Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

27 մայիսի 2004 թվականի N 20

 

28. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ հանրակրթության պետական կրթակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Երիցյանին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանրակրթության պետական կրթակարգի ներդրումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի մայիսի 27-ի

N 20 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳ

 

Բովանդակություն

 

ՆԱԽԱԲԱՆ

1. Կրթակարգի սահմանումը և գործառույթները

2. Հանրակրթության բարեփոխման անհրաժեշտությունը

3. Հանրակրթության նպատակները և բարեփոխման ռազմավարությունը

4. Հանրակրթության կազմակերպման սկզբունքները

5. Միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտի նկարագիրը

6. Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքի սահմանումը

7. Միջնակարգ կրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները

8. Առարկայական չափորոշչի ձևավորման սկզբունքները

9. Նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները

10. Հատուկ կրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները

11. Գնահատումը, դրա հիմնական սկզբունքները և գործառույթները

12. Մանկավարժական տեխնոլոգիաների և մեթոդների ընտրությունը

13. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը

14. ՈՒսուցիչներին ներկայացվող ընդհանրական պահանջները

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հանրակրթության պետական կրթակարգում (այսուհետ` կրթակարգ) ներառված են կրթական քաղաքականության հիմնական դրույթները, դաստիարակության, ուսուցման, ուսումնառության և գնահատման ընդհանուր սկզբունքները:

Հանրակրթության պետական կրթակարգի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի իրացման ու պաշտպանության, կրթության համակարգի գործառության և զարգացման համար իրավական երաշխիքների ու մեխանիզմների ապահովման անհրաժեշտությամբ:

Կրթակարգի գլխավոր նպատակը որակյալ կրթության ապահովումն է, կրթության հանդեպ հայ ժողովրդի ավանդական վերաբերմունքի պահպանումն ու ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին:

Կրթակարգն անհրաժեշտ է կրթական գործընթացը կազմակերպող պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրակրթական դպրոցներին և կրթություն իրականացնող մյուս հաստատություններին` տեղական պայմաններին և առանձնահատկություններին համապատասխան ծրագրեր կազմելու, կրթական միասնական քաղաքականություն ապահովելու և սահմանված ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Կրթակարգը պետության և հասարակության համար կրթության կազմակերպման գործընթացն ու արդյունքները վերահսկելու և գնահատելու միջոց է:

 

1. ԿՐԹԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Կրթակարգը ամրագրում է կրթական քաղաքականության հիմնական դրույթները, միջնակարգ կրթության, նախադպրոցական և հատուկ կրթության պետական չափորոշիչների և հանրակրթական առարկաների չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, սովորողներին և ուսուցիչներին ներկայացվող հիմնական պահանջները:

Կրթակարգի հիմնական գործառույթներն են`

  1. կրթության բնագավառում քաղաքականության միասնականության ապահովումը.
  2. կրթության որակի բարելավման ապահովումը.
  3. հանրակրթության իրականացման գործընթացում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակության և անհատի հարաբերությունների կանոնակարգումը.
  4. կրթության համապատասխանեցումը պետության և հասարակության առաջադրած խնդիրներին, անհատի պահանջմունքներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
  5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի հաջորդականության ապահովումը.
  6. մասնագիտական կրթական ծրագրերի մշակման և իրականացման հիմքերի ստեղծումը:

 

2. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Համաշխարհային արդի զարգացումներն իրենց անմիջական ներգործությունն են ունենում կրթական համակարգերի վրա` առաջադրելով տարատեսակ խնդիրներ:

Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության, բարձր տեխնոլոգիաների հարաճուն ներդրման և կիրառման հետևանքով ազգային և համաշխարհային տնտեսություններն անընդհատ վերակառուցվում են: Արդյունաբերական տնտեսությունը վերաճում է գիտելիքների տնտեսության, իսկ հասարակությունը դառնում է տեղեկատվական: Անընդհատ փոփոխվում է աշխատանքային միջավայրը, նորովի են կազմավորվում և վերաբաշխվում աշխատատեղերը: Որակյալ մասնագետների պահանջարկն առաջնահերթ է դարձնում աշխատանքային շուկայի պահանջներին արագորեն հարմարվելու, տեղաշարժվելու կարողությունը:

Կրթության դերն աճում է. միաժամանակ կրթությունը վերաճում է մի գործոնի, որը նպաստում է հասարակության մեջ մարդու դերի առավել արժևորմանը` զարգացնելով համակեցության, հանդուրժողականության, համագործակցության և արժեքային որակներ:

Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է ժողովրդավարության ազատական տնտեսության վրա հենվող քաղաքացիական հասարակություն: Կյանքի բոլոր ոլորտներում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, որոնք պայմանավորված են ոչ միայն ազգային առանձնահատկություններով, այլև համաշխարհային զարգացումներին բնորոշ աշխարհաքաղաքական, ժողովրդագրական, մշակութային, սոցիալական գործոններով:

Հանրակրթության էական բարեփոխումը և առաջանցիկ զարգացումը դառնում են անհրաժեշտ ու անխուսափելի: Պետության և ազգի անվտանգության ապահովման և հզորացման գործում գերակա խնդիր է դառնում պետական մտածելակերպ ունեցող և ապագայի մարտահրավերներին դիմակայելու պատրաստ մարդու ձևավորումը:

Կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը պահանջում է ուսուցման ավանդական մոտեցումների վերանայում և հանրակրթական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերաբերմունքի ճշգրտում:

Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակության և ուսումնական գործընթացի կազմակերպման բարեփոխումը պայմանավորված է նաև հետևյալ հիմնախնդիրների առկայությամբ`

  1. գործող չափորոշիչները, առարկայական ծրագրերն ու դասագրքերը, գնահատման համակարգը ժամանակակից կրթական պահանջներին մասամբ են համապատասխանում.
  2. թերի է կրթության մասին օրենսդրությունը. հստակորեն կանոնակարգված չեն պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակության և անհատի միջև հարաբերությունները.
  3. չափից դուրս կարևորվում է սովորողին տեղեկատվության հաղորդումը և նրա կողմից փաստերի մտապահումը, բավարար ուշադրություն չի դարձվում նրա կարողությունների և հմտությունների զարգացմանը.
  4. կրթության բովանդակությունը ներկայացված է մեծ թվով առարկաներով, ուսումնական նյութը պարունակում է անհիմն կրկնություններ, անբավարար է իրականացվում բովանդակության ինտեգրումը.
  5. ուսումնական ծրագրերը հրահանգչական բնույթ են կրում և խրախուսում են ուսուցչի և դասագրքի` որպես գիտելիքի միակ աղբյուրի դերը.
  6. կրթության բովանդակային պահանջները բարդ են և ուղղված են բարձր առաջադիմություն ունեցողներին.
  7. բավարար չափով են օգտագործվում ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներ և ուսուցման մեթոդներ.
  8. թույլ է ուսումնական գործընթացների դաստիարակչական ուղղվածությունը.
  9. սովորողների ուսումնական բեռնվածությունը չափազանց մեծ է, իսկ հենքային ուսումնական պլանը դպրոցներին նորարարական ծրագրեր իրականացնելու բավարար ազատություն չի տալիս.
  10. կրթության համակարգը հաշվի չի առնում գյուղի առանձնահատկությունները.
  11. առաջին դասարան ընդունվող երեխաների համար ապահովված չեն դպրոցին նախապատրաստվելու հավասար պայմաններ.
  12. հանրակրթությունը չի ապահովում շրջանավարտի սահուն անցումը դպրոցից մասնագիտական ուսումնական հաստատություն:

Առկա հիմնախնդիրները լուծելու համար հրատապ է դարձել Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության քաղաքականությունն ու բովանդակությունը նորովի սահմանելու և դրանք մեկ ամբողջական փաստաթղթով` կրթակարգով, համակարգված ներկայացնելու անհրաժեշտությունը:

 

3. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կրթությունը անհատի, հասարակության և պետության շահերից բխող ուսուցման և դաստիարակության միասնական գործընթաց է, որը նպատակաուղղված է հայ ժողովրդի և մարդկության հոգևոր ժառանգությունը, գիտելիքներն ու փորձը յուրացնելուն, պահպանելուն, հարստացնելուն և սերունդներին փոխանցելուն:

Հայաստանի Հանրապետությունում կրթությունը երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոն ու երաշխիք է:

Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ փառքի և վարվելակերպի ձևավորումը:

Սույն կրթակարգի համաձայն` առաջարկվում է

  1. Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացնել 12-ամյա տևողությամբ եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` հետևյալ հաջորդական աստիճաններով`
    ա) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ).
    բ) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ).
    գ) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):
  2. Տարրական դպրոցի հիմնական նպատակը սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:
  3. Միջին դպրոցի հիմնական նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:
  4. Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է:
  5. Հանրակրթության որակը բարելավելու և ազգային արժեքներ կրող, ժողովրդավարական հասարակության քաղաքացի ձևավորելու համար անհրաժեշտ է.

ա) ապահովել նախադպրոցական կրթության չափորոշչի մշակումն ու ներդրումը, ինչը պետք է նպաստի մանկապարտեզ ընդգրկված երեխաների դաստիարակության և ուսուցման բովանդակության, ուսումնական բեռնվածության ծավալի սահմանմանը և նրանց խնամքն ապահովող անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.

բ) ապահովել միջնակարգ դպրոցի սովորողների տարիքին (6-18 տարեկան) համապատասխան միջնակարգ կրթության նոր չափորոշիչների մշակումն ու ներդրումը.

գ) ձևավորել հանրակրթության երաշխավորված և առաջանցիկ ֆինանսավորումն ապահովող համակարգ.

դ) վերանայել հանրակրթության ոլորտի կառավարման սկզբունքները` հավասարակշռելով պետական կառավարումը, դպրոցական ինքնավարությունը և հասարակական վերահսկողությունը.

ե) ներդնել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման և ատեստավորման մշտապես գործող համակարգ.

զ) դպրոցներն ապահովել բավարար շենքային պայմաններով, կահավորել անհրաժեշտ գույքով, ուսումնական պարագաներով, դիդակտիկ նյութերով, լաբորատոր սարքավորումներով, մարզադահլիճներով, մարզահրապարակներով, մարզագույքով.

ը) ուսումնական գործընթացում ապահովել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հարաճուն ներդրումը.

թ) մշակել և ներդնել հատուկ կրթության պետական չափորոշիչը` ապահովելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կրթություն ստանալու իրավունքն ու հնարավորությունը.

ժ) մշակել և ներդնել հանրակրթական դպրոցի գործունեության, ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսուցման արդյունքների գնահատման նոր համակարգ:

Սույն կրթակարգի ապահովման նպատակով պետությունը պետք է խրախուսի ոչ պետական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասնակցությունը հանրակրթության կազմակերպմանը և իրականացմանը:

 

ԻՐՏԵԿ որոշման բնագրում 3-րդ բաժնի 5-րդ կետում է) ենթակետ չկա 

 

4. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են հանրակրթության կազմակերպման հետևյալ սկզբունքները`

  1. հանրակրթությունն իրականացվում է ազգայինի հենքի վրա` համամարդկային արժեքների ներդաշնակ զուգորդմամբ.
  2. հանրակրթությունը բխում է մարդու և քաղաքացու շահերից, ծառայում է անհատին ու ժողովրդին.
  3. հանրակրթությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով, նպատակաուղղված է հայոց լեզվի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը, ազգային ինքնության և միասնության ապահովմանը.
  4. հանրակրթական դպրոցը ապահովում է երեխայի կրթություն ստանալու իրավունքը, մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացումը, հոգ է տանում նրա առողջության պահպանման համար.
  5. հանրակրթությունն իրականացվում է ուսուցման և դաստիարակության միասնականության սկզբունքով, պահպանում է իր աշխարհիկ բնույթը, զերծ է խտրականությունից ու սահմանափակումներից և հավասարապես մատչելի է յուրաքանչյուրին` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
  6. հիմնական կրթությունը պարտադիր է և հասանելի յուրաքանչյուր անձի` անկախ նրա հետաքրքրություններից, նախնական մասնագիտական կողմնորոշումից, մտավոր և ֆիզիկական կարողություններից.
  7. հանրակրթությունն իրականացվում է սովորողների տարիքային առանձնահատկություններին և զարգացման մակարդակին համապատասխան. 
  8. հանրակրթության միջոցով իրացվում է ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքը.
  9. պարտադիր կրթության բովանդակությունը միասնական է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ դպրոցի ինքնուրույնությունը դրսևորվում է պետական չափորոշիչով սահմանված ընդհանրական պահանջների շրջանակներում.
  10. կրթության գործընթացը հենվում է մանկավարժական և հոգեբանական գիտությունների, ուսուցման ժամանակակից մեթոդների, առաջավոր փորձի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (այսուհետ նաև` ՏՀՏ) արդյունավետ կիրառման վրա:

Հանրակրթության նպատակներն ու խնդիրները փոխկապակցված և միասնացված (ինտեգրված) են, դրանց իրականացումն ապահովվում է բարձրորակ մանկավարժների և կրթության ոլորտի բոլոր կառույցների համակարգված գործունեությամբ:

 

5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Հանրակրթական դպրոցի շրջանավարտի ստորև ներկայացվող ամբողջական նկարագիրը դիտվում է որպես կատարելատիպ: Հանրակրթության հետևողական և նպատակասլաց իրականացման արդյունքում ակնկալվում է, որ շրջանավարտը պետք է`

ա) ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր, լիարժեք տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին.

բ) իմանա իր երկրի քաղաքական, իրավական և տնտեսական հիմքերի, գիտության, արվեստի և մարզական նվաճումների մասին.

գ) գիտակցի հայ ժողովրդի ու հայոց պետության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ունենա ազգային մտածողություն և ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու փոխանցողը, մտահոգվի ազգային և պետական խնդիրների լուծմամբ.

դ) ունենա պետական չափորոշիչով սահմանված գիտելիքների համակարգ և ձեռք բերած գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ունակություն.

ե) ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն.

զ) դրսևորի փոխըմբռնում և կարողանա համագործակցել ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ.

է) իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղաքացի.

ը) իմանա բնապահպանական հիմնախնդիրները, լինի բնության և շրջակա միջավայրի պաշտպան.

թ) ճանաչի համաշխարհային քաղաքակրթության նվաճումները, հարգի մարդկային արժեքները.

ժ) կարողանա հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզուներով, օգտվել հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներից.

ժա) իմանա առողջ ապրելակերպի, անվտանգ կենսագործունեության կանոնները և դրանք կիրառի կյանքում.

ժբ) գիտակցի ընտանիք կազմելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի ընտանեկան կյանքին.

ժգ) կարողանա ճիշտ գնահատել իր հնարավորությունները, ունենա վստահություն սեփական ուժերի հանդեպ, ինքնակրթությամբ զբաղվելու կամք, ունակ լինի սովորելու ողջ կյանքի ընթացքում.

ժդ) ունակ լինի իր նախասիրություններին, հետաքրքրություններին և հակումներին համապատասխան մասնագիտություն և աշխատանք ընտրելու, ինքնուրույն տնտեսություն վարելու:

 

6. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`

ա) նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը.

բ) միջնակարգ կրթության պետական չափորոշիչը.

գ) հատուկ կրթության պետական չափորոշիչը.

դ) հանրակրթական առարկաների /այսուհետ` առարկայական/ չափորոշիչները:

Դրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է առանձին նորմատիվ փաստաթուղթ և հիմք է հանդիսանում տվյալ բնագավառի ուսումնադաստիարակչական գործունեության կազմակերպման համար:

Սույն կրթակարգում ներկայացվում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, միջնակարգ կրթության պետական չափորոշչի, հատուկ կրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ձևավորման սկզբունքները:

 

7. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Միջնակարգ կրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`

  1. հանրակրթության համապատասխանեցումը հասարակական ու պետական կրթական պատվերին, երկրի զարգացման հեռանկարային ծրագրերին.
  2. հանրակրթության զարգացման արդի միտումները հաշվի առնելը.
  3. կրթության բովանդակության համակարգվածության, հաջորդայնության, շարունակականության և ամբողջականության ապահովումը.
  4. սովորողների տարիքային, հոգեբանական, կազմաբնախոսական առանձնահատկությունները հաշվի առնելը.
  5. հանրակրթության գործընթացի և արդյունքների գնահատելիության ապահովումը:

 

8. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Առարկայական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`

  1. ուսումնական բնագավառի ընդհանրական բովանդակության որոշակիացումը և տեղակայումը` ըստ դպրոցի աստիճանների և բովանդակային բաղադրիչների.
  2. ուսումնական նյութի յուրացման կարողությունների և հմտությունների գնահատելիության ապահովումը.
  3. առարկայի բովանդակության, ուսումնական նյութի և կիրառական հմտությունների զարգացման շարունակականության ապահովումը` ըստ դասարանների հաջորդականության.
  4. առաջադրված պահանջների հստակությունը և նորամուծությունների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը.
  5. առարկայի յուրացման ընթացքում սովորողի ինքնուրույն աշխատանքի ընդունելի ծավալի պահպանումը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հնարավորությունների օգտագործումը.
  6. մյուս առարկաների յուրացմանը նպաստող գործոնները հաշվի առնելը.
  7. ներառարկայական և միջառարկայական միասնացման (ինտեգրման) ապահովումը.
  8. ուսումնական նյութի թեմատիկ շարադրանքում բովանդակային համապատասխան բաղադրիչների տեղակայումը և դրանց համակողմանի ներկայացման ապահովումը.
  9. սովորողների ուսումնական գործունեության պլանավորումը:

Առարկայական չափորոշիչը ներառում է`

ա) բացատրագիր.

բ) ուսումնական առարկայի (դասընթացի) հայեցակարգ.

գ) առարկայի ուսումնական ընդհանուր նպատակները.

դ) առարկայի բովանդակային պարտադիր միջուկը.

ե) ուսումնական գործունեության տեսակները.

զ) սովորողին ներկայացվող նվազագույն պարտադիր պահանջները.

է) ուսուցման արդյունքների ստուգման և գնահատման կարգը.

ը) առաջարկվող գրականության ցանկը:

Առարկայական չափորոշչի հիման վրա մշակվում են ուսումնական առարկաների պետական ծրագրերը, որոնք հիմք են ծառայում դասագրքերի, ձեռնարկների և ուսումնական այլ նյութերի ստեղծման համար:

Առարկայական չափորոշչի հիման վրա կարող են ստեղծվել այլընտրանքային առարկայական ծրագրեր և դասագրքեր, որոնք նույնպես հաստատվում են նախարարության կողմից:

Առարկայական ծրագրերը գործածության են երաշխավորվում առնվազն մեկ ուսումնական տարի փորձաշրջան անցնելուց հետո:

 

9. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`

  1. վաղ մանկական տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունների հաշվառումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի անհատականացման ապահովումը.
  2. երեխաներին ներկայացվող պահանջների և նրանցից ունեցած ակնկալիքների հստակ սահմանումը, մտքի և խոսքի ազատ դրսևորման ապահովումը.
  3. ուսումնադաստիարակչական գործունեությունը պլանավորելիս համալիր, բազմակողմանի և ներդաշնակ մոտեցման, խաղի գերակայության և խաղային գործունեության ապահովումը.
  4. երեխայակենտրոն ուսումնադաստիարակչական և ֆիզիկական միջավայրի ստեղծման կարևորումը.
  5. ուսումնադաստիարակչական ծրագրերում խոսքի զարգացման, մայրենի լեզվով հաղորդակցվելու, տրամաբանական մտածողության, ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի տիրապետման, ֆիզիկական, բարոյագեղագիտական, հայրենասիրական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակության ապահովումը.
  6. բարեկիրթ վարքի դաստիարակման, ստեղծագործական ունակությունների, ընդհանուր հմտությունների, ընդունակությունների և հնարամտության առողջ սովորությունների զարգացման ապահովումը.
  7. ուսումնադաստիարակչական գործընթացում ընտանիքի գործուն դերի ապահովումը, ծնողների ներգրավումը.
  8. երեխայի սահուն անցման ապահովումը տարրական դպրոց:

 

10. ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հատուկ կրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`

  1. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներգրավման, հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ կրթական միջավայրի ու պայմանների ստեղծման ապահովումը.
  2. համապատասխանությունը սովորողների կարիքներին և ուսումնական գործունեություն իրականացնելու նրանց հնարավորություններին.
  3. կիրառելիությունը ինչպես առկա (հանրակրթական և հատուկ դպրոցներում), այնպես էլ ընտանեկան, հեռակրթության կազմակերպման ժամանակ.
  4. կիրառական ուղղվածությունը` սովորողների զարգացման շեղումներին և մակարդակին համապատասխան տարրական աշխատանքային հմտություններ ապահովելու տեսանկյունից.
  5. հատուկ ուսումնական պլանով և անհրաժեշտ միջավայրում ու պայմաններում ուսուցում կազմակերպելու հնարավորությունը.
  6. գնահատման այլընտրանքային համակարգի կիրառումը:

 

11. ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կիրառվում են տարբեր անհատական մոտեցումներ /խրախուսում, ոգևորում/ երեխաների գիտելիքները, կարողությունները և հմտությունները այլ կերպ չեն գնահատվում:

Միջնակարգ հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատություններում կիրառվում է գնահատում, որը հանդիսանում է ուսումնական գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց:

Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների կողմից առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարումը:

Գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների ստուգումը և դրա հիման վրա ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսման որակի վերահսկումն է:

Գնահատումը նպաստում է նաև սովորողի ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը:

Գնահատման գործող համակարգի վերափոխումը պայմանավորված է որոշակի հիմնախնդիրների առկայությամբ: Դրանք են`

ա) գնահատումը հիմնականում բացահայտում է սովորողի ստացած տեղեկությունների ու փաստերի մտապահման աստիճանը և չի նպաստում նրա ճանաչողական-կիրառական կարողությունների ու հմտությունների զարգացմանը.

բ) գնահատման գործընթացը թափանցիկ չէ և ամբողջովին չի բացահայտում ուսուցման արդյունքները, չի արտացոլում յուրաքանչյուր սովորողի և դպրոցի առաջընթացի իրական պատկերը.

գ) դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեությունը գնահատելիս հաշվի չեն առնվում տվյալ դպրոցի առանձնահատկություններն ու հնարավորությունները, սահմանված չեն դպրոցների գնահատման միջինացված միասնական չափանիշներ.

դ) հինգմիավորանոց համակարգը չի ապահովում ճշգրիտ տարբերակված գնահատում և միավորային համարժեքության որոշման առումով բարդություններ է առաջացնում այլ երկրների գնահատման համակարգերին համադրելիս:

Սովորողների գնահատման նոր համակարգի մշակումը և կիրառությունը պետք է կատարվի առարկայական չափորոշիչների և ծրագրերի ներդրմանը զուգահեռ:

Գնահատման ներդրվող համակարգը պիտի հիմնվի արդարության, հուսալիության, անկողմնակալության, հավաստիության, հիմնավորվածության, մատչելիության, թափանցիկության սկզբունքների վրա և ապահովի համադրելիությունը միջազգայնորեն ընդունված գնահատման չափանիշներին:

Գնահատման հիմնական գործառույթներն են`

  1. սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը.
  2. սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը.
  3. դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը.
  4. սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը.
  5. սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը.
  6. մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը.
  7. չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը.
  8. հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
  9. սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը.
  10. դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:

Գնահատումը բացահայտում է նաև ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, որոշակի առարկայի յուրացման մակարդակի առանձին ուսումնական հաստատությունում, մարզում, ինչպես նաև` հանրապետության ողջ տարածքում:

 

12. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՈՒսումնական գործընթացում ուսուցիչն ու դպրոցը կարող են ընտրել առարկայական չափորոշիչներով սահմանված կրթական մակարդակ ապահովող ցանկացած մանկավարժական տեխնոլոգիա և մեթոդ: Սույն կրթակարգի պահանջների կատարման համար յուրաքանչյուր դպրոց և ուսուցիչ պետք է ձգտի ապահովել.

  1. ուսուցման արդյունավետությանը նպաստող մթնոլորտ և ֆիզիկական միջավայր.
  2. գիտելիքների յուրացմանը, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված ուսուցման և դաստիարակության միասնականացում.
  3. սովորողի կարողություններին համապատասխան առավելագույն կրթական մակարդակ ապահովող անհատական մոտեցում.
  4. ուսումնական գործընթացում յուրաքանչյուր սովորողի հարաճուն մասնակցություն.
  5. սովորողների կարողություններին աճին համապատասխան կրթական նոր պահանջների առաջադրում, զարգացնող ուսուցման կազմակերպում.
  6. ուսուցման և դաստիարակության գործընթացում սովորողի անձնական կենսափորձը հաշվի առնելը.
  7. միջառարկայական կապերի ստեղծմանն ուղղված տարբեր հնարների ու միջոցների կիրառում.
  8. սովորողների և ուսումնական գործընթացի շարունակական ու տարաբնույթ գնահատում:

ՈՒսուցումը և դաստիարակությունը կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ ելակետային հիմնադրույթները`

ա) յուրաքանչյուր սովորող ի վիճակի է յուրացնելու մանկավարժորեն և հոգեբանորեն ճիշտ ընտրված և ներկայացված ցանկացած ուսումնական նյութ.

բ) երեխաները միմյանցից զանազանվում են ոչ թե ուսումնական ծրագրերի յուրացման կարողությունների սկզբունքային տարբերություններով, այլ իրենց մտածելակերպով, հոգեբանական առանձնահատկություններով, լեզվամտածողության և ընկալման յուրահատկություններով.

գ) ուսուցման նկատմամբ սովորողի դրական վերաբերմունքը պայմանավորված է ինչպես ուսումնական նյութի բովանդակությամբ, այնպես էլ այդ նյութի յուրացման հաջող ընթացքով:

 

13. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունում կրթական քաղաքականության իրականացման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Նոր տեխնոլոգիաների և ինտերնետի օգտագործումը զգալիորեն ընդլայնում է ուսումնական նյութի որոնման, հաղորդման և յուրացման հնարավորությունները` որակական նոր բնույթ հաղորդելով ուսուցման կազմակերպմանը և ապահովելով ինքնակրթության ու շարունակական կրթության լայն հնարավորություն:

Համակարգիչը դպրոցում դիտարկվում է որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկը, իսկ ինֆորմատիկան (տեղեկագիտությունը)` ուսումնական նյութի արդյունավետ յուրացմանը նպաստող համապիտանի առարկա:

Կրթական նոր պահանջները բավարարելու համար դպրոցական լաբորատորիաները պետք է հարստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորումներով:

ՏՀՏ-ի օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան օժանդակող և գնահատող գործընկեր:

Համակարգիչը դառնում է նաև դպրոցի կառավարման, ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների մասին տվյալների կուտակման, ծնողների հետ տարվող աշխատանքի և արտադասարանային գործունեության իրականացման գործիք:

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները սերտորեն առնչվում են բոլոր առարկաների դասավանդմանը: Անհրաժեշտ է դառնում դպրոցներում ստեղծել էլեկտրոնային գրադարաններ:

Տարրական դպրոցում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործվում են ուսումնական նյութն առավել գրավիչ և դյուրըմբռնելի ներկայացնելու համար:

Միջին դպրոցի ցածր դասարաններում ինֆորմատիկայի դասավանդման ընթացքում շեշտը դրվում է համակարգչով աշխատելու հիմնական հմտություններ մշակելու, ստեղծագործությունը խրախուսելու վրա: Առարկայի դասավանդումը նպաստում է նաև ժամանակակից համակարգչային ուսուցողական ծրագրերով այլ առարկաներից որոշակի նյութ հաղորդելուն, սովորողների կողմից դրա յուրացմանը:

Միջին դպրոցի բարձր դասարաններում ինֆորմատիկայի դասավանդման հիմնական նպատակը առարկայի վերաբերյալ հիմնարար գիտելիքների յուրացումը, ժամանակակից գիտական և հասարակական կյանքում ինֆորմատիկայի դերի ընկալումը, համակարգչային հմտությունների զարգացումը, հանրահայտ կիրառական ծրագրերով աշխատելու կարողության ձևավորումն է: Ձեռք բերված հմտությունները կկիրառվեն նաև մյուս առարկաների ուսումնական նյութի հայթայթման, մշակման, յուրացման, տնային առաջադրանքների կատարման, ազատ ժամանցի կազմակերպման նպատակով:

Ավագ դպրոցի համապատասխան տարբերակված հոսքում իրականացվում է ինֆորմատիկայի խորացված ուսուցում:

Ավագ դպրոցի մյուս հոսքերում ինֆորմատիկայի ուսուցումը զարգացնում է տարածված ոչ բարդ կիրառական ծրագրերի ուսումնասիրության, կյանքի պահանջների և ապագա աշխատանքային գործունեության համար համակարգչային անհրաժեշտ հմտություններ:

 

14. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Կրթակարգի ներդրման հաջողությունն ապահովող հիմնական գործոնը ուսուցիչների պատրաստման և մասնագիտական կատարելագործման արդյունավետ իրականացումն է: Կրթակարգով կարևորվում է սովորողի ոչ միայն գիտելիքների, այլև կարողությունների, հմտությունների և որոշակի արժեքային համակարգի ձևավորումը, ուստի ուսուցիչը պետք է գիտակցի բարեփոխումների անհրաժեշտությունը և դրանցում իր մասնակցության կարևորությունը, ունենա մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն և բարոյական որակներ, կարևորի սովորելու և սովորեցնելու ժամանակակից մեթոդները, մշտապես կատարելագործի մասնագիտական կարողությունները, պարբերաբար մասնակցի վերապատրաստման դասընթացների, զբաղվի ինքնակրթությամբ:

Մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը պետք է նպաստեն, որ ուսումնառության արդյունքում մանկավարժը տիրապետի.

  1. Իր աշխատանքը ծրագրելու կարողությանը, այդ թվում`
    ա) ուսումնական գործընթացն արդյունավետ ծրագրելու, առանձին դասընթացների, թեմատիկ միավորների և դասերի պլաններ մշակելու.
    բ) ինքնուրույն կամ գործընկերների հետ միասին ուսումնական նյութեր ստեղծելու:
  2. ՈՒսուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու կարողությանը, այդ թվում`
    ա) անհատականացված ուսուցում իրականացնելու.
    բ) սովորողի տարիքային, հոգեբանական և կազմաբնախոսական առանձնահատկությունները, անհատական և խմբային գործունեության շարժառիթներն ու վարքագիծը հաշվի առնելու.
    գ) կրթության բովանդակության յուրացումն ապահովող ուսուցման ժամանակակից մեթոդներ և հնարներ ներդնելու.
    դ) ուսուցման համար բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր ստեղծելու:
  3. Գնահատման կարողությանը` դիտարկելով գնահատումը որպես սովորողի խրախուսման և նրա շարունակական զարգացումն ապահովող միջոց:
  4. Անդրադարձ (ռեֆլեքսիա) կատարելու կարողությանը, որպես ուսուցման և դաստիարակության գործընթացին մշտական անդրադարձ կատարելու, սեփական աշխատանքի արդյունքները շարունակաբար գնահատելու, սեփական պլանները վերանայելու միջոց:
  5. Մասնագիտական զարգացման հմտություններին, այդ թվում`
    ա) ինքնուրույն և գործընկերների հետ մասնագիտական նպատակային հետազոտություններ կատարելու, ամփոփելու և եզրակացություններ ներկայացնելու.
    բ) սեփական մասնագիտական զարգացումը պլանավորելու և իրականացնելու:

Մանկավարժների մասնագիտական կատարելագործումն ապահովելու համար պետությունը ստեղծում է նպաստավոր պայմաններ` ցուցաբերելով կայուն և հարաճուն ֆինանսական աջակցություն, ապահովում է դպրոցի կարիքներին համապատասխան մասնագետների առաջանցիկ պատրաստում և վերապատրաստում, ներդնում է ատեստավորման կայուն գործող համակարգ:

Պետությունը միջոցներ է տրամադրում դպրոցներում սոցիալական և հոգեբանական ծառայություններ ստեղծելու համար, որոնք կապահովեն մասնագիտական խորհրդատվություն և կնպաստեն դպրոցում բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Պետությունն աջակցում է նաև մանկավարժների ներդպրոցական, միջդպրոցական, մարզային և հանրապետական միավորումների ստեղծմանը և գործունեությանը:

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2004
N 20
Արձանագրային որոշում