Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱ ...

 

 

040.1720.181204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1720-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել նրա սեփականությունը հանդիսացող շենքերը, շինությունները (այդ թվում` պատմամշակութային նշանակության), ինչպես նաև այլ գույքը` 190.7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

Ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

4. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման ու դրա նպատակային օգտագործման, պահպանման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին օժանդակությունը.

բ) միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման իրականացման բնագավառում օժանդակության և աջակցության ծրագրերի մշակումը.

գ) ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման վերաբերյալ գիտական հետազոտությունների, լաբորատոր և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը.

դ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը և առաջարկություններ ներկայացնելը.

ե) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների և գնահատման իրականացումը և ժամանակին տեխնիկապես հաշվարկված ու հիմնավորված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

զ) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների մշակումը.

է) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծային փաստաթղթերի իրականացված փորձաքննության վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

թ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.

ժ) լիազոր մարմնի հանձնարարությամբ` ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

ը) լիազոր մարմնի հանձնարարությամբ` շինարարական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների իրականացումը.

ժա) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկում` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից հաստատված մեթոդաբանությանը համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 27.01.11 թիվ 339-Ն, 13.02.14 թիվ 263-Ն որոշումներ)

5. Թույլատրել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում.

բ) խորհրդատվական ծառայությունների իրականացում:

(5-րդ կետը փոփ. 27.01.11 թիվ 339-Ն որոշում)

6. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

(6-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)

7. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 84.5 մլն դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը, շինությունները (այդ թվում` պատմամշակութային նշանակության), ինչպես նաև այլ գույքը` 190.7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու փոխանցման ակտը և սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ` սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2004
N 1720-Ն
Որոշում