Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 38

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

(2-րդ մաս)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Անտառային տեղեկատվության համակարգի հիմնական սկզբունքներն են` տվյալների պարբերական թարմացում և ճշտում, տեղեկատվության պաշտպանություն և անհատական տվյալների գաղտնիության ապահովում:

Արդյունավետ և կանոնավոր գործող տեղեկատվական համակարգը պետք է ընդգրկի հետևյալ բաղադրիչները.

1) տվյալների կենտրոնացված բազա` անտառակառավարման պլանների, անտառի աճի և աճի ընթացքի մոդելների, հատումների և կենսաբազմազանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության պահպանման համար.

2) տվյալների բազայի մատչելիություն ինտերնետում. տվյալների մի մասը կարող է հասանելի լինել հասարակայնությանը, իսկ որոշ տվյալներ` միայն սահմանափակ թվով օգտագործողներին.

3) զանգվածային լրատվամիջոցների արդյունավետ օգտագործում.

4) գիտահանրամատչելի նյութերի հրատարակություն.

5) տարածաշրջանային և ենթատարածաշրջանային միասնական տեղեկատվական ցանցի ստեղծում:

Անտառային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի հասանելի և հրապարակային: Ֆինանսական և ինստիտուցիոնալ կառուցվածքը պետք է կազմակերպվի համապատասխան կառավարական մարմնի կողմից: Ճշգրիտ և նպատակաուղղված տեղեկատվությունը անհրաժեշտ է` անտառի նկատմամբ հասարակայնության վերաբերմունքն ու վարքը փոխելու և անտառների բազմաթիվ ֆունկցիաների ճանաչումն ապահովելու համար:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ

 

1. Միջազգային համագործակցություն

Անտառային ոլորտում միջազգային համագործակցության ստեղծումը և ամրապնդումը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով.

1) միջպետական համաձայնագրերի միջոցով.

2) դրամաշնորհային և ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով.

3) տարածաշրջանային, ազգային և միջազգային համապատասխան կառույցների և գիտակրթական կազմակերպությունների միջև գիտական համագործակցության միջոցով.

4) կոնֆերանսներին, սեմինարներին, ուսումնական ուղևորություններին և փորձի փոխանակման ծրագրերին անտառային ոլորտի բոլոր մակարդակների ներկայացուցիչների մասնակցության միջոցով.

5) տեխնիկական զարգացման և գործնական անտառագիտության կենտրոնների հետ համագործակցության միջոցով.

6) օտար լեզվի ուսուցման աջակցության և խրախուսման միջոցով, նկատի ունենալով, որ ոլորտի ներկայացուցիչների օտար լեզվի իմացության ցածր մակարդակը ներկայումս զգալիորեն խոչընդոտում և նվազեցնում է միջազգային համագործակցության չափը:

 

2. Միջազգային կոնվենցիաներ

Կենսաբազմազանության մասին, Անապատացման դեմ պայքարի և Կլիմայի փոփոխության կոնվենցիաներն ընդունելուց հետո Հայաստանի Հանրապետությունը իրականացրել և իրականացնում է մի շարք միջազգային ծրագրեր, որոնք բխում են միջազգային կոնվենցիաների պահանջներից: Հայաստանի մի շարք պետական հաստատություններ և բնապահպանական ու անտառագիտական բնագավառի ոչ կառավարական կազմակերպություններ մասնակցություն են ունենում այդ ծրագրերին: Իրականացված ծրագրերի մի մասը բխում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայից: Դրանք են. «Անտառային ոլորտի զարգացում» (1996-1997 թթ.), «Անտառային պաշարների գնահատում» (1998 թ.), «Հայաստանի կենսաբազմազանության առաջին ազգային զեկույց» և «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության ռազմավարության և միջոցառումների ծրագիր» (1998-2000 թթ.), «Անտառային գենետիկական պաշարների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը Անդրկովկասում» (2001 թ.): Ընթացքի մեջ է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» ծրագիրը, որն իրականացվում է 2001 թ.-ից:

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառակառավարման ընդհանուր բնույթի թույլ կողմերն են.

ա) «Հայանտառ»-ի կազմում անտառասերմնային, անտառապաշտպանական, անտառամելիորատիվ, ինչպես նաև անտառային գիտափորձարարական կայանների կամ այլ օժանդակ կառույցների բացակայությունը, թեև նախկինում դրանց հիմնական մասը գոյություն են ունեցել.

բ) միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած որոշ պարտավորությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չիրականացնելը.

գ) անտառակառավարմանն անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի (նորմատիվաիրավական և նորմատիվատեխնիկական) հենքի անկատարությունը և բացակայությունը:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

Անտառային օրենսդրության կատարելագործումը կապահովի.

1) անտառների կառավարման կարգավորում` հիմնված երկարաժամկետ և կայուն սկզբունքների վրա.

2) Հայաստանի Հանրապետության տարբեր իրավական ակտերի (անտառին առնչվող) միջև առկա հակասությունների և կրկնողությունների վերացում.

3) Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսդրության համապատասխանեցում միջազգային օրենսդրություններին, օրինակ` Եվրամիության օրենսդրությանը.

4) անտառակառավարման գերակշռող և ապագա հնարավոր կառույցների իրավական կանոնակարգում, որը կընդգրկի ինստիտուցիոնալ փոփոխություններ.

5) Անտառային օրենսգրքի և այլ իրավական ակտերի կիրառումը հստակեցնող հիմնական միջոցների (օրինակ, անտառի տեխնիկական սահմանում) ապահովում.

6) անտառի վրա ներկա և հնարավոր ապագա արտաքին ազդեցության, ինչպես նաև պահանջարկի իրավական կանոնակարգում.

7) մարզերում կառավարման մարմինների և համայնքների գործառույթների հստակեցում` անտառակառավարման և վերահսկման ոլորտներում.

8) անտառվերականգնման և անտառակառավարման այլ միջոցառումների վերաբերյալ պատասխանատվությունների և ներդրումների սահմանում.

9) սեփականության տարբեր ձևերի (ներառյալ` պետական սեփականությունը) անտառների կարգավիճակի կանոնակարգում և կառավարում.

10) անտառային ֆոնդի միասնականության ապահովման իրավական հիմքերի ամրապնդում.

11) անտառի կատեգորիաների տարբեր տիպերի (արտադրական, պաշտպանական, հատուկ նշանակության անտառներ) սահմանում, ներառյալ` համապատասխան կառավարման նպատակների սահմանումը.

12) անտառային արտադրանքի բոլոր տեսակների համար իրավական հիմքի ապահովում` մրցակցային շուկայի զարգացման նպատակով.

13) անտառային տնտեսությունում միջազգային ներդրումներին աջակցող իրավական հիմքի ապահովում.

14) անտառվերականգնման և անտառապատման միջոցառումներում ոչ պետական կառույցների ու քաղաքացիների ներգրավման, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում հասարակայնության մասնակցության մեխանիզմների ապահովում.

15) ապահովագրական համակարգի ներդրման իրավական հիմքերի ամրագրում.

16) անտառակառավարման սահմանված նորմերի ու կանոնների իրականացման հսկողության և վերահսկողության մեխանիզմների ապահովում.

17) անտառների վրա բացասական ազդեցություն ունեցող միջոցառումների սահմանափակման, կանխարգելման, կասեցման, դադարեցման, ինչպես նաև անտառին հասցված վնասի կամ անտառի հասարակական օգուտների սահմանափակման համար փոխհատուցման իրավական հիմքերի ու կանոնների ապահովում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2004
N 38
Արձանագրային որոշում