Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ...

 

 

102.0310.031096

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

29.08.1996 Թ. ԹԻՎ 310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142 հոդվածի` հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի և ժողովրդական դատարանների աշխատողների աշխատանքային ներքին կարգապահական կանոնները»:

i

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, արդարադատության նախարարության ենթակայության հիմնարկներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին, շրջանային /քաղաքային/ ժողովրդական դատարաններին` ղեկավարվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի և ժողովրդական դատարանների աշխատողների աշխատանքային ներքին կարգապահական կանոններով»:

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 29.08.1996 Թ. ԹԻՎ 310 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի արդարացի և պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

1.2. Արդարադատության նախարարության համակարգի և ժողդատարանների աշխատողները պարտավոր են պահպանել աշխատանքային կարգապահությունը: Աշխատանքային կարգապահությունը ոչ միայն աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանումն է, այլև գիտակցական և բարեխիղճ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ:

Աշխատանքային կարգապահությունն ապահովվում է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ կազմակերպական և տնտեսական պայմանների ստեղծման, բարեխիղճ աշխատանքի խրախուսման միջոցով:

Աշխատանքային կարգապահությունը խախտողների նկատմամբ կիրառվում են կարգապահական ներգործության միջոցներ:

1.3. Աշխատանքային ներքին կարգապահական կանոնները նպատակ ունեն բարձրացնելու աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի որակը և արտադրողականությունը, նպաստելու աշխատաժամանակի առավել արդյունավետ օգտագործմանը:

1.4. Աշխատանքային ներքին կարգապահական կանոնների կիրառման հետ կապված հարցերը լուծվում են տվյալ հիմնարկի, կազմակերպության կամ ժողովրդական դատարանի ադմինիստրացիայի կողմից` իր իրավասության շրջանակներում:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2.1. Արդարադատության նախարարության համակարգում և ժողովրդական դատարաններում աշխատանքի անցնելու հիմքը աշխատանքային պայմանագիրն է:

2.2. Աշխատանքի ընդունվելիս ադմինիստրացիան պարտավոր է աշխատանքի ընդունվողից պահանջել`

ա/ սահմանված կարգով լրացված աշխատանքային գրքույկը, իսկ եթե անձը աշխատանքի է ընդունվում առաջին անգամ` տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկանք նրա վերջին զբաղմունքի մասին: Զինված ուժերից զորացրվածները պարտավոր են ադմինիստրացիային ներկայացնել զինվորական գրքույկը:

բ/ Անձնագիրը:

Առանց նշված փաստաթղթերի աշխատանքի ընդունել չի թույլատրվում: Հատուկ գիտելիքներ պահանջող աշխատանքի ընդունելիս ադմինիստրացիան կարող է աշխատողից պահանջել դիպլոմը, կրթության կամ մասնագիտական պատրաստվածություն ունենալու մասին այլ փաստաթուղթ:

Արգելվում է աշխատանքի ընդունվելիս անձից պահանջել այլ փաստաթղթեր, եթե դա նախատեսված չէ օրենսդրությամբ: Աշխատանքի ընդունումը ձևակերպվում է ադմինիստրացիայի հրամանով /կարգադրությամբ/, որը աշխատողին հայտնվում է նրանից ստորագրություն վերցնելով: Հրամանի /կարգադրության/ մեջ պետք է նշվի աշխատանքի /պաշտոնի/ անվանումը համաձայն հաստիքային ցուցակի, աշխատանքի ընդունելու ամիս-ամսաթիվը և աշխատանքի վարձատրության պայմանները:

Փաստորեն աշխատանքի անցնելու թույլտվությունը համարվում է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն բանից` աշխատանքի ընդունումը ձևակերպված է պատշաճ կարգով, թե ոչ:

2.3. Աշխատողի աշխատանքի ընդունվելիս կամ փոխադրման կարգով այլ աշխատանքի անցնելիս ադմինիստրացիան պարտավոր է.

ա/ ծանոթացնել աշխատողին հանձնարարված աշխատանքի, դրա պայմանների, աշխատավարձի հետ, բացատրել նրա իրավունքները և պարտականությունները.

բ/ ծանոթացնել նրան աշխատանքային ներքին կարգապահական կանոնների հետ.

գ/ ծանոթացնել նրան աշխատանքի պաշտպանության կանոնների հետ:

2.4. Բոլոր աշխատողների համար, ովքեր հինգ օրից ավելի են աշխատում հիմնարկում, ձեռնարկությունում կամ կազմակերպությունում, լրացվում են աշխատանքային գրքույկներ:

2.5. Աշխատանքային պայմանագրի դադարեցում թույլատրվում է միայն գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

2.6. Աշխատողներն իրավունք ունեն լուծելու անորոշ ժամանակով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երկու ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով ադմինիստրացիային:

Աշխատողի և ադմինիստրացիայի պայմանավորվածության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել մինչև երկամսյա ժամկետի լրանալը:

Հարգելի պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողը այդ մասին ադմինիստրացիային գրավոր նախազգուշացնում է մեկ ամիս առաջ:

Այն աշխատանքների կատարման ժամանակը, որին փոխադրվել է աշխատողը աշխատանքային կարգապահությունը խախտելու համար, ազատվելու վերաբերյալ նախազգուշացման ժամկետի մեջ չի հաշվվում:

Արձակման ժամանակ ադմինիստրացիան պարտավոր է օրենքով սահմանված ժամկետներում աշխատողին տալ աշխատանքային գրքույկը և նրա հետ կատարել վերջնահաշվարկ:

Ժամկետային աշխատանքային պայմանագիրը աշխատողի պահանջով ենթակա է լուծման այն դեպքում, երբ նրա հիվանդությունը կամ հաշմանդամությունը խոչնդոտ են հանդիսանում պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելուն, երբ ադմինիստրացիան խախտում է աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքային պայմանագիրը կամ այլ հարգելի պատճառներով:

Առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնության ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծում չի թույլատրվում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Ադմինիստրացիան իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` զանցանքը հայտնաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Աշխատանքային պայմանագրի դադարեցումը ձևակերպվում է ադմինիստրացիայի հրամանով /կարգադրությամբ/:

2.7. Աշխատանքից արձակման օրը ադմինիստրացիան պարտավոր է աշխատողին հանձնել նրա աշխատանքային գրքույկը` աշխատանքից արձակման մասին համապատասխան գրառումներով և կատարել նրա հետ վերջնահաշվարկ: Աշխատանքից արձակման պատճառները պետք է աշխատանքային գրքույկում գրառվեն գործող օրենսդրությամբ սահմանված ձևակերպումներին համապատասխան և վկայակոչելով օրենքի համապատասխան հոդվածը և կետը: Արձակման օր է համարվում աշխատանքի վերջին օրը:

 

3. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Արդարադատության նախարարության համակարգի և ժողովրդական դատարանների աշխատողները պարտավոր են.

ա/ աշխատել ազնվորեն և բարեխղճորեն, պահպանել աշխատանքային կարգապահությունը, ժամանակին և ճշտորեն կատարել ադմինիստրացիայի կարգադրությունները, բարձրացնել աշխատանքի որակը և արտադրողականությունը,

բ/ պահպանել աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի պահանջները,

գ/ խնայողաբար վերաբերվել պետական գույքի նկատմամբ, ճշգրիտ կիրառել նյութական արժեքների և փաստաթղթերի սահմանված կարգը, խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և այլ նյութական ռեսուրսները,

դ/ պարբերաբար բարձրացնել մասնագիտական որակավորումը,

ե/ իրենց աշխատանքային գործունեության ոլորտում խստագույնս պահպանել օրինականությունը.

զ/ թույլ չտալ պետական ծառայողի կոչմանը անվայել արարք:

Ըստ մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի յուրաքանչյուր աշխատողի պարտականությունների շրջանակը որոշվում է սահմանված կարգով հաստատվող կարգերով և հրահանգներով:

 

4. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Արդարադատության նախարարության համակարգի, հիմնարկի, կազմակերպության, ժողովրդական դատարանների ադմինիստրացիան պարտավոր է.

ա/ ճշգրիտ կազմակերպել աշխատանքը, որպեսզի յուրաքանչյուր աշխատող աշխատի իր մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան, ունենա աշխատատեղ, ժամանակին` մինչև աշխատանքի անցնելը ծանոթացված լինի աշխատանքի պայմաններին և աշխատանքային օրվա ընթացքում ապահովված լինի աշխատանքով.

բ/ կազմակերպել աշխատանքի առաջավոր մեթոդների ուսումնասիրումը, տարածումն ու ներդրումը, ապահովել աշխատանքի ճիշտ կազմակերպումը.

գ/ ապահովել աշխատավարձի և նյութական խրախուսման ֆոնդերի արդյունավետ օգտագործումը, աշխատավարձի ժամանակին վճարումը.

դ/ ապահովել աշխատանքային և արտադրական կարգապահությունը, աշխատանքային կարգապահությունը խախտողների նկատմամբ կիրառել կարգապահական ներգործության միջոցներ.

ե/ անշեղորեն պահպանել աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները. բարելավել աշխատանքի պայմանները, ապահովել աշխատողներին բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, օրենսդրական ակտերով, ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ.

զ/ ապահովել աշխատողների որակավորման պարբերաբար բարձրացումը, ստեղծել պայմաններ աշխատանքը ուսուցման համապատասխան ձևերի հետ համատեղելու համար.

է/ նպաստել աշխատողների նյութական և կենցաղային պայմանների բարելավմանը:

 

5. ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

5.1. Ամենօրյա աշխատանքի տևողությունը, աշխատաժամանակի սկիզբը և վերջը, հանգստի ժամանակը որոշվում են գործող օրենսդրությամբ և աշխատանքային ներքին կարգապահական կանոններով:

5.2. Տոնական և հանգստյան օրերի նախօրյակին աշխատաժամանակը կրճատվում է մեկ ժամով:

5.3. Ադմինիստրացիան պարտավոր է կազմակերպել աշխատողների աշխատանքի ներկայանալու և աշխատանքից հեռանալու հաշվառումը:

5.4. Յուրաքանչյուր աշխատող ադմինիստրացիայի կողմից սահմանված կարգով պարտավոր է նշել իր աշխատանքի ներկայանալը, իսկ աշխատանքային օրվա ավարտին` աշխատանքից հեռանալը:

5.5. Արտաժամյա աշխատանքներ, որպես կանոն, չեն թույլատրվում: Ադմինիստրացիան կարող է արտաժամյա աշխատանքներ կիրառել միայն օրենսդրությամբ նախատեսվող բացառիկ դեպքերում:

5.6. Աշխատանքի ժամանակ արգելվում է.

ա/ շեղել աշխատողին անմիջական աշխատանքից, կտրել նրանց իրենց հիմնական աշխատանքից` հասարակական աշխատանքներ կատարելու նպատակով.

բ/ անցկացնել ժողովներ, նիստեր և այլ միջոցառումներ, որոնք կապված չեն հիմնական աշխատանքի հետ:

5.7. Ամենամյա արձակուրդների հերթականությունը սահմանվում է ադմինիստրացիայի և աշխատողների համաձայնությամբ, որի հիման վրա կազմվում և ադմինիստրացիայի կողմից հաստատվում է արձակուրդների ժամանակացույց: Արձակուրդները, որպես կանոն, տրամադրվում են նշված ժամանակացույցին համապատասխան:

Արձակուրդների ժամանակացույցը կազմվում է ամեն օրացուցային տարվա համար` ոչ ուշ, քան ընթացիկ տարվա հունվարի 15-ը և ծանոթացվում է բոլոր աշխատողներին:

 

6. ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ ԲԱՐԵԽԻՂՃ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

6.1. Աշխատանքային պարտականությունների օրինակելի կատարման, տևական և անբասիր աշխատանքի, աշխատանքում ունեցած նորարարության և այլ նվաճումների համար կիրառվում են հետևյալ խրախուսանքները`

ա/ շնորհակալության հայտարարում.

բ/ դրամական պարգևատրություն.

գ/ պարգևատրություն արժեքավոր նվերով:

Աշխատանքային ներքին կարգապահական կանոնների համաձայն կարող են նախատեսվել նաև այլ խրախուսանքներ:

Խրախուսանքները հայտարարվում են հրամանով /հրահանգով/, մտցվում աշխատողի աշխատանքային գրքույկի մեջ և տեղեկացվում աշխատավորական կոլեկտիվին:

Խրախուսանքների կիրառման ժամանակ ապահովվում է աշխատանքի նյութական և բարոյական խթանման զուգակցումը:

6.2. Իրենց աշխատանքային պարտականությունները հաջողությամբ և բարեխղճորեն կատարող աշխատողներին առավելություններ են տրվում նաև աշխատանքում առաջ քաշելիս:

 

7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

7.1. Աշխատանքային կարգապահության խախտումը` աշխատողի մեղքով իր վրա դրված աշխատանքային պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, բերում է գործող օրենսդրությամբ նախատեսված կարգապահական ներգործության միջոցների կիրառմանը:

Դատավորները կարգապահական պատասխանատվություն են կրում «Արդարադատության խորհրդի մասին» օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

7.2. Աշխատանքային կարգապահության խախտման համար արդարադատության նախարարության համակարգի, ժողովրդական դատարանների ադմինիստրացիան կիրառում է հետևյալ կարգապահական տույժերը`

ա/ դիտողություն.

բ/ նկատողություն.

գ/ խիստ նկատողություն.

դ/ փոխադրում ավելի ցածր վարձատրվող աշխատանքի երեք ամիս ժամանակով կամ ավելի ցածր պաշտոնի նշանակում նույն ժամանակով:

Աշխատանքային կարգապահության պարբերաբար խախտման, անհարգելի պատճառներով գործալքության, հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայանալու համար աշխատողը կարող է փոխադրվել ավելի ցածր վարձատրվող այլ աշխատանքի կամ նշանակվել այլ ավելի ցածր պաշտոնի` սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետով:

Աշխատանքային կարգապահության պարբերաբար խախտող է համարվում այն աշխատողը, ով ունի տույժ աշխատանքային կարգապահության խախտման համար և խախտել է այն կրկին անգամ:

Գործալքություն է համարվում աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառների աշխատանքի չներկայանալը:

ե/ աշխատանքից արձակում:

Աշխատանքից արձակումը` որպես կարգապահական տույժ, կարող է կիրառվել միայն գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

7.3. Կարգապահական տույժերը կիրառվում են արդարադատության նախարարության համակարգի, ժողովրդական դատարանների ղեկավարների կողմից:

7.4. Մինչև տույժ նշանակելը աշխատանքային կարգապահությունը խախտողներից պահանջվում է բացատրություն: Աշխատակցի կողմից բացատրություն չտալը չի կարող արգելք հանդիսանալ տույժ նշանակելու համար:

Կարգապահական տույժ նշանակվում է ադմինիստրացիայի կողմից զանցանքը հայտնաբերելուն պես:

Տույժ նշանակվում է եթե մեկ ամսից ավելի չի անցել զանցանքի հայտնաբերման օրից, չհաշված աշխատողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել նշված զանցանքի կատարման օրից: Նշված ժամկետի մեջ չի հաշվարկվում քրեական գործի վարույթի ժամկետը:

Աշխատանքային յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

Տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն կատարված զանցանքի ծանրությունը, այն հանգամանքները որոնց առկայությամբ զանցանքը կատարված է, աշխատողի վարքագիծը և աշխատանքը նախկինում:

7.6. Կարգապահական տույժի կիրառման հրամանը /հրահանգը/ հայտարարվում է աշխատողին երեք օրվա ընթացքում` նրանից ստորագրություն վերցնելով: Անհրաժեշտ դեպքերում հրամանը /կարգադրությունը/ հայտարարվում է արդարադատության նախարարության համակարգի կամ ժողովրդական դատարանների աշխատավորական կոլեկտիվին:

7.7. Եթե կարգապահական տույժի կիրառման օրվանից մեկ տարվա ընթացքում աշխատողը թույլ չի տվել կարգապահության նոր խախտում, ապա նա համարվում է տույժի չենթարկված:

Ադմինիստրացիան կարող է հրաման /կարգադրություն/ արձակել տույժը հանելու մասին մեկ տարին չլրացած, եթե աշխատողը թույլ չի տվել աշխատանքային կարգապահության նոր խախտումներ և ընդսմին` դրսևորել է իրեն որպես լավ և բարեխիղճ աշխատող:

Կարգապահական տույժի գործողության ընթացքում աշխատողի նկատմամբ խրախուսման միջոցներ չեն կիրառվում:

7.8. Աշխատանքային ներքին կարգապահական կանոնները փակցվում են արդարադատության համակարգի հիմնարկներում կամ ժողովրդական դատարաններում` տեսանելի տեղում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «03» 10 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01960053

 

 

pin
Արդարադատության նախարարություն
29.08.1996
N 310
Հրաման