուտերի քանակին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են արտոնագիր տալու կամ նշանի գրանցման մասին որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքերում պետական տուրքերի չափերն ավելացվում են 50 տոկոսով:

Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը հաշվարկվում և վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ միասին: Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

Նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման համար պետական տուրքը վճարվում է նշանի գրանցման գործողության տասերորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

 

41.2. Սույն հրահանգի 16-րդ կետի 1 բ), 2 բ) և 3 բ) ենթակետերում նշված դրույքաչափերով պետական տուրքը հաշվարկվում և վճարվում է «Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին» Փարիզյան կոնվենցիայի համաձայն խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար:

Նշված տուրքը գանձվում է նաև «Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի» (PCT) համաձայն տրվող հայտերով կոնվենցիայով խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար:

Այսպես, եթե հայտատուի կողմից գյուտի (օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի) արտոնագիր տալու հայտով խնդրարկվում է կոնվենցիայով մեկից ավելի առաջնություն` ընդունենք հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար (կամ արդյունաբերական նմուշի համար), ապա պահանջվող յուրաքանչյուր առաջնության համար պետք է հաշվարկվի և վճարվի պետական տուրք 20 բազային տուրքի չափով:

 

41.3. Սույն հրահանգի 16-րդ կետի 1զ) և 2զ) ենթակետերով նախատեսված` գյուտի և օգտակար սարքի նկարագրության հրապարակման համար պետական տուրքերը գանձվում են միայն այդ օբյեկտների նկարագրությունների փաստացի ծավալից ելնելով (առանց հավակնության սահմանման և գծագրերի): Ընդ որում պետական տուրքի հաշվարկման նպատակով 1 էջ համարվում է 297 x 210 մմ չափերով թերթի վրա 1.5 միջակայքով տպագրված տեքստը, որն ունի հետևյալ դաշտերը` վերևից, աջից, ներքևից` 20, ձախից` 25 մմ: Տառատեսակն ընտրվում է այնպես, որ մեծատառերի բարձրությունը փոքր չլինի 3 միլիմետրից:

 

41.4. 16-րդ կետի 4 ժ) ենթակետում նշված դրույքաչափերով պետական տուրքը` նշանների նախկին ԽՍՀՄ վկայականի վերագրանցելիս, հաշվարկվում և գանձվում է միայն այն դեպքում, երբ սեփականատերը կամ վերջինիս անվանումը փոփոխվել է 1991թ. դեկտեմբերի 25-ից հետո:

 

41.5. Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար մինչև 1996թ. հուլիսի 24-ը (օրենքի ուժի մեջ մտնելը) չվճարված պետական տուրքերը հաշվարկվում և գանձվում են մինչ այդ գործող օրենսդրությամբ սահմանված չափերով, եթե պետական տուրքի վճարման վերաբերյալ հարցումը հայտատուին է ուղարկվել մինչև նշված օրը:

Եթե մինչև վերոհիշյալ ժամկետը գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի ներկայացված հայտերով «հայտ ներկայացնելու համար» պետական տուրքի վճարման վերաբերյալ հայտատուին հարցում չի ուղարկվել, ապա այդ տուրքերը ենթակա են վճարման սույն հրահանգում նշված դրույքաչափերով` հրահանգի հաստատման օրվանից մեկամսյա ժամկետում:

1996թ. հուլիսի 24-ից հետո, առանց համապատասխան հարցում ստանալու, վճարված և սույն հրահանգով նախատեսված կարգով հաշվարկման և վճարման ենթակա տուրքերի գծով վերահաշվարկը և առաջացած տարբերության գումարների վճարումը կատարվում է սույն հրահանգի հաստատման օրվանից մեկամսյա ժամկետում:

 

41.6 Եթե գյուտի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման համար որոնման աշխատանքը կատարվում է որոնման միջազգային կազմակերպության կողմից` Հայարտոնագրի պատվերով, ապա որոնման համար կատարված ծախսերն իրականացվում են սույն հրահանգի 16-րդ կետի 1 ը) ենթակետով սահմանված տուրքերի գումարների հաշվին` նույն կետի վերջին պարբերությամբ նախատեսված նվազեցման չափի (70%) սահմաններում:

 

42. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 17-րդ կետում նշված դրույքաչափերով:

Սույն կետում նշված ծառայությունների կամ գործողությունների կատարումը ՀՀ օրենսդրությամբ դրված է համապատասխանաբար` ՀՀ արտաքին գործերի նախարարության կամ ՀՀ ներքին գործերի նախարարության մարմինների վրա:

 

42.1. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր տրվում է կացության հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներին` տասը տարի ժամկետով («Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 21 և 24):

 

42.2. Արտասահման մեկնելու իրավունքի փաստաթղթեր տալու և ուրիշ երկրներից անձանց Հայաստանի հանրապետություն հրավիրելու համար, այդ փաստաթղթերում որևէ փոփոխություններ մտցնելու համար ՀՀ-ում բնակվելու իրավունքի փաստաթուղթ տալու համար, պետական տուրքը վճարվում է մինչև համապատասխան փաստաթղթերի ստանալը:

 

43. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար պետական տուրքերը հաշվարկվում են սույն հրահանգի 18-րդ կետում, իսկ հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների պետական գրանցման համար պետական տուրքերը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքը, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար պետական տուրքերը, արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման համար պետական տուրքերը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար պետական տուրքերը` սույն հրահանգի համապատասխանաբար 19, 20, 21, 22 և 23-րդ կետերում նշված դրույքաչափերով:

 

44. Մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքերը գանձվում են պետական բյուջե` մինչև Օրենքի ուժի մեջ մտնելու պահը գործող օրենսդրությամբ սահմանված չափերով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պետական տուրքի վճարումով իրականացվող այն ծառայությունների և գործողությունների համար, որոնց գծով սահմանված չեն եղել պետական տուրքի դրույքաչափեր և վճարման կարգ, դրա վճարումը կատարվում է Օրենքով սահմանված դրույքաչափերով` Օրենքի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:

 

45. Պետական տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ տուրքային դրոշմանիշերով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:

 

46. Պետական տուրքի վճարման ենթակա գումարը կլորացվում է մինչև 1 դրամ, ընդ որում ` մինչև 50 լուման հաշվի չի առնվում, իսկ 50-ից ավելին ընդունվում է որպես 1 դրամ:

 

47. Պետական տուրքի վճարման համար տուրքային դրոշմանիշերը (հետայսու դրոշմանիշեր) պատրաստվում են որոշակի արժողություններով, միասնական` ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված նմուշով:

 

48. Պետական տուրքի դրոշմանիշերը սոսնձվում են դատարան, պետական արբիտրաժ և պետական տուրք գանձող այլ մարմիններին տրվող դիմումների վրա և մարվում պաշտոնատար այն անձանց ստորագրությամբ (կամ դրոշմելով համապատասխան պետական մարմնի կնիքը կամ դրոշմակնիքը), որոնք ընդունում կամ տալիս են փաստաթուղթը, նշելով մարման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Ընդ որում պաշտոնատար անձի ստորագրությունը պետք է դրոշմանիշերի վրայով անցնի թղթի լուսանցքը:

Դեպոզիտային գործառնությունների համար պետական տուրքի դրոշմանիշերը փակցվում են այն անդորրագրի երկրորդ օրինակի (արմատիկի) վրա որով ընդունվում է դեպոզիտային գումարը, և մարվում է հաճախորդի ստորագրությամբ:

 

49. Պետական տուրքը փոխանցելու մասին վճարման հանձնարարագրերը պետական տուրքը վճարելու մասին բանկի անդորրագրերը կցվում են հայցադիմումներին, դիմումներին, վճռաբեկ գանգատներին և փաստաթղթերը տալու մասին պետական տուրք գանձող մարմնի գործերում մնացող համապատասխան նյութերի այն օրինակներին, որոնք հաստատում են գործարքը:

Նոտարական գործողությունների գրանցման համար նախատեսված սեղանամատյանում (նոտարական սեղանամատյանում) նշվում է բյուջե մուծված պետական տուրքի գումարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և բանկի փաստաթղթի համարը:

Այն դեպքում, երբ վճարողները ազատված են տուրքի վճարումից, այդ մասին կատարվում է նշում համապատասխան փաստաթղթերում (սեղանամատյաններ, հաշվառման գրքեր և այլն):

 

50. Պետական տուրքը կանխիկ դրամով վճարելու դեպքում, համապատասխան փաստաթղթին կցվում է պետական տուրքի գումարն ընդունող բանկի անդորրագրի առաջին օրինակը, իսկ վճարողի հաշվից փոխանցելիս` վճարման հանձնարարագրի վերջին օրինակը, երեսային կամ հակառակ կողմում «մուտքագրված է բյուջեի եկամուտներին.... դրամ» (բառերով) բանկի կողմից կատարված գրառումով, որը վավերացվում է առաջին և երկրորդ պաշտոնատար անձանց ստորագրություններով և բանկի կնիքով, նշելով վճարման հանձնարարագրի կատարման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Եթե պետական տուրքի գումարի փոխանցումը կատարվում է ավանդատուի խնայողական դրամարկղում ունեցած ավանդային հաշվից, պետական տուրքի վճարումով փաստաթղթին կցվում է խնայողական դրամարկղի համար սահմանված ձևի տեղեկանքը վավերացված խնայողական դրամարկղի կնիքով:

 

51. Պետական տուրք գանձող մարմինները պետական տուրքի վճարումով գործերը և փաստաթղթերը պետք է քննարկման ընդունեն անկախ նրանից, թե որ բանկի միջոցով է կատարվել պետական տուրքի վճարումը:

 

52. Պետական տուրքը ենթակա է վճարման պետական (հանրապետական) բյուջե, իսկ օրենքով (տվյալ տարվա ՀՀ բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի մասին և այլն) սահմանված դեպքերում` համայնքների բյուջեներ:

 

ԲԱԺԻՆ VII. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

53. Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`

 

ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.

բ) դատարանների և պետական արբիտրաժների կողմից դիմումները (գանգատները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ-ի) մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.

գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում կամ պետական արբիտրաժում քննության, կամ եթե հայցվորի կողմից չի պահպանվել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ եթե հայցը ներկայացված է անգործունակ անձի կողմից.

դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը կամ պետական արբիտրաժը գանձել են պետական տուրքը, գործի քննարկման ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.

ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցի բավարարման դեպքում.

զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան չի սահմանված.

է) մինչև համապատասխան մարմիններին դիմելը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում.

ը) անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման համար մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.

թ) դատարանով քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով հաստատված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը չեղյալ համարվելու դեպքում.

ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների դեմ գանգատարկողի օգտին գանգատարկման խորհրդի կամ դատարանի կողմից որոշում ընդունելու դեպքում (գանգատը ներկայացնելու համար վճարված պետական տուրքը).

ի) Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը, մինչև մեկնելու թույլտվություն ստանալը, արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում:

 

54. Պետական բյուջե վճարված պետական տուրքը վերադարձվում է ֆինանսական մարմինների (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների) կողմից` պետական բյուջեի եկամուտների դասակարգման այն հաշվից, որին հաշվանցվել է գումարը:

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմնին պետական տուրքի կամ նրա մի մասի վերադարձման իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմնին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:

Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի, պետական արբիտրաժի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքի մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

 

55. Պետական տուրքը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, իսկ սույն հրահանգի 45 կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում` նաև արտարժույթով:

 

56. Դրոշմանիշերով վճարված պետական տուրքը վերադարձնելու համար, համապատասխան ֆինանսական մարմնին (տեղական գանձապետական բաժանմունքին) ներկայացվում է այն դիմումը կամ այլ փաստաթուղթը, որի վրա պետական տուրք գանձող մարմնին դիմելու ժամանակ սոսնձված և սահմանված կարգով մարված են եղել դրոշմանիշերը, բացի այն դեպքերից, երբ պետական տուրքի վճարումով փաստաթղթերը մնում են պետական տուրք գանձող մարմնում կամ, երբ դրոշմանիշերը փակցված են այդ մարմնի հաշվառման գրքերում (սեղանամատյաններում):

Այն գործերով, որոնք մնում են պետական տուրք գանձող մարմնում, պետական տուրքը վերադարձնելու համար այդ մարմնի կողմից տրված տեղեկանքում նշվում է, որ համապատասխան փաստաթղթերը (հայցադիմում, վճարման հանձնարարագիր, անդորրագիր, դրոշմանիշ) գտնվում են տվյալ մարմնի գործերում:

 

57. Դրոշմանիշերով վճարված պետական տուրքը վերադարձվում է վճարողի բնակվելու վայրի ֆինանսական մարմնի (տեղական գանձապետական բաժանմունքի) կողմից:

 

ԲԱԺԻՆ VIII. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

58. Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն հրահանգով նախատեսված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:

Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրված է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

 

59. Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման պետական բյուջե նրանցից` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում, բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են բռնագանձման պետական բյուջե վճարողից` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 1 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Ընդ որում, նշված կարգը կիրառվում է նաև սույն հրահանգի 34.3 և 34.6 կետերում նշված պայմաններում, գործը լուծելիս, որոշմամբ սահմանված հայցագնի և նախնական հայցագնի նկատմամբ հաշվարկված պետական տուրքի գումարների տարբերության (լրացուցիչ վճարման ենթակա) գանձման ժամանակ:

Պետական տուրքերի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար Օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է իրավաբանական անձանցից` անվիճելի կարգով, իսկ ֆիզիկական անձանցից և այլ վճարողներից` դատական կարգով:

 

60. Պետական տուրքերի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև վերադասության կարգով:

 

61. Պետական տուրքերը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:

Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում:

 

* *

*

 

62. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

63. Պետական տուրքերի հաշվարկման և վճարման կարգի կիրարկման և պահպանման վերաբերյալ պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 30.12.96 ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960093

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
25.12.1996
N 563
Հրահանգ