ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 հունիսի 2004 թվականի N 24
34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների ու կազմակերպությունների մասնակցությամբ մշակել հայեցակարգից բխող խնդիրների իրականացման նպատակով համապատասխան միջոցառումների ժամանակացույց և, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 29-ի N 54 նիստում հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 25-ի
N 24 արձանագրային որոշման
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մոտակա և տևական հեռանկարում միգրացիոն գործընթացների զարգացումները վերահսկելի ու նախընտրելի ուղղություններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների դիրքորոշումների, խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված մոտեցումների համակարգն է:
Հայեցակարգի իրավական հիմքը կազմում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքները և նորմերը:
1. ՄԻԳՐԱՑԻՈՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Վերջին տարիների հանրապետության միգրացիոն իրավիճակի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 1988-1995 թթ.-ի տարբեր արտամղող գործոններով պայմանավորված միգրացիոն մեծածավալ հոսքերին փոխարինելու եկավ հիմնականում տնտեսական դրդապատճառներով պայմանավորված էմիգրացիան, որի ծավալները 1995 թ.-ից սկսած աստիճանաբար կայունացման, իսկ հետագայում նաև նվազման միտումներ են դրսևորում:
Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի դրական փոփոխությունների անմիջական հետևանք հանդիսացող այս երևույթը հատկապես ցայտուն է դրսևորված արտաքին միգրացիոն իրողությունների փոփոխման հետագծերում: Այսպես, եթե 1991-95 թթ. ընթացքում արտաքին միգրացիայի բացասական մնացորդի միջին տարեկան մեծությունը կազմել է ավելի քան 100.000 մարդ, ապա 1996-2001 թթ.` մոտ 50.000 մարդ, իսկ 2002-ին նվազել է մինչև գրեթե զրոյական մակարդակի: Սա վկայում է էմիգրացիոն հոսքերի ծավալների նվազման և դրան հաջորդող որոշակի կայունացման, ինչպես նաև իմիգրացիոն հոսքերի ծավալների որոշ աճի մասին:
Նկատելի դրական տեղաշարժերի հետ զուգընթաց Հայաստանի Հանրապետության միգրացիոն իրավիճակը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ բարդ, վտանգելով երկրի թե՛ սոցիալ-տնտեսական, և թե՛ անգամ աշխարհաքաղաքական կայուն զարգացման ընթացքը և պահանջելով միգրացիոն հիմնախնդիրների նկատմամբ պետության ու հասարակության ուշադրությունը:
Արտաքին միգրացիայի բացասական մնացորդի միջին տարեկան մեծությունը գերազանցում է բնակչության բնական աճի ցուցանիշներին, ինչը նույնիսկ էմիգրացիոն ու իմիգրացիոն հոսքերի ծավալների նշված փոփոխությունների պայմաններում շարունակում է հանդես գալ որպես երկրի բնակչության բացարձակ թվաքանակի կրճատման գործոն:
Արտաքին միգրացիոն հոսքերը ձևավորող գործոնների շարքում սկսում են գերակայել ընտանիքների վերամիավորման նպատակով կատարվող տեղաշարժերը, ինչի արդյունքում էմիգրացիոն հոսքերում գերակշռում են մշտական մեկնողները, այդ թվում կանայք և անչափահաս երեխաները, ինչը հատկապես երկարաժամկետ հետևանքների առումով զգալի բացասական լիցք է պարունակում:
Շարունակվում է «ուղեղների»` բարձր որակավորում ունեցող, միջազգային աշխատաշուկայում մրցունակ մասնագետների արտահոսքը դեպի զարգացած երկրներ, ինչը թուլացնում է երկրի գիտական, ստեղծագործական և տնտեսական պոտենցիալը:
Սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային տարբերությունների պայմաններում պահպանվում են վարչատարածքային տարբեր միավորների բնակչության արտաքին միգրացիոն` այդ թվում նախ և առաջ էմիգրացիոն ակտիվության զգալի տարբերությունները, որոնք իրենց հերթին ոչ միայն չեն նպաստում տարաբնակեցման համակարգի անհամամասնությունների մեղմացմանը, այլև որպես կանոն ուղեկցվում են դրանց խորացմամբ:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն իրավիճակում շարունակում է զգալի դերակատարում ունենալ ժամանակավոր աշխատանքային էմիգրացիայի երևույթը: Դրա զույգ բաղադրամասերն էլ` կարճաժամկետ, սեզոնային և տևական կամ անորոշ ժամկետով աշխատանքային ուղևորությունները որպես կանոն կրելով չկարգավորվող, տարերային բնույթ, հիմնականում ընթանալով մուտքի երկրների իմիգրացիոն և աշխատանքային օրենսդրությունների խախտումներով, առաջ են բերում բավական բարդ հիմնախնդիրներ, այդ թվում ինչպես սոցիալական, տնտեսական, այնպես էլ բարոյահոգեբանական և անգամ իրավաքաղաքական հարթություններում:
Արտերկրներում օրինական աշխատանքի հնարավորությունների սահմանափակությունը և տեղեկատվության պակասը նպաստում են այնպիսի անցանկալի երևույթների առաջացմանը, ինչպիսիք են անօրինական միգրացիան և մարդկանց անօրինական փոխադրումներն ու վաճառքը (թրաֆիկինգ):
Չնայած էական առաջընթացին, արդիական են մնում 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ այլ տարածքներից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ինտեգրացիայի հիմնախնդիրները:
Հայաստանի Հանրապետության արտաքին միգրացիոն իրավիճակի ներկայիս ու ապագա քանակական ու որակական չափանիշների ձևավորման ու փոփոխման ազդեցիկ գործոն են հանդիսանում մի կողմից ետխորհրդային տարիներին երկրից էմիգրացված ու ներկայումս արտերկրում բնակվող, սակայն մեծամասամբ դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 800-900 հազար մարդ կազմող համակցությանը, մյուս կողմից սփյուռքահայության բազմամիլիոնանոց զանգվածը: Չպետք է բացառել նոր, արտակարգ իրողություններով պայմանավորված հանկարծահաս, ծավալուն միգրացիոն հոսքերի ի հայտ գալը: Մասնավորապես, այս կամ այն երկրներից սոցիալ-տնտեսական, տարերային և կամ թե քաղաքական ցնցումների, պետության իմիգրացիոն դիրքորոշումների արմատական վերանայման հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասսայական արագընթաց ռեէմիգրացիան:
Իմիգրացիոն գործընթացներն իրենց սահմանափակ բացասական ազդեցությամբ դեռևս չեն դասվում Հայաստանի Հանրապետության ներկայիս արտաքին միգրացիոն իրավիճակի ընդգծված սրություն ունեցող կողմերի թվին, սակայն որոշակի շրջանակներում դրանք արդեն իսկ առկա են և ժամանակի ընթացքում խորանալու դեպքում կարող են պահանջել ավելի լուրջ, համակարգված մոտեցում:
Ներքին միգրացիոն իրավիճակում էական տեղաշարժեր տեղի չեն ունեցել: Հատուկ ուղղվածություն ունեցող քիչ թե շատ ծավալուն ներքին միգրացիոն հոսքեր չեն արձանագրվել ինչը նշանակում է որ անգամ երկրի վերջին տարիների սոցիալ-տնտեսական զարգացման բարձր տեմպերը դեռևս բավարար չեն եղել վերականգնելու տարաբնակեցման համակարգի համապատասխան միավորների միգրացիոն գրավչությունը, որ աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի շեղվածության որոշ մեղմումը պայմանավորված է ոչ այնքան պահանջարկի մեծացմամբ, որքան առաջարկի սահմանափակմամբ` ընդ որում հիմնականում աշխատող ձեռքերի մշտական ու ժամանակավոր էմիգրացիայի հաշվին:
Ներքին միգրացիոն իրավիճակի հիմնահարցային երանգավորում ունեցող հարցերից է ներքին տեղահանվածների իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների ստեղծման խնդիրը:
Անհանգստացնող են ներկայիս միգրացիոն իրավիճակի արդեն իսկ կայացած և հնարավոր ժողովրդագրական հետևանքները: Ըստ կանխատեսումների անխուսափելի է աշխատաշուկայի լարվածության մեծացումը, որը պայմանավորված է մի կողմից աշխատաշուկա «մուտք գործողների» և այնտեղից «դուրս եկողների» թվաքանակների տարբերությամբ ի օգուտ առաջինների, մյուս կողմից` գյուղարտադրության միջոցների խոշորացման գործընթացների հետևանքներով: Դրան գումարվում է նախընթաց էմիգրացիոն գործընթացների արդյունքում տրոհված ընտանիքների առավելապես արտերկրում վերամիավորվելու միտվածությունը: Այս գործոնները կհանգեցնեն բնակչության ոչ միայն ուղղակի, այլ նաև անուղղակի կորուստների, այն է` միգրացիոն գործընթացների արդյունքում բնակչության վերարտադրական ներուժի նվազմամբ պայմանավորված չկայացած ծնունդները: Այսպիսի զարգացումն անցանկալի է, քանի որ ծնելիության ներկայիս մակարդակը, 90-ականների կեսերից սկսած, չի ապահովում անգամ պարզ վերարտադրությունը:
Այսպիսով, միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման միակ իրատեսական եղանակն է միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարումը` առաջին հերթին հզոր ռեէմիգրացիոն հոսքերի ապահովման միջոցով:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացների պետական կարգավորման նպատակներն են. երկրի ազգային անվտանգության ու կայուն մարդկային զարգացման պահանջներին համապատասխանող ազգաբնակչության թվաքանակի, ժողովրդագրական իրավիճակի ձևավորման ու զարգացման ապահովումը, ինչպես նաև միգրացիոն գործընթացներում ներառված անձանց իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով միջազգային փաստաթղթերում ամրագրված դրույթների կիրառումը:
Միգրացիոն գործընթացների պետական կարգավորումը երկրի ընթացիկ ու հեռանկարային շահերին համապատասխանող միգրացիոն իրավիճակի ձևավորման նպատակով իշխանության մարմինների կողմից իրականացվող նպատակային սոցիալ-տնտեսական միջոցառումների և կիրառվող վարչական տարբեր լծակների (կանոններ, նորմեր, պայմաններ և այլն) համալիրն է:
Միգրացիոն գործընթացների պետական կարգավորման հիմնարար սկզբունքներն են.
. միգրանտների իրավահավասարություն անկախ նրանց ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից;
. հանրապետության սահմաններում անձի ազատ տեղաշարժի, բնակության վայր ընտրելու հնարավորություն;
. միգրացիոն գործընթացների կարգավորմանն ուղղված օրենքների և մյուս օրենսդրական ակտերի, ինչպես նաև հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացում;
. միգրացիոն հիմնահարցերի լուծման ընթացքում բոլոր ճյուղերի և օղակների ու հասարակական կազմակերպությունների ջանքերի միավորում;
. Հայաստանի հետ բնակչության միգրացիոն փոխանակություն ունեցող պետությունների հետ իրավահավասար համագործակցության հիման վրա` շահերի փոխհամաձայնեցում:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացների պետական կարգավորման գերակա խնդիրները և այդ խնդիրների լուծման հիմնական միջոցառումներն են.
1. Հայաստանի Հանրապետությունում էմիգրացիոն-իմիգրացիոն գործընթացների վերահսկողության ապահովում: Բնակչության արտաքին միգրացիան վերահսկող «դարպասի»` սահմանային կառավարման գործող համակարգի կատարելագործում` դրա համապատասխանեցում միջազգային չափանիշներին
. Հայաստանի Հանրապետության սահմանային կառավարման համակարգում ներգրավված մարմինների գործառույթների վերադրումների բացառում և հստակ տարանջատում, այդ համակարգի կատարելագործում այն հաշվով, որպեսզի այն դառնա «աննկատ» սահմանը օրինական հատողների և ընդհակառակը` առանց համապատասխան հիմքերի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ցանկություն ունեցող օտարերկրացիների համար;
. սահմանային անցումային կետերում սահմանային վերահսկողություն, մաքսային, անձնագրավիզային ծառայություններ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքների ավտոմատացում և ունիֆիկացում;
. քրեական հանցագործության կատարման մեջ կասկածվող, ինչպես նաև վարչական իրավախախտումների թույլ տված Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների մատնադրոշմային գրանցման ավտոմատացված համակարգի ստեղծում:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքակիրթ ինտեգրացում միջազգային աշխատաշուկային: Աշխատանքային էմիգրացիայի երևույթի օրենսդրական կանոնակարգում և պետական նպատակային վերահսկում: Աշխատանքային էմիգրանտների իրավունքների և օրինական շահերի պետական պաշտպանության իրականացում: Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ազատ աշխատատեղերի զբաղեցման առաջնահերթ իրավունքի ապահովում
. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային էմիգրացիան կանոնակարգող օրենսդրական բազայի ձևավորում (ներքին օրենսդրության մշակում, ոլորտը կարգավորող կոնվենցիաներին անդամակցում);
. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտերկրներում որոշակի ժամկետներով պայմանագրային հիմունքներով աշխատանքի տեղավորման նպատակով, ինչպես նաև աշխատանքային միգրանտների սոցիալական և իրավական պաշտպանությանն ուղղված միջպետական պայմանագրերի կնքում;
. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքային գործունեությամբ զբաղվելու պայմանների կանոնակարգում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ազատ աշխատատեղերի զբաղեցման առաջնահերթ իրավունքի ապահովում;
. արտերկրներում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատանքային միգրանտների, առաջին հերթին բարձրակարգ մասնագետների, մշակույթի, գիտության, արվեստի և սպորտի գործիչների հայրենիք վերադառնալու գործընթացների խրախուսում:
3. Հայաստանի Հանրապետությունից ծնունդ առնող անօրինական միգրացիայի կանխարգելում, արտերկրներում անօրինական կարգավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձին և Հայաստանի Հանրապետությունում նրանց ռեինտեգրացիային աջակցում
. Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անօրինական միգրացիայի ծավալների սահմանափակման, իսկ հետագայում վերացման նպատակով նպատակակետ երկրներ մուտք գործելու, աշխատանքային գործունեություն ծավալելու և բնակվելու կարգի ու պայմանների մասին հանրապետության բնակչության շրջանում տեղեկատվության տարածում;
. շահագրգիռ երկրների հետ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով միջպետական պայմանագրերի կնքում, այդ թվում պայմանավորվող կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող անձանց վերադարձի, ընդունման և տրանզիտի կազմակերպման վերաբերյալ (ռեադմիսիոն պայմանագրեր);
. Հայաստան վերադարձված քաղաքացիների ռեինտեգրմանն աջակցելու ծրագրերի մշակում և միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ բանակցությունների վարում նրանցից ֆինանսական, տեխնիկական, խորհրդատվական հնարավոր աջակցություն ստանալու նպատակով;
. անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անձանց նկատմամբ պատժամիջոցների նախատեսում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունում:
4. Հայաստանի Հանրապետությունից մարդկանց անօրինական փոխադրումների և վաճառքի (թրաֆիկինգ) կանխարգելում, այդ երևույթից տուժած անձանց պաշտպանության մեխանիզմների մշակում
. Հայաստանի Հանրապետության բնակչության (գործազուրկների, ծնողազուրկ երեխաների, հեռավոր շրջանների բնակիչների և այլ ռիսկային խմբերի շրջանում) թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական քարոզարշավների իրականացում ԶԼՄ-երի, կլոր սեղանների կազմակերպման, թերթոնների, տեղեկատվական այլ նյութերի հրատարակման միջոցով;
. քրեական օրենսգրքում խիստ պատժամիջոցների նախատեսում այդ երևույթի կազմակերպման մեջ ներառված անձանց նկատմամբ;
. թրաֆիկինգից տուժած անձանց սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրերի մշակում և իրականացում;
. «թրաֆիկինգի» առումով նշանակետ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության ապահովում և նշված երևույթի դեմ համատեղ ջանքերի կիրառում:
5. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հումանիտար նկատառումներով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող պաշտպանության համակարգի հետագա կատարելագործում: Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակություն հաստատած փախստականների և հարկադիր միգրանտների ինտեգրումն ապահովող պայմանների ստեղծում
. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստանալու նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից ներկայացված հայցերի քննարկման ընթացակարգերի կատարելագործում: Պաշտպանության կարիք ունեցող անձանց տրամադրվող աջակցության մեխանիզմների մշակում: Հայցը մերժելու դեպքում նրանց կամավոր վերադարձը կազմակերպելու, կամ Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու համար անհրաժեշտ միջոցների հայթայթմանն ուղղված մեխանիզմների մշակում;
. Հայաստանի Հանրապետության տարածքում երկարաժամկետ բնակվող փախստականների և հարկադիր միգրանտների ինտեգրման պայմանների ստեղծում` Հայաստանի Հանրապետությունում նրանց անվտանգ բնակության ապահովում, նրանց սոցիալ-տնտեսական, քաղաքացիական հավասար իրավունքների տրամադրման աջակցում, նատուրալիզացման դյուրին ընթացակարգերի մշակում, ռասայական և էթնիկ խտրականության դեմ պայքարի նպատակով իրավական և այլ միջոցառումների իրականացում;
. 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացում պետական բյուջեի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ;
. հարկադիր միգրանտների առանձին` առավել խոցելի խմբերին կարիքավորների համար գոյություն ունեցող պետական աջակցության ծրագրերում ընդգրկում:
6. Հին ու նոր սփյուռքի գաղթօջախների հետ կառուցողական փոխհարաբերությունների պահպանում և զարգացում, հայրենադարձության երևույթը խրախուսող միջոցառումների մշակում և իրականացում
. սփյուռքի հիմնախնդիրների` մասնավորապես ձուլման և ուծացման երևույթների ուսումնասիրությանն ուղղված հետազոտությունների անցկացում;
. Հայաստանի և Սփյուռքի միջև լայնամասշտաբ տնտեսական, կրթական, մշակութային, մարզական և գիտատեխնիկական համագործակցության իրականացում;
. սփյուռքահայության հայրենադարձության խրախուսման նպատակով Հայաստանի Հանրապետության մշտական բնակության ժամանող ծագումով հայ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին քաղաքացի օտարերկրացիների համար արտոնությունների սահմանում` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման, աշխատանքային գործունեության, ներդրումային ծրագրերի իրականացման և այլ հարցերում:
7. Դեպի Հայաստան հարկադիր միգրանտների հնարավոր զանգվածային հոսքերի կանխատեսման, իսկ ծագումով հայերի դեպքում նման հոսքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում
. դեպի Հայաստանի Հանրապետություն հարկադիր միգրանտների հնարավոր զանգվածային հոսքերի նախնական ահազանգման և կանխատեսման համակարգի ստեղծում;
. օտարերկրյա պետություններում բնակվող ծագումով հայ ազգաբնակչության, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց հարկադիր բնույթի զանգվածային, արագընթաց ռեէմիգրացիոն ալիքների ձևավորման հնարավորությունների կանխարգելում, ռեէմիգրացիոն գործընթացների համաչափ, վերահսկելի զարգացման ապահովում;
. զանգվածային միգրացիոն հոսքերի առաջացմամբ վերջացող հակամարտությունների կանխարգելման նպատակով համագործակցություն այլ երկրների հետ;
. արտակարգ միգրացիոն գործընթացների բացասական հետևանքների կանխարգելման նպատակով պետական համալիր ծրագրի մշակում, ներառյալ նյութատեխնիկական ռեզերվային հզորությունների պետական համակարգի հիմնադրումը և կառավարման համապատասխան հանրապետական համակարգի ստեղծումը:
8. Հայաստանի Հանրապետության միգրացիոն իրավիճակի մոնիտորինգի և վերլուծության իրականացման համար անհրաժեշտ տվյալներն ապահովող տեղեկատվական բանկի ստեղծում
. Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետերում իրականացվող սահմանահատումների հաշվառման համակարգի ստեղծում;
. միգրացիոն գործընթացների վարչական հաշվառման համակարգի և վարչական ռեգիստրի ձևավորման և վարման մեխանիզմների մշակում;
. միգրացիայի բնագավառում գործառույթներ իրականացնող մարմիններից, այլընտրանքային այլ աղբյուրներից միգրացիային առնչվող տեղեկատվության ստացման մեխանիզմների մշակում;
. միջազգային տուրիզմի կազմակերպմամբ, օտարերկրյա աշխատողների ներգրավմամբ ու օգտագործմամբ, ինչպես նաև արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքի տեղավորմամբ զբաղվող հայկական իրավաբանական անձանց և արտասահմանյան իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման հանրապետական համակարգի ստեղծում;
. Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև օտարերկրացի ուսանողների հաշվառման համակարգի ստեղծում;
. միգրացիոն հոսքերի միասնական հաշվառման տեղեկատվական բանկի գործարկում:
9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և երկրի կայուն զարգացման պահանջներին համապատասխանող ներքին միգրացիոն գործընթացների ուղղորդում
. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գրավոր նախագծին» համապատասխանող ներքին միգրացիոն հոսքերի անհրաժեշտ ուղղությունների ձևավորման համար համալիր միջոցառումների մշակում և իրագործում;
. սահմանամերձ և այլ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ վերաբնակեցման գործընթացների խրախուսում, նշված տարածքներում բնակիչների համար օրենսդրական արտոնությունների շնորհման, նրանցում քաղաքաշինական ակտիվ քաղաքականության, ենթակառուցվածքային և սոցիալական ոլորտների զարգացման ծրագրերի մշակման և իրագործման ճանապարհով;
. սահմանամերձ տարածքներից տեղահանված անձանց իրենց նախկին բնակության վայրերը վերադարձի աջակցմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում:
10. Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականության արդյունավետ իրականացմանը նպաստող հասարակական կարծիքի ձևավորում
. աջակցություն զանգվածային լրատվական միջոցներին միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնակչությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու հարցում;
. միգրացիոն բնագավառում գործառույթներ իրականացնող մարմինների գործունեության թափանցիկ և հրապարակային կազմակերպում, սերտ համագործակցության ապահովում հասարակական կազմակերպությունների հետ` սկսած միմյանց տեղեկատվություն տրամադրելուց, վերջացրած առանձին հարցերով քաղաքականությունների ու ծրագրերի մշակման, իսկ հետագայում նաև իրագործման հարցերում;
. «Մշտական էմիգրացիան հայկական պետականության ապագան վտանգող գործոն» թեզի պրոպագանդում այն հաշվով, որ այն ընկալվի որպես համազգային և համապետական կարևորություն ունեցող խնդիր:
Հայեցակարգում ձևակերպված նպատակների և խնդիրների արդյունավետ կենսագործումն անվերապահորեն ենթադրում է պետական իշխանության բոլոր օղակները` օրենսդիր և գործադիր, կենտրոնական և տեղական և այլն, ներկայացնող բազմաթիվ կառույցների ջանքերի համարժեք ներդրում, ինչն իր հերթին արտակարգ կարևորություն է հաղորդում պատասխանատվությունների շրջանակների ճշտման ու հստակեցման, աշխատանքների համակարգման, դրանց ընթացիկ մոնիտորինգի ու գնահատման և անհրաժեշտության դեպքում վերաուղղորդման գործընթացներին: Վերջիններիս իրացումը ենթադրում է համապատասխան լիազորությունների տրամադրում միգրացիայի ոլորտի պետական լիազոր մարմնին: