Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԲԵԼԱՅԻՆ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿԱԲԵԼԱՅԻՆ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԶԱՅԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 1991 թ. թիվ 600

 

ԿԱԲԵԼԱՅԻՆ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԶԱՅԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը նշում է, որ հանրապետության քաղաքներում և մյուս բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունները հրատապ լուսաբանելու,հասարակական-քաղաքական միջոցառումների անցկացման ժամանակ բնակչության հետ անմիջապես կապն ապահովելու, ձեռնարկությունների, կազմակերպությունների միջև տեղեկությունների փոխանակման համար պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է ստեղծել ճյուղավորված լայնագոտի կաբելային ցանցին խարսխած կաբելային հեռուստատեսություն:

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը միաժամանակ նշում է, որ ներկայումս հանրապետության տարածքում ստեղծված և գործող կաբելային հեռուստատեսային համակարգերը (տեսալիքները) կառուցված են տեխնիկական նորմերի ու կանոնների կոպիտ խախտումներով, որոնք մի շարք դեպքերում հանգեցնում են կապի հաղորդակցությունների վնասմանը, խոչնդոտում են հեռուստահաղորդումների պետական ծրագրի ընդունմանը:

Ցածր է դրանց կողմից տրվող հաղորդումների որակը, բովանդակությունը չի բավարարում հեռուստադիտողների պահանջները, եղած համակարգերի կառուցվածքը չի ապահովում լրատվությամբ հագեցած խնդիրների համալիր լուծումը, անբավարար է օգտագործում հանրապետության գիտական, տեխնիկական, ստեղծագործական և արտադրական կարողությունները:

Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոհաղորդակցական լրատվական միասնական ցանցի ստեղծման և դրա լրատվությամբ հագեցման խնդիրների համապարփակ լուծման, կաբելային հեռուստատեսային համակարգերի ստեղծման ժամանակ արդիական տեխնոլոգիաների օգտագործման միասնական տեխնիկական քաղաքականության վարման, հեռուստառադիոհաղորդումների ընդունման որակի բարելավման, հեռուստատեսության ծրագրերի քանակի ավելացման և բնակչության լրատվական սպասարկման բնագավառում լրացուցիչ ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի ՀանրապետությաՆ նախարարների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կաբելային հեռուստատեսության համակարգերի ներդրման և զարգացման միասնական գիտատեխնիկական քաղաքականության վարման, նոր լրատվական ծառայությունների մատուցման, հեռուստահաղորդումների ընդունման որակի բարձրացման և հեռուստահաղորդակցական լրատվական ցանցի զարգացման, ինչպես նաև ռադիոհեռուստատեսային լրատվության միջոցների գրանցման վերահսկողության գործը դնել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի վրա, իսկ կաբելային հեռուստատեսային համակարգերի ստեղծման և տեխնիկական շահագործման վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության վրա:

2. Հաստատել կաբելային և արբանյակային հեռուստառադիոհաղորդումների համակարգի ստեղծման, շահագործման և գրանցման կարգի մասին ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):

i

3. Սահմանել, որ ձեռնարկությունների, կոոպերատիվների, առանձին քաղաքացիների և այլ կառուցվածքների կողմից ստեղծվող և գործող կաբելային հեռուստատեսության բոլոր համակարգերը (տեսալիքները) ենթակա են գրանցման:

(3-րդ կետն ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմի և կապի նախարարությանը` համատեղ քննության առնել կաբելային հեռուստատեսային բոլոր գործող համակարգերը պետական ստանդարտին համապատասխանեցնելու հարցերը և տալ փորձագիտական գնահատական:

5. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումներ իրականացնող զանգվածային լրատվական միջոցների գրանցման վճարի չափը սահմանվել է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության և այլ լսարանների համար նախանշված մասսայական լրատվության միջոցների գրանցման կարգի, գրանցման վերաբերյալ վկայագրեր տալու համար տուրքերի գանձման ու չափերի մասին» N 424 որոշման 3-րդ կետով:

6. Կաբելային հեռուստատեսությամբ զբաղվող ձեռնարկությունները, կազմակերպությունները և առանձին քաղաքացիներ արտասահմանյան հեռուստածրագրերի և կինոնկարների օգտագործման համար պարտավոր են հեռուստատեսության ծրագրերի արտասահմանյան իրավատերերի, Հայաստանի Հանրապետության կամ ԽՍՀՄ նրանց լիազոր ներկայացուցիչների հետ կարգավորել ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների հետ կապված հարցերը:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, դատախազությանը և պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` կաբելային հեռուստատեսությամբ զբաղվող ձեռնարկությունների, կազմակերպությունների և առանձին քաղաքացիների կողմից սույն որոշմամբ սահմանված կարգը խախտելու դեպքում նրանց ենթարկել խիստ պատասխանատվության:

8. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մինչև 1991 թվականի դեկտեմբերը մշակել հանրապետությունում մինչև 2010 թվականը կաբելային հեռուստատեսության զարգացման գլխավոր սխեման:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի

ԹԻՎ 600 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

i

ԿԱԲԵԼԱՅԻՆ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Կաբելային հեռուստատեսության համակարգերը զանգվածային տեղեկատվական միջոցներ են, որոնք իրականացնում են հեռուստառադիոհաղորդումներ Հայաստանի Հանրապետության տարածքում:

Կաբելային հեռուստատեսությունը հեռուստառադիոհաղորդակցական լրատվական համակարգ է, որը բաժանորդներին մատուցում է բազմաթիվ լրատվական ծառայություններ, ընդլայնում հեռուստառադիոհաղորդումների ծրագրերի ընդունումը` հանրապետության աշխարհագրական բարդ տեղանքի պայմաններում:

2. Կաբելային հեռուստատեսության տեղեկատվական համակարգերի խնդիրներն են`

հեռուստատեսության պետական ծրագրերի, տեխնիկական որակի բարձրացման ապահովումը.

հեռուստատեսային և ռադիոհաղորդումների սփռման գոտու ընդգրկման ընդլայնումը.

հեռուստատեսային ծրագրերի ընտրության ընդարձակումը` լրացուցիչ ծրագրերի ստեղծման հաշվին, որոնք առևտրային սկզբունքներով տարածվում են կաբելային հեռուստատեսության տեղեկատվական համակարգերի ցանցի միջոցով:

 

II. Հայաստանի Հանրապետության տարածքում

հեռուստառադիոհաղորդումներն իրականացնող

լրատվության միջոցների գրանցման կարգը

 

3. Զանգվածային լրատվության միջոցները Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստաարտադրանքի տարածման իրավունք են ձեռք բերում միայն գրանցումից հետո:

i

4. Հեռուստառադիոհաղորդումներն իրականացնող զանգվածային լրատվության միջոցների գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն:

5. Կաբելային հեռուստատեսության համակարգերի ստեղծումը, որոնք իրականացնում են հեռուստատեսության առևտրային ծրագրերի, ինչպես նաև երկրի արհեստական արբանյակների միջոցով ընդունվող արտասահմանյան ծրագրերի տարածումը, հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմում դրանց գրանցումից հետո:

i

6. Կաբելային հեռուստատեսության տեղեկատվական համակարգերի ստեղծման, հեռուստաարտադրանքի տարածման իրավունքից կարող են օգտվել պետական, բաժնետիրական, կոոպերատիվ, համատեղ, փոքր ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները, ընկերակցությունները և մասնավոր անձինք, որոնք պետականորեն գրանցվել են Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմում և ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի թիվ 415 որոշմամբ:

7. Երկրի արհեստական արբանյակների և սահմանամերձ հեռուստակայանների կողմից տրվող հաղորդումների ընդունումն ու կաբելային հեռուստատեսության տեղեկատվական համակարգերի միջոցով տարածումը իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմի կողմից տրված լիցենզիայի հիման վրա:

8. Կաբելային հեռուստատեսության տեղեկատվական համակարգեր ստեղծող պետական, կոոպերատիվ, հասարակական, բաժնետիրական, համատեղ, փոքր ձեռնարկությունները և մասնավոր անձինք գրանցման համար պետք է ներկայացնեն դիմում` նշելով հիմնադիր կազմակերպության անվանումը, պատասխանատու անձի ազգանունը, անունը, հայրանունը.

խմբագրության անվանումը, սիմվոլիկայի վերաբերյալ տվյալները (ազդակոչեր, խորհրդանշան, գրադրվագ, ֆիրմայի նշան և այլն).

հաղորդման լեզուն (լեզուները).

հաղորդման տեսակը (հեռուստատեսային, ձայնային և այլն).

հաղորդման պարբերականությունը (ամենօրյա, շաբաթական և այլն).

հաղորդման ծավալը (ժամերով, օրերով).

հաղորդման ծրագրային նպատակները և խնդիրները.

լսարանը` տարածքը (գոտին), որն ընդգրկում է հաղորդումը, լսարանի կատեգորիան, որի համար նախատեսված է հաղորդումը.

ծրագրի քանակը և տևողությունը (պետական, կազմավորման աղբյուրները, արտասահմանյան, առևտրային, պլանավորված և այլն).

ֆինանսավորման աղբյուրները.

գտնվելու վայրը (հասցեն):

Դիմումին կից ներկայացվում են նաև`

ձեռնարկության սահմանված կարգով գրանցված կանոնադրության պատճենը.

վճարման փաստաթղթերի պատճենը` բանկի նշումով:

9. Կաբելային հեռուստատեսության տեղեկատվական համակարգեր ստեղծող պետական, կոոպերատիվ, հասարակական, բաժնետիրական, համատեղ փոքր ձեռնարկությունների և մասնավոր անձանց համար գրանցման գումարի չափը սահմանվել է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 424 որոշման 3-րդ կետով:

Արտասահմանյան իրավաբանական անձանց և քաղաքացիների մասնակցությամբ հեռուստաարտադրանքի տարածման դեպքում վճարվում է օտարերկրյա արժույթով, որը համարժեք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված գումարին:

Գրանցման համար կատարվող գանձումները մուծվում են հանրապետական բյուջե:

10. Գրանցման և վերագրանցման ենթակա են նաև այն բոլոր կազմակերպությունները, ձեռնարկությունները, կոոպերատիվները և մասնավոր անձինք, որոնք ավելի վաղ են ստեղծվել և ներկայումս գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

11. Գրանցման մարմինը պարտավոր է ստացված դիմումը քննարկել մեկամսյա ժամկետում.

12. Դիմումը չի քննարկվում այն դեպքում, եթե բացակայում են`

լիազորությունները հիմնադրի անունից.

որոշման ընդունման համար անհրաժեշտ տվյալները.

գրանցման վճարման վերաբերյալ փաստաթղթերը:

Դիմումը չքննարկելու վերաբերյալ որոշումը հիմնադրին հայտնվում է գրավոր` գրանցման համար սահմանված ժամկետում:

Դիմողը կարող է այդ որոշումը բողոքարկել դատարանում:

13. Զանգվածային լրատվության միջոցների գրանցման մերժումը կատարվում է հետևյալ դեպքերում`

եթե ստեղծվող համակարգը հնարավորություն չունի իր ծրագրերի հետ միաժամանակ տարածելու պետական ծրագրերը.

եթե զանգվածային լրատվության միջոցի անվանումը, նրա ծրագրային նպատակներն ու խնդիրները հակասում են գործող օրենսդրությանը.

եթե գրանցման մարմինը զանգվածային լրատվության միջոցը ավելի վաղ արտոնագրել է նույն անվանումով և նույն տարածքի համար.

եթե զանգվածային լրատվության միջոցի գործունեության դադարեցման վերաբերյալ կա որոշում և այն ուժի մեջ է.

եթե տեխնիկական և որակական ցուցանիշները չեն համապատասխանում պետստանդարտի պահանջներին.

եթե գրանցման համար դիմող իրավաբանական անձը տնտեսական գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիա չունի.

գրանցման մերժումը ուղարկվում է դիմողին` նշելով մերժման հիմքերը:

Զանգվածային լրատվության միջոցով հեռուստաարտադրանքը տարածող կազմակերպության գրանցման բացակայության դեպքում նրա գործունեությունը ենթակա է վարչական և քրեական պատասխանատվության:

14. Գրանցման դեպքում հիմնադրին տրվում է վկայական, որը ուժի մեջ է 3 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո գրանցման վերաբերյալ վկայականն ուժը կորցնում է և վերադարձվում գրանցման մարմնին, իսկ զանգվածային լրատվության միջոցը վերագրանցվում է ընդհանուր հիմունքներով:

Գրանցման վերաբերյալ վկայականը չի երաշխավորում հեռուստածրագրերի ալիքների ու ռադիոհաճախականությունների տեխնիկական միջոցների նախապատրաստման և տարածման թույլտվությունը:

15. Եթե գրանցման վերաբերյալ վկայական ստացած զանգվածային լրատվության միջոցների հիմնադիրը չի գործում 1 տարուց ավելի, ապա գրանցման վերաբերյալ վկայականը անվավեր է համարվում և վերադարձվում վկայականը տված մարմնին, իսկ այդ գործունեության վերսկսման համար պահանջվում է վերագրանցում ընդհանուր հիմունքներով:

16. Զանգվածային լրատվության միջոցների հիմնադիրները պարտավոր են գրանցման մարմնին ծանոթացնելու թողարկվող հեռուստաարտադրանքին, պատասխանելու նրա հարցումներին, այդ թվում անհրաժեշտ նյութերի և փաստաթղթերի տրամադրմամբ:

Հիմնադիրը առաջին անհրաժեշտության դեպքում պարտավոր է գրանցման մարմնին ներկայացնել իր տեխնիկական միջոցները` ստուգման համար:

17. Զանգվածային լրատվության միջոցով հեռուստաարտադրանք տարածող կազմակերպությունների կողմից սույն կանոնադրության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում գրանցման մարմինն այդ մասին գրավոր հայտնում է հիմնադրին:

Կրկնակի խախտման դեպքում գրանցման մարմինն իրավունք ունի որոշում ընդունելու և դադարեցնելու նրա գործունեությունը:

18. Զանգվածային լրատվության միջոցի գրանցման մերժման և գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատարանում, որի համապատասխան որոշումից հետո միայն իրավունք է վերապահվում հիմնադրին վերսկսել իր գործունեությունը:

19. Բոլոր ձեռնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական և գիտական հիմնարկությունները, որոնք ուսումնական կամ այլ նպատակներով կստեղծեն հեռուստատեսության փակ և անվճար համակարգ` առանց հանրապետական և տեղական լսարան դուրս գալու իրավունքի, ինչպես նաև շահագործումն ապահովելու հարցերը որոշում է պատվիրատուն` տեղական մարմինների և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համաձայնությամբ:

25. Գործող կաբելային հեռուստատեսության տեղեկատվական համակարգերին զուգահեռաբար նոր համակարգերի ստեղծում չի թույլատրվում:

26. Կաբելային հեռուստատեսության տեղեկատվական համակարգերի ստեղծման տեխնիկական թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը:

27. Տեխնիկական թույլտվության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

կազմակերպության, ձեռնարկության, մասնավոր անձի փոստային հասցեն.

ստեղծվող կազմակերպության կանոնադրությունը, լիցենզիան, տեղեկանք համակարգի գտնվելու վայրի, ցանցի տարողունակության և գոտու մասին.

երաշխիքներ` ստեղծվող համակարգի մեջ հեռուստատեսության գործող և պլանավորվող պետական ծրագրեր մտցնելու վերաբերյալ, ապահովելով որակը` գործող ստանդարտներին համապատասխան:

28. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից տրված տեխնիկական թույլտվության մեջ նշվում են`

համակարգի գտնվելու վայրը, գործողության գոտին, տարողունակությունը, հեռուստաալիքների քանակը, ծրագրերի ընդունման և հաղորդման (փոխանակման) հաճախականությունները:

Տեխնիկական թույլտվության մեջ պետք է լինի նաև գործողության գոտու նախագծման առաջադրանքը` ըստ կաբելային հեռուստատեսության զարգացման գլխավոր սխեմայի.

ինժեներական հաղորդակցման ուղիների անցկացման տեխնիկական պայմանները.

ստեղծման և շահագործման համար անհրաժեշտ նորմատիվ նյութերը.

հեռուստատեսային բոլոր ալիքներում էլեկտրամագնիսական դաշտի լարվածության չափումների արդյունքները, որոնք գործում են կաբելային հեռուստատեսության գոտում:

Տեխնիկական թույլտվության մեջ մտնող նյութերի մշակման համար ծառայությունների վարձատրումը կատարում է պատվիրատուն` պայմանագրային հիմունքով:

29. Կաբելային հեռուստատեսության ստեղծման և հետագա շահագործման տեխնիկական թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կաբելային հեռուստատեսության զարգացման գլխավոր սխեմային համապատասխան Երևան քաղաքում և հանրապետական նշանակության քաղաքներում 2000 բաժանորդ ունենալու դեպքում և առանց սահմանափակման` Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում ու բնակավայրերում:

30. Տեխնիկական թույլտվությունը տրվում է ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

31. Տեխնիկական թույլտվության մերժման պատճառներն են`

տնտեսական գործունեության տեսակով զբաղվելու իրավունքի վերաբերյալ համապատասխան լիցենզիայի բացակայությունը.

ստեղծվող համակարգի գործողության գոտում գործող և ծրագրվող պետական ծրագրերի տարածման վերաբերյալ պատվիրատուի երաշխիքների բացակայությունը.

համապատասխան նյութերի և տվյալների ոչ լրիվ ներկայացումը:

32. Ավելի վաղ տրված տեխնիկական թույլտվությունը կարող է անվավեր համարվել`

համակարգում բարոյապես հնացած սարքավորման օգտագործման դեպքում.

հեռուստահաղորդման պետական ծրագրերի անջատման դեպքում.

զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության խախտման դեպքում:

32. Կաբելային հեռուստատեսության համակարգերի ստեղծումը, շահագործումը և սույն կանոնադրությամբ սահմանված կանոնների և նորմերի նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմի և կապի նախարարության վրա:

 

III. Երկրի արհեստական արբանյակների և սահմանամերձ

հեռուստակայանների օգնությամբ արտասահմանյան

հեռուստածրագրերի ազդանշանները Հայաստանի

Հանրապետության տարածքում ընդունելու և տարածելու

կարգի մասին

 

34. Երկրի արհեստական արբանյակների և սահմանամերձ հեռուստակայանների կողմից սփռվող հեռուստածրագրերի օգտագործման ցանկության դեպքում լիցենզիա հայցողը պարտավոր է հեռուստատեսության ծրագրերի արտասահմանյան իրավատերերի, Հայաստանի Հանրապետության կամ ԽՍՀՄ նրանց լիազոր ներկայացուցիչների հետ կարգավորել ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների հետ կապված հարցերը:

35. Երկրի արհեստական արբանյակների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք հաղորդվող հեռուստատեսության արտասահմանյան ծրագրերի տարածման համար նախանշված ընդունող սարքերի տեղադրումը կատարվում է միայն ընդունման պայմանների և որակի նախագծային մշակման հիման վրա:

36. Ընդունիչ անտենաների տեղադրումը շենքերում, անհատական և կոլեկտիվ տներում իրականացվում է դրանց տերերի համաձայնությամբ` ճարտարապետական պահանջների, շինարարական նորմերի և կանոնների, ինչպես նաև անվտանգության միջոցների պահպանմամբ, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից սահմանված կարգով, որը համաձայնեցվում է տեղական մարմինների հետ:

37. Երկրի արհեստական արբանյակների միջոցով տրանսլյացիայի ենթարկվող հեռուստատեսության արտասահմանյան ծրագրերի ազդանշանների ընդունման համար սարքերի նախագծումը և պատրաստումը, ինչպես նաև արտասահմանից այդպիսի սարքերի ներմուծումը կատարվում է սահմանված կարգով:

38. Մշակվող սարքավորման հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից հաստատած տեխնիկական նորմերին:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
10.10.1991
N 600
Որոշում