Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆԱԿՄ ...

 

 

011.0168.040397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.

i

Վավերացնել 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսի քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մասին» պայմանագիրը:

 

4 մարտի 1997 թվականի

Ն-168-1

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը, այսուհետև անվանվելով Պայմանավորվող Կողմեր,

ղեկավարվելով նրանով, որ պետությունների համագործակցությունը պետք է նպաստի արդարադատության շահերին և պատիժը կրող անձանց հասարակության մեջ նորմալ կյանքի վերադարձնելուն.

համարելով, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանցագործության կատարման համար ազատազրկված անձանց հնարավորություն տրվի պատիժը կրել իրենց քաղաքացիության երկրում.

հաշվի առնելով մարդու իրավունքները լրիվ հարգելու անհրաժեշտությունը.

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, հարցումով, մեկը մյուսին փոխանցել այն անձանց, որոնք մի Պայմանավորվող Կողմի տարածքում հանցագործության կատարման համար ազատազրկման են դատապարտվել և համարվում են մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիներ` իրենց քաղաքացիության պետությունում պատիժը կրելու համար:

2. Սույն Պայմանագիրը` անկախ իրենց քաղաքացիությունից, հավասարապես կիրառվում է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք մշտական բնակության վայր ունեն Պայմանավորվող Կողմերի տարածքում:

3. Սույն Պայմանագրի շրջանակներում ազատազրկման դատապարտվածների տակ հասկացվում են այն անձինք, որոնք ազատազրկման տեսքով պատիժ են կրում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

 

Հոդված 2

 

1. Պատիժը կրելու համար դատապարտվածի փոխանցումը կարող է իրականացվել.

ա) այն Պայմանավորվող Կողմի առաջարկությամբ, որի դատարանի կողմից դատավճիռ է արձակվել (այսուհետև` դատավճռի արձակման Պետություն).

բ) այն Պայմանավորվող Կողմի առաջարկությամբ, որին կարող է փոխանցվել դատապարտված անձը` պատիժը կրելու համար (այսուհետև` դատավճռի կատարման Պետություն):

2. Դատապարտյալը կամ նրա հանձնարարությամբ` նրա մերձավոր հարազատները կամ օրինական ներկայացուցիչը, իրավունք ունեն դիմել Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրին` նրա փոխանցման մասին խնդրանքով:

3. Դատավճիռն արձակած Պետությունը սույն Պայմանագրի բովանդակության մասին տեղեկացնում է յուրաքանչյուր դատապարտյալի, որի նկատմամբ այն կարող է կիրառվել:

4. Փոխանցումն իրականացվում է, երբ ստացվել է ինչպես դատավճռի արձակման Պետության, այնպես էլ դատավճռի կատարման Պետության համաձայնությունը:

 

Հոդված 3

 

Դատապարտյալի փոխանցումն այն կարգով, որը նախատեսված է սույն Պայմանագրով, չի կատարվում, եթե.

ըստ դատավճռի կատարման Պետության օրենսդրության այն արարքը, որի համար անձը դատապարտվել է, չի համարվում հանցագործություն, կամ չի հանգեցնում ազատազրկման տեսքով պատժի.

չկա դատապարտյալի համաձայնությունը, իսկ տարիքի կամ մտավոր վիճակի պատճառով իր կամքն ազատ արտահայտելու նրա անընդունակության դեպքում` նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը.

փոխանցման մասին հարցումը ստանալու պահին ազատազրկման ժամկետը` որը դեռևս պետք է կրի դատապարտյալը, կազմում է վեց ամսից պակաս: Բացառիկ դեպքերում Պայմանավորվող Կողմերը կարող են պայմանավորվել փոխանցման մասին, նույնիսկ եթե պատիժը կրելու ժամկետը կազմում է վեց ամսից պակաս:

 

Հոդված 4

 

Սույն Պայմանագրի կատարումն իրականացվում է իրավասու մարմինների կողմից:

Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմիններ են համարվում.

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության դատախազությունը.

Վրաստանի համար` Վրաստանի Արդարադատության նախարարությունը:

 

Հոդված 5

 

1. Պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելու նպատակով մի Պայմանավորվող Կողմի իրավասու մարմինը դիմում է մյուս Պայմանավորվող Կողմի իրավասու մարմնին:

Հարցումը կազմվում է գրավոր և նրան կցվում են.

ա) դատապարտյալի անձի վերաբերյալ տեղեկությունները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիս-ամսաթիվը և վայրը).

բ) այն փաստաթուղթը, որը վկայում է դատապարտյալի քաղաքացիության մասին, իսկ սույն Պայմանագրի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նրա մշտական բնակավայրի մասին:

2. Դատավճռի արձակման Պետության իրավասու մարմինը` դրանից բացի, դիմումին կցում է.

ա) դատավճռի ու գործով առկա բոլոր դատական որոշումների հաստատված պատճենները, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին փաստաթղթերը.

բ) պատժի` դատապարտյալի կողմից կրած մասի և պատժի այն մասի վերաբերյալ փաստաթուղթը, որը ենթակա է հետագայում կրելու, ինչպես նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից տրված բնութագիրը.

գ) լրացուցիչ պատիժը կատարելու մասին փաստաթուղթը, եթե այն նշանակված է եղել.

դ) քրեական օրենքի հոդվածների տեքստը, որոնց հիման վրա անձը դատապարտվել է.

ե) դատապարտյալի գրավոր համաձայնությունը` դատավճռի կատարման Պետության տարածքում դատավճիռը կատարելու համար նրա փոխանցման վերաբերյալ, իսկ տարիքի, ֆիզիկական կամ մտավոր վիճակի պատճառով իր կամքն ազատ արտահայտելու անընդունակության դեպքում` նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

3. Դատավճռի արձակման Պետությունը, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն կընձեռնի հյուպատոսի կամ այլ պաշտոնատար անձի միջոցով ստուգելու այն փաստը, որ փոխանցման վերաբերյալ դատապարտյալի համաձայնությունը կամ մերժումը տրվել է կամավոր: Անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

4. Փոխանցման մասին խնդրանքի հետ կապված դատավճռի արձակման Պետության և դատավճռի կատարման Պետության կողմից ընդունված որոշման մասին գրավոր ձևով հայտնվում է դատապարտյալին կամ նրա օրինական ներկայացուցչին:

 

Հոդված 6

 

1. Պայմանավորվող Կողմի իրավասու մարմինը, որին ուղարկվել է պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելու մասին հարցումը, հնարավոր կարճ ժամկետում, բայց 30 օրից ոչ ավել` անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից, խնդրանքն ուղարկած Պայմանավորվող Կողմի իրավասու մարմնին տեղեկացնում է դատապարտյալին փոխանցելու համաձայնության կամ մերժման մասին` սույն Պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

2. Դատապարտյալին փոխանցելու տեղը, ժամանակը և կարգը որոշվում է Պայմանավորվող Կողմերի պատիժը կատարող հիմնարկների միջև պայմանավորվածությանը համաձայն:

 

Հոդված 7

 

1. Դատավճռի կատարման Պետությունը պարտավոր է ապահովել պատժի կատարման շարունակությունը: Մյուս Պետության դատավճռի կատարման մասին հարցի քննարկման ընդդատությունը որոշվում է Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի բարձրագույն դատական ատյանի կողմից: Պատժի կատարումը կարգավորվում է դատավճռի կատարման Պետության օրենսդրությամբ:

2. Նշանակված պատիժը դատապարտյալը կրում է դատավճռի արձակման Պետության դատարանի դատավճռի հիման վրա:

Դատավճռի կատարման Պետության դատարանը` իր օրենսդրությանը համապատասխան, որոշում է ազատազրկման այն նույն ժամկետը, ինչ որ նշանակվել է դատավճռի արձակման Պետության դատավճռով:

3. Եթե դատավճռի կատարման Պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն ժամկետն ավելի փոքր է, քան դատավճռով նշանակվածը, ապա դատարանը որոշում է ազատազրկման առավելագույն ժամկետը, որը նախատեսված է իր օրենսդրությամբ:

Պատժի այն մասը, որը դատապարտյալը կրել է դատավճռի արձակման պետության տարածքում, հաշվեկցվում է պատժի ժամկետի մեջ:

4. Դատավճռով նշանակված լրացուցիչ պատժի կատարման մասին որոշումն ընդունվում է դատավճռի կատարման Պետության դատարանի կողմից`, եթե կատարված արարքի համար այդպիսի պատիժը նախատեսված է իր օրենսդրությամբ: Լրացուցիչ պատիժը կատարվում է սույն հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 8

 

Պատիժը կրելու համար դատավճռի կատարման Պետությանը փոխանցված անձանց վերաբերյալ առաջանում են դատապարտման այն նույն իրավական հետևանքները, ինչ որ այն անձանց վերաբերյալ, որոնք այդ Պայմանավորվող Կողմի տարածքում դատապարտվել են այդ նույն արարքը կատարելու համար:

 

Հոդված 9

 

Դատավճռի կատարման Պետության իրավասու մարմինը դատավճռի արձակման Պետության իրավասու մարմնին տեղեկացնում է դատավճռի կատարման մասին դատարանի որոշման մասին:

 

Հոդված 10

 

1. Մինչև դատապարտյալի փոխանցումը չկրած պատժի կատարումը, ինչպես նաև դատավճռի կատարման մասին որոշումն ընդունելուց հետո պատժից լրիվ կամ մասնակի ազատումը կատարվում է դատավճռի կատարման Պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ինչպես դատավճռի արձակման Պետությունը, այնպես էլ դատավճռի կատարման Պետությունը իրավունք ունի կիրառել ներում և համաներում:

3. Դատավճռի կատարման Պետությանը փոխանցված դատապարտյալի վերաբերյալ դատավճռի վերանայումը իրականացվում է միայն դատավճռի արձակման Պետության դատարանի կողմից:

4. Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինները` սույն հոդվածի 1, 2, 3 կետերում նշված բոլոր դեպքերով որոշում ընդունելիս, տեղեկացնում են միմյանց:

 

Հոդված 11

 

1. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելուց հետո դատավճռի արձակման Պետության դատարանի կողմից փոխվել է դատավճիռը, ապա այդ մասին որոշման պատճենը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվում են դատավճռի կատարման Պետության իրավասու մարմնին: Դատավճռի կատարման Պետության դատարանը այդպիսի որոշման կատարումն իրականացնում է այն կարգով, որը նախատեսված է սույն Պայմանագրի 7-րդ հոդվածով:

2. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցումից հետո դատավճռի արձակման Պետությունում դատավճիռը վերացվել է` քրեական գործի կարճումով, ապա այդ մասին որոշման պատճենը` կատարման համար, անհապաղ ուղարկվում է դատավճռի կատարման Պետության իրավասու մարմնին:

3. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցումից հետո դատավճռի արձակման Պետությունում դատավճիռը բեկանվել է և նախատեսվել է նոր նախաքննություն կամ դատաքննություն, ապա այդ մասին որոշման պատճենը, քրեական գործերի նյութերը և մյուս անհրաժեշտ նյութերն ուղարկվում են դատավճռի կատարման Պետության իրավասու մարմնին` այդ Պետության օրենսդրությամբ նրան պատասխանատվության ենթարկելու մասին հարցը լուծելու համար:

 

Հոդված 12

 

Դատապարտյալի փոխանցման հետ կապված ծախսերը կրում է հայցող Պայմանավորվող Կողմը:

 

Հոդված 13

 

Սույն Պայմանագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող Կողմերի այն իրավունքները և պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք հանդիսանում:

 

Հոդված 14

 

Սույն Պայմանագիրը կիրառելիս ծագած հարցերը լուծվում են Պայմանավորվող Կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնությամբ:

 

Հոդված 15

 

Սույն Պայմանագիրը կատարելիս Պայմանավորվող Կողմերն օգտվում են հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով:

 

Հոդված 16

 

Սույն Պայմանագրի դրույթները կիրառվում են նաև այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են նախքան սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 17

 

1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո երեսուներորդ օրը:

2. Սույն Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ կմնա մինչև վեց ամիս անցնելն այն օրից, երբ Պայմանավորվող Կողմերից մեկը մյուս Պայմանավորվող Կողմին գրավոր ծանուցում ուղարկի նրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է 1996 թ. հունիսի 4-ին Թբիլիսի քաղաքում, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Պայմանագիրը մեկնաբանելիս տարակարծությունների դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                  ՎՐԱՍՏԱՆԻ

         ԿՈՂՄԻՑ                                            ԿՈՂՄԻՑ

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
04.03.1997
N Ն-168-1
Որոշում